Վարժարանի խղճալի կյանքը – Խղճահարությունները – Գրադարան – Mashtoz.org

Վարժարանի խղճալի կյանքը – Խղճահարությունները

115. Այդ սքանչելի և անմոռանալի տոներից հետո կյանքիս ընթացքը կրկին մտավ իր առօրյա հունի մեջ, այսինքն՝ պարտավոր էի վերադառնալ դպրոցական օրակարգիս պահպանմանը, որն իմ համար այնքա՜ն տհաճ էր: Առաջին Հաղորդությանս օրերին շատ հաճելի էր համատեղ կյանքը ինձ հասակակից այն դասընկերուհիներիս հետ, որոնք լի էին բարի կամքով և անսասան որոշումն ունեին գործադրելու առաքինությունները: Բայց ստիպված էի հարաբերություններ ունենալ նաև բացարձակապես տարբեր բնավորության տեր, ցրված, անկարգապահ աշակերտուհիների հետ. իսկ դա խոչընդոտ էր խաղաղությանս համար: Չեմ կարող ասել, թե մելամաղձոտ բնավորություն ունեի, ընդհակառակն՝ աշխույժ էի, բայց չէի կարողանում տարիքիս համապատասխան խաղերով զբաղվել. հաճախ էի դասամիջոցների պահին հենվում մի որևէ ծառի և տրվում լուրջ խորհրդածումների: Մի ժամանց էի նաև հորինել, որը շատ հաճելի էր ինձ. հավաքում ու թաղում էի այն խեղճ թռչնակներին, որոնց մեռած էի գտնում ծառերի տակ: Սիրում էի նաև պատմություններ պատմել, որոնք առատորեն պտտվում էին մտքումս: Այդպիսի պահերին շրջապատվում էի ընկերուհիներով, հաճախ մեծ աշակերտուհիներից նույնպես միանում էին ունկնդրուհիների բազմությանը: Միևնույն պատմությունը տևում էր մի քանի օր, որովհետև սիրում էի այն օրեցօր ավելի հետաքրքրական դարձնել: Բայց շուտով ուսուցչուհիս արգելեց շարունակել հռետորի մասնագիտությունս, պահանջելով ավելի խաղալ ու վազվզել, քան ճառախոսել:

 

116. Հեշտությամբ էի ըմբռնում բացատրվող դասերի իմաստը, բայց ահավոր նեղություն էր դրանք բառ առ բառ սովորելը: Այդպիսին էր իրավիճակը նաև քրիստոնեականի դասերի պարագային[1], Առաջին Հաղորդությանս նախորդող ամբողջ տարվա ընթացքում. գրեթե ամեն օր թույլտվություն էի խնդրում այն  ընդմիջման պահին սովորելու: Ջանքերս արդյունալի եղան և գրեթե միշտ առաջինն էի դասարանում: Եթե հանկարծ միայն մի մոռացված բառի համար կորցնում էի պատվավոր տեղս, ամբողջ տհաճությունս արտահայտվում էր աղի արցունքներով, որոնց դեմ չգիտեր ինչպե՛ս պայքարեր մեծարգո Տեր Դոմենը: Շատ գոհ էր ինձնից (երբ չէի արտասվում) և «իմ փոքրիկ վարդապետ» էր կոչում ինձ՝ «Թերեզա» անվանս պատճառով: Մի օր, ինձնից հետո գրատախտակի մոտ կանչված աշակերտուհին չկարողացավ հիշել հարցերից մեկը: Գերապատիվ Վարդապետը, բոլոր աշակերտուհիներին հերթով հարցնելով և որևէ պատասխան չստանալով, վերադարձավ ինձ և ասաց, որ կամենում էր տեսնել, թե իրոք արժանի՞ էի առաջին տեղին: Ես արդեն իսկ, խորին խոնարհությամբ, դրան էի սպասում. ոտքի ելա և վստահ ձայներանգով պատասխանեցի այն հարցին, որ պահանջվում էր ինձնից, առանց որևէ սխալի և ի զարմանս բոլորի: Առաջին Հաղորդությունիցս հետո էլ պահպանեցի նույն սերս քրիստոնեականի հանդեպ: Ուսումներս ընթանում էին մեծ հաջողությամբ, գրեթե միշտ առաջինն էի, ամենամեծ հաղթանակներս պատմության ու գեղագրության ասպարեզներում էի տոնում: Բոլոր ուսուցչուհիներս էլ խելացի էին համարում ինձ, բայց նույնը չէր պատահում մորեղբորս պարագային, որի աչքին մի փոքրիկ տգետ էի, այո՛ բարի ու հեզ, ուղիղ դատողություն ունեցող, բայց անկարող ու անճարակ:

 

117. Ինձ, սակայն, չի զարմացնում մորեղբորս և իր կնոջ կարծիքը, որովհետև վախվորած բնավորությանս պատճառով գրեթե երբեք չէի խոսում: Երբ գրում էի, «կատվի գիրս» և «ուղղագրությունս» շատ բնական էին, բայց հրապուրիչ ոչինչ չունեին: Կարի, ասեղնագործության և ուրիշ փոքր աշխատանքներիս մեջ, վարժուհիներիս բարեհաճությանը որպես արդյունք, լավ հաջողություններ էի գրանցում, սա ճիշտ է, բայց այն ձախավեր ու անճարակ կերպը, որով բռնում էի գործվածքը, արդարացնում էր նրանց աննպաստ կարծիքը, որ կազմել էին իմ մասին: Սա, սակայն, համարում եմ նաև մեծ շնորհ. մարդասերն Աստված, կամենալով միայն Իրեն վերապահել խեղճ սիրտս, արդեն իսկ ընդունել և ի կատար էր ածել աղոթքս, «դառնության փոխելով այս աշխարհի մխիթարությունները»: Դրա կարիքն այնքան ունեի, որքան պարտավոր էի անտարբեր լինել գովասանքների հանդեպ: Հաճախ էր առջևս ծառանում ուրիշների խելացիությունը, երբեք՝ իմը: Արդյունքում եզրակացրեցի, որ իրոք չունեի այդ ձիրքերը և համակերպվեցի ինձ դրանցից զուրկ տեսնելուս հետ:

 

118. Խիստ զգայուն և սիրող սիրտս հեշտությամբ կնվիրվեր, եթե իրեն ըմբռնելու ընդունակ մի ուրիշ սիրտ գտներ: Փորձեցի բարեկամություն հաստատել ինձ տարեկից աշակերտուհիների, հատկապես նրանցից երկուսի հետ. նրանց կապված էի ամբողջ սրտով և նրանք նույնպես սիրում էին ինձ որքան կարողանում էին: Բայց ավա՜ղ, քանի՜ցս սահմանափակ ու փոփոխական է արարածների սիրտը: Շուտով համոզվեցի, որ բարի կամքս չէր հասկացվել: Ընկերուհիներիցս մեկը հարկադրվեց ընտանիք վերադառնալ, և դասերը վերսկսեց մի քանի ամիս հետո միայն: Բացակայության ընթացքում միշտ մտածում էի իր մասին և հոգառատ խնամքով պահպանում այն փոքրիկ օղակաձև մատանին, որ նա էր նվիրել ինձ: Երբ նրան կրկին տեսա, ուրախությունս մեծ եղավ: Ավա՜ղ, անտարբեր հայացքով միայն վարձատրվեցի ... : Մտերմությունս չէր հասկացվել, զգացի դա: Զգացի, և այլևս գորով չմուրացի, որն արդեն մերժվել էր ինձ: Բայց մարդասերն Աստված այնքա՜ն սիրող ու զգայուն սիրտ է ստեղծել ինձնում, որ եթե մեկին սիրում եմ մաքուր կերպով, սիրում եմ նրան այլևս ընդմիշտ: Այժմ էլ շարունակում եմ աղոթել այդ ընկերուհուս համար և դեռևս սիրում եմ նրան:

 

119. Նկատել էի, որ Սելինը հատուկ մտերմություն ուներ մեր ուսուցչուհիներից մեկի հետ. կամեցա նմանվել իրեն, բայց արարածների համակրանքը շահելու գործում հմուտ չլինելով, չհաջողվեցի: Ո՜վ երջանիկ անգիտություն: Քանի՜ քանի՜ չարիքներից փրկեցիր ինձ: Որքա՜ն եմ երախտապարտ Հիսուսին «աշխարհային ընկերություններում միայն դառնություն գտնելուս համար»: Որևէ մեկի համար դժվար չէր լինի վերցնել իմ սրտի նմանը ունեցողին և կտրել թևերը. այնժամ ինչպե՞ս կկարողանայի «թռչել և հանգչել»[2]: Մարդկային մտերմություններին անձնատուր եղած սիրտն ինչպե՞ս կարող է սերտորեն միանալ Աստծուն: Զգում եմ, որ անհնարին է: Առանց երբևէ խմած լինելու արարածների չափազանց այրող սիրո թունավոր բաժակից, զգում եմ, որ չեմ խաբել ինքս ինձ: Տեսել եմ բազմաթիվ հոգիների թռիչքը, հրապուրված՝ այդ կեղծ լույսից, նման այն խեղճ թիթեռնիկներին, որ նետվում են մոմի բոցի մեջ և այրում իրենց թևերը. ապա կրկին վերադառնում էին ճշմարիտ Սիրո քաղցրաբույր լույսին, որն իրենց տալիս էր նոր թևեր, ավելի շքեղափայլ ու ավելի թեթև, որպեսզի մեղմօրոր սավառնել կարողանային դեպի Հիսուսը՝ Աստվածային Հուրը, որն «այրում է առանց սպառելու»[3]: Ա՜հ, գիտե՜մ, Հիսուսը չափազանց տկար էր տեսնում ինձ՝ փորձության ենթարկելու համար: Թերևս ամբողջովին այրվեի այդ խաբուսիկ լույսից, եթե նրա փայլելը տեսնեի աչքերիս առաջ ... : Բայց այդպես չեղավ: Ես միայն դառնություն գտա այնտեղ, ուր ավելի հզոր հոգիները հանդիպում են բերկրանքի և պայքարում են հավատարմությունից միայն դրդված: Հետևաբար՝ իմ արժանիքը չէ, որ չեմ տրվել արարածների սիրույն, այլ ավելի շուտ՝ վերապահվել եմ դրանից ըստ Տիրոջ մեծ ողորմության: Խոստովանում եմ, որ առանց Իր օգնության՝ ավելի վար կընկնեի, քան Սրբուհի Մագդաղենացին դարձի գալուց առաջ: Եվ հոգուս խորքում կարկաչուն ղողանջով են արձագանքում Սիմոն փարիսեցուն ուղղված մեր Տիրոջ խորիմաստ խոսքերը:

 

120. Այո՛, գիտե՜մ, «ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում»[4], բայց նաև գիտեմ, որ Հիսուսն ինձ ավելի ներեց, քան Սրբուհի Մագդաղենացուն, քանի որ ներեց ինձ կանխավ, չթողնելով, որ ընկնեմ: Ա՜հ, որքա՜ն եմ կամենում ավելի հստակ կերպով արտահայտել այն, ինչ զգում եմ: Ահա՛ մի օրինակ, որ կբացատրի մտքերս: Ենթադրենք, որ մի փորձառու բժշկի տղան իր ճանապարհին քարի է հանդիպում, ոտքը խփում, ընկնում և կոտրում է ձեռքը: Իսկույն վրա է հասնում հայրը, բարձրացնում է նրան մեծ սիրով, խնամում է նրա վերքերը՝ գործի դնելով իր արվեստի ընձեռած հնարավոր բոլոր միջոցները: Շուտով առողջանալով, տղան իր խորին երախտագիտությունն է հայտնում հորը: Եվ իրոք, հիմնավոր է բարերար հոր հանդեպ տածած իր անհուն սերը: Բայց ահա՛ մի ա՛յլ ենթադրություն: Հայրը իմանալով, որ իր որդու ճանապարհին քարեր կան, շտապում է, նրանից առաջ անցնում և, առանց որդու գիտության, մի կողմ է նետում քարերը: Անշուշտ այդ որդին, առարկան իր հոր նախահոգ խնամքի, չտեսնելով այն փորձանքը, որից ազատվել է իր հոր շնորհիվ, չի հայտնի նրան երախտիքի ոչ մի զգացում և կսիրի նվազ, քան եթե նախ վնասված, ապա բժշկված լիներ: Բայց եթե տեղեկանա, թե ինչպիսի՛ վտանգից է ազատվել, արդյոք առավելագույնս չի՞ սիրի իր հորը: Ե՛ս եմ այդ որդին, առարկան նախահոգ սիրո, մի Հոր, որ Իր Խոսքը չուղարկեց փրկելու արդարներին, այլ՝ մեղավորներին[5]: Ուզում է, որ Իրեն սիրեմ, որովհետև ո՛չ թե շատ ներեց ինձ, այլ՝ ներեց ամբողջը: Չսպասեց, որ ես Իրեն շատ սիրեմ, ինչպես Սրբուհի Մագդաղենացին, այլ՝ կամեցավ, որ իմանամ, թե ինչպե՛ս Ինքը սիրեց ինձ անճառելի նախատեսությամբ, որպեսզի այժմ սիրեմ Իրեն խենթի նման: Շատ եմ լսել հոգևոր կրթությունների ժամանակ և այլուր, թե չկա մի մաքուր հոգի, որն ավելի սիրի, քան դարձի եկող մեղավորը: Ա՜հ, որքա՜ն կուզենայի անէացնել այդ խոսքերը:

 

121. Բայց շատ հեռացա նյութիցս, ուստի շտապեմ վերադառնալ նրան: Առաջին Հաղորդությանս հաջորդող տարին անցավ առանց յուրահատուկ փորձությունների. տարեդարձային Հաղորդությանը կապված հոգևոր կրթության[6] ժամանակ էր միայն, որ ինձ պաշարված տեսա խղճահարությունների սարսափելի հիվանդությամբ: Հարկավոր է անցնել այդ մարտիրոսության միջով՝ այն ավելի լավ հասկանալու համար. անհնարին է խոսքերով արտահայտել, թե որքա՜ն տառապեցի այդ մեկուկես տարվա ընթացքում: Ամենապարզ մտքերս ու գործերս անգամ պատճառ էին դառնում վրդովման ու տագնապի: Միայն այն պահերին էի խաղաղվում, երբ ամեն ինչ պատմում էի Մարիային, բայց դրա համար շա՜տ թանկ էի վճարում, որովհետև ստիպված էի լինում հայտնել նրան նաև այն բոլոր տարօրինակ մտածումներս, որոնք հենց իրեն էին վերաբերվում: Հազիվ էի բեռներս վար դնում, մի պահ միայն տևող անդորր էի վայելում, որն անցնում էր կայծակնային արագությամբ և իր տեղը զիջում հոգուս մարտիրոսության վերսկսմանը: Որքա՜ն համբերություն էր հարկավոր Մարիային, այդ այնքա՜ն սիրելի քրոջս, ինձ լսելու և ձանձրույթի մի նշան անգամ չտալու համար: Երբ վերադառնում էի վարժարանից, սկսում էր մազերս կարգուկանոնի բերել (դա անում էր ամեն օր, Հայրիկին հաճույք պատճառելու համար, ի զարմանս դասընկերուհիներիս և հատկապես ուսուցչուհիներիս, որոնք շատ հազվադեպ էին հանդիպում ծնողների կողմից այդքա՜ն խնամված մանկանց), որի ամբողջ տևողությանը չէի դադարում արտասվելուց և բոլոր խղճահարություններս մեկ առ մեկ պատմելուց:

Սելինը տարվա վերջում ուսումները վերջացնելով տուն վերադարձավ և խեղճ Թերեզան, որ ստիպված էր այլևս միայնակ հաճախել դպրոց, շատ չանցած հիվանդացավ: Միակ հանգամանքը, որ ձգում էր նրան վարժարան, իր անբաժանելի Սելինի հետ ապրելն էր, և «փոքրիկ դստրիկը» չկարողացավ այնտեղ մնալ առանց նրա:

 

[1] «Քրիստոնեական» են կոչվում այն դասերը, որոնց ընթացքում դասավանդվում է Քրիստոնեական ուսմունքը կամ վարդապետությունը:

[2] Սղմ 54, 7

[3] Հմմտ. Ել 3, 2: Ինչպես նաև` San Giovanni della Croce, Fiamma viva d'amore, str. 2, commento. Opere, Roma 1976.

[4] Ղկս 7, 47

[5] Մտթ 9, 13; Ղկս 5, 32

[6] Այս կրթությունը տևեց 1885ի Մայիսի 17ից մինչև Մայիսի 21ը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։