Փամփլոնայի պաշտպանությունը (1521) – Գրադարան – Mashtoz.org

Փամփլոնայի պաշտպանությունը (1521)

Ջեռմանա Դը Ֆուա թագուհու արքունիքում – ով Ֆրանսիայի Լուի Տասներկուերորդ թագավորի զարմուհին էր և Արագոնայի Ֆեռնանդ Կաթոլիկ թագավորի կինը – Ինյիգոն հնարավորություն ունեցավ ճանաչելու թագավորության բոլոր մեծամեծներին։ Վելասքեցի տանն էր մնացել 11 տարի, մինչև 1517 թվականը վարելով ճոխությունների մեջ անցկացված մի կյանք, նվիրված խրախճանքներին, երաժշտությանը, ասպետական վեպերի ընթերցանությանն ու բանաստեղծություններ գրելուն։ Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ երիտասարդ Ինյիգոն, եղբոր՝ Պեռո Լոպեցի հետ միասին, 1515 թվականին մինչև իսկ դատվում է, մեզ այսօր անհայտ պատճառով։

Ֆեռնանդ թագավորի մահվամբ՝ Վելասքեց ընտանիքի վիճակը կարճ ժամանակում գահավիժում է։ Ջեռմանա թագուհին նոր թագավոր Կառլոս Առաջինից խնդրում է իրեն փոխանցել Առէվալո և Օլմեդո ավանների սեփականությունը, վերցնելով դրանք ֆինանսների նախարար Վելասքեցից, որն էլ իր հերթին, այդ որոշումը գնահատելով որպես իշխանության չարաշահում և իր իրավունքների ոտնահարում, ապարդյուն կերպով ապստամբում է թագավորի դեմ՝ կորցնելով իր բոլոր տիրույթները, ինչպես նաև ողբի մատնվելով իր առաջնեկի՝ Գութիեռի մահվան պատճառով, քաշվեց Մադրիդ, ուր և մահացավ մի քանի ամիս անց, 1517 թվականի Օգոստոսի 12-ին։

Ինյիգոն 26 տարեկան էր, երբ Վելասքեցի տունը թողնելով – մի բան, որը նրան խորապես տրտմեցրել էր, քանի որ ասպետական անկեղծ գորովով ու հավատարմությամբ կապված էր իր դաստիարակին – տեղափոխվեց ու հաստատվեց Նախերայի դուքս և Նավառռայի փոխարքա Անտոնիո Մանռիք Դը Լառայի պալատը Փամփլոնայում, ուր երեք տարի ծառայելու էր որպես զինյալ ասպետ (մեսնադեռո)։ Այդ ժամանակ նա ներկա է գտնվում այն նավի ժամանմանը, որով Իսպանիա է գալիս նոր թագավոր Կառլոս Առաջինը, ապագա կայսր Կառլոս Հինգերորդ Ասբուրգացին, երբ դեռ հազիվ տասնյոթամյա պատանի էր։ Երբ վերջինս մեկնեց Գերմանիա, ուր ստանալու էր կայսերական թագը, իսպանական քաղաքներում տարածվեցին ապստամբական շարժումներ, քանի որ ազնվականությանը և ժողովրդին բարկացրել էր փաստը, որ թագավորն ավելի նախընտրել էր գերմանական գահը, քան թե իսպանականը, իրեն որպես ներկայացուցիչներ թողնել ազգությամբ ֆլամանդրացի պաշտոնյաների, որոնք մեծապես ատելի էին և՛ ազնվականության, և՛ ժողովրդի համար։ Անտոնիո Մանռիքը, հավատարիմ մնալով թագավորին, իր որդիների հետ պատերազմեց ապստամբների դեմ, իր կողքին ունենալով իր որդիներին և Ինյիգոյին, ով նրանց հետ մասնակցեց ապստամբ քաղաք Նախերայի պաշարմանն ու գրավմանը։ Դոն Մանռիքը հավատարիմ Ինյիգոյին վստահեց Գուիպուզքոա նահանգը խաղաղեցնելու հատուկ պաշտոնը, որը նա կատարեց լավագույն կերպով։

Բայց մի շա՜տ ավելի դժվարին պաշտոն էր սպասվում Ինյիգոյին. Փամփլոնա քաղաք-ամրոցը վտանգված էր և շուտով գրավվելու էր։ Քաղաքը գտնվում էր ո՛չ միայն Դոն Մանռիքի հակառակորդների սպառնալիքի տակ, այլ՝ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինն ինքը, ստեղծված իրավիճակից օգտվելով, հարձակում էր ծրագրել Նավառռայի դեմ։ Ամրոցը զուրկ էր պաշտպանող զորագնդից, որովհետև դուքսն իր զորքերը ուղարկել էր թագավորին օգնելու։

Էնռիքո դ'Ալբռեն, ով ցանկանում էր գրավել Նավառռայի գահը և ահռելի օգնություն էր ստացել Ֆրանսուա Առաջինից, ամրոցի վրա խուժեց զորավար Անդրե Դը Ֆուայի հրամանատարությամբ, իր հետ բերելով 12.000 հետևակայիններից, 800 նիզակակիրներից և 29 թնդանոթներից կազմված մի զորք։ Փամփլոնայում մնացել էր ընդամենը 1.000 զինվորից կազմված մի փոքրիկ բանակ, Դոն Պեդռո Դե Բէամոնթեի հրամանատարությամբ, որոնց անսպասելի կերպով օգնության են հասնում Ինյիգոյի և նրա եղբայր Մարտինի գլխավորած զորքերը։ Իրավիճակը, սակայն, խճճվում է ներքին անհամաձայնությունների պատճառով. Մարտինը, ով ուզում էր ինքը գլխավորել զորքերին, հանդիպելով Բէամոնթեի մերժմանը, որոշեց ետ քաշվել՝ այդպիսով թողնելով եղբորը սակավաթիվ զինվորներով։ Մայիսի 19-ին քաղաքն ընկավ թշնամու ձեռքը, մինչ Ինյիգոն և իր հավատարիմները շարունակում էին պաշտպանել Փամփլոնայի վերջին աշտարակը, չընդունելով հանձնվելու պայմանները, որ իրենց առաջարկվել էին զորավար Անդրե Դը Ֆուայի կողմից։ Հաջորդ օրը ֆրանսիացիները գործի դրեցին ծանր հրետանին և ռմբակոծման ժամանակ փլվող պարսպի քարաբեկորներից մեկը հարվածեց Ինյիգոյի աջ ոտքին՝ տարբեր մասերից կոտրելով այն։

Հրամանատարն ու իր զինվորները հանձնվեցին վեց ժամ տևած պաշարումից հետո։ Ֆրանսիացիները, և հատկապես թշնամի զորավարը, ով նախապես արդեն հարգանք էր արտահայտել իր ասպետաբարո հակառակորդի հանդեպ, խնայեց նրա կյանքը և իր իսկ բանակի բժիշկներին հանձնարարեց խնամել նրան, ինչպես որ Իգնատիոսը հետագայում պատմում է իր Ինքնակենսագրության մեջ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։