Վիթխարի և ընդդիմադիր փափագներ – Գրադարան – Mashtoz.org

Վիթխարի և ընդդիմադիր փափագներ

249. Հիսո՜ւս, փոթորիկն այնժամ դեռ չէր մռնչում, երկինքը խաղաղ էր ու պայծառ: Հավատում էի[1], զգում էի, թե կար մի Երկինք և որ այդ Երկնքում բնակվում էին հոգիներ, որ սիրում էին ինձ, որ նկատում էին ինձ իրենց դուստրը: Մի նմանօրինակ տպավորություն կա սրտիս մեջ նաև այժմ, հատկապես եթե հաշվի առնենք, որ երանաշնորհ Մայր Աննայի հանդեպ մինչ այդ եղել էի բացարձակապես անտարբեր, նրա բարեխոսությունը երբեք չէի հայցել և իրեն իսկ հիշում էի միայն երբ խոսվում էր իր մասին, այսինքն՝ հազվադեպ: Այդպիսով, երբ հասկացա, թե որքա՜ն էր ինձ սիրում և թե որքա՜ն սակավ անտարբեր էր իմ հանդեպ, զգացի սրտիս ողողվելը սիրով ու երախտագիտությամբ, ո՛չ միայն այդ սրբուհու նկատմամբ, որ այցելեց ինձ, այլ՝ Երկնքի բոլոր երանյալ բնակիչների:

 

250. Ո՜վ Սիրելիդ իմ, այդ պարգևը միայն նախերգանքն էր այն ավելի մեծ շնորհների, որոնցով կամեցար ճոխացնել ինձ: Թո՜ղ, Սեր իմ միակ, որ հիշեցնեմ Քեզ դրանք այսօր ... , այսօր՝ մեր միության վեցերորդ տարեդարձի օրը[2]: Ների՜ր, Հիսո՜ւս, եթե փափագներս ու անսահմանության հասնող հույսերս նկարագրել փորձելով՝ հակատրամաբանական արտահայտություններ գործածեմ. ների՜ր և բժշկի՜ր հոգիս, տալով նրան այն, ինչ փափագում է: Լինել հարսնացուդ, Հիսո՜ւս, լինել կարմեղական, լինել, Քո հետ միության արդյունքում, մայր հոգիների[3], այս բոլորը պետք է գոհացնեին ինձ: Մինչդեռ այդպես չէ: Անկասկած, այս երեք շնորհները մտնում են կոչմանս մեջ. կարմեղական, հարս և մայր: Եվ սակայն զգում եմ ինձնում նաև ա՛յլ կոչումներ. զգում եմ կոչումը ռազմիկի, քահանայի, առաքյալի, վարդապետի, մարտիրոսի. ի վերջո, զգում եմ կարիքը, ծարավը՝ կատարելու Քո համար, Հիսո՜ւս, հերոսական բոլոր գործերը: Զգում եմ հոգուս խորքում քաջությունը խաչակրի և ուզում եմ մեռնել պատերազմի դաշտում, Սուրբ Եկեղեցու պաշտպանության համար:

 

251. Զգում եմ ինձնում քահանայական կոչում: Ինչպիսի՜ սիրով, Հիսո՜ւս, կկրեի Քեզ ձեռքերիս մեջ, երբ ձայնս լսելով կիջնեիր Երկնքից: Ինչպիսի՜ սիրով կբաշխեի Քեզ հոգիներին: Բայց քահանա լինել երազելով հանդերձ, հասկանում եմ ու բարի նախանձով խանդում եմ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու խոնարհությանը, և զգում եմ նրան հետևելու կոչում՝ մերժելով քահանայության վսեմ արժանապատվությունը:

Հիսո՜ւս, Սե՜ր իմ, Կյա՜նք իմ, ինչպե՞ս հաշտեցնեմ այս հակասությունները: Ինչպե՞ս իրագործեմ խեղճ փոքրիկ հոգուս փափագները:

Հակառակ իմ ծայրագույն փոքրկությանը, կուզենայի լուսավորել հոգիներին ինչպես մարգարեները, վարդապետները, ունեմ առաքյալի կոչում: Կուզենայի կտրել անցնել ողջ աշխարհը, քարոզել Անունդ և անհավատ երկրներում կանգնեցնել փառահեղ Խաչդ: Բայց, ա՜հ, Սիրելի՜, միայն մի առաքելավայր բավական չէ ինձ, կուզենայի Ավետարանի բարի լուրը տարածել հինգ աշխարհամասերում միաժամանակ, և մինչև ամենահեռավոր կղզիները: Կուզենայի առաքյալ լինել ո՛չ թե մի քանի տարվա համար միայն, այլ՝ կուզենայի այդպիսին եղած լինել աշխարհի ստեղծումից ի վեր, և շարունակել լինել այդպիսին մինչև աշխարհի վախճանը: Բայց կուզենայի հատկապես, Փրկի՜չ իմ սիրելի, կուզենայի արյունս հեղել Քո համար, մինչև վերջին կաթիլը:

 

252. Մարտիրոսությո՜ւն. ահա՛ պատանեկությանս երազանքը, որն իմ հետ աճեց ու զարգացավ Կարմեղոսի մենաստանում: Բայց այս հարցում նույնպես զգում եմ, որ երազանքս խենթություն է, որովհետև չեմ կարողանում բավարարվել միայն մի տեսակի մարտիրոսությամբ: Բավարարվելու համար՝ կարիքն ունեմ դրանց բոլորի: Քո նման, իմ պաշտելի՜ Փեսա, կուզենայի մտրակվել ու խաչին գամվել. կուզենայի մաշկազերծ մեռնել՝ ինչպես Սբ. Բարդուղիմեոսը. կուզենայի, որ Սբ. Հովհաննեսի նման նետեին ինձ եռացող յուղի կաթսայի մեջ. կուզենայի ճաշակել մարտիրոսների կրած բոլոր տանջանքները: Սրբուհիներ Ագնեսի ու Չեչիլիայի հետ կուզենայի գլուխս ներկայացնել դահճի երկսայր սրին, և ինչպես Ժաննա դ’Արքը՝ սիրելի քույրս, կուզենայի խարույկի վրա թոթովել Անունդ. «Հիսո՜ւս»: Խորհելով այն չարչարանքների շուրջ, որոնց ենթարկվելու են քրիստոնյաները նախքան Արքայությանդ գալուստը, զգում եմ, որ սիրտս սարսռում է, և պիտի ուզենայի, որ ինձ նույնպես վերապահվեին նույն տվայտանքները: Հիսո՜ւս, Հիսո՜ւս, եթե փորձեի գրի առնել բոլոր փափագներս, ստիպված կլինեի վերցնել կյանքի գիրքդ. այնտեղ պատմված են բոլոր Սրբերի գործերը, որոնք բոլորն էլ կուզենայի կատարել Քո համար:

Հիսո՜ւս իմ, ի՞նչ ես պատասխանելու արդյոք այս բոլոր խենթություններիս: Գոյություն ունի՞ արդյոք մի հոգի ավելի փոքր, ավելի անկարող, քան ես: Եվ սակայն, հենց այդ նույն տկարությանս համար հաճելի եղավ Քեզ, Տե՜ր, գոհացնել մանկական փոքրիկ փափագներս, և այսօր էլ դեռ շարունակում ես գոհացնել մյուս փափագներս, որոնք ավելի մեծ են, քան ամբողջ տիեզերքը:

 

[1] Ուշադրությո՛ւն. Սրբուհին պատմում է անցյալը և, բնականաբար, մտքերը շարադրում է անցյալ եղանակով: «Հավատում էի» ձևը չի նշանակում, թե Թերեզան առաջ հավատում էր, իսկ այժմ, գրելու պահին, ո՛չ. սա ակներև է տրամաբանության համար, քանի որ տվյալ խոսքերը Սրբուհին ուղղում է Հիսուսին («Հիսո՜ւս, փոթորիկն այնժամ դեռ չէր մռնչում ... »), իր անցյալ, ներկա ու ապագա, միշտ նույն հավատքի Ակունքին: Սրբուհին պարզապես ի նկատի ունի, որ անցյալում այդ Հավատքը նաև զգացական բնույթ ուներ (« ... զգում էի, որ ... »

[2] Թերեզան իր վանական ուխտերը կատարել էր 1890ի Սեպտեմբերի 8ին։ Տե՛ս նաև՝ այս գլխի առաջին ծանոթագրությունը։

[3] Այս արտահայտության իմաստը հստակ կերպով հասկանալու համար տե՛ս՝ Ձեռագիր Ա., 135-136 հատվածները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։