Վերադարձի ճանապարհին. Պոմպեյ, Նապոլի, Ասսիզի, Ջենովա – Գրադարան – Mashtoz.org

Վերադարձի ճանապարհին. Պոմպեյ, Նապոլի, Ասսիզի, Ջենովա

179. Վերոհիշյալ օրվա հաջորդ օրը մեկնեցինք Նապոլի[1] և Պոմպեյ: Մեզ ի պատիվ, Վեզուվիոն ամբողջ օրն անդադար որոտաց, խառնարանից ծխի թանձր սյուն ժայթքելով: Հետքերը, որ նա թողել է Պոմպեյի ավերակների վրա, հիրավի սարսափելի են, հայտնում են Աստծո զորությունը, «որ դիտում է երկիրը և դողացնում այն, մոտենում է լեռներին և ծխացնում դրանք»[2]:

Իմ համար մեծագույն հաճույք էր այդ ավերակների մեջ միայնակ զբոսնելը, խորհրդածելով մարդկային շինությունների դյուրաբեկության շուրջ, բայց զբոսաշրջիկների բազմությունը բավական անհամ էր դարձնում կործանված քաղաքի մելամաղձոտ հմայքը: Նապոլիում տեսարանն ամբողջությամբ փոխվեց, ձիակառքերի մեծ քանակը գեղեցկությամբ պսակեց Սուրբ Մարթինի վանքին տված մեր այցելությունը. այդ վանքը բարձր բլրան վրա էր գտնվում, որտեղից իշխում էր ամբողջ քաղաքին: Վերադարձի ճանապարհին, սակայն, սանձարձակ վազող ձիերը քիչ մնաց շրջեին կառքը, բայց բարեբախտաբար, մեր Պահապան Հրեշտակների պաշտպանության շնորհիվ, ողջ առողջ հասանք մեր շքեղ հյուրանոցը: Ճամփորդության ողջ ընթացքում բնակվեցինք իշխանական պանդոկներում, երբեք չէի բնակվել այդպիսի ճոխության մեջ. իսկ և իսկ առիթն է ասելու, որ հարստությունն իրոք երջանկություն չի պատճառում, որովհետև ավելի երջանիկ կլինեի հարդաշեն տանիքի տակ՝ Կարմեղոսի հույսով, քան այդ ոսկեպատ սրահներով, մարմարյա աստիճաններով ու մետաքսյա գորգերով շրջապատված, բայց դառնությամբ լի սրտով: Շատ լավ հասկացա, որ ուրախությունը մեզ շրջապատող առարկաների մեջ չէ, այլ՝ հոգու խորքում. այն կարող ենք ունենալ մթին բանտերում արգելափակված, և դե՛ռ ավելի, քան շքեղ պալատներում: Ապացույցն այն է, որ ես այժմ ավելի երջանիկ եմ այստեղ՝ Կարմեղոսում, նույնիսկ ընդմեջ ներքին ու արտաքին վշտակրությունների, քան աշխարհում, շրջապատված այս կյանքի ընձեռած բոլոր հարմարավետություններով, և հատկապես ... հայրական հարկի քաղցրություններով:

 

180. Հոգիս խորասուզված էր տրտմության մեջ, բայց արտաքուստ ինձ նույնն էի ներկայացնում, որովհետև կարծում էի, թե Սրբազան Քահանայապետին ուղղած խնդրանքիս մասին տեղյակ չէր ոչ ոք. շուտով հակառակին համոզվեցի: Սելինի հետ մենակ էի մնացել մեր բաժանմունքում (մյուս բոլոր ուխտավորները սեղանատուն էին գնացել կանգառի սակավաթիվ րոպեներն այնտեղ անցկացնելու), երբ հանկարծ գերհարգելի Լըգուն, Քութանսի Ընդհանուր Աթոռակալը, բացեց մեր դուռը և մեղմ ժպիտով ասաց. «Ուրե՞մն ... , ինչպե՞ս է իրեն զգում մեր փոքրիկ կարմեղուհին»: Այնժամ հասկացա, որ գաղտնիքս հայտնի էր մեր ամբողջ խմբին: Բարեբախտաբար, ոչ ոք իմ հետ չխոսեց այդ նյութի շուրջ, բայց զգացի, համակրանքով լի հայացքներից, որ պահանջս այնքան էլ վատ տպավորություն չէր թողել: Ասսիզիում[3], այդ փոքրիկ քաղաքում, առիթն ունեցա գերհարգելի Ռէվեռոնիի կառքով շրջագայելու. շնորհ, որ ոչ մի տիկնոջ չտրվեց ամբողջ ճամփորդության ընթացքում: Եվ ահա՛ թե ինչպես ընդունեցի այդ առանձնաշնորհումը:

 

181. Սուրբ Ֆրանցիսկոսի և Սրբուհի Քյառայի առաքինություններով օծուն վայրերն այցելելուց հետո, վերջում այցելել էինք Սրբուհի Ագնեսի՝ Սրբուհի Քյառայի քրոջ անունը կրող վանքը: Սրբուհու գլուխը բավական երկար դիտելուց հետո հանկարծ անդրադարձա, որ կորցրել էի գոտուս օղակը: Փնտրեցի բազմության ոտքերի տակ, մի քահանա խղճաց ինձ և օգնեց, բայց երբ գտավ, հեռացավ, և ես կրկին սկսեցի փնտրել, որովհետև եթե օղակը կար, անհնարին էր այն իր տեղը դնել, քանի որ պակասում էր ճարմանդը: Վերջապես նրա փայլելը տեսա մի անկյունում. վերցնելն ու իր տեղը դնելը մի ակնթարթի գործ էր, բայց փնտրտուքս երկար էր տևել, և ապշած մնացի, երբ ինձ բացարձակապես միայնակ գտա եկեղեցու դռան առաջ. բոլոր կառքերն անհետացել էին, մնացել էր միայն գերհարգելի Ռէվեռոնիինը: Ի՞նչ անել: Կառքերի ետևի՞ց վազել, որոնք այլևս չէի տեսնում, և այդպիսով գնացքս կորցնելու վտանգին ենթարկվել, սիրելի Հորս մտատանջության մատնելով, թե՞ տեղ խնդրել գերհարգելի Ռէվեռոնիի կառքում: Խնդրի այս վերջին լուծումն ինձ ավելի բնական էր թվում: Ուստի, հակառակ ծայրագույն շվարումիս, դեպի վար խոնարհած հայացքով՝ տագնապս ծածկելու համար, բացատրեցի դժվար իրավիճակը, նրան նույնպես դժվարության մեջ դնելով, որովհետև իր կառքը լի էր ուխտագնացության ամենանշանավոր պարոններով, մի փոքրիկ անկյուն անգամ ազատ չէր: Բայց բարեբախտաբար, մի բարեհամբույր պարոն շտապեց զիջել ինձ իր տեղը, իսկ ինքը տեղավորվեց կառապանի կողքին: Թակարդի մեջ բռնված սկյուռի էի նմանվում և բավական հեռու էի ինձ հարմարավետ վիճակում զգալուց: Մեծագույն անձնավորություններով էի շրջապատված, հատկապես այն ահազդուով, որի ճիշտ դիմացն էի նստել: Եվ որը, սակայն, շատ բարյացակամ գտնվեց իմ հադեպ, զանազան անգամներ ընդմիջելով իր խոսակցությունը վերոնշյալ պարոնների հետ, իմ հետ Կարմեղոսի մասին խոսելու համար: Կայարան հասնելուց առաջ, բոլոր մեծ անձնավորությունները գրպաններից դուրս էին հանում իրենց հսկա դրամապանակները՝ կառապանին ձեռաձիր թողնելու համար (որն արդեն վճարված էր). ես նույնպես նրանց պես վարվեցի, դուրս քաշելով իմ փոքրիկ դրամապանակը, բայց գերհարգելի Ռէվեռոնին արգելեց, նախընտրելով ինքը վճարել իմ ու իր փոխարեն:

 

182. Մի ուրիշ անգամ նրա կողքին հայտնվեցի գնացքում. դե՛ռ ավելի բարեհամբույր գտնվեց և խոստացավ անել հնարավոր ամեն բան՝ Կարմեղոս մտնելու փափագս իրականության վերածելու համար: Վերքերիս մի քիչ սպեղանի դնելով հանդերձ, այդ փոքրիկ հանդիպումները չէին խանգարում, որ վերադարձի ճանապարհը նվազ հաճելի լիներ իմ համար, քան դեպի Հռոմ կատարվածը, որովհետև այլևս չունեի «Սրբազան Քահանայապետի հույսը». ոչ մի օգնություն չէի կարողանում գտնել երկրի վրա, որն ինձ ցամաք անապատ էր թվում, առանց մի կաթիլ ջրի[4]. ամբողջ հույսս ու վստահությունս մարդասերն Աստված էր միայն: Ավելի փորձառու էի դառնում այն բանում, որ նախընտրելի է Աստծուն դիմել, քան Իր արարածներին:

 

183. Հոգուս տրտմությունը, սակայն, ինձ չէր խանգարում հետաքրքրվելու մեր այցելած սրբավայրերով: Ֆիրենցեում[5], կարմեղական միանձնուհիների եկեղեցում, երջանկությունն ունեցա տեսնելու Սբ. Մագդաղինե դե’Փացցիին: Բոլորն էլ փափագում էին իրենց վարդարանները Սրբուհու գերեզմանին հպել, բայց միայն ես կարողացա ձեռքս վանդակապատի միջով ներս մտցնել. այդպիսով բոլորը ինձ էին տալիս իրենց վարդարանները և ես ինձ բավական հպարտ էի զգում կատարածս ծառայության համար: Գրեթե անհրաժեշտություն էր, որ ամեն ինչին ձեռքս հասցնելու ձևը գտնեի: Այդպես պատահեց նաև Հռոմի «Երուսաղեմի Սուրբ Խաչ» կոչվող եկեղեցում, ուր հնարավորությունն ունեցանք տեսնելու իրական խաչափայտի մի քանի կտոր, փշե պսակից երկու փուշ և գամերից մեկը, որոնք բոլորն էլ ամփոփված էին գեղեցիկ քանդակներով զարդարված սքանչելի մասնատուփի մեջ, բայց առանց ապակու, որով և ձևը գտա, թանկագին մասունքները հարգելով հանդերձ, մատս մասնատուփի անցքերից մեկի միջով ներս մտցնելու համար. այդպիսով, կարողացա ձեռքով հպվել Հիսուսի արյամբ ներկված գամին: Իսկապես չափազանց համարձակ գտնվեցի: Բայց Տերը տեսնում է սրտերի խորքը. գիտի, որ դիտավորությունս ուղիղ էր և որ չէի կամենում Իրեն տհաճություն պատճառել, այլ՝ վարվում էի Իր հետ ինչպես մի մանուկ, որն ամեն բան թույլատրված է կարծում և իրենն է համարում իր Հոր գանձերը:

 

184. Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ են Իտալիայում կանայք այդքա՜ն հեշտորեն արտաքսվում հասարակությունից[6]. մեր ամեն քայլափոխին զգուշացումներ էինք ստանում. «Մի՛ մտեք այստեղ ... , մի՛ մտեք այնտեղ ... , ձեզ դուրս կքշեն»: Ա՜հ, խե՜ղճ կանայք, որքա՜ն արհամարհված եք: Եվ սակայն, աստվածասեր կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, և մեր Տիրոջ խաչելության օրը կանայք ավելի քաջարի եղան, քան Առաքյալները, որովհետև համարձակվեցին մոտենալ և սրբել Նրա պաշտելի Դեմքը: Անկասկած սա՛ է պատճառը, որի համար Նա թույլատրում է նրանց թերագնահատումը երկրի վրա, որովհետև երկնային փառքն է նրանց խոստացել իբրև ժառանգություն: Այնտեղ՝ Երկնքում կտեսնենք, որ Իր մտածելակերպը նման չէ մարդկանց աշխարհայացքին[7], քանի որ այնժամ վերջիններն առաջիններ կլինեն[8]: Բայց ճամփորդության ընթացքում մեկից ավելի անգամներ չկարողացա համբերությամբ սպասել Երկնքին՝ առաջին լինելու համար: Մի օր, կարմեղական վանականների վանքերից մեկի այցելության ժամանակ, չգոհացա ուխտավորներին արտաքին պատկերազարդ սրահներում հետևելով, առաջացա մինչև ներքին մենաստանները: Հանկարծ մի տարեց ու բարեդեմ վանական տեսա, որը հեռվից հեռանալու նշաններ էր ինձ տալիս, մինչ ես, ետ դառնալու փոխարեն, է՛լ ավելի էի մոտենում իրեն և պատին կախված նկարները մատնանշելով՝ նույնպես նշաններով ջանում էի հասկացնել, որ գեղեցիկ էին: Երիտասարդ դիմագծերիցս ու արձակ մազերիցս անշուշտ հասկացավ, որ մի երեխա էի. մեծ բարությամբ ժպտաց ու հեռացավ, տեսնելով, որ թշնամու առաջ չէր գտնվում: Եթե կարողանայի իտալերեն խոսել, կասեի, որ ես նույնպես ապագա կարմեղական էի, բայց Բաբելոնի աշտարակը շինողների պատճառով[9] դա անհնարին եղավ:

 

185. Պիզան ու Ջենովան այցելելուց հետո[10] վերադարձանք Ֆրանսիա: Ճանապարհին՝ սքանչելի տեսարաններ. ահա՛ ընթանում ենք ծովափով և երկաթգիծն այնքա՜ն մոտ է ջրին, որ ալիքները թվում է, թե մեզ են հասնում (այդ խաբկանքը արդյունքն էր թափվող անձրևի, ինչպես նաև երեկո էր և տեսարանն ավելի վեհ կերպարանք էր ստանում): Քիչ անց, անցնում ենք հասուն պտուղներով ծանրաբեռնված նարնջենիների լայնատարած այգիներով, ճանապարհը շքեղորեն զարդարված է կանաչ ձիթենիներով ու երկնասլաց արմավենիներով: Օրվա ավարտին, սկսեցին նշմարվել բազմաթիվ փոքրիկ նավահանգիստներ, որ փայլփլում էին հազարագույն լույսերով, մինչ երկնակամարի անհունության մեջ առկայծել էին սկսում առաջին աստղերը: Ա՜հ, ինչպիսի՜ անարտահայտելի զգացումներով էր լցվում հոգիս, երբ տեսնում էի այդ բոլորը առաջին ու վերջին անգամ: Առանց որևէ վշտի էի ընդունում դրանց ակնթարթային երևումն ու անէացումը կայծակնային արագությամբ, հոգիս այլօրինակ հրաշալիքների էր փափագում հասնել: Բավական դիտել էր երկրի գեղեցկությունները, այժմ ծարավի էր զմայլվելու երկնայիններով: Եվ ես, այդ վերին գեղեցկությունները մյուս բոլոր հոգիներին նույնպես տալու համար, կամենում էի բանտարկվել: Բայց օրհնյալ արգելավայրի դռների իմ առջև բացվելը տեսնելուց առաջ, դեռ պարտավոր էի շարունակել պայքարս ու տառապանքս: Դա զգում էի, մինչ վերադառնում էի Ֆրանսիա. և սակայն, վստահությունս այնքա՜ն վիթխարի էր, որ դեռ հույսն ունեի Կարմեղոս մտնել Դեկտեմբերի 25ին[11]:

 

[1] Նա՛պոլի քաղաքը հայերենում պահպանել է իր «Նեապոլ» հին անվանաձևը (հունարեն Նեապոլիս - Նոր Քաղաք անունից): Գտնվում է Վեզուվիո հրաբխի ստորոտում, Հռոմից դեպի հարավ:

[2] Սղմ 103, 32

[3] Նոյեմբերի 24ին, հինգշաբթի:

[4] Սղմ 62, 2-3

[5] Ֆիրե՛նցեն հայերենում պահպանել է իր «Ֆլորենցիա» հին անվանաձևը (լատիներեն «Եղի՛ր ծաղկուն» մաղթանքից): Ուխտավորները Ֆիրենցեում մնացին Նոյեմբերի 24ի երեկոյից մինչև 26ի կեսօրը:

[6] Չմոռանանք, որ Սրբուհին գրում է 19րդ դարի վերջում: Այժմ, 21րդ դարում, իրողությունները բոլորովին տարբեր են:

[7] Ես 55, 8-9

[8] Հմմտ. Մտթ 20, 16

[9] Հմմտ. Ծնդ 11, 1-9

[10] Նոյեմբերի 26ին ու 27ին:

[11] Տե՛ս՝ հատ. 143, ուր Թերեզան հայտնում է, թե որոշել էր Կարմեղոս մտնել Սուրբ Ծննդյան տոնին, այսինքն՝ Դեկտեմբերի 25ին, ըստ Ընդհանրական Եկեղեցու տոնացույցի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։