Քայլեր ցամաքության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Քայլեր ցամաքության մեջ

215. Այդ փորձառությանս շուրջ խոսելուց առաջ, սակայն, կպատմեմ, Մայր իմ սիրելի, օրերն այն հոգևոր կրթության, որ նախորդեց վանական ուխտադրությանս[1]: Մխիթարություններ ընծայելուց շա՜տ հեռու, ինձ այն բացարձակ ցամաքություն բերեց, կամ գրեթե լքվածություն: Ինչպես միշտ, Հիսուսը քնած էր նավակիս մեջ: Ա՜հ, լավ եմ տեսնում, որ հոգիները շատ հազվադեպ են Նրան թողնում խաղաղորեն հանգստանալ իրենց սրտերում: Հիսուսն այնքա՜ն հոգնած է տևական պահանջներից ու նախաձեռնություններից, որ շտապում է օգտվել Իրեն ընձեռածս հանգստից: Վստահ եմ, որ չի արթնանալու հավիտենականության մեծ կրթությունիցս առաջ, բայց դա տրտմեցնելու փոխարեն վիթխարի ուրախություն է ինձ պարգևում:

Իրականում հեռու եմ սրբուհի լինելուց. այս միտքն ինքնըստինքյան արդեն իսկ վիշտ է: Ցամաքությանս համար ուրախանալու փոխարեն այն պետք է սակավ ջերմեռանդությանս ու անբավարար հավատարմությանս վերագրեի, պետք է խորապես վշտանայի, որովհետև մրափում եմ (ահա՛ յոթ տարուց ի վեր) աղոթքներիս ու գոհաբանություններիս ժամանակ: Եվ սակայն, չեմ տրտմում: Մտածում եմ, որ փոքրիկ մանուկներն իրենց ծնողներին հավասարապես հաճելի են և՛ քնած, և՛ արթուն ժամանակ. մտածում եմ, որ վիրահատումներ կատարելու համար բժիշկները թմրեցնում են հիվանդներին: Մտածում եմ, վերջապես, որ «Տերը տեսնում է մեր դյուրաբեկությունը և հիշում, որ միայն հող ենք ու փոշի»[2]:

 

216. Ուխտադրությանս հոգևոր կրթությունն, ուրեմն, ինչպես բոլոր նախորդները, մեծ ցամաքության մեջ անցկացրեցի: Եվ այնուամենայնիվ, մարդասերն Աստված, առանց իմ անդրադառնալու, շատ պարզ կերպով ցույց էր տալիս Իրեն հաճելի լինելու և ամենավսեմ առաքինություններն անգամ գործադրելու միջոցը: Նկատել եմ զանազան անգամներ, որ Հիսուսը չի կամենում ինձ պաշարներով լիացնել, կազդուրում է ինձ վայրկյան առ վայրկյան, թարմ կերակուրներով, որոնք ինձնում գտնում եմ առանց իմանալու, թե որտեղի՛ց են եկել կամ ինչպե՛ս: Պարզապես վստահ եմ, որ խեղճ սրտիս խորքում թաքնված Հիսուսն Ինքն է, որ գործում է իմ մեջ և մտածել տալիս այն ամենն, ինչը որ կամենում է, որ կատարեմ տվյալ պահին:

Ուխտադրությունիցս մի քանի օր առաջ երջանկությունն ունեցա ստանալու Սրբազան Քահանայապետի օրհնությունը. այն ձեռք էի բերել բարի Եղբայր Սիմեոնի միջոցով, իմ ու Հայրիկի համար: Մեծ մխիթարություն պատճառեց ինձ օրհնության այդ գիրը, որովհետև այդպիսով կարողացա հատուցել Հայրիկին՝ ինձ Հռոմ տանելու շնորհի փոխարեն:

 

[1] Թերեզայի ուխտադրության նախապատրաստական հոգևոր կրթությունը սկսվեց 1890ի Օգոստոսի 29ին, ուրբաթ:

[2] Սղմ 102, 14

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։