29-30 Սեպտեմբեր 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

29-30 Սեպտեմբեր 1897թ.

29 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Մահվան նախօրյակը: Առավոտից ի վեր թվում էր հոգեվարքի մեջ: Ցավատանջ հռնդյուն ուներ և չէր կարողանում շնչել: Կեսօրին ասաց Մեծավոր Մորը.
 
Մայր իմ, սա՞ է հոգեվարքը: Ինչպե՞ս պիտի կարողանամ մահանալ: Բնավ պիտի չիմանամ մահանալու կերպը ... :
 
Իր համար կարդում էի մահամերձների աղոթքները: Երբ խոսք եղավ սատանաների մասին, ձեռքի մի մանկական շարժում ունեցավ, կարծես սպառնալով նրանց, և ժպտալով ասաց.
 
Ա՜հ ... :
 
Մի ձայներանգով, որ կամենում էր ասել.
 
Չեմ վախենում նրանցից:
 
Բժշկի այցելությունից հետո հարցրեց Մեծավորուհուն.
 
Այսօ՞ր է, Մայր իմ:
 
Մեծավոր Մայրը պատասխանեց. «Այո՛», իսկ մենք ավելացրեցինք. «Տերն այսօր շա՜տ գոհ է»: Քաջությամբ բացականչեց.
 
Ես նույնպես:
Եթե հենց հիմա մահանայի, ի՜նչ երջանկություն:
 
Երեկոյան.
 
Այլևս չեմ կարողանում: Ա՜հ, աղոթեցեք իմ համար: Եթե իմանայիք ... ։
 
Ժամերգությունից հետո, երբ իրական մարտիրոսություն էր կրում, ձեռքերը միացրեց և քաղցր ու հեծեծացող ձայնով ասաց.
 
Այո՛, Աստվա՜ծ իմ, այո՛, Աստվա՜ծ իմ, ընտրում եմ ամբո՛ղջը:
 
«Ուրեմն ահավոր է կրածդ», ասաց Մեծավորուհին:
 
Ո՛չ, Մայր իմ, ո՛չ թե ահավոր, այլ շա՜տ, շա՜տ ... : Ճիշտ այնքան, որքան կարող եմ կրել:
 
Խնդրեց գիշերը միայնակ թողնել իրեն, բայց Մեծավորուհին չհամաձայնվեց: Քույր Մարիան և Քույր Ժընըվիևը, հետևաբար, կիսեցին նրան հսկելու այդ մե՜ծ մխիթարությունը:
 
30 ՍԵՊՏԵՄԲԵՐ
 
Իր թանկագին մահվան օրը (հինգշաբթի):
Առավոտյան, Սուրբ Պատարագի ժամին, հսկում էի նրան: Մի խոսք անգամ չասաց: Ուժասպառ էր ու հևում էր: Իր տառապանքները, զգում էի, անարտահայտելի էին: Մի պահ միացրեց ձեռքերը, և աչքերն իր անկողնու դիմաց զետեղված Սուրբ Կույսի արձանիկին հառելով՝ ասաց.
 
Ա՜հ, աղոթեցի նրան մեծ եռանդով: Գտնվում եմ զուտ հոգեվարքի մեջ, առանց մխիթարության որևէ նշույլի:
 
Ամբողջ օրվա ընթացքում չունեցավ հանգստի և ո՛չ իսկ մեկ պահ. տառապեց, անդադար: Ուժասպառ էր թվում. և սակայն, ի մեծ զարմանս մեր, կարողանում էր տակավին շարժվել և անկողնու մեջ նստել: Ասում էր.
 
Տեսնո՞ւմ եք, Մայր իմ, թե որքա՛ն ուժ ունեմ այսօր: Ո՛չ, չեմ մեռնում: Դեռ մի քանի ամիս ևս ունեմ, թերևս: Չեմ հավատում այլևս մահվանը իմ համար: Այլևս տառապանքին եմ միայն հավատում, և վաղն ավելի վատ է լինելու: Է՛հ, շա՜տ ավելի լավ: Ա՜հ, Աստված իմ, սիրո՜ւմ եմ Քեզ, Աստված այնքա՜ն բարի ու ողորմած:
Իմ բարի Սուրբ Կույս, օգնությա՜ն հասիր ինձ:
 
Եթե սա հոգեվարքն է, ի՞նչ է, ուրեմն, մահը:
 
Մայր իմ, վստահեցնում եմ Ձեզ, որ բաժակը լի է բերնիբերան: Բայց բարին Աստված ինձ չի լքի: Ինձ երբեք չի լքել ... :
Այո՛, Աստվա՜ծ իմ, այն ամենը, որ կամենում ես, ... բայց գթա՜ ինձ ... :
 
Քույրե՜ր իմ, քույրե՜ր իմ, աղոթեցե՜ք իմ համար:
 
Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, Դու, որ այնքա՜ն բարի ես: Այո՛, բարի ես: Ես դա լավ գիտեմ:
 
Ժամը 3-ի կողմերը թևերը խաչեց կրծքին: Մեծավոր Մայրը նրա ծնկներին դրեց Կարմեղոսի Տիրամոր պատկերը: Մի պահ նայեց, ապա ասաց.
 
Ա՜հ, Մայր իմ, ներկայացրո՜ւ ինձ Սուրբ Կույսին, պատրաստի՜ր ինձ լավ մահանալու:
 
Մեծավոր Մայրը պատասխանեց, որ միշտ ըմբռնած և գործադրած լինելով խոնարհությունը՝ իր պատրաստությունը կատարված էր: Մեկ պահ խորհեց, ապա խոնարհաբար արտասանեց հետևյալ խոսքերը.
 
Այո՛, ինձ թվում է, որ միայն ճշմարտությունն եմ փնտրել: Այո՛, հասկացել եմ, թե ի՛նչ է սրտի խոնարհությունը:
 
Ապա կրկնեց.
 
Այն ամենը, որ գրել եմ տառապելու փափագներիս մասին, ամբողջովին ճշմարիտ է:
 
Եվ հաստատուն վստահությամբ.
 
Չեմ զղջում Սիրույն ընծայված լինելուս համար:
 
Այդ պահից ի վեր կարծես ինքը չէ, որ տառապում էր: Զանազան անգամներ, նրան դիտելիս, աչքերիս առջև գծագրվում էին մարտիրոսների կերպարանքներ, անողորմ դահիճների մահասարսուռ գործիքներով հոշոտվող, բայց միշտ զորացած ինչ-որ մի աստվածային ուժով:
Քիչ անց նորից եռանդով կրկնեց.
 
Ա՜հ ո՛չ, չեմ զղջում Սիրույն ընծայված լինելուս համար: Ընդհակառակն ... :
 
Մի քիչ ավելի ուշ ասաց.
 
Երբեք չէի կարող երևակայել, թե հնարավոր է այսքա՜ն տառապել: Երբե՛ք: Երբե՛ք: Սա չեմ կարող բացատրել, եթե ո՛չ՝ հոգիներ փրկելու վառ իղձերովս:
 
Անձկագին բացականչեց.
 
Չեմ կարողանում շունչ քաշել ... , չեմ կարողանում մեռնել ... :
 
Բայց համակամությամբ ավելացրեց.
 
Սիրով կուզենամ դեռ կրել ... ։
Ամենափոքր փափագներս իրականացան ... , ուրեմն, ամենամեծ փափագս, այն է՝ սիրուց սպառված մահանալ, այն նույնպես պետք է իրականանա ... :
 
Ժամը 5-ի մոտ մենակ էի իր հետ: Դեմքի արտահայտությունը հանկարծ փոխվեց: Հասկացա, որ հոգեվարքը սկսվում էր: Երբ միաբանակից քույրերը ներս մտան, բոլորին ընդունեց քաղցր ժպիտով: Ձեռքում ուներ իր Խաչելությունը և անդադար նայում էր Նրան:
Երկու ժամ շարունակ կուրծքը ճմլվեց շնչահեղձությունից: Դիմագծերը ծամածռվել էին, ձեռքերը՝ կապտել, ոտքերը սառույցի էին վերածվել. դողում էր ողջ մարմնով մեկ: Խոշոր կաթիլներով առատ քրտինք էր գոյանում ճակատին ու հոսում դեմքի վրա: Միշտ ավելի ու ավելի ծանր էր դառնում շնչառությունը և երբեմն երբեմն ակամա փոքրիկ ճիչեր էր արձակում՝ ներշնչել կարողանալու համար:
Բերանն այնքան էր չորացել, որ Քույր Ժընըվիևը, խորհելով սփոփել նրան, մի կտոր սառույց դրեց շրթունքների վրա: Ոչ ոք երբևէ չի մոռանա այն անարտահայտելի հայացքն ու երկնային ժպիտը, որ նա ուղղեց իր քրոջն այդ պահին, կարծես երախտագիտություն հայտնելու, մխիթարելու և վերջին «մնաս բարով»ն ասելու համար:
Ժամը 6-ին, երբ զանգակատան զանգերը հնչեցին, կանչելով «Հրեշտակ Տեառն» աղոթքին, իր պաղատագին աչքերն ուղղեց դեպի Սուրբ Կույսի արձանը: Որքա՜ն գեղեցիկ էր իր հայացքը:
Ժամը 7-ից մի քանի րոպե անց, անշարժ համարելով կացությունը, Մեծավորուհին ազատ արձակեց միաբանակիցներին:
 
Մայր իմ, դեռ հոգեվարքը չէ՞: Դեռ չեմ մահանո՞ւմ:
 
«Այո՛, դուստր իմ», պատասխանեց մեր Մայրը, «հոգեվարքն է: Բայց Տերը թերևս կամենում է երկարաձգել այն դեռ մի քանի ժամ ևս»:
Պատասխանեց առնական քաջությամբ.
 
Շա՜տ լավ ... : Առա՜ջ: Առա՜ջ: Ա՜հ ... , չէի կամենա նվազ տառապել:
 
Եվ աչքերը Խաչելության վրա հառելով.
 
Ա՜հ ... , սիրո՜ւմ եմ Քեզ ... : Աստվա՜ծ իմ ... ես ... Քեզ ... սիրում եմ:
 
Այս խոսքերն արտասանելուց հետո՝ թեթևակի դեպի ետ ընկավ, գլուխը դեպի աջ թեքված: Կարծեցինք, թե ամեն բան վերջացած էր և Մեծավորուհին իսկույն ետ կանչեց միաբանակիցներին, ասելով. «Բացե՛ք բոլոր դռները» (այնտեղ երեք դուռ կար): Այդ խոսքերն այդ պահին ինչ որ հանդիսավորություն էին իրենց մեջ պարունակում և ես մտածում էի, որ երկնքում Տերը նույն խոսքերն էր ասում հրեշտակներին: Միաբանակիցները հազիվ ժամանակն ունեցան նրա անկողնու շուրջբոլորը ծնրադրելու և բոլորն էլ ներկա գտնվեցին ու վկա եղան իր վերջին վայրկյանի հափշտակությանը: Դեմքը շուշանի գույն էր ստացել, թվում էր կատարելապես առողջ, աչքերը սևեռված էին դեպի վեր, լի խաղաղությամբ ու բերկրանքով:
Քույր Մարիան, ավելի մոտիկից տեսնելու համար այդ վսեմ հայացքը, լապտերով մոտեցավ նրան: Լույսի մոտեցումը ոչ մի շարժում չառաջացրեց աչքերում: Այդ հափշտակությունը տևեց մեկուկես-երկու րոպե, Հավատամքը մեկ անգամ ասելու չափ. հազիվ վերջացած՝ Աստծո Աղախինն ավանդեց հոգին:
Մահից հետո, դեմքի վրա պահպանեց մի քաղցրիկ ժպիտ: Զմայլելի գեղեցկություն էր վերստին ձեռքբերել: Այնքա՜ն ամուր էր բռնել Խաչելությունը, որ հարկ եղավ պոկել այն ձեռքերից:
Մարմինը պահպանեց իր այդ վերստին ձեռքբերված գեղեցկությունն ու թարմությունը մինչև թաղումը, որ տեղի ունեցավ 1897թ.ի Հոկտեմբերի 4-ին, երկուշաբթի:
Սեպտեմբերի 30-ի երեկոյան նկատեցինք զարմանալի երկու պատահար: Թերեզայի երկար հոգեվարքի ընթացքում, փոքրիկ թռչունների մի բազմություն կարծես ժամադրվել էր հիվանդների բաժնի պատուհանի առջև գտնվող ծառի վրա: Ամբողջ կոկորդով երգեցին մինչև նրա մահվան պահը: Երբեք այդպիսի համերգ չէինք լսել մեր պարտեզում: Ցավագին տպավորություն ունեցա ի տես այն հակասության, որ կար այդպիսի տառապանքների ու զվարթ ճռվողյունների միջև: Տարեց քույրերից մեկը, որ երբեք չէր հասկացել Թերեզային, հետո ասաց ինձ. «Նկատեցի՞ք, Մայր իմ, այդ թռչունների երգը: Վստահեցնում եմ Ձեզ, որ դա արտասովոր բան էր»:
Ավելացնեմ նաև, որ իր հիվանդության ժամանակ Թերեզան ասել էր, որ իր մահվան ժամին գեղեցիկ օդ էր լինելու: Արդ, Սեպտեմբերի 30-ի ամբողջ օրը մութ ու անձրևոտ էր, բայց երեկոյան ժամը 7-ի կողմերը ամպերն արագորեն ցրվեցին ու շատ չանցած տեսանք աստղերի փայլը վճիտ երկնքում:
 
 
Քույր Ագնես Հիսուսի
կարմեղական միանձնուհի
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։