15-30 Մայիս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

15-30 Մայիս 1897թ.

ՀԻՍՈՒՍ ՄԱՆԿԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԹԵՐԵԶԱՅԻ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՐՏԱՍԱՆԱԾ ԽՈՍՔԵՐԸ, ՈՐ ՔԱՂՎԱԾԱԲԱՐ
ԳՐԻ ԵՆ ԱՌՆՎԵԼ ՄԱՅՐ ԱԳՆԵՍ ՀԻՍՈՒՍԻ՝
ՍՐԲՈՒՀՈՒ ՓՈԼԻՆ ՔՐՈՋ ԿՈՂՄԻՑ
 
15 ՄԱՅԻՍ 1897
 
Իմ համար միևնույնն է ապրելն ու մեռնելը։ Հստակ չեմ տեսնում, թե այժմ իսկ ունեցածիցս ավելի ի՛նչ կարող եմ ստանալ մահիցս հետո ... ։ Կտեսնեմ մարդասերն Աստծուն, ահա՛ սա միայն։ Որովհետև ինչ վերաբերվում է Իր հետ լինելուն, ամբողջովին Իրեն եմ միացած արդեն այստեղ՝ երկրի վրա։
 
Ուրախ եմ շուտով Երկինք մեկնելուս համար, բայց երբ մտածում եմ Տիրոջ խոսքերի մասին, թե՝ «Ահա՛ գալիս եմ շուտով, և իմ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի»[1], ասում եմ ինքս ինձ, որ բավական շփոթում է առաջանալու իմ դեպքում, որովհետև գործեր ... ես չունեմ դրանցից և ո՛չ իսկ մեկ հատ ... ։ Չի կարող, հետևաբար, վարձատրել ինձ ըստ ի՛մ գործերի։ Շա՜տ ավելի լա՛վ․ վստահ եմ, որ կվարձատրի ինձ ըստ Ի՛ր գործերի։
 
Եթե, ըստ մի անհնարին ենթադրության, Աստված Ինքն անգամ չտեսներ իմ բարի գործերը, չէի վշտանա։ Նրան այնքա՜ն եմ սիրում, որ կուզենայի սիրույս ու փոքրիկ զոհողություններիս միջոցով հաճույք պատճառել Իրեն, նույնիսկ եթե Նա չիմանար, որ դրանք գալիս են ինձնից։ Իմանալով և տեսնելով դրանք, կարծես պարտադրված կլիներ փոխհատուցելու ... ։ Իրոք, չէի կամենա այդ վիշտը պատճառել Նրան։
 
Այնքա՜ն կուզենայի Հանոյի Կարմեղոս առաքվել, որպեսզի շա՜տ ու շա՜տ տառապեի մարդասեր Աստծո համար։ Կուզենայի այնտեղ գնալ, եթե առողջանամ, միայնակ լինելու համար, մխիթարություններ չունենալու համար, երկրի վրա բերկրանք չունենալու համար։ Շա՜տ լավ գիտեմ, որ Աստված կարիքը չունի մեր գործերի, և վստահ եմ, որ անօգուտ կլինեի նաև այնտեղ։ Բայց կտառապեի ու կսիրեի։ Սա՛ է միակ արժեքավորն ըստ Իր գնահատման։
 
18 ՄԱՅԻՍ
 
Ազատեցին ինձ բոլոր պարտականություններիցս։ Խորհեցի, որ մահս իրոք վնաս չի պատճառի Միաբանությանը։
 
Հարցրեցի․ «Տհաճությո՞ւն է միաբանակիցների աչքին անօգուտ անդամ երևալը»։
 
Ա՜հ, ո՛չ։ Դա բոլոր մտահոգություններիս մեջ վերջինն է։ Իսկապես միևնույնն է իմ համար։
 
Զարմանքս հայտնեցի իրեն, որ հակառակ իր ծանր վիճակին՝ երբեք պարապ չէր մնում։
 
Միշտ կարիքն ունեմ ինչ-որ մի աշխատանքով զբաղվելու․ այդպիսով ինձնից դուրս եմ վռնդում բոլոր մտահոգությունները, ինչպես նաև՝ չեմ վատնում ժամանակը։
Առաջ շատ էի խնդրում Տիրոջից, որ կարողանայի հետևել միաբանակիցներիս ընդհանուր աշխատանքներին մինչև մահվանս պահը։ Չուզեց գոհացնել ինձ։ Եվ սակայն, կարծում եմ, թե կկարողանայի գործակցել բոլորին, չէի մեռնի մի րոպե ավելի շուտ։ Երևակայում եմ, երբեմն, որ եթե այս խնդրանքս ներկայացրած չլինեի, չէի հիվանդանա։
 
19 ՄԱՅԻՍ
 
Հարցրեցի․ «Ինչո՞ւ ես այսօր այսքա՜ն ուրախ»։
 
Որովհետև այս առավոտյան երկու փոքրիկ տհաճություն ունեցա, ա՜հ, որքա՜ն դյուրազգաց եմ դարձել ... ։ Ոչինչ ինձ փոքրիկ ուրախություն չի պատճառում, եթե ո՛չ միայն՝ փոքրիկ վշտերը։
 
20 ՄԱՅԻՍ
 
Ասում են, թե կվախենամ մահից: Թերևս: Եթե իմանային, թե որքա՜ն անվստահ եմ անձիս նկատմամբ: Երբեք չեմ հենվում իմ մտքերի վրա. շատ լավ գիտեմ, թե որքա՜ն տկար եմ: Բայց այժմ ուզում եմ վայելել այն զգացումը, որ ողորմածն Աստված տալիս է ինձ այս պահին: Դեռ շատ ժամանակ կունենամ հակառակը զգալու, և որպես դրան հետևանք՝ տառապելու համար:
 
21-28 ՄԱՅԻՍ
 
Գիտեմ, որ շուտով մեռնելու եմ: Բայց ե՞րբ: Ա՜հ, չի հասնում ժամը: Նման եմ մի մանկան, որին խոստանում են կարկանդակ տալ, ցույց են տալիս հեռվից ... , իսկ հետո, երբ մոտենում է վերցնելու, ձեռքը ետ է քաշվում: Սակայն ինձ լիովին հանձնում եմ Աստծո ձեռքերին, լինի ապրելու, թե մեռնելու համար: Կուզեմ նույնիսկ առողջանալ և առաքելության մեկնել Չինաստան, եթե դա է Աստծո կամքը:
 
Մահիցս հետո խնդրում եմ չթույլատրել դագաղիս համար ծաղկեպսակների նվիրատվությունը, ինչպես կատարվեց Մայր Ջենովեֆֆայի համար: Իզուր վատնված փող է: Ահա՛ թե ինչպես կվարվեք. փողը ծախսող անձանց կխնդրեք, որ այդ գումարով ստրկությունից փրկագնեն խեղճ փոքրիկ սևամորթներին: Ասացեք նրանց, որ ինձ հաճելի է այդ բարերար գործը:
 
Մի ժամանակ իմ համար մեծ տխրության աղբյուր էր արժեքավոր դեղորայքի ընդունումը, մինչդեռ այժմ այդ հանգամանքը նվազ կարևորություն ունի իմ համար, որովհետև Սրբուհի Հերթրուդի վարքում կարդացի, որ նա ուրախանում էր, երբ այդպիսի դեղամիջոցներ էր ստանում, մտածելով, որ դա հոգևոր պարգևներ էր ծնում այն անձանց համար, որոնք բարեգործում էին իրեն: Հիմնվում էր մեր Տիրոջ խոսքերի վրա. «Ինչ իմ այս փոքր եղբայրներից մեկին անեք, իմ համար արած կլինեք»[2]:
 
Համոզված եմ, որ դեղերը չեն կարող առողջացնել ինձ: Բայց ահա՛ թե ինչպես գործերը կարգի դրեցի ողորմած Աստծո հետ, որն այդ դարմանումների ներգործությունը կօգտագործի այլևս ի նպաստ խեղճ առաքյալների, որոնք բուժվելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ՝ միջոցներ: Ես Տիրոջից խնդրում եմ, որ ինձ շռայլված բոլոր խնամքները բժշկեն նրանց:
 
Շատ անգամներ ինձ կրկնեցին, թե քաջ եմ: Եվ դա այնքան քիչ է համապատասխանում իրականությանը, որ այլևս ստիպված էի ինքս ինձ ասել. «Չի կարելի այս աստիճան խաբկանքի մեջ թողնել մարդկանց»: Աշխատեցի, շնորհի օգնությամբ, քաջարի լինել: Նմանվեցի այն ռազմիկին, որին ողողում են հաճոյախոսություններով, և նա, տեղյակ իր վախկոտությանը, սկսում է ամաչել գովասանքներից, այնքա՜ն, որ կամենում է այդուհետև արժանի լինել դրանց:
 
Նախընտրում եմ խցիս մեջ մնալ, քան իջնել հիվանդների բաժին, որովհետև այստեղ չեն լսում, թե որքան եմ հազում, և չեմ խանգարում ոչ ոքի: Նաև երբ գտնում եմ ինձ չափազանց լավ խնամքներով պատված, այլևս չեմ կարողանում վայելել վշտերս:
 
Եթե չկրեի այս փորձությունն ընդդեմ հավատքի, որն ես ինքս չեմ կարողանում ըմբռնել ... , կարծում եմ, թե կմեռնեի ուրախությունից, երբ կմտածեի, որ շուտով թողնելու եմ երկիրը:
 
Իսկապես չեմ սարսափում վերջին պայքարներից, հիվանդության պատճառած տառապանքներից, որքա՛ն էլ դրանք մեծ լինեն: Աստված ինձ օգնել և առաջնորդել է մանկությանս օրերից ի վեր: Իրեն եմ հանձնում և վստահում անձս: Կասկածներ չունեմ, որ կօգնի մինչև վերջ: Կկարողանամ տառապել, ուրեմն, մինչև վերջին սահմանագիծը, բայց ո՛չ երբեք՝ չափից ավելի: Համոզված եմ սրան:
 
Չեմ կամենում ավելի մեռնել, քան ապրել: Այսինքն, եթե ընտրության հարց առաջանար, կգերադասեի մեռնել, բայց քանի որ Աստված Ինքն է ընտրում իմ փոխարեն, ես նույնպես հավանությունս տալիս եմ Իր կամքին: Սիրով եմ ընդունում Իր որոշումները:
 
Մի՛ կարծեք, որ եթե առողջանամ, կշեղվեմ իմ ճանապարհից, կամ թե՝ բժշկումս ի վիճակի կլինի խարխլելու ծրագրերս: Ո՛չ, ո՜չ: Տարիքը ոչինչ է Աստծո առաջ, և ես այնպես կանեմ, որ փոքրիկ մանուկ մնամ, եթե նույնիսկ շարունակեմ երկա՜ր երկա՜ր ապրել:
 
Միշտ աչքերիս առջև է իրերի լավ կողմը: Ոմանք վշտանում են ամեն ինչի համար, այն առավելագույն չափով, որ հնարավոր է: Իմ դեպքում ճիշտ հակառակն է. նույնիսկ եթե տառապանքս ծայրաստիճան դառն է, եթե երկինքն այնքա՜ն թխպալից է, որ չեմ կարողանում տեսնել աստղերը, է՜ լա՛վ, հենց այս իրավիճակն եմ դարձնում իմ ուրախությունը:
 
29 ՄԱՅԻՍ
 
Այսօր շատ էր տառապում: Վերցրեցի Սուրբ Ավետարանը, որպեսզի մի որևիցէ հատված կարդայի իր համար, և ահա՛ այս խոսքերին հանդիպեց հայացքս. «Նա հարություն առավ, այդտեղ չէ: Ահավասիկ այն տեղը, ուր Նրան դրել էին»[3]:
 
Այո՛, ճիշտ այդպես է. իրականում այլևս անմատչելի եմ բոլոր վշտերի համար, ինչպիսին չէի մանկությանս շրջանում: Հարուցյալի նման եմ. այլևս այնտեղ չեմ, ուր ինձ կարծում են: Մայր իմ, մի՛ մտահոգվեցեք ինձնով. հասել եմ մի աստիճանի, ուր այլևս չեմ կարողանում տառապել, որովհետև բոլոր վշտակրություններն իմ համար քաղցր են:
 
30 ՄԱՅԻՍ
 
Ասացի իրեն. «Թերևս շատ կտառապես մահիցդ առաջ»:
 
Ա՜հ, թող դա Ձեզ վիշտ չպատճառի, որովհետև դա է իմ միակ, այո՛ միակ փափագը:
 

[1] Հյտ 22, 12

[2] Մտթ 25, 40

[3] Մրկ 16, 6

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։