6-10 Օգոստոս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

6-10 Օգոստոս 1897թ.

6 ՕԳՈՍՏՈՍ
 
Հուսացել էր մեռնել երեկոյան և հայացքը մի պահ անգամ չէր հեռացրել Սուրբ Դեմքի պատկերից: Առավոտյան ասաց.
 
Սպասեցի Հիսուսին ողջ գիշեր: Ետ մղեցի բազում փորձություններ ... : Ա՜հ, հավատքի քանի՜ քանի՜ ներգործություններ կատարեցի ... : Կարող եմ արդարև ասել. «Դեպի աջ ու ձախ նայեցի և տեսա, որ ոչ ոք չի ճանաչում ինձ»[1]. տեսա, որ ոչ ոք չի ճանաչում մահվանս ժամը ... :
 
Ապա հայացքն ուղղեց Սուրբ Կույսի արձանին ու սկսեց մեղմորեն երգել.
 
Ե՞րբ է գալու, Մայր իմ անուշիկ,
Ե՞րբ է գալու օրն այն գեղեցիկ,
Երբ երկրային այս աքսորից
Կանցնեմ բնակավայրն իմ հավերժ բերկրալից:
 
ՆՆջեցյալներին ի նպաստ կատարվող ժամերգության մասին, որից իրեն ազատել էինք իր հիվանդության պատճառով, ասաց.
 
Չեմ կարող կռթնել ոչնչի վրա, վստահությունս չեմ կարող սնուցել գործերիցս ոչ մեկով: Օրինակ, չեմ կարող ասել, թե ամբողջ ժամերգությունս կատարել եմ հանգուցյալ հոգիների դիտավորությամբ: Բայց այս աղքատությանս գիտակցությունն իմ համար եղել է մի իրական լույս: Ողջ կյանքիս ընթացքում համոզված եմ եղել, որ Տիրոջը չեմ կարողացել վճարել պարտքերիցս և ո՛չ մեկը: Եվ սա եղել է իմ համար իրական հարստություն և ուժ ... , երբ ընդունել եմ ու խոստովանել: Այդ պահին այս աղոթքն ասացի. «Աստվա՜ծ իմ, պաղատում եմ, Դո՛ւ վճարիր ննջեցյալ հոգիների հանդեպ ունեցածս պարտքը: Բայց վճարիր իբրև Աստված, որպեսզի դա անհունորեն ավելի լավ լինի, քան եթե ես ինքս կատարած լինեի այդ պարտականությունս»: Մե՜ծ քաղցրությամբ հիշեցի Սբ. Հովհաննես Խաչի խոսքերը. «Նա ամեն պարտք վճարում է»[2]: Այս տաղը միշտ վերագրել եմ սիրույն: Զգում եմ, որ նմանօրինակ շնորհն անհնարին է փոխհատուցել: Այնքա՜ն մեծ խաղաղություն ենք զգում մեզ բացարձակ կերպով աղքատ տեսնելու, միմիայն Աստծո ողորմությանը վստահելու դեպքում:
 
Որոշ հարցերի վերաբերյալ, որոնք վստահում էի իրեն և որոնք իրեն վիշտ էին պատճառում, թախծալի ձայնով ասաց.
 
Ա՜հ, որքա՜ն սակավաթիվ են կատարյալ միանձնուհիները, այսինքն՝ այնպիսիք, որոնք իրենց գործերը չեն կատարում անհոգությամբ, և չեն ասում. «Սա իմ պարտականությունը չէ: Մեծագույն չարիք չէ այստեղ այնտեղ մի քիչ զրուցելը, մի փոքրիկ մխիթարություն շնորհելը սեփական անձին ... »: Որքա՜ն հազվադեպ են այնպիսիները, որոնք ամեն բան անում են հնարավոր լավագույն կերպով: Եվ սակայն, ճիշտ դրանք են ամենաերջանիկները, որովհետև հոգու վրա այնքա՜ն բարերար ազդեցություն ունի լռությունը: Այն առաջն է առնում եղբայրսիրության դեմ գործվող բազում թերությունների, ինչպես նաև՝ ամեն տեսակ տհաճությունների: Խոսում եմ հատկապես լռության մասին, որովհետև ամենից շատ այս կետում են թերանում:
 
Խոսում էր ժամերգությունների մասին.
 
Որքա՜ն հպարտ էի, երբ ինձ էր վիճակվում բարձրաձայն կարդալ աղոթքները դասի կենտրոնում: Որովհետև մտածում էի, որ քահանաներն այդ նույն աղոթքներն ասում են Պատարագի ժամանակ, և որ ես նույնպես այդ օրերին իրավունք էի ստանում բարձրաձայն խոսելու Ամենասուրբ Հաղորդության առաջ, կատարելու մաղթանքները, օրհնությունները, և կարդալու Ավետարանը:
Կարող եմ ասել, որ ժամերգությունը եղել է միաժամանակ և՛ երջանկությունս, և՛ մարտիրոսությունս, որովհետև մեծապես փափագում էի այն լավագույն կերպով կատարել, առանց որևէ սխալի: Ներողամտությամբ եմ նայում այն քույրերին, որոնք ինչ ինչ մոռացումներ կամ սխալներ են կատարում հասարակաց աղոթքների ժամանակ: Երբեմն, մինչ պարտավոր էի ինչ որ բան ասել, և նախապես էլ մտադրվել էի կենտրոնանալ ու չշեղվել, մնացել եմ լուռ ու մունջ, և այն էլ՝ մի ամբողջովին ակամա ցրվածության պատճառով:
Չեմ կարծում, սակայն, թե հնարավոր է իմ ունեցածից ավելի մեծ փափագ ունենալ՝ կատարյալ կերպով կատարելու Ժամերգությունները և մասնակցելու դասի երգեցողությանը:
 
Երեկոյան հարցրեցի իրեն, թե ի՞նչ էր հասկանում՝ ասելով. «միշտ մանուկ մնալ Աստծո առաջ»: Պատասխանեց.
 
Հոգևոր մանկությունը անձնական ոչնչության ճանաչումն է, ամեն ինչ ողորմած Աստծո ձեռքերից հուսալը, ինչպես փոքրիկներն են ամեն բան սպասում իրենց հայրիկից: Հոգևոր մանկությունը դա ոչնչով չմտահոգվելն է, հարստություններ չդիզելը: Նույնիսկ աղքատները ապահովում են իրենց երեխաների կենսական կարիքները, բայց հազիվ են վերջիններս չափահաս դառնում, ծնողները չեն կամենում այլևս կերակրել նրանց և ասում են. «Աշխատի՛ր հիմա, այսուհետև կարող ես ինքնաբավ լինել»: Այսօրինակ խոսքեր չլսելու համար է, որ ես չկամեցա մեծանալ. զգալով ինձ անկարող՝ շահելու կյանքը, Երկնքի հավիտենական կյանքը: Այդ իսկ պատճառով, միշտ մնացել եմ փոքրիկ, զբաղվել եմ միայն ծաղիկներ հավաքելով – ծաղիկներ սիրո ու զոհողության – , և դրանք նվիրել եմ Տիրոջը, Իրեն հաճույք պատճառելու համար:
Լինել մանուկ՝ նշանակում է նաև ինքներս մեզ չվերագրել այն առաքինությունները, որ գործադրում ենք. նշանակում է համարել մեզ անկարող որևէ բարեգործության, և հակառակ այս բոլորի՝ խոստովանել, որ Աստված Ինքն է, ըստ Իր անբավ ողորմության, առաքինության գանձը դնում Իր մանկան ափերի մեջ, որպեսզի վերջինս այն գործածի հարկավոր դեպքերում, ըստ պահանջի. գանձը, սակայն, միշտ Աստծունն է: Եվ վերջապես, լինել մանուկ՝ նշանակում է չվհատվել ի տես սեփական սխալների, որովհետև մանուկներն հաճախ են ընկնում, բայց չեն վնասվում, իրենց նվազագույն հասակի պատճառով:
 
7 ՕԳՈՍՏՈՍ
 
Ա՜հ, Աստված որքա՜ն քիչ է սիրված երկրի վրա, նաև քահանաների ու կրոնավորների կողմից: Ո՛չ, մեր Տերը շատ սիրված չէ ... :
 
Մայր իմ, եթե ամենափոքր անհավատարմությունն անգամ գործեի, զգում եմ, որ կվճարեի ահավոր խռովքներով և չէի կարողանա խաղաղ սրտով ընդունել մահը: Այս իսկ պատճառով, չեմ դադարում մարդասեր Աստծուն կրկնելուց. «Աստվա՜ծ իմ, աղաչո՜ւմ եմ Քեզ, փրկիր ինձ անհավատարիմ գտնվելու դժբախտությունից»:
 
«Ի՞նչ անհավատարմության մասին ես խոսում»:
 
Կամովին փայփայված հպարտ մտածումների: Եթե, օրինակի համար, ասեի ինքս ինձ. «Ձեռք եմ բերել ահա՛ այս առաքինությունը. վստահ եմ, թե կարող եմ այն գործադրել»: Որովհետև դա կնշանակեր կռթնել սեփական ուժերին, իսկ այդպես վարվելով՝ մենք մեզ ենթարկում ենք գահավիժելու վտանգին: Եթե ասեի. «Աստված իմ, Դու գիտես, որ Քեզ շա՜տ շա՜տ եմ սիրում, և երբեք հավանություն չեմ տա հավատքի դեմ ուղղված մտածումներին», փորձություններս այնքա՜ն բուռն կդառնային, որ ապահովաբար կընկճվեի, կընկնեի: Խոնարհությամբ ընթանալիս, մինչդեռ, իրավունքը կունենայի, առանց Տիրոջը վշտացնելու, մի քանի անխելքություն գործելու մինչև մահվանս պահը: Նայեք մանուկներին. չեն դադարում կոտրել, պատռել, թավալվել, շա՜տ սիրելով հանդերձ իրենց հորն ու մորը: Ա՜հ, երբ ես ընկնում եմ այսպես՝ ինչպես մանուկը, հնարավորությունն եմ ստանում մատներովս հպվելու անձիս ոչնչությանը, շոշափելու իմ անուժությունը, ասելու ինքս ինձ. «Ի՞նչ էի արդյոք լինելու, ի՞նչ էի անելու, եթե հենվեի իմ ուժերի վրա»:
Լավ եմ հասկանում Պետրոս Առաքյալի անկման պատճառը: Խե՜ղճ Պետրոս Առաքյալ: Վստահում էր իր անձնական ուժերին, Աստծո զորությանը կռթնելու փոխարեն: Վստահ եմ, որ եթե խոնարհաբար ասեր Հիսուսին. «Խնդրո՜ւմ եմ, շնորհի՜ր ինձ Քեզ մինչև մահ հետևելու քաջությունը», այդ քաջությունն իրեն իսկույն կտրվեր: Ինչպես նաև վստահ եմ, որ մեր Տերն Առաքյալներին ավելի ոչինչ չէր սովորեցնում Իր ուսուցումներով և Իր տեսանելի ներկայությամբ, քան այն, ինչը որ սովորեցնում է մեզ Իր շնորհի ներշնչումներով: Կարող էր Պետրոս Առաքյալին ասել. «Խնդրի՛ր ինձնից ուժը՝ ի կատար ածելու այն, ինչ կամենում ես»: Բայց ո՛չ, քանի որ նրան սահմանել էր հովվելու ողջ Եկեղեցին, որ լի է մեղավորներով, կամենում էր, որ նա իր անձի վրա զգար, թե ինչի՛ է ընդունակ մարդն առանց Աստծո օգնության: Այդ պատճառով է, որ նրա անկումից առաջ մեր Տերն իրեն ասել էր. «Երբ կրկին ինքդ քո մեջ վերադառնաս, հաստատի՛ր եղբայրներիդ»[3], այսինքն՝ պատմի՛ր նրանց քո մեղքի պատմությունը, ցո՛ւյց տուր մարդկային ուժերի տկարությունը, որի փորձառությունը դու ինքդ ունես:
 
8 ՕԳՈՍՏՈՍ
 
Ասացի իրեն, որ մի օր աշխատելու էին արժևորել իր առաքինությունները: Պատասխանեց.
 
Տիրոջն է միայն, որ հարկավոր է արժեք ընծայել, որովհետև արժևորելու ոչինչ չկա իմ ոչնչության մեջ:
 
Դիտում էր երկինքը, երբ Քույր Մարիան ասաց. «Որքա՜ն մեծ սիրով ես դիտում երկինքը»: Որոշ ժամանակ անց, ասաց ինձ.
 
Ա՜հ, կարծում է, թե իրական Երկնքի մասին խորհելով եմ դիտում երկնակամարը: Բայց ո՛չ, պարզապես զմայլվում եմ նյութական երկնքով, մյուսն իմ առջև փակ է առավել քան երբեք: Այնուամենայնիվ, կարող եմ ասել հոգևոր մեծ մխիթարությամբ, որ այո՛, սիրո համար եմ դիտում երկինքը, ի սեր Աստծո, որովհետև հոգիս ամբողջովին անձնատուր է Սիրույն, բոլոր գործերս, նույնիսկ ամենաանտարբերները, այն ամենը, որ անում եմ, շարժումներ, հայացքներ ... , դրոշմված են այս աստվածային կնիքով:
 
Այսօր մտածում էի անցյալիս մասին, այն քաջության, որ գործի էի դրել մի ժամանակ, Սուրբ Ծննդյան գիշերը ... , և Հուդիթին ուղղված գովքը վերակենդանացավ հիշողությանս մեջ. «Գործեցիր առնական քաջությամբ և սիրտդ է՛լ ավելի զորացավ»[4]: Շա՜տ անձեր կան, որ ասում են, թե որոշ զոհողություններ կատարելու համար հարկավոր ուժը չունեն: Թող որ ջանք գործադրեն: Աստված երբեք չի մերժում առաջին շնորհը, որը գործելու քաջություն է տալիս. ապա հետզհետե սիրտն ամրապնդվում է և սկսում առաջ ընթանալ հաղթանակից հաղթանակ:
 
9 ՕԳՈՍՏՈՍ
 
Իր մասին խոսելով՝ ասացի. «Մեր ռազմիկն ուժաթափ է»: Պատասխանեց.
 
Ես երկրային զենքերով պատերազմող զինվոր չեմ, այլ՝ Հոգու սուսերով, որ Աստծո խոսքն է[5]: Հետևաբար, հիվանդությունն ինձ ուժաթափ չարեց, և երեկ երեկոյան իսկ գործածեցի այս սուսերս նորընծայուհիներից մեկի հետ զրուցելիս ... : Ասել եմ Ձեզ, որ մեռնելու եմ զենքերը ձեռքիս:
 
Միաբանակիցներից մեկն ասաց. «Դու սրբուհի ես»։
 
Ո՛չ, սրբուհի չեմ, երբեք չեմ կատարել Սրբերի գործերը: Մի փոքրիկ հոգի եմ, որին Աստված լիացրել է Իր շնորհներով: Ասածս ճիշտ է, Երկնքում կտեսնեք:
 
10 ՕԳՈՍՏՈՍ
 
Ասում էինք, որ կատարյալ սիրույն հասած հոգիները, ինչպիսին էր ինքը, կարող են առանց վտանգի տեսնել իրենց գերբնական գեղեցկությունը: Պատասխանեց.
 
Ի՞նչ գեղեցկության մասին եք խոսում: Ես ամենևին չեմ տեսնում ինձնում ոչ մի գեղեցկություն: Տեսնում եմ միայն այն շնորհները, որ ստացել եմ Աստծուց:
 
Ցույց էինք տալիս իրեն Ժաննա դ’Արքի նկարներից մեկը, ուր Սրբուհին պատկերված էր բանտում: Ասաց.
 
Սրբերն ինձ նույնպես խրախուսում են իմ բանտում: Ասում են. «Քանի դեռ կապանքների մեջ ես, չես կարող առաքելությունդ կատարել: Բայց մի քիչ ավելի ուշ, մահիցդ հետո, կգա ժամանակը առատ նվաճումների»:
 
Մտածում եմ Սբ. Իգնատիոս Անտիոքացու խոսքերի մասին. «Հարկավոր է, որ ես նույնպես տառապանքից մանրվեմ, Աստծո ցորեն դառնալու համար»:
 
Խոսում էինք Երկնքի, մեր Տիրոջ և Սուրբ Կույսի մասին, որոնք Երկնքում են հոգով ու մարմնով: Խորը հառաչանք դուրս փախավ շուրթերից.
 
Ա՜հ ... :
 
«Այս հառաչանքդ իմ համար խոսուն փաստ է ներքին տառապանքներիդ ... »:
 
Այո՛ ... , հնարավոր է շա՜տ ու շա՜տ սիրել Աստծուն և Սուրբ Կույսին, այսօրինակ մտածումներից չարչարվելով հանդերձ ... : Բայց ես դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում:
 

[1] Սղմ 141, 5

[2] San Giovanni della Croce, Fiamma viva d'amore, str. 2.

[3] Հմմտ. Ղկս 22, 32

[4] Հդթ 15, 11

[5] Եփս 6, 17

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։