Իգնատիոս Լոյոլացու «Հոգևոր Վարժանքներ»ը – Գրադարան – Mashtoz.org

Իգնատիոս Լոյոլացու «Հոգևոր Վարժանքներ»ը

Իգնատիոսն ինքն է իր աշխատության Նախաբանում գրում, թե ո՛րն է հոգևոր վարժանքների նպատակը.

«Հոգևոր Վարժանքներ ասելով՝ հասկանում ենք խիղճը քննելու, խորհրդածելու, հայեցողությանը նվիրվելու, ձայնով և մտովի աղոթելու բոլոր կերպերը, և ա՛յլ հոգևոր գործողությունները։ Ինչպես, արդարև, քայլելն ու վազելը մարմնավոր վարժանքներ են, նույն կերպ՝ հոգևոր վարժանքներ են կոչվում հոգին տրամադրելու բոլոր կերպերը, որպեսզի ազատվի բոլոր անկարգուկանոն կապվածություններից, փնտրի և գտնի աստվածային կամքը՝ սեփական կյանքի կանոնակարգմամբ, հոգու փրկության նպատակով»։

Իգնատիոս Լոյոլացու «Հոգևոր Վարժանքները», անվանի հեղինակների գնահատմամբ, «գիրք չեն՝ ընթերցելու համար, այլ՝ պատկանում են այն տեսակ գրությունների շարքին, որոնք հնարավոր է հասկանալ միմիայն դրանց փորձառությունն ունենալով»։

Աշխարհի իրողություններից հոգեպես կտրվելու առաջին օրերին, որոնք անհրաժեշտ են սեփական անձը վերագտնելու համար, Իգնատիոսը հոգեմարզիկին հրավիրում է ջանալ հասկանալ, թե ի՛նչ նպատակի համար է գոյություն և կյանք ստացել Արարչից, ա՛յլ խոսքերով ասած՝ թե Աստված ի՛նչ է ակնկալում, որ նա բարի գործ կատարի իր կյանքում։ Հազիվ կկարողանա գիտակցել իր ծննդյան նպատակը, հոգեմարզիկի համար բնականաբար կստացվի «իր աչքերի առաջ դրված ու պարզված տեսնել իր կյանքը, [...] այն ամբողջը աչքի անցկացնելով մտածված կերպով»։ Այդպիսով կբացահայտի բոլոր շեղումները, որոնք ինքն իսկ տարեցտարի պարտադրել է իր ճակատագրին՝ գիտակից կամ անգիտակից կերպով հարելով հոգու խաբեական մղումներին։

Այդ կետին հասնելով՝ հոգին պետք է հաղթահարի բոլոր խոչընդոտների միջից ամենադժվարինը, որը մի մարդ կանչված է հաղթահարելու իր կյանքի ընթացքում. փոխել, փոխվել, նորոգվել։ Ոչ մի մարդ չի կարող, սակայն, ձեռքբերել ներքին խաղաղությունը կամ դիմագրավել կյանքի դժվարին ընթացքը՝ միայնակ հնարելով ամեն բան։ Յուրաքանչյուր մարդ, սովորաբար, առաջադիմում կամ հետադիմում է՝ հետևելով ա՛յլ մարդկանց դրական կամ բացասական օրինակին։ Միայն մեկ մարդու մեջ, սակայն, մարդկային բնությունը գտել է իր ամենավեհ արտահայտությունը. հանձինս Մարդ-Աստծո՝ Հիսուս Քրիստոսի։ Հետևաբար՝ Հիսուսին է, վերջին հաշվով, Իգնատիոսը ներկայացնում որպես հետևելիք օրինակ, մինչև որ յուրաքանչյուր քրիստոնյա կկարողանա ասել Պողոս Առաքյալի նման. «Այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ» (Գղտ 2, 20)։

Վարժանքները բաժանվում են չորս փուլի՝ շաբաթների («շաբաթ» անվանումը բավականին պայմանական է, կախված մարզվողի հաջողությունից՝ յուրաքանչյուր շաբաթը կարող է կրճատվել կամ ավելացվել): Առաջին շաբաթը մաքրում է (vita purgativa): Մարդն այս ընթացքում հիշում է աշխարհի պատմության մեջ և իր իսկ կողմից իր անձնական կյանքում գործած մեղքերը՝ ջանալով «հասնել առաջնային դարձին»՝ մեղքի վիճակից դուրս գալու և շնորհ գտնելու համար։ Երկրորդ շաբաթը լուսավորող է (vita illuminativa), այն նվիրված է աղոթքով խորհրդածություններին Հիսուսի երկրային կյանքի վերաբերյալ՝ Նրա Ծննդից մինչև Նրա հանրային գործունեության ավարտը: Երկրորդ շաբաթը դիտվում է որպես որոշման նախապատրաստում, Քրիստոսին հետևելու կոչի պատասխան, կյանքի որոշակի ընտրություն: Երրորդ շաբաթը Քրիստոսի հետ միությունն է Նրա խաչի չարչարանքների և մահվան մեջ: Այսպիսով, մարզվողը մահանում է Քրիստոսի հետ, որպեսզի հարություն առնի Նրա հետ: Չորրորդ շաբաթը՝ Հարությունն ու Համբարձումն է: Բոլոր շաբաթների հոգևոր պտուղը կայանում է ամենաբարձր հայեցողության մեջ՝ հանուն սեր գտնելու (contemplatio ad amorem), որը հնարավորություն է տալիս սիրել ամեն ինչ Աստծո մեջ, և Աստծուն ամեն ինչում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։