11-19 Օգոստոս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

11-19 Օգոստոս 1897թ.

11 ՕԳՈՍՏՈՍ
 
Չէի կամենա խնդրել Տիրոջից ավելի մեծ տառապանքներ: Եթե ավելացներ Ինքը, կկրեի ուրախությամբ, որովհետև կգային Իրենից: Մինչդեռ եթե ես ինքս խնդրեի դրանք, կլինեին ի՛մ տառապանքները, պարտավոր կլինեի կրել ի՛մ ուժերով: Իսկ ես, մենակ, երբեք ոչինչ չեմ կարողացել անել:
 
Խոսելով Սուրբ Կույս Աստվածածնի մասին.
 
Ճիշտն ասած՝ մեզնից նվազ երջանիկ է, որովհետև մի Սուրբ Կույս չունի, որին կարող կլիներ սիրել:
 
Հաճախ եմ խնդրանքներ ուղղում Սրբերին առանց լսվելու. բայց որքան ավելի են խուլ ձևանում իմ ձայնին, այնքան ավելի եմ իրենց սիրում:
 
Ինչո՞ւ:
 
Որովհետև շատ ավելի փափագեցի երկրի վրա չտեսնել Աստծուն ու Սրբերին և մնալ հավատքի մթության մեջ, քան ուրիշներ, որ կամենում են ամեն բան տեսնել ու ամեն բան հասկանալ:
 
12 ՕԳՈՍՏՈՍ
 
Հասկի վրա կատարածս խորհրդածությունից հետո շա՜տ ցածր համարում ունեմ իմ անձի նկատմամբ: Բայց որքա՜ն մեծ է ահա՛ այս նոր շնորհը, որ ստացա այսօր առավոտյան, այն պահին, երբ քահանան սկսեց արտասանել «Խոստովանիմ» աղոթքը՝ Սուրբ Հաղորդությունը տալուց առաջ: Տեսնում էի Հիսուսին, որ մոտենում էր ինձ միանալու, և լսում էի այնքա՜ն անհրաժեշտ խոստովանությունը. «Խոստովանիմ առաջի Աստուծոյ ամենակալի, Սրբուհւոյ Աստուածածնի եւ առաջի ամենայն Սրբոց, քանզի մեղա՜յ յոյժ»: Ա՜հ այո՛, ասում էի ինքս ինձ, ճիշտ են վարվում այս պահին Աստծուց և բոլոր Սրբերից իմ համար ներում հայցելով: Որքա՜ն հարկավոր է այս խոնարհությունը: Զգում էի ինձ, մաքսավորի նման, մի մեծ մեղավոր: Աստված աչքերիս առաջ պատկերվում էր այնքա՜ն բարեգութ: Քանի՜ցս հուզիչ էր երկնային ողջ արքունիքին դիմելը և նրանց բարեխոսությամբ Աստծուց ներում գտնելը իմ մեղքերի համար ... : Մե՜ծ դժվարությամբ զսպեցի արցունքներս, և երբ Սուրբ Նշխարը հպվեց շրթունքներիս, սիրտս շա՜տ հուզվեց ... : Որքա՜ն զարմանալի է այս ամենը «Խոստովանիմ»ի ժամանակ զգալը: Կարծում եմ, որ դրա պատճառը ներկա հոգեվիճակս է. զգում եմ ինձ այնքա՜ն թշվառ ու ողորմելի: Վստահությունս, այդուհանդերձ, չի նվազում. ընդհակառա՛կն: Եվ որոշ առումով «ողորմելի» բառը տեղին չէ, որովհետև ճոխացել եմ աստվածային բոլոր գանձերով. բայց հենց սրա համար է, որ խոնարհվում եմ ավելի: Երբ խորհում եմ այն բոլոր շնորհների մասին, որ մարդասերն Աստված պարգևել է ինձ, հազիվ եմ ինձ զսպում երախտագիտության արցունքներն անդադար հոսեցնելուց: Ինձ թվում է, որ այս առավոտյան թափածս արցունքները կատարյալ զղջման արցունքներ էին: Անհնարին է, որ մարդն ինքնըստինքյան ունենա այդ զգացումները: Սուրբ Հոգին է տալիս դրանք. փչում է ո՛ւր ուզում է[1]:
 
13 ՕԳՈՍՏՈՍ
 
Խոսում էի իր հետ այն ներքին լույսերի մասին, որ երբեմն ունենում ենք երկնային իրականությունների վերաբերյալ: Ասաց.
 
Իմ պարագային, ուրիշ լույս չունեմ, եթե ո՛չ միայն՝ իմ փոքրիկ ոչնչությունս տեսնելու համար հարկավոր լույսը: Բայց սա ինձ ավելի բարիք է անում, քան հավատքի խորհրդավոր հարցերը պարզաբանող լույսերը:
 
14 ՕԳՈՍՏՈՍ
 
Սա մի վշտալի օր էր, թե՛ մարմնի և թե՛ սրտի համար: Երեկոյան ասացի իրեն. «Այսօր շա՜տ տառապեցիր»:
 
Այո՛, բայց սիրով եմ համբերում նեղություններին: Սիրում եմ այն ամենը, որ տալիս է ինձ Աստված:
 
15 ՕԳՈՍՏՈՍ
 
Իրեն էի վերագրում աստվածային սիրո մեջ սպառված հոգիների մահվան մասին Սբ. Հովհաննես Խաչի խոսքերը[2]: Հառաչեց ու ասաց.
 
Հարկավոր է ասել, որ հոգուս խորքում միայն բերկրանք ու հափշտակություն եմ զգում: Բայց սա շատ չի քաջալերի հոգիներին, եթե ենթադրեն, թե ես շատ չեմ տառապել:
 
Տառապում էր շնչահեղձությունից:
 
Չգիտեմ, թե ի՛նչ է լինելու վերջս:
 
«Քեզ մտահոգո՞ւմ է այդ միտքը»:
 
Ա՜հ ո՛չ ... :
 
Երեկ երեկոյան Սուրբ Կույսին խնդրեցի որոշ ժամանակով դադարեցնել հազս, որպեսզի Քույր Ժընըվիևը կարողանար քնել: Բայց անմիջապես ավելացրեցի. «Եթե խնդրանքս չկատարես, քեզ է՛լ ավելի կսիրեմ»:
 
Աստված ինձ զորացնում է տառապանքներիս համաչափ: Զգում եմ, որ այս պահին ավելին չէի կարողանա կրել: Բայց նաև չեմ վախենում, որովհետև եթե ավելանան վշտերը, կավելանա նաև զորությունը:
 
16 ՕԳՈՍՏՈՍ
 
Այնքա՜ն էր տկարացել ու ընկճվել, որ այլևս չէր կարողանում խոսել:
 
Չեմ ... կարողանում խոսել ... այլևս ... և ո՛չ իսկ Ձեր հետ ... : Ա՜հ, եթե իմանայիք ... : Եթե չսիրեի մարդասեր Աստծուն ... :
 
Խոսում էինք հրեշտակների մասին:
 
Չեն կարող տառապել: Իմ նման երջանիկ չեն, ուրեմն:
 
17 ՕԳՈՍՏՈՍ
 
Շա՜տ լավ եմ զգում, որ մարդասեր Տիրոջ կամքն է, որ կրեմ այս տառապանքները: Այն դեղամիջոցները, որ պետք է օգնեին ինձ, ինչպես իսկապես սփոփում են ուրիշ հիվանդների, ընդհակառակն՝ վնասում են ինձ:
 
«Այսօր Սուրբ Կույսին խնդրելու եմ մեղմել շնչահեղձությունդ»:
 
Ո՛չ, թողեք, որ դա անի այնտեղ՝ Երկնքում:
 
18 ՕԳՈՍՏՈՍ
 
Շա՜տ եմ տառապում, բայց արդյոք լա՞վ եմ տառապում: Սա՛ է, ահա՛, կարևորը:
 
Հանգստի պահին ասաց ինձ.
 
Մայր իմ, խնդրում եմ, կարդացեք այն նամակը, որ ստացել եք իմ համար: Զրկեցի ինձ այն շտապ պահանջելուց՝ վաղվա Հաղորդությանը պատրաստվելու համար:
 
Տեսնելով, որ մատիտը ձեռքս եմ առնում նշումներ կատարելու համար, ավելացրեց.
 
Արժանիքս կորում է, թերևս, որովհետև այն հայտնեցի Ձեզ և Դուք այն գրի եք առնում:
 
«Կամենո՞ւմ ես, ուրեմն, արժանիքներ շահել»:
 
Այո՛, բայց ո՛չ իմ համար ... : Հոգիների՛ համար, ամբողջ Եկեղեցու կարիքների՛ համար: Վերջապես, վարդեր նվիրելու համար բոլորի՛ն՝ արդարներին ու մեղավորներին:
 
Ասացի, որ բավական համբերատար էր: Պատասխանեց.
 
Մի ակնթարթ անգամ համբերություն չեմ ունեցել, ե՛ս: Իմը չէ այն: Ինչպես միշտ՝ սխալվում եք:
 
Ասացի իրեն. «Իսկ եթե հանկարծ առողջանաս, որքա՜ն տարօրինակ պիտի թվա այս ամենը»:
 
Եթե Աստծո կամքը դա լինի, շա՜տ ուրախ կլինեմ Իրեն այդօրինակ զոհողություն ընծայելուս համար: Բայց վստահեցնում եմ Ձեզ. քիչ բան չէր լինի, այսքա՜ն ճանապարհ անցնել և ապա ետ վերադառնալ: Ինձ դա, սակայն, չի մտահոգում:
 
19 ՕԳՈՍՏՈՍ
 
Քիչ է մնում ուշագնաց լինեմ: Եթե իմանայիք, թե ի՛նչ վիճակում եմ գտնվում: Այս գիշեր այլևս չէի դիմանում: Սուրբ Կույսին խնդրեցի իր ձեռքերի մեջ առնել գլուխս, համբերելու ուժ տալու համար:
 
Իր խաչը տվեցի իրեն: Համբուրեց քնքշանքով: Հիսուսը պատկերված էր դեպի վար խոնարհված գլխով: Դիտելով Նրան, ասաց.
 
Մեռած է: Նախընտրում եմ, որ Նրան մեռած պատկերեն, որպեսզի թվա ինձ, թե այլևս չի տառապում:
 
Մի դեղորայք խնդրեց, որն իրեն շա՜տ տհաճ էր:
 
Խնդրում եմ հանուն հավատարմության:
 
Ենթակա եմ միայն այս պահի տառապանքներին: Երբ մտածում ենք անցյալի կամ ապագայի մասին, ուժաթափ ենք լինում և հուսահատվում:
 

[1] Հվհ 3, 8

[2] Հմմտ. San Giovanni della Croce, Fiamma viva d'amore, str. 1, 30.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։