Փեսայի գալստյան ավետումը – Գրադարան – Mashtoz.org

Փեսայի գալստյան ավետումը

275. Անցյալ տարի Աստված շնորհեց ինձ Քառասնորդաց Պահքն իր ողջ խստությամբ պահելու մխիթարությունը: Երբեք ինձ այդքա՜ն ուժեղ չէի զգացել, և այդ ուժս տևեց մինչև Զատիկ: Եվ սակայն, Ավագ Ուրբաթ օրը, Հիսուսը կամեցավ շուտով Երկինք մեկնելու և Իրեն այնտեղ տեսնելու հույսը տալ ինձ: Որքա՜ն քաղցր է այդ հիշատակը: Մինչև կեսգիշեր եկեղեցում, Հիսուսի գերեզմանի մոտ մնալուց հետո, մտա խուցս, բայց հազիվ էի գլուխս բարձիս դրել, երբ զգացի, որ կոկորդովս ինչ որ մի բան էր բարձրանում, բարձրանում էր գրեթե եռալով, մինչև շրթունքներս: Չգիտեի, թե ի՛նչ էր, բայց մտածեցի, որ գուցե մեռնելու վրա եմ, և հոգիս ուրախությամբ ողողվեց:

Լապտերն հանգած էր. ինքս ինձ ասացի, որ պետք է սպասեի առավոտյան՝ երջանկությանս համոզվելու համար, որովհետև ինձ թվում էր, որ թքածս արյուն էր: Առավոտը շատ սպասել չտվեց: Արթնանալով իսկույն մտածեցի, որ ուրախ լուր էի ստանալու: Մոտեցա պատուհանին, տեսա, որ չէի սխալվել: Հոգիս մեծագույն սփոփանքով լցվեց, խորապես համոզված էի, որ Հիսուսն Իր մահվան հիշարժան օրը կամեցավ ինձ լսել տալ առաջին կանչը: Նման էր հեռավոր քաղցրիկ սոսափյունի, որ ավետում էր Փեսայի գալուստը[1]: Վիթխարի ջերմեռանդությամբ մասնակցեցի Առավոտյան աղոթքին ու ներման արարողությանը[2]: Անհամբերությամբ էի սպասում իմ հերթին, որպեսզի կարողանայի հայտնել Ձեզ, ներում խնդրելով, Մայր իմ սիրելի, հույսս ու երջանկությունս: Բայց նաև ավելացրեցի, որ չէի տառապում (և իրո՛ք), և պաղատեցի Ձեզ չշնորհել ինձ յուրահատուկ ոչինչ: Իսկապես, մխիթարությունն ունեցա անցկացնելու Ավագ Ուրբաթ օրն այնպես, ինչպես կամենում էի: Երբեք Կարմեղոսի խստակրոնությունը չէր թվացել ինձ այդքա՜ն քաղցր. Երկինք մեկնելու հույսը ստիպում էր ինձ ցնծալ բերկրանքից: Երբ հասավ այդ երջանիկ օրվա երեկոն, հանգստանալու կարիք զգացի, բայց ինչպես նախորդ գիշեր, ողորմածն Հիսուս տվեց ինձ նույն նշանը, այն է՝ որ մուտքս հավիտենական կյանք հեռու չէր:

 

[1] Հմմտ. Մտթ 25, 6

[2] Ավագ Ուրբաթ օրը Մեծավորուհի Մայրը խոսում էր սիրո մասին, որի ավարտին միանձնուհիները փոխադարձաբար ներում էին հայցում միմյանցից և ողջագուրվում էին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։