Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

1894 թվականի ընթացքում, Հիսուս Մանկան Քույր Թերեզան հիվանդացավ կոկորդի շարունակական ցավով, որի համար բժիշկները որպես դեղամիջոց նշանակեցին արծաթի նիտրատով խարանումները: Այդ օրերին նա շա՜տ տառապեց:

1896ի Ապրիլի 4ին, Ավագ Ուրբաթ օրը, ունեցավ առաջին արյունաթքումը: Նույն տարվա Հունիսին կամ Հուլիսին բռնվեց չոր, գրեթե աննշմարելի հազով: Բժիշկ Դը Քոռնիերը, վանքի բժիշկը, այցելեց նրան ու ասաց, թե առայժմ ծանր ոչինչ չկար: Պատվիրեց ընդունել կազդուրիչ դեղահաբեր միայն:

Նախքան ավարտին կհասներ 1897 թվականի Մեծ Պահքը, Քույր Թերեզան հիվանդացավ ծանր կերպով: Բժշկական զանազան, ընդհանրապես անօգուտ խնամքների հետևանքում կորցրեց ախորժակը և շուտով այլև ոչինչ չէր կարողանում մարսել: Ամեն օր, կեսօրվա ժամը 3ի մոտ, ունենում էր բարձր ջերմաստիճան:

1897ի Հուլիսի 6ին ունեցավ նոր արյունաթքումներ և բժիշկն ախտորոշեց արյան ծանրագույն համախռնում թոքերի մեջ. արգելեց որևիցէ շարժում, պատվիրեց մանանեխային ծեփելիքներ, տզրուկներ, և այլն: Այս բոլորին ավելացավ նաև շնչառության դժվարացումը և առատահոս քրտինքի պատճառով ուժերի սպառումը:

Երկու օր անց, Հուլիսի 8ին, տեղափոխվեց հիվանդների բաժին:

Մինչև Օգոստոսի սկզբները, արյունաթքումները կրկնվում էին օրը երկու-երեք անգամ, իսկ շնչառական ճգնաժամերն ահավոր էին:

Ամեն օր շարունակում էր սպառել նրան բարձր ջերմաստիճանը. հիվանդը չէր դադարում կրկնելուց, թե զգում էր իրեն կարծես քավարանում:

Հուլիսի 30ին ստացավ Հիվանդաց Օծումը: Միաբանակիցներից ներողություն հայցեց այնքա՜ն հուզիչ խոսքերով, որ ոչ ոք չկարողացավ զսպել արցունքների հոսքը:

Մարտիրոսության դեռ երկու ամիս ևս ուներ անցկացնելիք, որոնց դիմագրավեց հերոսական համբերությամբ: Չնայած իր տառապանքներին, անկեղծ զվարթությամբ ջանում էր մեղմացնել այն ամենն, ինչը որ ողբերգական էր իր վիճակում և կարող էր ընկճել միաբանակից քույրերին: Բառախաղ, զանազան կատակաբանություններ, ձևացում, զվարթախոսություններ ինքն իր մասին, և կամ՝ իր բժիշկների անկարողության. Թերեզան ունի կատակաբանությունների մի զանազանյալ ցուցակ, որը ցույց է տալիս նրա բնավորության խորքը և եղբայրական սերը:

Հունիսի 9ին իր հոգևոր եղբայրներից մեկին՝ Հայր Բելիերին գրել էր. «Չեմ մեռնում։ Մտնում եմ կյանք»: Մահից հետո սկսվելու էր Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզայի հրաշագործ կյանքը՝ Ամենասուրբ Երրորդության փառքի և հոգիների փրկության համար, երգելով Տիրոջ ողորմությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։