Ուսման տարիները։ Խնդիրներ Սրբազան Ինքուիզիցիայի հետ։ Բարսելոնա, Ալքալա, Սալամանքա (1526-1528) – Գրադարան – Mashtoz.org

Ուսման տարիները։ Խնդիրներ Սրբազան Ինքուիզիցիայի հետ։ Բարսելոնա, Ալքալա, Սալամանքա (1526-1528)

Իգնատիոսը, քանի որ այլևս որոշում էր կայացրել քահանա ձեռնադրվել, հասկանում է, որ կրոնական լուրջ գիտելիքների ձեռքբերումն անհրաժեշտ է առաքելական աշխատանքի համար։ Ուստի 33 տարեկան հասակում, հաղթահարելով ամոթի զգացումն ու աշակերտների ծաղրը, սկսում է լատիներեն սովորել տարրական դպրոցում, մանկահասակ երեխաների հետ միասին։ Լատիներենի ուսուցիչ Խերոնիմոս Արդէվոլը նրան լրացուցիչ դասեր է տալիս անվճար, բարձր գնահատելով նրա ձգտումն ու նվիրումը, իսկ երկու տարի անց հավաստիացնում է իր աշակերտին, որ նա արդեն բավականաչափ գիտի՝ համալսարանում դասախոսություններ լսելու համար։ Ուստի, 1526 թվականի Մայիսին, Իգնատիոսը ոտքով գնում է Ալքալա (ուր գտնվում էր համալսարանը), որը գտնվում էր Բարսելոնայից 500 կմ հեռավորության վրա (չմոռանանք, որ նա կաղում էր աջ ոտքից և քայլելը բավականին դժվար էր իր համար)։

Ալքալայում, ինչպես և Բարսելոնայում, համալսարանում սովորելուն զուգահեռ, նա երեխաներին Քրիստոնեական կրոնի դասեր էր տալիս և չէր մերժում հոգևոր կյանքի վերաբերյալ խորհուրդներ տալ բոլոր նրանց, ովքեր դիմում էին իրեն: Այդ կապակցությամբ և հաշվի առնելով իր միստիկ մոտեցումները, նրա դեմ մեղադրանքներ են առաջ քաշվում (Ալումբրադոսների հերետիկոսական շարժմանը մասնակցելու կասկածանքով), նա ձերբակալվում է և 42 օր Սրբազան Ինքուիզիցիայի բանտում մնալուց հետո հայտարարվում է անմեղ, բայց միաժամանակ արգելվում է նրան առանց եկեղեցական պատշաճ արտոնության խրատել և քարոզել՝ Եկեղեցուց հեռացման և թագավորությունից հավերժ վտարման սպառնալիքի տակ: Երեք տարի անց արգելքը կարող էր հանվել դատավորի կամ գլխավոր փոխանորդի թույլտվության դեպքում: Թոլեդոյի Արքեպիսկոպոսը Իգնատիոսին խորհուրդ է տալիս չմնալ Ալքալայում և ուսումը շարունակել Սալամանքայում։ Սակայն Սալամանքայում ևս, իր ժամանումից գրեթե անմիջապես հետո, Իգնատիոսին հարցազրույցի են հրավիրում Դոմենիկյան վանք, ուր նրան հարցաքննում են Ալքալայում կատարած Հոգևոր Վարժանքների մասին: Գործն ուղարկվում է եկեղեցական դատարան։ Դատավորները նրա ուսմունքներում հերետիկոսություն չեն գտնում և 22 օր անց նա ազատ է արձակվում։ Դրանից հետո Իգնատիոսը որոշում է հեռանալ Իսպանիայից և մեկնել Փարիզ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։