Վանական ուխտադրության անամպ օրը – Գրադարան – Mashtoz.org

Վանական ուխտադրության անամպ օրը

217. Ուխտադրությանս գեղեցիկ օրը վերջապես հասավ[1], եղավ անամպ, բայց նախորդ օրը հոգուս մեջ մի այնպիսի՜ փոթորիկ բարձրացավ, որի նմանը երբեք չէի զգացել: Մինչ այդ, մի կասկած անգամ չէի ունեցել կոչմանս շուրջ. այդ տառապանքն էլ պետք է ունենայի: Երեկոյան, «Ճանապարհ Խաչի» աղոթքը կատարելիս, վանական կոչումս աչքերիս առաջ ուրվագծվեց իբրև երազ, պատրանք ... : Կարմեղոսի կյանքը հիացնում էր ինձ, բայց սատանան վստահություն էր ներշնչում, թե այն իմ համար չէր, թե խաբում էի մեծավորներիս՝ քայլելով մի ճանապարհով, որին կանչված չէի: Շրջապատող խավարն այնքա՜ն թանձր էր, որ մի բան էի միայն տեսնում ու ըմբռնում. կոչում չունեի ... : Ա՜հ, ինչպե՞ս նկարագրեմ հոգուս տվայտանքները: Թվում էր ինձ (մի անհեթեթություն, որն ակնհայտ է դարձնում այդ փորձության սատանայածին լինելը), որ եթե վախերս հայտնեի նորընծայության Առաջնորդին, վերջինս կարգելեր ինձ ուխտադրել: Եվ սակայն, Աստծո կամքն էի կամենում կատարել և աշխարհ վերադառնալ ավելի, քան Կարմեղոսում մնալ իմ կամքը կատարելով: Սենյակից դուրս հրավիրեցի, հետևաբար, նորընծայությանս Առաջնորդին և ամոթահար կեցվածքով հայտնեցի նրան հոգուս վիճակը: Բարեբախտաբար, ինձնից ավելի լավ գնահատեց իրադրությունը և ցրեց բոլոր կասկածներս: Խոնարհ քայլս նույնպես, որ կատարել էի, փախուստի էր մատնել սատանային, որը թերևս կարծում էր, թե չէի համարձակվի խոստովանել փորձությունս: Խոսելս հազիվ վերջացրեցի, կասկածներս անհետացան: Խոնարհությունս է՛լ ավելի կատարյալ դարձնելու համար՝ տարօրինակ փորձությունս հայտնեցի նաև մեր Մորը, որը ժպտալով միայն գոհացավ:

 

218. Սեպտեմբերի 8ի առավոտյան խաղաղության հեղեղներով ողողված զգացի ինձ և այդ խաղաղության մեջ, «որ գերիվեր է բոլոր զգացումներից»[2], կատարեցի իմ սուրբ ուխտերը։ Հիսուսի հետ միությունս տեղի չունեցավ ընդմեջ կայծակների ու շանթերի, այսինքն՝ արտակարգ շնորհների ընկերակցությամբ, այլ ավելի՝ հանդարտ հովի զեփյուռով պատված, որ հարևնման էր լեռան վրա Եղիա մարգարեի զգացածին[3]: Քանի՜ քանի՜ շնորհներ խնդրեցի այդ օրը։ Ինձ իրոք Թագուհի էի զգում և այդ տիտղոսս օգտագործում էի բանտարկյալներին ազատ արձակելու, բոլոր ապերախտ հպատակների համար Թագավորի ողորմությունը հայցելու համար։ Վերջապես, կամենում էի ազատագրել Քավարանի բոլոր հոգիներին, ինչպես նաև դարձի բերել մեղավորներին։ Շա՜տ աղոթեցի սիրելի Մորս համար, չմոռացա նաև թանկագին քույրերիս, ամբողջ ընտանիքը, բայց հատկապես՝ աղաչանքներս դեպի Երկինք բարձրացրեցի Հայրիկի համար, որն այնքա՜ն տառապանքներ կրեց ու սրբացավ դրանց մեջ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ամբողջովին Հիսուսին նվիրվեցի, որպեսզի ինձնում լիովին իրագործի Իր ամենասուրբ կամքը, առանց արարածների կողմից որևէ արգելքի հանդիպելու[4]:

Այդ գեղեցիկ օրն էլ անցավ, նույնպես՝ ինչպես անցնում են տխուրները, որովհետև ամենաուրախ օրերն անգամ իրենց հաջորդող «վաղը» ունեն․ բայց առանց որևէ տրտմության վարդահյուս պսակս դրեցի Սուրբ Կույսի ոտքերի առաջ․ զգում էի, որ ժամանակն ի վիճակի չէր երջանկությունս ինձնից խլելու։ Ի՜նչ զմայլելի տոն։ Աստվածամոր ծնունդը։ Միօրյա մանուկ Սուրբ Կույսն էր, որ իր փոքրիկ ծաղիկն էր նվիրում Մանուկ Հիսուսին։ Այդ օրն այնտեղ ամեն բան փոքր էր, բացառությամբ այն ջինջ զվարթության, որ զգացի երեկոյան, աստղերի կայծկլտմանն ի տես և մտածելով, որ շատ շուտով գեղեցիկ Երկինքը կբացվի նաև իմ հափշտակված աչքերի առաջ, և որ միայն այնժամ կկարողանամ անբաժանելիորեն միավորվել Փեսայիս, անսահման ուրախությամբ ու հավիտենական սրբությամբ։

 

[1] 1890ի Սեպտեմբերի 8ը, երկուշաբթի:

[2] Փլպ 4, 7

[3] Հմմտ․ 1Թգ 19, 12-13

[4] Իր վանական ուխտադրության օրը Թերեզան կրծքի վրա կրում էր մի թղթի կտոր, որի վրա նամակի ձևով իր Աստվածային Փեսային էր հայտնում իր սուրբ բաղձանքները, որոնցով այրվում էր ու սպառվում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։