2-28 Սեպտեմբեր 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

2-28 Սեպտեմբեր 1897թ.

2 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Ներքին փորձություններս կրում եմ հատկապես մեր ազգականներից մեկի դիտավորությամբ, որն անհավատ է:
 
Ա՜հ այո՛, փափագում եմ Երկինք մեկնել: Աստվա՜ծ իմ, պատռի՜ր այս քաղցր հանդիպմանը խոչընդոտող քողը[1]:
 
4 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Մի փոքրիկ կտոր միս էինք հրամցնում իրեն: Ասաց.
 
Որքա՜ն ուրախ եմ, որ միսը նույնպես ձանձրացնում է ինձ, որովհետև չեմ զգում նաև սրա համը:
 
5 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Ասում էի իրեն, որ երբ իր կողքին որևէ մեկը ներկա էր լինում, այդ ժամանակ ավելի նվազ էր տառապում:
 
Ա՜հ, միևնույնն է ... : Շա՜տ, շա՜տ եմ տառապում, բայց նաև սփոփվում եմ Սուրբ Կույսի հետ զրուցելով:
 
9 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Այո՛, շա՜տ լավ գիտեմ, թե ի՛նչ է տառապանքը:
 
11 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Ի տես մահվան, վախի փոքրիկ զգացումներ ունենում եմ թերևս: Բայց վախ չունեմ հետմահու եկող շրջանից, և չեմ զղջում ունեցածս կյանքի համար, ա՜հ ո՛չ ... : Միայն թե մի տեսակ երկյուղով եմ ինքս ինձ հարցնում. «Ի՞նչ է արդյոք հոգու և մարմնի այս խորհրդավոր բաժանումը»: Առաջին անգամն է, որ նմանօրինակ հարց դրվեց իմ առջև: Բայց շտապեցի իսկույն Տիրոջը հանձնվել:
 
Մի՞թե պետք է վախենամ սատանայից: Ինձ թվում է, թե ո՛չ, որովհետև ամեն բան անում եմ հանուն հնազանդություն:
 
13 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Իր սենյակ բերեցին մանուշակների մի փունջ:
 
Ա՜հ ... մանուշակների բուրմունք եմ զգում ... :
 
Ապա դեպի ինձ շրջվեց՝ իմանալու, թե կարո՞ղ էր հոտոտել առանց զոհողության ոգու մեջ թերանալու:
 
14 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Պարտեզից մի վարդ բերեցին իր համար: Թերթատեց ծաղիկը Խաչելության վրա այնքա՜ն սիրով ու այնքա՜ն ջերմեռանդությամբ, վերցնելով թերթիկները՝ դրանցով Հիսուսի վերքերը կարծես չորացնելու համար: Ապա ասաց.
 
Սեպտեմբերի մեջ ենք, բայց փոքրիկ Թերեզան շարունակում է թերթատել գարնանային վարդը Հիսուսի համար:
«Թերթատելով քո համար վարդը գարնանային՝
Կուզենայի չորացնել արցունքները Դեմքիդ»[2]:
 
Եվ քանի որ թերթիկներն անկողնուց սահում էին ու ընկնում հատակին, ասաց.
 
Խնամքով հավաքեցեք այդ թերթիկները, քույրեր իմ, դրանք ձեզ պետք կգան ավելի ուշ: Մի՛ կորցրեք և ո՛չ իսկ մեկ հատ[3]:
Ա՜հ ... այժմ հուսով եմ, թե աքսորս կարճ կլինի:
 
Բժիշկն ասել էր, թե նա հոգեվարք չէր ունենալու: Բայց քանի որ տառապում էր միշտ ավելի ու ավելի, հառաչեց.
 
Եվ սակայն ինձ ասել էին, թե չէի ենթարկվելու հոգեվարքի տառապանքներին ... : Բայց, վերջին գնահատմամբ, գոհ եմ այն ունենալուս համար:
 
 «Եթե հնարավորությունն ունենայիր ընտրելու այն կամ ո՛չ»։
 
Չէի ընտրի ոչինչ:
 
15 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Ասում էի իրեն. «Երբ այլևս Երկնքում կլինես, այժմյան մեծամեծ տառապանքներդ փոքրիկ ոչնչություններ կթվան քեզ»: Պատասխանեց.
 
Դրանք երկրի վրա էլ են ինձ ոչինչ թվում:
 
20 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Բժիշկը դրվատանքով էր խոսել նրա հերոսական համբերության մասին:
 
Ինչպե՞ս կարող է ասել, թե համբերատար եմ: Ճիշտ չէ: Հեծեծանքներից բացի ուրիշ ոչինչ չեմ անում, անդադար հառաչում եմ ու աղաղակում. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, այլևս չեմ կարողանում: Ողորմի՜ր, ողորմի՜ր ինձ»:
 
22 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Ասում էի իրեն. «Իմ խեղճ փոքրիկ: Որքա՜ն ես տառապում: Սրբերն անգամ կարծես լքել են քեզ. կանչում ես նրանց, բայց նրանք օգնության չեն հասնում»:
 
Նրանց հանդեպ տածած սերս, սակայն, չի նվազում: Կամենում են տեսնել, թե մինչև ո՞ւր կհասցնեմ վստահությունս ... :
 
24 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Իր զգեստառության տարեդարձի կապակցությամբ, քահանայից խնդրեցինք իր դիտավորությամբ մատուցել Սուրբ Պատարագը: Շնորհակալություն հայտնեց: Բայց նրան հյուծված ու նվաղած տեսնելով, ասացի տխուր ձայներանգով. «Ա՜հ, տեսնո՞ւմ ես, ոչ մի սփոփանք չստացար»: Հարցրեց.
 
Իմ սփոփանքի՞ համար, ուրեմն, մատուցել խնդրեցիք Պատարագը:
 
 «Քո բարիքի համար»:
 
Իմ բարիքն, անկասկած, տառապելն է:
 
Այլևս շուտով կզրուցեմ հրեշտակների հետ:
 
«Մոտալուտ մա՞հ ես նախազգում»:
 
Ա՜հ, Մայր իմ, ի՞նչ նախազգացումների մասին եք խոսում: Եթե իմանայիք, թե ինչպիսի՛ աղքատության մեջ եմ գտնվում: Դուք թերևս ինձնից շատ ավելին գիտեք: Բանականությունս տեսածիս ու լսածիս համաձայն է միայն գործում: Բայց հոգիս, խավարում գտնվելուս հետ մեկտեղ, մի ապշեցուցիչ խաղաղության մեջ է:
 
«Շուտով Երկնքում կլինես, հրեշտակներով շրջապատված»:
 
Այո՛, բայց ես չեմ հետևելու նրանց օրինակին. բոլորն էլ Տիրոջ առաջ ծածկում են իրենց երեսները[4]: Ես կխուսափեմ այդպես վարվելուց:
 
25 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Երբ մանուկների դաստիարակության պատասխանատվութունն ունեցողների մասին սկսեցինք խոսել, նրանց մասին, ովքեր երկար կյանք էին ունեցել, ասաց.
 
Իսկ ինչ վերաբերվում է փոքրերին, դատվելու են մեծագույն քաղցրությամբ[5]: Եվ հնարավոր է փոքր մնալ նաև ահավոր պատասխանատու գործերով ծանրաբեռնված, նույնիսկ երկար տարիներ ապրելով:
Եթե մահանայի ութսուն տարեկան հասակում, ապրած լինելով զանազան մենաստաններում ու վանքերում, կքված՝ պատասխանատու պաշտոնների ծանրության տակ, մնացած կլինեի, վստահ եմ, նույնքան փոքրիկ, որքան այսօր եմ: Եվ գրված է, որ վերջին օրը Տերը ոտքի է կանգնելու՝ փրկելու համար այն բոլոր հեզերին ու խոնարհներին, որ բնակվում են երկրի վրա[6]: Չի ասում՝ դատելու, այլ՝ փրկելու:
 
Այս վերջին օրերին սաստիկ տառապում էր, և իր անձկության մեջ ահա՛ այսպես արտահայտվեց.
 
Ա՜հ, Մայր իմ, ինչի՞ է ծառայում տառապանքի մասին գեղեցիկ ճառեր հյուսելը ... : Ոչնչի՛, ոչնչի՛: Հարկավոր է ճաշակել այն՝ իմանալու համար, թե ի՛նչ արժեք ունեն այդ գեղեցիկ ճառախոսությունները ... :
Հիմա իսկապես զգում եմ, որ այն ամենն, ինչ ասել կամ գրել եմ, զուտ ճշմարտություն է ... : Իրոք կամենում էի շա՜տ տառապել Տիրոջ համար, և իրոք ուզում եմ դա նաև այժմ:
 
Ասացի. «Ա՜հ, զարհուրելի են կրածդ տառապանքները»:
 
Ո՛չ, զարհուրելի չեն: Սիրո փոքրիկ զոհը չի կարող զարհուրելի համարել այն, ինչը որ Փեսան ուղարկում է իրեն:
 
28 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Երկրի օդը պակասում է ինձ: Ողորմա՜ծ Աստված, ե՞րբ ես տալու ինձ Երկնքի օդը ... :
 

[1] San Giovanni della Croce, Fiamma viva d'amore, str. 1.

[2] Տե՛ս՝ Հավելված Ը.:

[3] Թերեզայի միաբանակից քույրերը վարվեցին նրա խորհրդի համաձայն, հավաքեցին ու խնամքով պահեցին այդ թերթիկները: 1910 թվականի Սեպտեմբերին, Լիզյոյի աղքատախնամ քույրերի հիվանդանոցում, միանձնուհիներից մեկը լեզվի քաղցկեղով տառապող մի ծերունու՝ Ֆերդինանդ Օբրեին մոտեցրեց վարդի այդ թերթիկներն իր մեջ պարունակող տուփը: Հիվանդը հավատքով համբուրեց այդ մասունքները և Սրբուհու բարեխոսությամբ Աստծուց ստացավ վայրկենական առողջացումն իր բնական միջոցներով անբուժելի հիվանդությունից:

[4] Հմմտ. Ես 6, 2

[5] Հմմտ. Իմ 6, 7

[6] Սղմ 75, 9-10

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։