Լոյոլայի ամրոց. Կրոնական դարձը (1521-1522) – Գրադարան – Mashtoz.org

Լոյոլայի ամրոց. Կրոնական դարձը (1521-1522)

Փամփլոնայում 15 օր խնամվելուց հետո, Ինյիգոյին պատգարակով տեղափոխում են հայրական ամրոց՝ Լոյոլա։ Շուտով պարզ է դառնում, որ ճամփորդության ընթացքում ցնցումներն ազդել են նրա առողջության վրա, նրա վիճակը ծանրանում է և մի քանի անգամ լուրջ մտահոգություն է ստեղծվում նրա կյանքի համար։ Բժիշկները ստիպված են լինում կատարել ևս մի քանի, շատ բարդ ու տանջալի վիրահատություններ, որոնց նա դիմանում է անվեհեր քաջությամբ, բայց վիճակը օրեցօր վատանում ու վատանում է։ Հունիսի 24-ին՝ Սբ. Հովհաննես Մկրտչի տոնի օրը (ըստ Լատին Եկեղեցու այդ ժամանակվա տոնացույցի), բժիշկները, որոնք այլևս չէին հավատում նրա ապաքինմանը, Ինյիգոյին խորհուրդ տվեցին խոստովանվել և պատրաստվել մահվանը։ Սբ. Պետրոս Առաքյալի տոնի նախօրեին, ով համարվում էր Լոյոլա ընտանիքի հովանավոր Սուրբը, Ինյիգոյին Ամենասուրբ Հաղորդություն տվեցին: Գիշերվա ընթացքում նա հանկարծակի բարելավում է զգում, իսկ հաջորդ օրը դուրս է գալիս վտանգավոր վիճակից։ Բայց ոսկորը ճիշտ չէր կպել և վիրահատությունը հարկավոր էր կրկնել, թեև դա ավելի երկար ու ցավոտ էր լինելու, քան բոլոր նախորդները։ Հետագա ապաքինման շրջանում Ինյիգոն, անկողնուն գամված, խնդրում է, որ ասպետական ​​վեպեր բերեն իրեն՝ կարդալու: Բայց դղյակում և մոտակա գրադարաններում ևս վեպեր չեն գտնվում։ Ընտանեկան գրադարանում պահվում էին միայն Լանդոլֆուս Սաքսոնացու «Հիսուս Քրիստոսի կյանքը» և Յակոպո Վառացցեացու «Ծաղկաքաղ Սրբերի կյանքից» այդ ժամանակ հանրահայտ գրքերը:

Ստիպված էր կարդալ այն, ինչ կար: Եվ այդ գրքերում նա իր համար անակնկալ կերպով բացահայտում է իրական հերոսությունը, ճշմարիտ ասպետի կերպարը. «Այդ հերոսությունը տարբերվում է իմ հերոսությունից, և ավելի բարձր է, քան իմը։ Մի՞թե ես ընդունակ չեմ դրան»: «Երբ մտածում էի աշխարհի իրողությունների մասին, մեծ հաճույք էի զգում, բայց երբ հոգնելով՝ թողնում էի, գտնում էի ինձ դատարկ ու դժգոհ։ Երբ մտածում էի բոպիկ Երուսաղեմ գնալու, միայն բանջարեղենով սնվելու և այն մյուս բոլոր գործերը կատարելու մասին, որոնք Սրբերն արել էին, ո՛չ միայն մխիթարվում էի, երբ մտածում էի դրանց մասին, այլ՝ այդ մտածումները թողնելուց հետո էլ գոհ ու զվարթ էի մնում»։

Այդ ընթացքում ամբողջովին կազդուրվում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նա վերադառնում է ինքնուրույն քայլելու, բայց մնացած ողջ կյանքի ընթացքում մնում է կաղ։

Ինյիգոն սկսում է ​​նկատել, զարմանալով, որ Սրբերի վարքերից ընդամենը մի քանի էջ կարդալուց հետո երկնային անհասանելի աշխարհը տիրում է իր հոգուն, մինչդեռ երկրային փառքի ու սիրո երազանքները թողնում են դատարկության զգացում: «Իմ մեջ երկու հակադիր ոգիներ են գործում։ Առաջինն ինձ շփոթեցնում է. դա սատանայից է։ Երկրորդն ինձ հանդարտեցնում է. դա Աստծուց է»։ Նա իր ծառային ուղարկում է Բուրգոս՝ այնտեղից բերելու վանական միաբանություններից մեկի կանոնադրությունը, և ուշադիր ուսումնասիրում է այդ փաստաթուղթը։ Նրա հոգում ինչ որ մի բան փոխվում էր, սկիզբ էր առնում կրոնական դարձի գործընթացը, որի մեջ էր Ինյիգոն, աշխարհից հուսախաբ, տեղափոխում իր հոգու ձգտումները. զինվորական հավակնոտ կառիեռայի փոխարեն՝ կրոնական դժվարին հանձնառությունը, հասնելու համար այն անմար Փառքին, որը միայն Սրբերին է վերապահված։ Ապաքինման այդ ամիսների ընթացքում սկսում է կամաց կամաց նվիրվել աղոթքին, Աստվածաշնչի ընթերցանությանը, խոկմանը, գրի առնելով որոշ մտքեր, որոնք հետո կյանք էին տալու իր «Հոգևոր Վարժանքներ» գրքին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։