Քույր Սեն Պիեռը – Գրադարան – Mashtoz.org

Քույր Սեն Պիեռը

325. Հիշողությանս մեջ պտտվում է սիրո մի գործ, որ բարին Աստված ներշնչեց ինձ, երբ դեռ նորընծա էի: Մի չնչին գործ էր, և սակայն մեր Հայրը, որ տեսնում է ծածկապես և ուշադրություն է դարձնում ավելի դիտավորությանը, քան գործի մեծությանը, արդեն իսկ վարձատրեց ինձ, առանց սպասելու գալիք կյանքին: Դա այն ժամանակ էր, երբ Քույր Սեն Պիեռը դեռ մասնակցում էր ժամերգություններին և գալիս էր սեղանատուն: Երեկոյան աղոթքի ժամանակ կանգնում էի ճիշտ իր դիմաց: Ժամը 5։50ին հարկավոր էր նրան սեղանատուն առաջնորդել, բայց պետք էր մեկը, որ նրան առաջնորդեր, որովհետև այդ ժամանակաշրջանում հիվանդապահուհի քույրերը չափազանց զբաղված էին և չէին կարողանում գալ և նրան ընկերանալ: Իմ համար բավական դժվար էր այդ փոքրիկ ծառայությանը նվիրվելը, որովհետև գիտեի, որ այնքան էլ հեշտ չէր խեղճ Քույր Սեն Պիեռին գոհացնելը, որն այնքա՜ն էր տառապում, որ տհաճությամբ էր ընդունում ուղեկցողի փոփոխության հանգամանքը: Եվ սակայն, չէի կամենում կորցնել սիրո գործադրման այդքա՜ն գեղեցիկ առիթներից մեկը, հիշելով Հիսուսի խոսքերը. «Այն, ինչ կանեք իմ այս փոքրիկ եղբայրներից մեկի համար, արած կլինեք իմ համար»[1]: Շատ խոնարհաբար նվիրվեցի, հետևաբար, նրան ընկերանալու գործին, բայց մեծագույն ջանքերի գնով միայն կարողացա համոզել նրան՝ ընդունել իմ փոքրիկ ծառայությունները: Վերջապես գործի անցա, և այնքա՜ն բարի կամքով, որ կատարյալ հաջողության հասա:

Ամեն երեկո, երբ տեսնում էի, որ Քույր Սեն Պիեռը ցնցում է իր ավազի ժամացույցը, գիտեի, որ այդ շարժումը նշանակում էր. «Գնա՛նք»: Անհավատալի է, թե ուսերիս վրա որքան ծանր էր նստում խանգարվելը, հատկապես սկզբում, բայց դա կատարում էի անմիջապես, և ապա սկսվում էր արարողությունների մի ամբողջ շարան: Հարկավոր էր նախ վերցնել և կանխավ սահմանված շարժումներով հեռացնել աթոռը, և որ ամենակարևորն է՝ առանց շտապելու: Ապա ճանապարհ էինք ընկնում: Հարցը վերաբերվում էր խեղճ հիվանդին գոտկատեղից բռնելով հետևելուն: Դա անում էի հնարավոր ամենամեծ նրբությամբ, բայց եթե հանկարծ սխալ քայլ էր կատարում, իսկույն կարծում էր, թե լավ չէի բռնել իրեն և թե ուր որ է ընկնելու է: «Ա՜հ, Աստված իմ. չափազանց աշխույժ ես քայլում, աղջիկս, քիչ է մնում ընկնեմ»: Իսկ երբ փորձում էի ավելի դանդաղ քայլել. «Շարժվի՛ր, հետևի՛ր ինձ, ձեռքդ չեմ զգում, թողեցիր ինձ, ընկնում եմ: Ա՜հ, արդեն ասելի էի, չէ՞, որ չափազանց երիտասարդ ես ինձ առաջնորդելու համար»: Վերջիվերջո, առանց դժբախտ պատահարների, հասնում էինք սեղանատուն: Այնտեղ առաջանում էին նոր դժվարություններ. հարցը վերաբերվում էր Քույր Սեն Պիեռին իր տեղում բազմեցնելուն: Սա նույնպես հարկավոր էր անել մեծ վարպետությամբ, խեղճ տարեց հիվանդին չվիրավորելու համար: Վերջում հարկավոր էր վեր բարձրացնել նրա զգեստի թեզանիքները (սահմանված հատուկ շարժուձևով), և ապա ազատ էի, կարող էի գնալ: Իր խեղված մատներով մանրում էր հացը ապուրի ամանի մեջ՝ ինչպես կարողանում էր: Իսկույն անդրադարձա, և ամեն երեկո, հեռանալուց առաջ, մատուցում էի նրան նաև այդ փոքրիկ ծառայությունը: Քանի որ նա ինքը չէր խնդրել այդ վերջինը, բավական հուզվեց հոգատարությանս ի տես, և այդպիսով շահեցի նրա ողջ բարեհաճությունը (որ չէի փնտրել), և դա – ինչպես հետո իմացա – հատկապես այն բանի համար, որ հացը մանրելուց հետո նրան էի նվիրում իմ ամենագեղեցիկ ժպիտներից մեկը:

 

326. Մայր իմ, թերևս կզարմանաք, որ հիշատակում եմ սիրո այդ փոքրիկ գործը, որ կատարվել է տարիներ առաջ: Այն պատմեցի, որովհետև զգում եմ, որ պարտավոր եմ երգել, դրա առթիվ, Տիրոջ մեծ ողորմությունը: Կամեցավ այդ հուշը հոգեզմայլ բուրմունքով օծուն թողնել հոգուս խորքում. հուշ, որ շարունակ մղում է ինձ գործադրելու եղբայրսիրությունը: Երբեմն հիշում եմ որոշ մանրամասներ, որոնք իմ համար գարնանային զով հովեր են: Ահա՛ դրանցից մեկը, որ հենց նոր ներկայացավ մտքիս: Ձմեռային երեկոներից մեկն էր, ինչպես միշտ՝ կատարում էի իմ փոքրիկ առաջադրանքը: Ցուրտ էր, մթնշաղ ... ։ Հանկարծ, հեռո՜ւ հեռվից ականջիս հասավ երաժշտական գործիքների ներդաշնակ ղողանջը և իսկույն աչքերիս առաջ շողշողուն լույսերով զարդարված ոսկեզօծ մի դահլիճ գծագրվեց, տեսա վայելչագեղ օրիորդներ, որ զրուցում էին և միմյանց գովաբանում ու աշխարհիկ քաղաքավարական ձևակերպություններ մատուցում: ... Ապա հայացքս ուղղվեց խեղճ հիվանդի վրա, որին օգնում էի քայլել, երաժշտության փոխարեն պահ առ պահ լսում էի նրա հեծեծանքները, ոսկու փոխարեն՝ մեր խստակրոն վանքի աղյուսաշեն պատերն էի միայն տեսնում, որ հազիվ էին լուսավորվում մի դժգույն լույսով: Չեմ կարող խոսքերով արտահայտել այն, ինչ տեղի ունեցավ հոգուս խորքում. Աստված լուսավորեց ինձ ճշմարտության ճառագայթներով, որոնք այնպես գերազանցեցին երկրի տոնակատարությունների ստվերածածկ շողարձակմանը, որ չէի կարողանում հավատալ երանությանս: Ա՜հ, աշխարհային հանդեսների հազարավոր տարիներ վայելելու համար չէի տա իմ տասը րոպեները, որ նվիրված էին եղբայրսիրության խոնարհ գործիս կատարմանը:

Եթե տառապանքներով շրջապատված, ընդմեջ պայքարների, հնարավոր է գեթ մի պահ ապրել երանությունը, որ գերազանցում է աշխարհի բոլոր հաճույքներին, մտածելով, որ մարդասերն Աստված դուրս է հանել մեզ աշխարհից, ի՞նչ է լինելու, ուրեմն, Երկնքում, երբ հավիտենական հոգեզվարթության ու հանգստի մեջ տեսնելու ենք անհամեմատելի շնորհը, որ Աստված հաղորդել է մեզ՝ ընտրելով մեզ «բնակվելու Իր տանը»[2], որը Երկնքի իրական նախասրահն է:

 

[1] Հմմտ. Մտթ 25, 40

[2] Սղմ 22, 6

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։