Մանռեսա. Մտքի լուսավորումը Քառդենեռի ափին (1522-1523) – Գրադարան – Mashtoz.org

Մանռեսա. Մտքի լուսավորումը Քառդենեռի ափին (1522-1523)

Մանռեսայում Իգնատիոսը մի մեկուսի քարանձավ գտավ Քառդենեռ գետի ափին՝ հռոմեական ջրատարի մոտ, և որոշեց մի քանի օր աղոթել այդ մեկուսի վայրում։ Ապրում էր մուրալով, խստագույն պահք էր պահում, առավոտյան Պատարագի էր գնում, հիվանդների էր խնամում տեղի հիվանդանոցում, իսկ երեկոյան աղոթում էր տաճարում։ Նման խստակենցաղ վարքի պատճառով նա շուտով հյուծվեց ու հիվանդացավ, և ապաստան գտավ մոտակա Դոմենիկյան մենաստանում։ Այստեղ նա հոգևոր խորը ճգնաժամ ապրեց. սկզբում կասկածներ առաջացան, որ Մոնթսեռռաթում կատարած խոստովանության ժամանակ նա իրոք ու իսկապես չէր զղջացել նախկինում գործած իր բոլոր մեղքերի համար, և կրկին ու կրկին փորձեց հիշել կյանքում գործած իր բոլոր մեղքերը: Որքան ավելի էր հիշում, այնքան ավելի թշվառ ու անարժան էր թվում ինքն իրեն։ Կարծում էր, թե խոստովանությունը չէր օգնել։ Հուսահատությունից ու ասպետական գոռոզամտությունից ծնվող ինքնասպանության միտքը սկսեց սև ամպի նման տարածվել իր հոգում։

Բայց եկավ մի պահ, երբ երկնային շնորհի լուսավորությամբ Իգնատիոսը հասկացավ, թե որտեղի՛ց էին հառաջ գալիս այդ կասկածները և թե ի՛նչ ազդեցություն էին թողնում դրանք իր հոգում, և գիտակցաբար որոշում կայացրեց այլևս չխոստովանել իր անցյալի մեղքերը, քանի որ դրանք արդեն իսկ ջնջվել էին Աստվածային Ողորմության կողմից. «Ես հասկացա, որ դա չար ոգու ազդեցությունն էր»: Դրանից քիչ ժամանակ անց, երբ մի օր աղոթելով քայլում էր Քառդենեռ գետի ափին՝ գնալով դեպի հեռավոր մի եկեղեցի, ճանապարհին նստեց և նայեց ջրի մեջ: «Մտքիս աչքերը սկսեցին բացվել։ Դա տեսիլք չէր, բայց ինձ տրվեց շատ բաների ըմբռնումը՝ և՛ հոգևոր, և՛ հավատքի, և՛ մարդկային գիտությունների, մի այնպիսի՜ պարզությամբ, որ ամեն ինչ ինձ նոր էր թվում։ [...] Բավական է ասել, որ ես հասկացողության մեծ լույս ստացա, ուստի եթե ​​դուք գումարեք իմ կյանքում Աստծուց ստացած ողջ օգնությունը և իմ ձեռքբերած ողջ գիտելիքը, ինձ թվում է, որ այն ավելի քիչ կլինի, քան ես ստացել եմ այդ մեկ դեպքում: Ինձ թվում էր, թե ես ա՛յլ մարդ էի դարձել։ [...] Այդ ամենը տևեց առավելագույնը երեք րոպե»։ 1522-1523 թվականների միջանկյալ ձմեռը, որը նրա համար շատ դժվարին էր եղել, նա անցկացրեց Մանռեսայում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։