Տխուր տարիները – Գերեն զարմուհիները – Գրադարան – Mashtoz.org

Տխուր տարիները – Գերեն զարմուհիները

74. Ութուկես տարեկան էի, երբ Լեոնիան դուրս ելավ վարժարանից և ես գրավեցի իր տեղը Բենեդիկտյան Միանձնուհիների վանքում[1]: Հաճախ եմ լսել, որ վարժարանում անցկացված ժամանակն ամենաընտիրն ու ամենաքաղցրն է ամբողջ կանքի ընթացքում: Իմ համար այդպես չեղավ: Հինգ տարիներս, որ անցկացրեցի այնտեղ, եղան իմ ամենատխուր տարիները: Եթե հետս չլիներ Սելինը, մի ամիս անգամ չէի մնա առանց հիվանդանալու: Խե՜ղճ փոքրիկ ծաղիկ, վարժված՝ իր նուրբ արմատները խրելու ընտրյալ հողի մեջ, որ համապատասխանում էր իր բոլոր կարիքներին: Մի քիչ ծանր թվաց նրան զանազան ծաղիկների մեջ հայտնվելը, որոնցից ոմանց արմատներն այնքան էլ քնքուշ չէին: Եվ նա ստիպված էր այլևս ընդհանուր հողում գտնել գայապահպանման համար անհրաժեշտ կենսահյութը:

 

75. Դուք ինձ այնքան լավ էիք կրթել, Մայր իմ սիրելի, որ վարժարան մտնելով՝ առաջիններից մեկը եղա իմ տարիքի երեխաների շրջանակում: Ինձ մի դասարանում արձանագրեցին, ուր բոլորն էլ ինձնից տարիքով մեծ էին: Նրանցից մեկը, տասներեք-տասնչորս տարեկան, այնքան էլ խելացի չէր, բայց գիտեր իրեն հարգել տալ և՛ աշակերտուհիների, և՛ ուսուցչուհիների կողմից: Տեսնելով ինձ այդքան փոքր, բայց դասարանում գրեթե միշտ առաջինը, ինչպես նաև սիրված՝ միանձնուհիների կողմից, սկսեց նախանձել ինձ և հազար ու մի ձևով վճարել տվեց ինձ փոքրիկ հաջողություններիս փոխարեն:

Երկչոտ ու դյուրազգաց բնավորությանս պատճառով չէի կարողանում պաշտպանվել, գոհանում էի մի անկյունում անձայն լալով, և ձեզ անգամ տեղյակ չէի պահում ու չէի դժգոհում տառապանքներիս համար: Բայց նաև դեռ խիստ նեղ էր առաքինություններիս սահմանը և չէի կարողանում վեր բարձրանալ այդ առօրյա խեղճություններից. սա մեծ տանջանք էր պատճառում խեղճ սրտիս: Բարեբախտաբար, ամեն երեկո վերագտնում էի ընտանեկան հարազատ մթնոլորտը. այնժամ սիրտս ընդլայնվում էր, ցատկում էի թագավորիս ծնկների վրա և հայտնում այդ օրվա թվանշաններս: Նրա հայրական սիրալի համբույրը մոռանալ էր տալիս բոլոր վշտերս: Ինչպիսի՜ ուրախությամբ ավետեցի նրան առաջին շարադրություններիս արդյունքները (այդ շարադրությունը Սրբազան Պատմությունից էր), միայն մի նիշ էր պակասում բարձրագույնը ստանալու համար, այդ էլ այն պատճառով, որ մոռացել էի Մովսեսի հոր անունը: Հայրիկից ստացած դրամական պարգևները պահում էի մի փոքրիկ արկղում. դրանք օգտագործում էի իմ կողմից աղքատներին ողորմություն տալու համար, որ կատարում էի բոլոր մեծ տոներին: Փոլինը, իր աշակերտուհու հաջողություններով զարմացած, նրան մի սքանչելի կարկին նվիրեց, ոգևորելու նպատակով: Խեղճ փոքրիկն իրոք կարիքն ուներ այդ ընտանեկան ուրախությունների. առանց դրանց, վարժարանի կյանքը նրա համար չափազանց կոշտ կլիներ:

 

76. Ամեն հինգշաբթի արձակուրդ ունեի. բայց դրանք նման չէին Փոլինի տված արձակուրդներին, որոնք ամբողջովին պատշգամբում էի անցկացնում, Հայրիկի հետ: Խաղում էի ո՛չ թե Սելինի (սա հատկապես հաճելի էր ինձ, երբ մենակ էի իր ընկերակցությամբ), այլ՝ զարմուհիներիս և Մոդըլոնդ ընտանիքի փոքրիկների[2] հետ: Սա իմ համար իրական խեղճություն էր, որովհետև չէի կարողանում խաղալ ինչպես մյուս երեխաները և այնքան էլ հաճելի ընկերուհի չէի: Աշխատում էի նմանվել մյուսներին, բայց անօգուտ, ինչը բավական մեծ ձանձրույթ էր պատճառում, մանավանդ՝ երբ ստիպում էին պարել: Միակ բանը, որ ինձ հաճույք էր պատճառում, աստղաձև պարտեզ[3] գնալն էր. այնտեղ առաջինն էի ամեն տեսակետով, ծաղիկներ էի հավաքում առանց չափի զգացման, և կարողանալով գտնել ամենագեղեցիկները՝ փոքրիկ ընկերուհիներիս նախանձն էի շարժում:

 

77. Հաճելի էր նաև, երբ մենակ էի մնում Մարիամի[4] հետ, որովհետև նա ինձ ազատ էր թողնում խաղերի ընտրության հարցում: Այդպիսի դեպքերում Մարիամն ու Թերեզան երկու ճգնավորներ էին դառնում, ունենալով մի աղքատիկ խրճիթ, ցորենի փոքրիկ արտ և պարտեզ՝ կանաչեղեն մշակելու համար: Նրանց կյանքն անցնում էր անդադար աղոթքի մեջ, այսինքն՝ երբ անհրաժեշտ էր լինում, որ նրանցից մեկը գործնական կյանքով զբաղվեր, մյուսը նրա տեղն էր գրավում հայեցողական կյանքում: Ամեն բան կատարվում էր փոխադարձ համաձայնությամբ, լռությամբ և վանական կատարյալ եղանակներով: Երբ զբոսանքի էինք գնում, խաղը շարունակվում էր նաև ճանապարհին: Երկու միայնակյացները միասին Վարդարան էին ասում, «Ողջույն»ները մատների վրա հաշվելով, որպեսզի իրենց ջերմեռանդությունը անխորհուրդ հասարակությանը հայտնի չդարձնեին: Մի անգամ, սակայն, միանձնուհի Թերեզան ցրվեց. նախընթրիքի համար կարկանդակ էր ստացել, որն ուտելուց առաջ՝ խաչի մի մեծ նշան արեց, առաջ բերելով աշխարհիկների ծաղրն ու ծիծաղը:

 

78. Ես և Մարիամը միշտ նույն կարծիքին էինք և միևնույն ճաշակներն ունեինք: Բայց մի օր մեր կամքի միությունն անցավ իր չափերը: Երեկոյան, վարժարանից վերադարձին, ասացի նրան. «Առաջնորդիր ինձ, ես փակում եմ աչքերս»: «Ես նույնպես», եղավ պատասխանը: Ասվածն արված է. առանց երկար բարակ մտածելու՝ յուրաքանչյուրն իր կամքը կատարեց: Մայթի վրա էինք, հետևաբար՝ վախ չկար ինքնաշարժներից․ կարճատև շրջագայությունից և աչքերը փակ քայլելու հաճույքը ճաշակելուց հետո մեր երկու անխելքները բախվեցին ինչ որ մի խանութի առջև դրված արկղերի և գետին գլորեցին դրանք։ Մինչ զայրացած խանութպանը հասնում էր իր ապրանքների փրկությանը, երկու կամավոր կույրերը հասցրեցին հեռանալ խոշոր քայլերով, լա՜յն բացված աչքերով ու ականջներով՝ լսելու համար իրավացի հանդիմանությունները Հովհաննայի, որը խանութպանից պակաս զայրացած չէր։ Այդ օրվանից ի վեր մեզ բաժանեցին և ճանապարհին Մարիամը քայլում էր Սելինի հետ, իսկ ես՝ Հովհաննայի։ Սա վերջ դրեց մեր կամքի չափազանց մեծ միությանը, բայց նաև վատ չեղավ երկու մեծերի համար, որոնք երբեք նույն կարծիքին չէին և վիճում էին ամբողջ ճանապարհին։ Այսպիսով, հաստատված խաղաղությունը կատարյալ եղավ։

 

[1] Խոսքը վերաբերվում է այն վարժարանին, որ կցված էր ''Notre Dame du Pré'' կուսաստանին և ղեկավարվում էր Բենեդիկտյան միանձնուհիների կողմից:

[2] Մոդըլոնդ փոքրիկները՝ Մարգարիտը, Չելինան և Էլենան զարմուհիներն էին Հավհաննա և Մարիամ Գերենների:

[3] Որ գտնվում էր Pont l'Eveque փողոցի երկայնքին:

[4] Թերեզայի մորեղբոր աղջիկը, որ Կարմեղոս մտավ 1895ի Օգոստոսի 15ին, Քույր Մարիամ Սուրբ Հաղորդության անվամբ: Նշանավոր եղավ իր աղքատասիրությամբ ու վշտակրությունների ժամանակ ցուցաբերած մեծ համբերությամբ: Հիվանդություններից մեկի ժամանակ ասում է. «Չգիտեմ, թե արդյոք լա՞վ կրեցի: Բայց կարծես Թերեզան հաղորդում է ինձ իր բոլոր զգացումները. նույն իր վստահությունն ունեմ: Ա՜հ, եթե կարողանայի սիրուց սպառված մեռնել, ինչպես ինքը: Դա զարմանալի չի լինի, որովհետև ես նույնպես մի մասնիկն եմ այն զոհերի բանակի, որը նա խնդրեց Աստծուց: ... Ուզում եմ մեռնել՝ ասելով Հիսուսին, որ սիրում եմ Իրեն»: Այդ սրբալույս բաղձանքն իրականացավ լիովին: Մահացավ 1905ի Ապրիլի 14ին, 34 տարեկան հասակում, և իր վերջին խոսքերը սրանք էին. «Մահից չեմ վախենում. ա՜հ, ինչպիսի՜ անդորր։ ... Տառապանքից պետք չէ վախենալ, ... այն նորանոր ուժեր է տալիս մեզ։ ... Հիսո՜ւս իմ, սիրո՜ւմ եմ Քեզ»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։