Տարօրինակ հիվանդությունը – Սուրբ Կույսի ժպիտը – Գրադարան – Mashtoz.org

Տարօրինակ հիվանդությունը – Սուրբ Կույսի ժպիտը

86. Հիվանդությունը, որից բռնվեցի, անկասկած սատանայից էր․ Կարմեղոսի այս առաջին մուտքից կատաղած՝ ցանկանում էր վրեժն ինձնից առնել, այն շա՜տ ավելի մեծ վնասի համար, որ ապագային իրեն հասցնելու էր մեր ընտանիքը։ Միայն թե անգիտանում էր, որ Երկնքի Թագուհին հսկում էր իր փոքրիկ ծաղկի վրա, որ ժպտում էր նրան իր վերամբարձ գահից, և որ պատրաստվում էր դադարեցնել փոթորիկը ճիշտ այն պահին, երբ այս փափուկ ու դյուրաբեկ ցողունն այլևս կոտրվելու էր անվերադարձ կեպրով։ Տարվա վերջում մի շարունակական գլխացավ սկսվեց, որը, սակայն, գրեթե չէի զգում․ կարողանում էի դասերին հետևել և ոչ ոք ինձնով չէր զբաղվում։ Սա տևեց մինչև 1883ի Զատկի տոնը։ Քանի որ Հայրիկը Մարիայի ու Լեոնիայի ընկերակցությամբ այդ օրերին Փարիզում էր գտնվում, ես ու Սելինը տեղափոխվել էինք մորեղբորս տուն։ Մի երեկո մորեղբայրս սկսեց Մայրիկի մասին պատմել և այնպիսի՜ գորովով խոսեց անցյալ հիշատակների շուրջ, որ խորապես հուզվեցի ու լաց եղա։ Որակավորվեցի որպես շատ զգայուն, և որոշվեց, որ ցրումների կարիք ունեի։ Կնոջ հետ որոշեցին հաճելի զբոսանքներ կազմակերպել զատկական արձակուրդներին։ Այդ երեկո գնալու էինք «Կաթողիկե Ակումբ», բայց քանի որ չափազանց հոգնած էի, մորեղբորս կինը պատվիրեց ինձ անկողին մտնել։ Մինչ զգեստներս էի հանում, սկսեցի դողալ․ կարծելով, թե մրսում եմ, մորեղբորս կինը տաք ծածկոցներով պատեց ինձ։ Դողը, սակայն, չդադարեց, այլ՝ շարունակվեց ողջ գիշեր։

Մորեղբայրս, Կաթողիկե Ակումբից վերադարձին, հանկարծակիի եկավ՝ ինձ այդպիսի վիճակում տեսնելով, բայց ոչինչ չասաց՝ կնոջը խուճապի չմատնելու համար։ Հաջորդ օրը այցելության հրավիրեց բժիշկ Նոտտային[1], որը բավական ծանր գնահատեց իրավիճակը և զարմանքով հայտնեց, որ տվյալ հիվանդությունը սովորաբար տարածված չէ իմ տարիքի երեխաների մոտ։ Բոլորը վհատվել էին, մորեղբորս կինը ստիպված իր սենյակ տեղափոխեց ինձ և խնամեց հիրավի մայրական հոգատարությամբ։ Երբ Հայրիկը մեծ քույրերիս հետ վերադարձավ Փարիզից, Ամատան[2] այնպիսի թախծալի դեմքով էր դիմավորել նրանց, որ Մարիան ինձ մեռած էր կարծել։ Բայց ո՛չ, այդ հիվանդությունը նրա համար չէր, որ մեռնեի, այլ՝ ավելի նման էր Ղազարոսի հիվանդությանը. որպեսզի փառավորվեր Աստված[3]: Խեղճ Հայրիկը կարծում էր, թե իր դուստրը կամ կխենթանա, կամ կմահանա։ Ա՜հ, որքա՜ն հոգնություն պատճառեցի Մարիային, որքա՜ն եմ նրան երախտապարտ այն բոլոր խնամքների համար, որ շռայլեց ինձ ի գին մեծ զոհողությունների․ նրա սիրտն արդեն իսկ թելադրում էր նրան այն ամենն, ինչ հարկավոր էր ինձ։ Եվ իրոք, մոր սիրտն ավելի գիտուն է, քան որևէ բժիշկ։

 

87. Խե՜ղճ Մարիա, ստիպված էր մորեղբորս տուն տեղափոխվել, որովհետև այդ օրերին դեռևս անհնարին էր ինձ Բուիսոնե տեղափոխելը։ Իսկ մինչ այդ մոտենում էր Փոլինի Զգեստառության օրը[4]. բոլորը խուսափում էին իմ մոտակայքում այդ նյութի շուրջ խոսելուց, որովհետև գիտեին, թե որքա՜ն էի վշտացած՝ արարողությանը մասնակցել չկարողանալուս համար։ Ես, սակայն, հաճախ էի խոսում այդ տոնի մասին, հույս ներշնչելով, որ մինչ այդ բավական առողջացած կլինեի, սիրասուն Փոլինիս այցելել կարողանալու համար։ Եվ իրոք, Աստված չկամեցավ մերժել ինձ այդ մխիթարությունը, կամ ավելի ճիշտ՝ մխիթարել ուզեց Իր սիրելի նշանածին, որն արդեն իսկ բավական տառապել էր իր փոքրիկ դստեր հիվանդության պատճառով։ Հետաքրքիր է, բայց ես անդրադարձել եմ, որ Հիսուսը չի կամենում Իր զավակներին փորձության մեջ թողնել նրանց նշանախոսության օրը․ այդ օրը պետք է անամպ լինի, որպես նախաճաշակ Դրախտի ուրախության․ մի՞թե Նա չփաստեց սա արդեն հինգ անգամ[5]: Կարողացա, հետևաբար, գրկել սիրելի Մայրիկիս, նստել նրա ծնկներին և նրան հազար ու մի գուրգուրանքներով պատել։ Կարողացա զմայլվել իր աննկարագրելի գեղեցկությամբ՝ ընդմեջ հարսանեկան ձյունափայլ զգեստների։ Ա՜հ, դա մի սքանչելի օր էր տրտմաթախիծ վշտերիս մեջ, ... բայց շատ սրընթաց անցավ։ Ստիպված էի կրկին կառք բարձրանալ ու հեռանալ և՛ Փոլինից, և՛ այնքա՜ն սիրելի Կարմեղոսից։

 

88. Բուիսոնե հասնելով[6], ինձ նորից անկողին մտցրեցին, հակառակ իմ պնդումների, թե հոգնած չէի, թե առողջացել էի կատարյալ կերպով և այլևս կարիք չունեի որևէ խնամքի։ Ավա՜ղ, փորձությունների սեմին էի միայն։ Հաջորդ օրը դողը վերսկսվեց և հիվանդությունն այնքա՜ն ծանրացավ, որ մարդկային հաշվարկների համաձայն այլևս անհնարին էր իմ որևէ կերպ առողջանալը։ Չեմ կարողանում նկարագրել այդ արտասովոր ու տարօրինակ հիվանդությունը․ համոզված եմ, որ սատանայի գործն էր։ Միայն թե, չգիտեմ ինչո՛ւ, առողջանալուցս հետո բավական երկար ժամանակ կարծում էի, թե հիվանդ լինել էի ձևացրել․ և սա մի իրական մարտիրոսություն եղավ հոգուս համար։

Կասկածներս հայտնեցի Մարիային, որը շտապեց հանգստացնել ինձ իր սովորական բարությամբ․ դրանց մասին խոսեցի նաև խոստովանանքիս ժամանակ, բայց խոստովանահայրս նույնպես փորձեց համոզել ինձ, որ անհնարին էր հիվանդ ձևացնել այն աստիճան, որում գտնվել էի ես։ Մարդասերն Աստված, որ անկասկած կամենում էր մաքրագործել ինձ, և հատկապես՝ խոնարհեցնել, թույլ տվեց, որ այդ մարտիրոսությունը կրեի մինչև Կարմեղոս մտնելս, ուր մեր հոգևոր Հայրը[7] վերացրեց բոլոր կասկածներս ձեռքի գրեթե մի շարժումով միայն։ Այդուհետև այլևս խաղաղ եմ։

 

89. Բայց այնքան էլ զարմանալի չէ, որ զգացել եմ այդ վախը, եթե հաշվի առնենք, որ խոսում էի բաներ, որոնք չէի մտածում, գրեթե անդադար զառանցանքի մեջ էի, արտասանում էի անիմաստ խոսքեր։ Եվ սակայն վստահ եմ, որ մի պահ անգամ չդադարեց բանականությանս գործունեությունը։ Հաճախ անկողնում պառկում էի նվաղած, չէի կարողանում շարժվել։ Այդպիսի պահերին ինձ կարող էին նույնիսկ սպանել, չէի կարողանա պաշտպանվել։ Եվ սակայն, լսում էի այն ամենը, ինչ խոսվում էր իմ մոտակայքում, և դեռ հիշում եմ ամբողջը։

Մի անգամ պատահեց, որ երկար ժամանակ պառկած մնացի առանց բացել կարողանալու աչքերս, և բացել կարողացա մի պահ միայն, այն էլ՝ երբ սենյակում մենակ էի։

 

90. Իսկ ինչպիսի՜ զարհուրանքներով էր պատում ինձ սատանան, վախենում էի բացարձակապես ամեն ինչից․ անկողինս թվում էր սարսափելի անդունդներով շրջապատված, սենյակիս պատին խփված գամերը աչքիս ահաբեկիչ խոշոր ածխացած սև մատների կերպարանքներ էին առնում և ստիպում ինձ ճչալ ու աղաղակել։ Մի օր, մինչ Հայրիկն ինձ էր նայում լռությամբ, գլխարկը, որ ձեռքին էր բռնել, մի այնպիսի ահռելի կերպարանք ստացավ, որ վախից սկսեցի ճչալ․ իսկ խեղճ Հայրիկս ստիպված եղավ հեծկլտալով սենյակիցս դուրս գալ։ Բայց եթե Աստված թույլ էր տալիս սատանային մոտենալ ինձ, ուղարկում էր նաև տեսանելի հրեշտակներ։ Մարիան միշտ անկողնիս մոտ էր, խնամում էր ու մխիթարում մայրական քնքշությամբ. նրան երբեք չտեսա ձանձրացած, հակառակ այն բոլոր նեղությունների, որ պատճառում էի իրեն, թույլ չտալով հեռանալ ինձնից։ Եթե անհրաժեշտ էր լինում, որ նա տնից հեռանար, դա կա՛մ Պատարագի համար պետք է լիներ, կա՛մ էլ՝ Փոլինին այցելելու. միայն այդ երկու դեպքերում էի համաձայն գտնվում։

 

91. Իմ հանդեպ մեծ հոգատարությամբ էին լցված նաև մորեղբայրս ու իր կինը, որն ամեն օր այցելում էր ինձ և բերում զանազան անուշեղեններ։ Միայն ազգականներիս այցելություններն էին ինձ հաճույք պատճառում։

Չեմ կարող խոսքերով նկարագրել, թե ազգականներիս հանդեպ ունեցած գորովս որքա՜ն ավելացավ այդ հիվանդությանս ընթացքում։ Ավելի լավ հասկացա այն, ինչը որ Հայրիկը կրկնում էր միշտ․ «Լա՛վ հիշեցեք, դուստրերս, որ ձեր մորեղբայրն ու իր կինը սովորականից ավելի են սիրում ձեզ»։ Ծերության օրերին, Հայրիկն ինքը փորձով համոզվեց, որ խաբված չէր[8], և այժմ անկասկած պաշտպանում է նրանց և օրհնում Երկնքից։ Ես դեռ աքսորում եմ և, չկարողանալով արտաքուստ ցույց տալ երախտագիտությունս, ինքնասփոփանքի միայն մի միջոց ունեմ․ աղոթել ազգականներիս համար, որոնց սիրում եմ և որոնք իմ հանդեպ եղան ու մնում են շատ բարի[9]:

 

92. Լեոնիան նույնպես շատ սիրալիր էր, ամեն բան անում էր ինձ զվարճացնելու համար․ բայց երբեմն ձանձրույթ էի պատճառում իրեն, որովհետև քաջ հասկանում էր, որ Մարիան իմ համար անփոխարինելի էր։

Իսկ սիրելի Սելի՜նս, արդյոք ի՞նչ չարեց իր Թերեզայի համար։ Կիրակի օրերին, փոխանակ զբոսանքի գնալու, գալիս էր ժամեր շարունակ սենյակում փակվելու, մի խեղճ աղջնակի հետ, որը գրեթե ապուշ էր թվում։ Եվ իրոք, մեծ սեր էր հարկավոր՝ ինձնից չփախչելու համար։ Ա՜հ, քույրեր իմ սիրելի, որքա՜ն տառապանք պատճառեցի ձեզ․ ոչ ոք ձեզ այնքան չչարչարեց, որքան ես, և ոչ ոք այնքան սեր չբաշխեց, որքան դուք ինձ։ Բարեբախտաբար, Երկինքը կունենամ փոխհատուցելու համար, իմ Փեսան շատ հարուստ է․ սիրո գանձերից հարյուրապատիկ կհատուցեմ ձեզ, փոխարեն այն տառապանքի, որ կրեցիք իմ համար։

 

93. Հիվանդությանս ընթացքում ունեցած ամենամեծ մխիթարությունս Փոլինից նամակներ ստանալն էր։ Դրանք ընթերցում ու վերընթերցում էի այնքան, որ այլևս անգիր էի հիշում։ Մի անգամ, Մայր սիրելի, ինձ ուղարկեցիք տիկնիկներիցս մեկը՝ կարմեղական հանդերձանքով զգեստավորված․ ուրախությանս նկարագրումն անհնարին է։ Մորեղբայրս, սակայն, գոհ չէր․ ասում էր, որ փոխանակ Կարմեղոսն ինձ կրկին ու կրկին հիշեցնելու, հարկավոր էր հեռացնել մտքիցս և մոռացության տալ։ Ես, սակայն, ճիշտ հակառակն էի զգում. կարմեղական դառնալու հույսն էր ինձ կյանքին կապված պահում։

Այն պահին, երբ ցավերս փոքրիշատե մեղմանում էին, ուրախությունս Սուրբ Աստվածածնի համար զատկածաղիկներից ու անմոռուկներից հյուսած պսակներ պատրաստելն էր։ Մայիս գեղեցիկ ամսվա մեջ էինք[10], բնությունն ամբողջ զարդարվում էր ծաղիկներով և բուրում զվարթությամբ, միայն «փոքրիկ ծաղիկն» էր հյուծվում և մեկընդմիշտ խամրած թվում։ Եվ սակայն, մի արև ունեի իմ մոտ, և այդ արևը Սուրբ Կույսի հրաշագործ արձանիկն էր, որ երկու անգամ խոսել էր Մայրիկի հետ, և ես նույնպես հաճախ էի հայացքս նրան հառում։ Մի օր տեսա, թե ինչպես Հայրիկը սենյակ մտավ և դեմքի տխուր արտահայտությամբ բազում ոսկյա դրամներ տվեց Մարիային, որպեսզի Փարիզ ուղարկեր և իննօրյա Պատարագներ խնդրեր Հաղթանակների Տիրամոր սրբարանում, իր խեղճ դստեր բժշկության համար։ Ա՜հ, որքա՜ն հուզվեցի՝ տեսնելով թագավորիս հավատքն ու սերը։ Որքա՜ն էի կամենում ասել իրեն․ «Առո՛ղջ եմ», բայց արդեն իսկ բավական կեղծ ուրախություններ էի շնորհել նրան և իմ ուժերի սահմաններում չէր հրաշագործելը, որովհետև բժշկվելուս համար իրոք հրաշք էր հարկավոր։ Այո՛, հրա՛շք, որ կատարեց Հաղթանակների Տիրուհին։ Մի Կիրակի[11], Պատարագների իննօրյայի ընթացքում, Մարիան պարտեզում էր, իսկ ես սենյակում մենակ էի Լեոնիայի հետ, որ պատուհանի մոտ նստած կարդում էր։ Հանկարծ սկսեցի ցածր ձայնով կանչել․ «Մայրի՜կ ... , Մայրի՜կ ... »։ Լեոնիան, որ վարժվել էր ինձ այդպես տեսնելու, ուշադրություն չդարձրեց։ Այնժամ սկսեցի բարձրաձայն կանչել և վերջապես Մարիան եկավ․ ճշգրիտ կերպով տեսա նրա ներս մտնելը, բայց իրեն չճանաչեցի, այլ՝ շարունակեցի կանչել միշտ ավելի բարձր ձայնով․ «Մայրի՜կ»։ Շատ էի տառապում այդ բռնի ու անբացատրելի պայքարի պատճառով, և Մարիան թերևս ավելի էր տառապում, քան ես։ Իրեն ճանաչել տալու ապարդյուն փորձերից հետո Մարիան ծունկի եկավ անկողնուս մոտ, Լեոնիայի ու Սելինի հետ, դիմեց Սուրբ Կույսին և մայրական խոցոտված սրտով խնդրեց իր դստեր առողջությունը։ Նույն պահին իսկ ստացավ այն, ինչ փափագում էր։

 

94. Երկրի վրա ուրիշ օգնություն չգտնելով, խեղճ փոքրիկ Թերեզան նույնպես աղաչում էր Երկնային Մորը և խնդրում նրանից ամբողջ սրտով, որ ողորմեր իրեն՝ գթալով։ Արձանը հանկարծ կյանք առավ, Սուրբ Կույսն ինձ թվաց գեղեցիկ, այնքա՜ն գեղեցիկ, որ այդպիսի գեղեցկության չէի հանդիպել երբեք, նրա դեմքը բարիք ու գորով էր արտացոլում, բայց այն, ինչը որ թափանցեց մինչև հոգուս խորքերը, Աստվածամոր սքանչելի ժպիտն էր։ Այդ պահից ի վեր բոլոր տառապանքներս անհետ կորան, բարձս սկսեց թրջվել արցունքի խոշոր կաթիլներով, բայց դրանք արցունքներ էին անամպ երանության։ «Ա՜հ», մտածում էի, «Սուրբ Կույսն ինձ ժպտաց, որքա՜ն երջանիկ եմ»։ Բայց ոչ ոքի չասացի, ապա թե ոչ՝ երջանկությունս կվերանար։ Առանց որևէ դժվարության աչքերս վար իջեցրեցի և տեսա Մարիային, ճանաչեցի նրան, որ քնքշանքով դիտում էր ինձ։ Հուզված էր թվում, կարծես թե հասկանում էր այն շնորհը, որ Աստվածամայրը հաղորդել էր ինձ։ Ա՜հ, հե՛նց իրեն, իր գորովալի աղոթքներին էի պարտական Երկնքի Թագուհու ժպիտը։ Տեսնելով, որ աչքերս արձանին էի սևեռել, մտածել էր․ «Թերեզան բժշկվեց»։ Այո՛, փոքրիկ ծաղիկը վերակենդանանում էր, լուսավոր ճառագայթը, որ ջերմացրել էր նրան, միևնույն ժամանակ ազատել էր նաև բոլոր թշնամիներից։ Այդ ճառագայթն այնպե՜ս ամրապնդեց ու զորացրեց փոքրիկ ծաղկին, որ հինգ տարի անց՝ այն ծաղկեց Կարմեղոսի բերրի լեռան վրա։

 

95. Ինչպես արդեն ասացի, Մարիան զգացել էր, որ Սուրբ Կույսն ինչ որ գաղտնի շնորհ էր հաղորդել ինձ․ հազիվ մնացինք մենակ, հարցրեց, թե ի՛նչ էի տեսել։ Չկարողացա դիմադրել նրա քաղցր ու գորովալի հարցերին։ Զարմանալով, որ գաղտնիքս բացահայտվել էր առանց իմ հայտնելու, այն ծայրից ծայր պատմեցի Մարիային։ Ավա՜ղ․ ինչպես կանխազգում էի, երջանկությունս անհետացավ ու փոխվեց դառնության։ Չորս տարի շարունակ այդ անպատմելի շնորհի հիշատակը պատճառ եղավ հոգևոր վշտակրության․ խաղաղությունս վերագտնելու էի Աստվածամոր ոտքերի առաջ[12], ուր այն վերադարձվեց ինձ իր ողջ լիությամբ։ Բայց այս երկրորդ շնորհի մասին կխոսեմ ավելի ուշ։ Իսկ այժմ կպատմեմ, Մայր իմ սիրելի, թե ինչպես ուրախությունս փոխվեց տրտմության։ Մարիան, լսելով ընդունածս շնորհի պարզ ու անկեղծ պատմությունը, այն Կարմեղոսում վերապատմելու թույլտվություն խնդրեց․ ես չէի կարող մերժել։ Դեպի օրհնյալ Կարմեղոս կատարած առաջին իսկ այցելությանս ժամանակ մեծագույն ուրախությամբ լցվեցի՝ Փոլինին ճիշտ Սուրբ Կույսի նման զգեստավորված տեսնելով․ ինչպիսի՜ թովիչ ու քաղցրիկ պահ էր երկուսիս համար։ Այնքա՜ն բաներ կային ասելու, որ չէի կարողանում ասել ոչինչ․ հազիվ էի խոսում, սիրտս չափազանց լեցուն էր։ Ներկա էր նաև Մայր Մարիամ Գոնձական, որ շատ բարի էր տրամադրված իմ հանդեպ։ Եկան նաև ա՛յլ միանձնուհիներ և նրանց ներկայությամբ հարցաքննվեցի ընդունածս շնորհի շուրջ, թե արդյոք Սուրբ Կույսը Հիսուս Մանկան հետ էր կամ ո՛չ, թե արդյոք լուսավոր էր, կամ հրեշտակների ընկերակցությամբ։ Այդ բոլոր հարցերը խռովում էին ինձ ու մեծ ցավ պատճառում։ Միայն մի բան էի կարողանում արտասանել․ «Սուրբ Կույսը շատ գեղեցիկ թվաց ինձ և իրեն տեսա, որ ժպտում էր ինձ»։ Իր դեմքն է միայն, որ տպավորել էր ինձ։ Տեսնելով, որ միանձնուհիներն ամբողջովին ա՛յլ բան էին պատկերացնում (արդեն սկսում էին հոգուս վշտերը՝ հիվանդությանս վերաբերյալ), կարծեցի, թե ստում եմ։ Անկասկած, եթե գաղտնիքս չբացահայտեի, չէի կորցնի նաև երջանկությունս, բայց Սուրբ Կույսն այդ տվայտանքը թույլ տվեց հոգուս բարիքի համար․ առանց դրա, թերևս ունայն սնափառությամբ լցվեի, մինչ այդպես, խոնարհեցումն իմ բաժինը լինելով, չէի կարողանում ինքս ինձ նայել առանց խորը սոսկումի։ Ա՜հ, այն, ինչը որ կրեցի, միայն Երկնքում կկարողանամ պատմել։

 

[1] Այն նույն բժիշկն է, որ 1876 թվականին խնամում էր Տկն․ Մարթինին։

[2] Ամատա Ռոժե, Գերեն ընտանիքի խոհարարուհին։

[3] Հմմտ․ Հվհ 11, 4

[4] Որ տեղի ունեցավ 1883ի Ապրիլի 6ին։

[5] Սրբուհին ի նկատի ունի իր և իր չորս քույրերի վանական ուխտադրությունը։ Հինգերորդը՝ Սելինինը, տեղի էր ունեցել 1895ի Փետրվարի 5ին։

[6] Կարմեղոսից վերադարձին Թերեզային տեղափոխում են Բուիսոնե։

[7] Հայր Ալմիռ Փիշոն․ ծնվել է Ալանսոնի մոտակայքում 1843ին և սրբորեն մահացել Փարիզում, 1919ին։ Վկաներից մեկն էր Թերեզայի երանացման դատի ընթացքում։

[8] Գերեն ամուսինները մեծ հոգատարությամբ խնամեցին իրենց հիվանդ փեսային, երբ վերջինս իր կյանքի այլևս վերջին տարիներն էր անցկացնում երկրի վրա։

[9] Նրանց բարությունը Թերեզան լիովին փոխհատուցեց, երբ այլևս Հայրենիքում էր, Երկնքում։ Տկն. Գերենն իր վերջին հիվանդության ընթացքում շոշափելի կերպով զգաց Թերեզայի պաշտպանությունը․ մահացավ 52 տարեկան հասակում, ժպիտը շուրթերին։ Վերջին խոսքերն էին․ «Որքա՜ն գոհ եմ մեռնելուս համար։ Որքա՜ն գեղեցիկ է գնալն Աստծուն տեսնելու։ Հիսո՜ւս իմ, սիրո՜ւմ եմ Քեզ։ Սիրում եմ՝ ինչպես իմ փոքրիկ Թերեզան։ Կյանքս քահանաների համար եմ նվիրում»։ Մահացավ 1900ի Փետրվարի 13ին։ Նույնը կարելի է ասել Պրն․ Գերենի համար, որը երկար տարիներ իր գրիչը Սուրբ Եկեղեցու պաշտպանությանն ի նպաստ գործածելուց և իր ամբողջ ունեցվածքը բարեգործությունների տրամադրելուց հետո՝ մահացավ սրբությամբ, որպես Կարմեղականների Երրորդ Կարգի Եղբայր, 1909ի Սեպտեմբերի 28ին, 69 տարեկան հասակում։

[10] Արևմտյան Եկեղեցու ավանդության համաձայն՝ Մայիսը ամիսն է Սուրբ Աստվածածնի հանդեպ հատուկ ջերմեռանդության։

[11] Դա Հոգեգալստյան Կիրակին էր, 1883ի Մայիսի 13ը։

[12] 1887ի Նոյեմբերի 4ին Փարիզում, Հաղթանակների Տիրամոր արձանի դիմաց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։