11-15 Հուլիս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

11-15 Հուլիս 1897թ.

11 ՀՈՒԼԻՍ
 
Հիշեցրեցի իրեն իր ինքնակենսագրական ձեռագիրը, խոսեցի այն բարիքի շուրջ, որ այն սփռելու էր հոգիներում:
 
Իմ փոքրիկ կյանքը գրելու համար՝ գլուխս չեմ կոտրում: Կարթով որսացող ձկնորսի նման եմ վարվում. գրում եմ այն, ինչը որ ինքնըստինքյան բռնվում է հիշողությանս կարթով:
 
... Բայց ինչպես պարզորոշ կերևա, ամեն ինչ գալիս է Աստծուց, և եթե դրանց շնորհիվ հռչակավոր դառնամ, դա ամբողջովին ձրի պարգև կլինի և ինձ չի պատկանի: Բոլորն էլ կհամոզվեն դրան:
 
Այնտեղ ամեն ճաշակի հարմար բան կա, բացի նրանցից, ովքեր բացառիկ ճանապարհներ են փնտրում:
 
Խոսում էր Սրբերի Հաղորդության մասին, և բացատրում էր, թե ինչպե՛ս է մեկի փառքը լինելու նաև մյուսինը.
 
Ինչպես մայրն է հպարտ իր որդիներով, այնպես էլ մենք ենք լինելու մեկս մյուսի հանդեպ, առանց նվազագույն նախանձի:
 
Ինքնակենսագրական ձեռագրի վերաբերյալ.
 
Կարող են ենթադրել, թե մեղանչած չլինելուս համար է, որ այսքա՜ն մեծ վստահություն ունեմ Տիրոջ հանդեպ: Ասացեք նրանց, Մայր իմ, որ եթե գործած լինեի հնարավոր բոլոր ոճիրներն անգամ, կունենայի միշտ նույն վստահությունը. կզգայի, որ մեղքերի այդ բազմությունը նման կլիներ բոցակեզ հնոցի մեջ նետված ջրի կաթիլին: Հետո կպատմեք դարձի եկած մեղավոր կնոջ պատմությունը, որը սիրուց հյուծված մեռավ: Հոգիներն իսկույն կհասկանան. այդ օրինակը նրանց կքաջալերի:
 
Ահա՛ այդ պատմությունը, որը նա բառ առ բառ թելադրեց.
 
Անապատի Հայրերի վարքերում ընթերցում ենք, որ նրանցից մեկը դարձի է բերում մի հայտնի մեղավորուհու, որի անկարգությունները գայթակղություն էին ողջ շրջակայքի համար: Այդ մեղավորուհին, շնորհից ազդված, հետևում է Սրբին անապատում, կամենալով ենթարկվել խիստ ապաշխարանքի, բայց ճամփորդության առաջին իսկ գիշերվա ընթացքում, իր առանձնության համար ընտրված վայրը դեռ չհասած, մահանում է սիրալի զղջման սաստկությունից, և ճգնավոր միայնակյացը նույն պահին տեսնում է, թե ինչպե՛ս են հրեշտակներն առաջնորդում նրա հոգին առ Աստված: Ահա՛ մի գունեղ նմուշ այն բանի, որ կամենում էի ասել, բայց այսօրինակ ապրումների արտահայտումն անհնարին է:
 
Տառապում էր հավատքի դեմ ուղղված փորձությունների և մարմնի նվաղության պատճառով: Սկսեց արտասանել իր իսկ կողմից Սուրբ Կույսին ուղղված այս խոսքերը.
 
Եթե Աստծո Որդին ուզեց,
Որ Իր Մայրը նույնպես կրի խավարը, անձկությունը սրտի,
Բարիք է, ուրեմն, տառապելն այստեղ՝ երկրի վրա:
Այո՛ ... նեղություններին սիրով համբերելը
Երջանկությունների մեջ ամենաանխառն է:
Հիսուսը կարող է ետ վերցնել ինձնից այն ամենն, ինչ տվել է.
Ասա՛ Նրան, որ ինձնով չմտահոգվի:
Եթե Իր կամքն է, կարող է շատ լավ թաքնվել.
Պատրաստ եմ սպասել Իրեն մինչև այն անմայրամուտ օրը,
Երբ հավատքս այլևս մայր կմտնի,
Հասնելով իր նպատակակետին՝ Աստծո տեսությանը[1]:
 
Ասացի իրեն. «Որքա՜ն շնորհազարդեց քեզ Տերը: Դու ինքդ ի՞նչ ես մտածում այդ նախասիրության մասին»:
 
Մտածում եմ, որ Աստծո Հոգին փչում է ո՛ւր ուզում է[2]:
 
12 ՀՈՒԼԻՍ
 
Ձեռքերս ամբողջովին դատարկ են: Այն ամենն, ինչ ունեմ, այն ամենն, ինչ շահում եմ, Եկեղեցու համար է և հոգիների: Եթե նույնիսկ ութսուն տարի ապրեի, միշտ այսպես աղքատ կմնայի:
 
«Եթե հարկավոր լիներ վերստին սկսել կյանքդ, ինչպե՞ս կվարվեիր»:
 
Ինձ թվում է, որ կվարվեի այնպես, ինչպես մինչև հիմա ապրել եմ:
Պետք է Աստված բոլոր փափագներս ի կատար ածի Երկնքում, որովհետև Երկրի վրա երբեք չկատարեցի իմ կամքը:
 
«Դու մեզ կհայես վերևից, այնպես չէ՞»:
 
Ո՛չ, կխոնարհվեմ:
 
Գիշերվա ընթացքում շարադրեց այս կարճառոտ տները՝ Սուրբ Հաղորդությանը պատրաստվելու համար:
 
Դու, որ ճանաչում ես փոքրկությունս հետին,
անպատվություն չես համարում խոնարհվելն իմ մոտ:
Ե՜կ սիրտս, ձյունափա՜յլ Նշխար, Սե՜ր իմ,
ե՜կ սիրտս, որ հյուծվում է առանց Քեզ:
Ա՜հ, կուզենայի, որ ըստ բարությանդ անվերջ
թողնեիր ինձ մեռնել սիրո մեջ՝ այս շնորհից հետո:
Հիսու՜ս, ընդունի՜ր սիրույս պաղատանքը,
ե՜կ, բնակվի՜ր սրտիս մեջ:
 
Չեմ ասում. «Եթե դժվար է Կարմեղոսում ապրելը, քաղցր է այնտեղ մեռնելը»: Այլ. «Եթե քաղցր է Կարմեղոսում ապրելը, առավե՛լ ևս քաղցր է այնտեղ մեռնելը»:
 
Կազդուրիչ գինի էին մատուցում իրեն:
 
Չեմ ուզում այլևս երկրի գինին ... : Կամենում եմ խմել նոր գինին Հորս Արքայության մեջ[3]:
 
Խնդրում եմ ձեզ ասել Աստծո սիրո մի ներգործություն և կոչել Սրբերին առ ի բարեխոսություն ... : Նրանք բոլորն էլ իմ ազգականներն են այնտեղ՝ վերևում:
 
Կրկին խոսում էր Սրբերի Հաղորդության մասին.
 
Կույսերի հետ կլինենք իբրև Կույսեր, Հայրապետների հետ՝ իբրև Հայրապետներ, Մարտիրոսների հետ՝ իբրև Մարտիրոսներ, որովհետև բոլոր Սրբերն էլ մեր ազգականներն են: Բայց նրանք, ովքեր քայլած կլինեն հոգևոր մանկության ուղիով, միշտ կպահպանեն իրենց մանկական հմայքը:
Մանկությունիցս ի վեր մարդասերն Աստված խորը համոզում ներշնչեց ինձ, որ մեռնելու էի երիտասարդ հասակում:
 
Բարին Աստված միշտ փափագ արթնացրեց ինձնում այն բանի, ինչը որ կամենում էր տալ ինձ:
 
Իր քույրերին.
 
Մի՛ կարծեք, թե երբ այլևս Երկնքում լինեմ, միայն ուրախություններ եք ունենալու: Դա չէ, որ ունեցա, և դա չէ, որ կամեցա ունենալ: Ընդհակառակն, թերևս մեծ փորձեր կունենաք, բայց ես կառաքեմ ձեզ լույսեր, որոնց շնորհիվ կգնահատեք ու կսիրեք դրանք: Կհասցնեմ ձեզ այն աստիճանի, որ կարողանաք իմ նման ասել. «Տե՜ր, Դու ինձ ուրախությամբ ես լցնում Քո գործերով»:
 
Երջանկությանս աղբյուրը հավիտենական հոգևոր վայելքի մասին մտածումը չէ. դա ինձ չի հրապուրում: Չեմ կարողանում երկար մտածել այն երանության մասին, որ սպասվում է ինձ Երկնքում: Մի լույս է միայն արագացնում սրտիս բաբախումները. սերը, որ ընդունելու եմ ու բաշխելու: Մտածում եմ այն բոլոր բարիքների մասին, որ կարող եմ անել մահիցս հետո. մկրտել տալ մանուկներին, օգնել քահանաներին, առաքյալներին, ամբողջ Եկեղեցուն:
 
Այս երեկոյան, հեռվից երաժշտության ձայն հասավ ականջներիս։ Մտածեցի, որ շուտով լսելու եմ աննման եղանակներ: Բայց ուրախությանս այս զգացումը վաղանցուկ եղավ:
 
Եթե մեծահարուստ լինեի, իմ համար անհնարին կլիներ տեսնել մի աղքատի առանց իսկույն ևեթ նրան շնորհելու հարստությանս մի մասը: Նմանապես, երբ ձեռքս է ընկնում հոգևոր մի գանձ, զգալով, որ այդ նույն պահին կան դժոխքի մատնվելու վտանգին ենթակա հոգիներ, իրենց եմ տալիս այն ամենը, որ ունեմ: Եվ դեռ չեմ գտել գեթ մի վայրկյան, որում կկարողանայի ասել. «Այժմ աշխատում եմ իմ համար»:
 
Միշտ էլ հաճելի են եղել ինձ այն բաները, որ Աստված տվել է ինձ, նույնիսկ երբ դրանք թվացել են նվազ լավը կամ նվազ գեղեցիկ, քան ուրիշներինը:
 
Սիրտս լի է Աստծո կամքով, այնպես՝ որ եթե կամենում են այն ուրիշ բանով լցնել, դա չի կարողանում ներս թափանցել: Մի ոչնչություն է, որ առանց դժվարության սահում է ու անցնում, ինչպես ձեթը, որ չի խառնվում ջրի հետ: Ներքուստ միշտ մնում եմ խորը խաղաղության մեջ, որը ոչինչ էլ չի կարող վրդովել:
 
Ապա սկսեց երկնային արտահայտությամբ ու շեշտով արտասանել իր շարադրած գովերգի այս տողերը.
 
Հիշիր, որ սուրբ կամքդ
Հանգիստն է իմ, երջանկությունն իմ միակ:
Հանձնում եմ ինձ ու նիրհում անվախ
Ընդմեջ ձեռքերիդ, Փրկիչ իմ Աստված:
Եթե Դու նույնիսկ ննջես,
Երբ դրսում մռնչում է փոթորիկն ահեղ,
Ես կամենում եմ այս խորը անդորրում մնալ
ընդմիշտ առհավետ:
Բայց երբ ննջում ես, Հիսո՜ւս,
Պատրաստիր ինձ վերջին զարթնումին[4]:
 
Նկատելով իր ձեռքերի չափազանց նիհարությունը, ասաց.
 
Ա՜հ, ինչպիսի՜ ուրախություն է իմ համար տեսնելը, որ մաշվում եմ ու ավերվում:
 
15 ՀՈՒԼԻՍ
 
Ասում էի իրեն. «Թերևս կմեռնես վաղը՝ Կարմեղոսի Տիրամոր տոնին, Հաղորդությունից հետո»:
 
Ա՜հ ... պատշաճ չէր լինի իմ փոքրիկ ճանապարհին: Շեղվեմ ուղուցս, ուրեմն, մեռնելո՞ւ համար ... : Մեռնել սիրուց հյուծված, Հաղորդությունից հետո: Չափազանց գեղեցիկ է իմ համար: Փոքրիկ հոգիները չեն կարողանա նմանվել դրան ... :
 
Պատմեց ինձ հետևյալ դեպքը, որի հիշատակը շնորհի նման տպավորվել էր իր սրտում:
 
Քույր Մարիան կամենում էր ծիսական թափորի համար մոմեր վառել, բայց լուցկի չուներ: Վառված տեսնելով Սրբերի մասունքների առջև գտնվող ճրագը, մոտեցավ: Ավա՜ղ, այն գրեթե հանգած էր, պատրույգի վրա մի տկար կայծ էր միայն փայլում: Եվ սակայն, կարողացավ վառել իր մոմը, իսկ դրանով՝ հասարակության մյուս բոլոր մոմերը: Հետևաբար, հանգելուն մոտ կանթեղն էր, որ այդ գեղեցիկ բոցերը ծնեց, որոնք էլ իրենց հերթին կարող էին ծնել անսահմանափակ քանակի ա՛յլ բոցեր, հրդեհել ողջ աշխարհը ... ։ Եվ այդ վիթխարի բռնկման համար, միևնույնն է, պարտական կլինեինք առաջին փոքրիկ կանթեղին: Ինչպե՞ս կկարողանային գեղեցիկ բոցերը հպարտանալ՝ հրդեհն առաջացնելուց հետո, երբ կգիտակցեին, որ կան և գործում են մի փոքրիկ կանթեղի շնորհիվ միայն: Ուրեմն, հարցնում եմ ինքս ինձ, ո՞վ կարող է իր գործերի համար փառավորել սեփական անձը:
Նույնն է նաև Սրբերի Հաղորդության պարագային: Հաճախ, առանց մեր իմանալու, շնորհներն ու լույսերը, որ ընդունում ենք, մեզ տրվում են մի թաքնված հոգու աղոթքներին իբրև պատասխան, որովհետև Տերն ըստ Իր բարության կամենում է, որ Սրբերը փոխադարձ կերպով միմյանց հաղորդեն շնորհը՝ աղոթքի միջոցով, որպեսզի Երկնքում սիրեն միմյանց մե՜ծ սիրով, շա՜տ ու շա՜տ ավելի մեծ, քան երկրաբնակ ամենակատարյալ ընտանիքի սերը: Քանի՜ անգամներ եմ մտածել, որ ստացածս բոլոր շնորհները թերևս պարտավոր եմ մի անձի, որ խնդրել է դրանք Տիրոջից իմ համար. և որ այդ անձին ճանաչելու եմ Երկնքում միայն:
Այո՛, փոքրիկ կանթեղը կարող է ծնել մեծամեծ լույսեր ողջ Եկեղեցու գրկում. ինչպես, օրինակ, Հայրապետներ ու Մարտիրոսներ, որոնք անկասկած շա՜տ ու շա՜տ ավելի գերիվեր կլինեն Երկնքում, քան այդ խոնարհ անծանոթ հոգին: Բայց կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նրանց փառքը չի լինի նաև իրենը:
Երկնքում երբեք չեն հանդիպի անտարբեր հայացքներ, որովհետև բոլոր ընտրյալներն էլ կճանաչեն միմյանց իբրև փոխադարձ պարտականներ՝ այն շնորհների համար, որոնք հնարավոր դարձրեցին իրենց աստվածապարգև թագերի հյուսումը:
 

[1] Այս բանաստեղծությունը, որ կոչվում է «Թե ինչո՛ւ եմ քեզ սիրում, Մարիամ», ամբողջությամբ տե՛ս՝ Հավելված Դ.:

[2] Հվհ 3, 8

[3] Մտթ 26, 29

[4] Սրբուհու կողմից շարադրված այս բանաստեղծությունը, որ կոչվում է «Հիշի՜ր, Հիսուս», տե՛ս՝ Հավելված Ե.:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։