Վստահության և սիրո արահետներում – Իրականացած երազանքներ – Գրադարան – Mashtoz.org

Վստահության և սիրո արահետներում – Իրականացած երազանքներ

226. Տեսնում եք, Մայր սիրելի, որ բավական հեռու եմ սարսափներով լի արահետներով առաջնորված լինելուց. հնարամտությունս շարունակ կարողանում է գտնել երջանիկ լինելու և խեղճություններս անգամ ի շահ իմ օգտագործելու միջոցը: Սա իրականում տհաճ չէ Հիսուսին, որովհետև թվում է, թե քաջալերում է ինձ այս ճանապարհի վրա: Մի օր, սովորությանս հակառակ, մի քիչ խռովված էի Պատարագի ընթացքում, մտքումս միայն մի բան էր պտտվում. «Աստված գոհ չէ ինձնից», և հետևյալ խոսքերն էի ինքս ինձ ասում. «Եթե այսօր էլ նշխարի միայն կեսը ստանամ, կվշտանամ, որովհետև այդպիսով կապացուցվի, որ Հիսուսը գրեթե դժկամությամբ է սիրտս գալիս»: Մոտեցա ... , ա՜հ երջանկություն: Առաջին անգամ լինելով կյանքիս ընթացքում, քահանան ամբողջական երկու նշխար տվեց ինձ: Կարծում եմ, թե հասկանում եք ուրախությունս և այն քաղցր արցունքները, որ հեղեցի այդքա՜ն մեծ ողորմությանն ի տես:

 

227. Ուխտադրությանս հաջորդող տարվա ընթացքում, Մայր Ջենովեֆֆայի մահից երկու ամիս առաջ, մեծ շնորհներ ստացա հոգևոր կրթության ժամանակ[1]: Քարոզվող կրթություններն իմ համար սովորաբար ավելի ցավ պատճառող են, քան նրանք, որոնք կատարում եմ մենակ, սենյակում փակված: Բայց այս անգամ ա՛յլ կերպ եղավ: Նախապատրաստական իննօրյա էի կատարել մեծ ջերմեռանդությամբ, ինչը որ բավական զարմանալի է, եթե ի նկատի առնենք ներքին այն հողմակոծ վիճակը, որում գտնվում էի այդ շրջանում, որովհետև գրեթե համոզված էի, որ քարոզիչը չէր հասկանալու ինձ, քանի որ հակված էր թվում ավելի մեծ մեղավորներին բարեգործելու, քան միանձնուհիների հոգիներին: Բարին Աստված, սակայն, կամենալով փաստել, որ միայն ու միայն Ինքն է իմ հոգու առաջնորդը, հենց այդ վարդապետին գործածեց, որն արժանի գնահատանք ստացավ միայն ինձնից: Այդ օրերին ամեն տեսակ ահավոր ներքին տառապանքների էի ենթարկվում (մինչև այն աստիճան, որ երբեմն հարցնում էի ինքս ինձ, թե գոյություն ունե՞ր արդյոք հավիտենական կյանքը): Ինձ ավելի տրամադիր էի զգում չխոսելու ներքին անցուդարձերիս շուրջ, որովհետև չգիտեի, թե ինչպե՛ս կարող էի դրանք արտահայտել, բայց հազիվ մտա խոստովանարան, զգացի, թե ինչպե՛ս հոգիս ընդարձակվեց: Մի քանի սակավաթիվ խոսքերից հետո հասկացվեցի զարմանահրաշ կերպով, և նույնիսկ գուշակվեցի: Հոգիս կարծես գիրք էր, որ Վարդապետն ընթերցում էր ավելի լավ, քան ես ինքս: Նավակս փքված առագաստներով վարեց վստահության ու սիրո ալիքների վրայով, որոնք այո՛ ձգում էին ինձ ուժգին կերպով, բայց որոնց վրայով այլևս չէի համարձակվում առաջանալ: Վստահեցրեց, որ թերություններս չէին վշտացնում Տիրոջը, և վերջում նաև ավելացրեց, որպես Իր ներկայացուցիչ և հանուն Իր, որ Աստված գոհ էր ինձնից:

 

228. Ա՜հ, որքա՜ն երջանիկ զգացի ինձ այդ մխիթարիչ խոսքերին ի լուր: Երբեք չէի լսել, որ թերությունները կարող են նաև չվշտացնել Տիրոջը: Այդ վստահեցումն ինձ երանությամբ լցրեց, օգնեց համբերությամբ կրելու այս կյանքի աքսորը: Սրտիս խորքում զգում էի, որ ճիշտ էր, որովհետև Աստված ավելի գորովագութ է, քան որևիցէ մայր երկրի վրա: Օրինակ Դուք, Մայր իմ, միշտ պատրաստ չե՞ք ներելու այն փոքրիկ անփափկանկատություններս, որ Ձեր հանդեպ գործում եմ ակամա կերպով: Այս վերջինի փորձառությունը բազում անգամներ եմ ունեցել: Ոչ մի հանդիմանություն ինձ չէր նախատի այնքան, որքան Ձեր քնքշանքներից միայն մեկը: Այնպիսի բնավորություն ունեմ, որ վախն ինձ հուսահատության է առաջնորդում, մինչդեռ սիրո օգնությամբ ո՛չ միայն քայլում եմ, այլ ավելին՝ սավառնում:

Ա՜հ, Մայր իմ, հատկապես Ձեր ընտրության օրից ի վեր էր[2], որ սավառնել սկսեցի սիրո երկնակամարի ներքո: Այդ օրը Փոլինը դարձավ իմ առաջ ապրող Հիսուսը ... , նա երկրորդ անգամ դարձավ մայրիկ ... ։

 

229. Գրեթե երեք տարի է, ինչ երջանկությունն ունեմ տեսնելու այն սքանչելիքները, որոնք Հիսուսը գործում է իմ սիրելի Մոր միջոցով: Հասկանում եմ այլևս, որ միայն տառապանքը կարող է հոգիներ ծնել, և առավել քան երբեք՝ Հիսուսի խոսքերն առջևս քողազերծում են իրենց ողջ խորությունը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա»[3]: Ինչպիսի՜ առատ հունձք, ուրեմն, պետք է հավաքած լինեք Դուք: Սերմանեցիք ընդմեջ արցունքների, բայց շուտով տեսնելու եք ձեր հոգնությունների արդյունքը, վերադառնալու եք ուրախությամբ լի, հասկերի որաներ ձեր գրկում պահած[4]: Ա՜հ, Մայր իմ սիրելի, այդ որաների մեջ սպիտակ փոքրիկ ծաղիկն այժմ թաքնվում է, բայց Երկնքում նա մի ձայն է ունենալու, որով երգելու է այն հեզությունն ու առաքինությունները, որ գործադրում եք օրեցօր՝ այս աքսորի ստվերների ու լռության մեջ:

Այո՛, արդեն երեք տարի է, ինչ սկսել եմ հասկանալ շա՜տ ու շա՜տ խորհուրդներ, որոնք մինչ այժմ ծածկված էին տեսողությանս առջև: Մարդասերն Աստված իմ հետ վարվեց այն նույն ողորմությամբ, որն ուներ Սողոմոն արքայի հանդեպ: Հաճելի եղավ Նրան անվճար չթողնել փափագներիցս և ո՛չ իսկ մեկը. ո՛չ միայն նրանք, որ վերաբերվում էին կատարելությանը, այլ նաև նրանք, որոնց ունայնությունն ըմբռնում էի առանց փորձառությունն ունենալու անգամ:

 

230. Ձեզ, Մայր իմ սիրելի, իմ համար միշտ որպես գաղափարական նկատելով, ձգտում էի նմանվել Ձեզ ամեն ինչում: Տեսնելով, որ շնորհալի պատկերներ էիք նկարում և գեղահյուս բանաստեղծություններ հորինում, ասում էի. «Որքա՜ն երջանիկ կլինեի, եթե նույնպես կարողանայի գծագրել, եթե ես նույնպես ունակ լինեի մտքերս հանգերով արտահայտել և այդպիսով հոգիներին բարեգործել»: Բայց և այնպես, խուսափում էի գործադրել այդ բնական ձիրքերս և իղձերս թաքնված էին մնում սրտիս խորքում: Սակայն Հիսուսին օգտակար թվաց (որը նույնպես թաքնված է այս խեղճուկրակ սրտի ներսում) ցույց տալ, թե ինչպե՛ս ամեն բան ունայնություն է և հոգու տառապանք այս երկրի վրա[5]: Ի մեծ զարմացումն քույրերի, նկարելու հրաման ստացա և բարին Աստված թույլատրեց, որ մեծապես օգտվեի սիրելի Մորս կողմից ինձ տրվող դասախոսություններից:

Կամեցավ նաև, որ հաջողությամբ կարողանայի ոտանավորներ շարադրել, – ըստ Ձեր օրինակի, – որոնք քույրերը բավական հաճելի էին գտնում: Բայց ինչպես Սողոմոնը, դիտելով իր ձեռքերի բոլոր գործերը, որոնց համար աշխատել էր ապարդյուն կերպով, տեսավ, որ ամեն բան ունայնություն էր և հոգու տառապանք, այնպես էլ ես փորձառությամբ համոզվեցի, որ երջանկությունը միմիայն թաքնվելու մեջ է կայանում, ինչպես նաև՝ ստեղծված բաների անգիտացման մեջ: Հասկացա, որ առանց սիրո՝ բոլոր գործերն էլ ոչինչ են, ներառյալ ամենավեհ գործերը, ինչպիսիք են մեռելներին հարություն տալն ու ժողովուրդներին քրիստոնյա դարձնելը:

Հոգուս վրա վատ ազդեցություն թողնելու և մտքերս ունայնության մեջ հաստատելու փոխարեն, պարգևները, որ մարդասերն Աստված շռայլեց ինձ առանց իմ դրանք խնդրելու, ավելի՛ մղեցին ինձ դեպի Ինքը: Տեսնում եմ, որ միայն Ինքն է անփոփոխ, որ միայն Ինքը կարող է գոհացում տալ վիթխարի փափագներիս:

 

231. Կան նաև ուրիշ տեսակի իղձեր, որոնք Հիսուսը կամեցավ բավարարել. մանկական փափագներս, նման՝ քողարկմանս օրվա ձյան նվերին:

Գիտեք, Մայր սիրելի, թե որքա՛ն եմ ծաղիկներ սիրում: Տասնհինգամյա հասակում կամովին բանտարկվելով, մեկընդմիշտ հրաժարվեցի գարնան գույնզգույն գանձերով գեղազարդված դաշտերի միջով քայլելուց: Բայց երբեք ավելի շատ ծաղիկներ չունեցա, քան Կարմեղոսում: Սովորություն է, որ նշանածն իր հարսնացուին հաճախակի ծաղկեփնջեր նվիրի: Հիսուսը չմոռացավ սա, ուղարկեց ինձ փնջեր մեծամեծ. շուշաններ, մարգարտածաղիկներ, կակաչներ, մի խոսքով՝ ինձ հաճելի բոլոր  ծաղիկներից: Վերջապես, մի փոքր ծաղիկ, որ սոնիճ էր կոչվում և որը չէի տեսել, ինչ տեղափոխվել էինք Լիզյո: Շա՜տ էի ուզում կրկին տեսնել մանկությանս օրերի այդ ծաղիկը, որը միշտ հավաքում էի Ալանսոնի դաշտերում: Եվ հենց Կարմեղոսում գտա այն. ինչը ցույց տվեց, որ ինչպես մեծ, այնպես էլ փոքրիկ բաներում, ողորմածն Աստված հարյուրապատիկն է հատուցում այն հոգիներին, որոնք հանուն Իր սիրո հրաժարվում են ամեն ինչից[6]:

 

[1] Այս հոգևոր կրթությունը, որ կատարվում էր Հայր Ալեքսի Փռու ֆրանցիսկյան վարդապետի առաջնորդությամբ, տևեց Հոկտեմբերի 8ից մինչև 15ը:

[2] Քույր Ագնես Հիսուսին վանքի մեծավորուհի ընտրվեց 1893ի Փետրվարի 20ին, երկուշաբթի։

[3] Հվհ 12, 24-25

[4] Հմմտ. Սղմ 125, 5-6

[5] Ժող 2, 11

[6] Հմմտ. Մտթ 19, 29

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։