Հռոմ։ Հիսուսի Ընկերության Սահմանադրության վավերացումը (1537-1543) – Գրադարան – Mashtoz.org

Հռոմ։ Հիսուսի Ընկերության Սահմանադրության վավերացումը (1537-1543)

Քանի որ Վենետիկի Հանրապետության և Օսմանյան Կայսրության միջև նոր պատերազմի բռնկման պատճառով անհնարին էր դարձել նավարկումը դեպի Պաղեստին, Իգնատիոսը Հռոմ վերադարձավ 1538 թվականի Հոկտեմբերին, որպես նպատակ ունենալով նոր Միաբանության Սահմանադրության վավերացումը. Սահմանադրություն, որն «իր բոլոր մանրամասնություններում հիշեցնում է իր հիմնադրի զինվորական անցյալը, այն աստիճան, որ միաբանությունը կարելի է բնորոշել որպես սպայական նվիրապետություն, որին ղեկավարում է անսահմանափակ իշխանությամբ օժտված մի ընդհանուր հրամանատար»։ Կարդինալների նիստը նպաստավոր արտահայտվեց Իգնատիոսի կողմից պատրաստված տեքստին, և Պողոս Երրորդ Պապը վավերացրեց Միաբանության հիմնումը «Regimini militantis ecclesiae» («Պատերազմող Եկեղեցու կառավարումը») կոնդակով (27 Սեպտեմբեր 1540), բայց Միաբանության անդամների թիվը սահմանափակեց 60 հոգու։ Այդ սահմանափակումը վերացվեց հաջորդ՝ «Iniunctum nobis» («Մեզ պատվիրված է») կոնդակով (14 Մարտ 1543)։ Հիսուսի Ընկերության (կամ Հիսուսյան Միաբանության) Սահմանադրության հաջորդ և վերջնական վավերացումը տրվեց 1550 թվականին, Հուլիոս Երրորդ Պապի կողմից, «Exposcit Debitum» («Պարտականությունը պահանջում է») կոնդակով։

1538 թվականի Սուրբ Ծննդյան օրը Իգնատիոսն իր առաջին Սուրբ Պատարագը մատուցեց Հռոմի Սբ. Մարիամ Մեծ եկեղեցում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։