Ուխտագնացություն Մոնթսեռռաթ (1522) – Գրադարան – Mashtoz.org

Ուխտագնացություն Մոնթսեռռաթ (1522)

Ինյիգոն երազում էր ուխտագնացության մեկնել Երուսաղեմ, և այդ ցանկությունն իրագործելու համար, հազիվ ոտքի կանգնած, ուխտագնացության մեկնեց դեպի Իսպանիայում գտնվող այն սրբավայրերը, որոնք նվիրված էին Սուրբ Աստվածածնին, հին ասպետների նմանողությամբ՝ իր զենքերն ու զինվորական զգեստները դրեց Բարսելոնայի մերձակա լեռներում գտնվող Մոնթսեռռաթի վանքում պահվող Սուրբ Կույսի հրաշագործ արձանի առաջ։ Ինյիգոն Մոնթսեռռաթ հասավ 1522 թվականի Մարտի 21-ին, և երեք օր շարունակ պատրաստվեց լիակատար խոստովանության։ Մարտի 24-ին (Ավետման տոնին նախորդող օրը) խոստովանվեց, աղքատ մուրացկանի քուրձ հագավ, իր ազնվական հագուստները նվիրեց մի մուրացկանի, և սկսեց «Գիշերային հսկումը» («Գիշերային հսկումը», որ նախորդում է ասպետությանը նվիրվելուն, բաղկացած է լվացումից, խոստովանությունից, Հաղորդությունից, օրհնությունից և սրի հանձնումից): Ամբողջ գիշեր նա կանգնեց մատուռում Սուրբ Կույսի պատկերի դիմաց, երբեմն ծնկի գալով, բայց իրեն թույլ չտալով նստել, իսկ լուսադեմին իր զենքերը՝ սուրն ու դաշույնը հանձնեց խոստովանությունն ընդունող վանականին, խնդրելով դրանք որպես ընծա կախել մատուռում: Այդուհետև նա իրեն համարում էր Երկնքի Թագուհուն նվիրաբերված ասպետ։

Մոնթսեռռաթից ճանապարհը շարունակելով, հաջորդ օրը՝ 1522 թվականի Մարտի 25-ին, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի օրը, մտավ Քաթալոնիայում գտնվող Մանռեսայի վանքը։ Ճանապարհին նա ողջախոհության երդում էր տվել և իր անունը փոխել էր Իգնատիոսի, իրեն որպես Պաշտպան Սուրբ ընտրելով Սբ. Իգնատիոս Անտիոքացուն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։