– Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ (354-430)
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր, և մեր սիրտը հանգիստ չունի, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ»:
Նա, ով գրել է այս խոսքերը, իր կյանքի մի մասն անցկացրել էր՝ փնտրելով երջանկությունը այնտեղ, որտեղ այն չէր կարող գտնել. հաճույքների, հաջողության, համբավի, իր ժամանակի տարբեր փիլիսոփայական ու կրոնական ուսմունքների մեջ: Փնտրել էր, ուսումնասիրել, վիճել, ճանապարհորդել մի վայրից մյուսը՝ առանց կարողանալու գտնել այն ճշմարտությունն ու խաղաղությունը, որոնց իր սիրտը տենչում էր:
Ինչպէ՞ս կարողացավ մի երիտասարդ` այնքան փայլուն, որքան նաև անհանգիստ ու մոլորված, դառնալ Եկեղեցու պատմության մեծագույն սրբերից ու մտածողներից մեկը:
Սա Սուրբ Օգոստինոս Հիպպոնացու պատմությունն է. անհանգիստ սրտով մարդու, ով, երկար որոնումներից հետո, վերջապես հանգիստ գտավ Աստծո մեջ:
Մինչև սկսելը, ասացե՛ք մեզ մեկնաբանություններում, թե ո՛ր քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ այսօր: Մեզ հաճելի է իմանալը, թե մինչև ո՛ւր է հասնում բարեպաշտությունը Սուրբ Օգոստինոսի հանդեպ:
Եվ եթե ձեր սրտում կրում եք մի նպատակ, մի դիտավորություն, մի փնտրտուք, որը կարծես չի ավարտվում, մի դարձ, որին սպասում եք, մի հարազատ մարդ, որի համար աղոթում եք, կամ մի անհանգստություն, որը միայն Աստված կարող է հանդարտեցնել, գրե՜ք այն մեկնաբանություններում, որպես ձեր աղոթքի խնդրանք:
Հավաքե՜նք ի միասին այս բոլոր դիտավորությունները այս մեծ Սրբի հովանու ներքո, քանի որ քչերն են իմացել նրա պես, թե ի՛նչ է նշանակում երկար փնտրելը և, ի վերջո, գտնելը:
Եթե այս պատմությունը դիպչում է ձեր սրտին, մեր հետ մնացե՜ք մինչև վերջ: Ապա կիսվե՜ք ձեր էջերում և տարածեցե՜ք Սուրբ Օգոստինոսի մեծարժեք կենսագրությունը։
 
ԳԼՈՒԽ 1. ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍԻՐՏԸ
 
Կան մարդիկ, որոնց ամբողջ կյանքը մի տևական փնտրտուք է։
Սուրբ Օգոստինոսը նրանցից մեկն էր։
Օժտված լինելով արտասովոր խելքով և հրաբորբոք սրտով, նա շատ տարիներ անցկացրեց փնտրելով երջանկությունն ու ճշմարտությունը՝ քայլելով տարբեր և հաճախ սխալ ճանապարհներով, մինչև որ վերջում գտավ այն, ինչը որ փնտրում էր այնտեղ, ուր երկար ժամանակ չէր ցանկացել նայել. Աստծո մեջ։
Նրա կյանքը այս փնտրտուքի պատմությունն է, երկար ու տանջալից, պսակված` մի հանդիպումով, որն ընդմիշտ փոխելու էր ո՛չ միայն իրեն, այլ նաև` քրիստոնեական մտքի պատմությունը։ Այդ իսկ պատճառով, նրա կերպարը դարերի ընթացքում մխիթարել և առաջնորդել է անթիվ անհամար անհանգիստ հոգիների։
Օգոստինոսն իր ողջ կյանքի իմաստը ամփոփեց մի նախադասության մեջ, որը հռչակավոր դարձավ, գրված` իր ինքնակենսագրության` «Խոստովանություններ» կոչվող գլուխգործոցի հենց սկզբում.
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր, և մեր սիրտը հանգիստ չունի, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ»:
Այս խոսքերի մեջ գտնվում է նրա պատմության բանալին և, որոշ իմաստով, յուրաքանչյուր մարդ էակի բանալին։
Ստեղծվել ենք Աստծո համար, և ստեղծված ոչ մի բան չի կարող վերջնականապես հագեցնել մեր սրտի ցանկությունը։ Միմիայն Նրա մեջ մարդկային սիրտը կարող է գտնել իր ճշմարիտ հանգիստը։
Օգոստինոսը սա անձնական փորձառությամբ զգաց սեփական մաշկի վրա՝ որոնումների ու մտատանջության տարիներից հետո։
Նա նաև քրիստոնեական պատմության մեծագույն մտածողներից մեկը եղավ։ Նրա աշխատությունները, գրված` ավելի քան հազար հինգ հարյուր տարի առաջ, այսօր էլ տակավին շարունակում են ընթերցվել, թարգմանվել, մեկնաբանվել և ուսումնասիրվել ամբողջ աշխարհում:
Նրա «Խոստովանությունները» համարվում են Արևմուտքի առաջին մեծ հոգևոր ինքնակենսագրություններից մեկը, մինչդեռ «Աստծո քաղաքի մասին» վերնագիրը կրող հատորը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանության, փիլիսոփայության և քաղաքական մտքի պատմության վրա։
Եկեղեցին նրան մեծարում է որպես իր մեծագույն Վարդապետներից մեկը, և ավանդությունը նրան վերագրել է Շնորհի Վարդապետ տիտղոսը՝ այն խորության համար, որով նա կարողացել է խոսել Աստծո շնորհի մասին, որն ընդունակ է հասնելու, փրկելու և փոխակերպելու մարդուն:
Բայց, այս ամենը դառնալուց առաջ, Օգոստինոսը մի մեծ մեղավոր էր եղել։
Նա չի թաքցնում դա։ Ընդհակառակը, «Խոստովանություններում» նա զարմանալի անկեղծությամբ պատմում է իր սխալների, կրքերի, պատրանքների և անկումների մասին, որպեսզի է՛լ ավելի պայծառությամբ շողա Աստծո ողորմությունը, որը փնտրել էր իրեն և փրկել։
Եվ հենց սա՛ է նրա մեծության և մեր հետ ունեցած նրա արտասովոր մոտիկության պատճառներից մեկը։
Օգոստինոսը այնպիսի սուրբ չէ, որ սուրբ է ծնվել։ Նա այն մարդն է, որը մոլորվել էր և վերստին գտնվեց. մեղավորը, որին հասավ շնորհը. անառակ որդին, որը, իր երջանկությունը հեռվում փնտրելուց հետո, վերջապես վերագտավ տուն տանող ճանապարհը:
Այդ իսկ պատճառով, նրա պատմությունը շարունակում է հույս տալ բոլոր նրանց, ովքեր իրենց հեռու են զգում Աստծուց:
Մեծ մասն այն ամենից, ինչը մենք գիտենք նրա ներքին կյանքի մասին, նա ինքն է պատմում մեզ իր «Խոստովանություններում», մի անկեղծությամբ, որ մինչ օրս հիացմունք է պատճառում։ Չենք գտնվում, հետևաբար, դարերի ընթացքում ավանդված պատմությունների առաջ, այլ` մի մարդու ուղղակի վկայության առաջ, ով լայնորեն բացել է իր հոգին՝ Աստծուն փառք տալու համար։
Հատկապես այս վկայությանը, այսքա՜ն ազնիվ և խորը, մենք կհետևենք մեր պատմության մեջ, տարբերելով, երբ դա անհրաժեշտ կլինի, այն, ինչը որ Օգոստինոսն ինքն է պատմում մեզ, այն բաներից, որոնք ավելացվել են հետագա ավանդության կողմից: Որովհետև Սրբին պատվելու լավագույն միջոցը նրա կյանքը ճշմարտությամբ պատմելն է նաև:
Նրա ծիսական տոնը կատարվում է Օգոստոսի 28-ին, նրա մոր՝ Սրբուհի Մոնիկայի տոնից մեկ օր հետո, որի հիշատակությունը կատարվում է Օգոստոսի 27-ին։
Տպավորիչ է տեսնել նրանց այսքա՜ն մոտիկ` նաև օրացույցի վրա. նախ մայրը, որը ծնեց նրան երկրային կյանքի համար, և որը, աղոթքի ու արցունքների տարիների միջոցով, ուղեկցեց նրան դեպի հավատքի նոր կյանքը. ապա որդին՝ այդ արցունքների պտուղը, որ սահմանված էր դառնալու Եկեղեցու մեծագույն լուսատուներից մեկը։
Բայց նրա պատմությունն իսկապես հասկանալու համար` պետք է վերադառնանք սկզբին՝ հռոմեական Աֆրիկայի այն քաղաքը, որտեղ ամեն ինչ սկսվեց:
 
ԳԼՈՒԽ 2. ԹԱԳԱՍՏԻ ՄԱՆՈՒԿԸ
 
Օգոստինոսը ծնվել է 354 թվականի Նոյեմբերի 13-ին Թագաստում, որը Հյուսիսային Աֆրիկայի քաղաքներից մեկն էր, մի տարածաշրջանում, որն այսօր պատկանում է Ալժիրին, իսկ այն ժամանակ մաս էր կազմում Հռոմեական Կայսրությանը։
Նրա մայրը Մոնիկան էր, մի բարեպաշտ քրիստոնյա կին: Նրա հայրը՝ Պատրիկը, մինչդեռ, տակավին հեթանոս էր. դժվարին և երբեմն բռնկուն բնավորությամբ մի մարդ, որը միայն կյանքի վերջում էր դարձի գալու քրիստոնեության։
Այդ տանը, որտեղ քրիստոնեական հավատքը դեռևս բոլորինը չէր, մեծացավ Օգոստինոսը. մի տղա, որի վրա ընտանիքը մեծ հույսեր էր դնում:
Մանկուց արդեն նա մի արտասովոր խելք էր դրսևորում։ Ծնողները, տեսնելով նրա տաղանդը, զգալի զոհաբերություններ կատարեցին՝ նրան լավ կրթության հնարավորություն ընծայելու և ուսումը շարունակել տալու համար, նախ Թագաստում, ապա Մադաուրայում և ի վերջո Կարթագինեսում։
Փայլուն ապագա էին երազում այդքա՜ն ընդունակ տղայի համար:
Մոնիկան, սակայն, ամենից շատ ցանկանում էր տեսնել, թե ինչպե՛ս է նա լավ քրիստոնյա դառնում: Օգոստինոսին չմկրտեցին մանուկ հասակում: Այն ժամանակ, իրոք, հազվադեպ չէր, որ Մկրտությունը հետաձգվում էր նույնիսկ շատ տարիներով, երբեմն մինչև հասուն տարիք: Եվ սակայն, նրա մայրը նրա սրտի մեջ խորապես դրոշմել էր Քրիստոսի Անունը:
Օգոստինոսն ինքը հիշելու էր, որ ստացել էր այդ Անունը ամենամատղաշ տարիքից սկսած, գրեթե մայրական կաթի հետ միասին: Նույնիսկ այն տարիներին, երբ նա հեռանալու էր Եկեղեցու հավատքից, Քրիստոսի Անունը խորհրդավոր կերպով արմատացած էր մնալու իր հոգու խորքում։
Բայց Օգոստինոսը բնավ չի իդեալականացնում իր մանկությունը։
«Խոստովանություններ»ում նա առանց թաքցնելու պատմում է, որ, գրեթե բոլոր երեխաների նման, շատ չի սիրել պարտադրված ուսումները, տարված է եղել խաղերով ու բեմականացումներով, և ընդունակ է եղել նույնիսկ սուտ խոսելու, միայն թե ստանար այն, ինչ ցանկանում էր, կամ խուսափեր պատիժներից։
Նա վերհիշում է մանկության տկարություններն ու չարաճճիությունները մի հայացքով, որը միաժամանակ խիստ է և խորապես մարդկային։
Նա երեխային չի դիտում որպես կատարյալ էակի, այլ` նրա մեջ արդեն նշմարում է այն կրքերը, ցանկությունները և սեփական անձի հանդեպ այն անկարգ սերը, որոնք ուղեկցելու են մարդ էակին նաև հասուն տարիքում:
Կա հատկապես մի դրվագ իր պատանեկությունից, որն Օգոստինոսը մանրամասն վերլուծում է «Խոստովանություններ»ում, և որը հանրահայտ էր դառնալու Եկեղեցու պատմության մեջ. տանձերի գողությունը:
Մոտ տասնվեց տարեկան էր, երբ մի գիշեր, մի քանի ընկերների հետ միասին, մեծ քանակությամբ տանձեր գողացավ մի այգուց: Նա դա չարեց, որովհետև սոված էր։ Եվ ո՛չ էլ այն պատճառով, որ այդ պտուղները հատուկ կերպով գեղեցիկ էին կամ լավը։
Դրանք գողանալուց հետո, իրոք, տղաները գուցեև կերան դրանցից մի քանիսը, բայց մեծ մասը նետեցին խոզերի դիմաց։
Ինչո՞ւ, ուրեմն, գողացան:
Այդ հարցը հանգիստ չէր տալու Օգոստինոսին շատ տարիներ անց:
Վերհիշելով այդ երևութապես աննշան դրվագը՝ նա նկատեց, որ ինքն այնքան էլ չէր ցանկացել տանձը, որքան հե՛նց գողությունը։ Նա հաճույք էր զգացել անելուց այն, ինչը որ արգելված էր, և այդ հաճույքը դարձել էր է՛լ ավելի ուժեղ` ընկերների ներկայության և հանցակցության շնորհիվ:
Օգոստինոսը մինչև իսկ հասնում է նրան, որ հարցնում է, թե արդյոք կգործեր՞ նույն արարքը մենակ: Հավանաբար` ո՛չ:
Այդ փոքրիկ դրվագում սկսեց այսպես ուրվագծվել մի խորհրդավոր բան մարդկային հոգու մասին. չարը կարող է տարօրինակ ձգողություն գործադրել հե՛նց այն պատճառով, որ արգելված է, և ուրիշների ընկերակցությունը կարող է մեզ քարշ տալ անելու այն, ինչը որ մենակ գուցե երբեք չէինք անի:
«Ես սիրում էի իմ կործանումը», հասնելու էր ասելու՝ վերհիշելով այդ գիշերը:
Խնդիրը, հետևաբար, տանձերը չէին։ Բուն խնդիրը սիրտն էր։
Օգոստինոսը հետահայաց կերպով հայտնաբերում էր իր մեջ մի ազատություն, որը, դեպի բարին ուղղվելու փոխարեն, կարող էր աղավաղվել մինչև սեփական անձի կեղծ հաստատում փնտրելը օրինազանցության մեջ: Մարդը, որն արարվել է իր մեծությունը Աստծո մեջ գտնելու համար, կարող է պարադոքսալ կերպով հասնել նրան, որ այն փնտրի հե՛նց Նրանից հեռանալու մեջ:
Զարմանալի է, որ հին դարերի մեծագույն մտածողներից մեկը հիշարժան էջեր է նվիրել մի քանի տանձերի գողությանը: Եվ սակայն, հե՛նց այստեղ է դրսևորվում նրա հանճարի հիմնարար հատկանիշը. Օգոստինոսը գիտի մեկնել առօրյա կյանքի շատ փոքր դեպքերից՝ իջնելու համար մարդկային սրտի խորքերը։
Նրան չի հետաքրքրում պարզապես խոստովանելը. «Տղա հասակում տանձ եմ գողացել»: Նա ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ է գողացել դրանք:
Ի՞նչ է կատարվում մեր ներսում, երբ ընտրում ենք մի բան, որը գիտենք, որ սխալ է։ Ինչո՞ւ ենք երբեմն ցանկանում հե՛նց այն, ինչը որ վնասում է մեզ: Որքա՞ն կարող է ազդել ուրիշների ներկայությունը մեր որոշումների վրա: Եվ ի՞նչ ենք մենք իրականում փնտրում, երբ օրինազանց ենք լինում:
Հարցեր են, որ ծնվել են տանձենու առջև, բայց որ վերաբերվում են մարդկային ողջ վիճակին:
Այն ամենից, ինչ կատարվում է մարդու սրտում, ոչինչ չէր թվում չափազանց փոքր Օգոստինոսի համար, որպեսզի չդառնար ճշմարտության որոնման առիթ։
Այսպես, մեծ պարգևաշնորհների, հավակնությունների և առաջին անկումների միջև մեծացավ երիտասարդ Օգոստինոսը:
Թագաստում առաջին կազմավորումից և հարևան Մադաուրայում ուսումից հետո` եկավ վճռական քայլ կատարելու պահը։ Ընտանիքի զոհաբերությունների և նաև Ռոմանիանուսի՝ մի հարուստ հայրենակցի և ընտանեկան ընկերոջ ֆինանսական օգնության շնորհիվ, որը ճանաչել էր նրա տաղանդը, Օգոստինոսը կարողացավ մեկնել Կարթագինես՝ հռոմեական Աֆրիկայի այդ մեծ մայրաքաղաքը, կատարելագործելու հռետորության իր ուսումը:
Եվ հե՛նց Կարթագինեսում, ընտանիքից հեռու և մեծ քաղաքի բուռն կյանքի մեջ սուզված, երիտասարդ Օգոստինոսը կրքոտ սրտով նետվելու էր սիրո, հաջողության և հաճույքների որոնման մեջ:
Այդպես սկսվում էր նրա կյանքի ամենաանհանգիստ շրջաններից մեկը:
Բայց մինչև այդ շրջանին անցնելը, պետք է անդրադառնանք երիտասարդ Օգոստինոսի մասին իր իսկ կողմից թողնված ամենահմայիչ էջերից մեկին. ընկերությանը, ընկերական սիրույն և ընկերոջ մահվան պատճառած վիթխարի տառապանքին:
 
ԳԼՈՒԽ 3. ԸՆԿԵՐՈՋ ՄԱՀԸ. ԵՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԻՐՈ ՑԱՎԸ
 
Օգոստինոսը քսան տարեկանից փոքր ինչ ավելի էր։
Վերադարձել էր Թագաստ՝ իր ծննդավայրը, և սկսել էր հռետորություն դասավանդել։ Փայլուն, խելացի, հավակնոտ երիտասարդ էր, ով ցանկանում էր հաստատվել մշակույթի և ուսուցման աշխարհում։
Բայց նա նաև անհանգիստ երիտասարդ էր։
Նա արդեն հարել էր մանիքեականության ուսուցումներին՝ համոզված լինելով, որ վերջապես գտել է գոյության մեծ հարցերի բանական (ռացիոնալ) բացատրությունը. չարի ծագումը, մարդու ճակատագիրը, լույսի և խավարի միջև հակամարտությունը։
Նա չէր պատկերացնում, որ հե՛նց այդ տարիներին ապրելու էր մի փորձառություն, որը սահմանված էր խորապես դրոշմվելու իր սրտում։
Մի փորձառություն, որը ո՛չ մի փիլիսոփայության գիրք չէր կարող բացատրել իրեն։
Ընկերոջ կորուստը։
 
Թագաստում Օգոստինոսը վերագտավ մի երիտասարդի, որին ճանաչում էր դեռ մանկուց։
Նրանք միասին էին մեծացել, նույն դպրոցներն էին հաճախել, կիսել խաղեր, զրույցներ և երազանքներ։
Այժմ, երբ մեծացել էին, նրանց ընկերությունը զգալիորեն ավելի խորացավ։
Օգոստինոսը պատմում է, որ այդ ընկերը չափազանց թանկ էր իրեն, քանի որ նրանք կիսում էին նույն հետաքրքրությունները և կյանքի միևնույն տեսլականը։
Նա ևս, Օգոստինոսի ազդեցության տակ, մոտեցել էր մանիքեական ուսմունքներին՝ հեռանալով քրիստոնեական հավատքից, որի մեջ դաստիարակվել էր։
Նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին։
Բանավիճում էին, ուսումնասիրում, միմյանց վստահում սեփական մտքերը։
Ընկերությունը դարձել էր ամենօրյա, գրեթե անփոխարինելի ներկայություն։
Շատ տարիներ անց, երբ Օգոստինոսը գրելու էր իր «Խոստովանություններ»ը, նա հիշելու էր այդ կապը արտասովոր քնքշանքով լի խոսքերով։
Նա մեզ չի ավանդել այդ ընկերոջ անունը։
Այնուամենայնիվ, նրա պատմության միջոցով մենք կարող ենք հասկանալ, թե որքա՜ն խորապես էր նրան սիրել։
Կան մարդիկ, ովքեր մտնում են մեր կյանք՝ առանց աղմուկ հանելու, բայց վերջում զբաղեցնում են մի անծայրածիր տարածք։
Մարդիկ, որոնց հետ մենք կարիք չունենք ամեն ինչ բացատրելու, քանի որ նրանք կարծես հասկանում են մեզ նույնիսկ նախքան խոսելը։
Մարդիկ, որոնց ներկայությունը դառնում է մեր իսկ գոյության մի մասը։ Օգոստինոսի համար այդ ընկերը այդպիսի մարդկանցից մեկն էր։
 
Բայց մի օր մի անսպասելի բան պատահեց։
Ընկերը ծանր հիվանդացավ։
Բուռն տենդը բռնեց նրան՝ զրկելով գիտակցությունից։
Հիվանդությունը կարծես արագորեն տանում էր նրան դեպի մահ։
Այդ վիճակում, մինչ նա անգիտակից էր, նրան շնորհվեց քրիստոնեական Մկրտությունը։
Օգոստինոսը, ով այն ժամանակ թերահավատությամբ էր նայում Ընդհանրական Եկեղեցուն և նրա Խորհուրդներին, որևէ հատուկ նշանակություն չտվեց այդ արարքին։
Նա համոզված էր, որ ընկերը, երբ առողջանա, կշարունակի կիսել իր կրոնական համոզմունքները։
Եվ իրոք, հակառակ ամեն ակնկալիքի, երիտասարդը վերագտավ գիտակցությունը։
Օգոստինոսը վերջապես կարողացավ խոսել նրա հետ։
Գուցե թեթևացած՝ տեսնելով նրա ապաքինումը, գուցե ցանկանալով վերսկսել սովորական մտերմությունը, նա սկսեց կատակել այն Մկրտության մասին, որը շնորհվել էր նրան անգիտակից վիճակում։
Բայց մի բան պատահեց, որին Օգոստինոսը չէր սպասում։
Ընկերը չծիծաղեց։
Ընդհակառակը, նա մեծ լրջությամբ նայեց նրան և հասկացրեց, որ այլևս չի ցանկանում Մկրտության մասին այդպիսի ոճի խոսակցություն լսել։
Եթե Օգոստինոսը ցանկանում էր շարունակել լինել նրա ընկերը, պետք է հարգեր այն, ինչը որ ինքը ստացել էր։
Օգոստինոսը զարմացավ։
Այդ պատասխանի մեջ նա այլևս չէր ճանաչում իր կրոնական վեճերի ընկերոջը։
Կարծես թե ինչ որ բան էր փոխվել ընկերոջ սրտում։
Եվ այնուամենայնիվ, չպնդեց։
Մտածեց, որ երբ նա լիովին առողջանա, իրենք բավականաչափ ժամանակ կունենան իրենց զրույցները վերսկսելու համար։
Բայց այդ ժամանակը երբեք չէր գալու։
 
Մի քանի օր անց տենդը վերադարձավ։
Հիվանդությունը կրկին իր ձեռքը վերցրեց ղեկը։
Եվ ընկերը մահացավ։
Նա քսան տարեկանից մի փոքր էր ավելի։
Նոր սկսված կյանքը հանկարծակիորեն ավարտվել էր։
Օգոստինոսը հայտնվեց մի իրականության առջև, որը մինչ այդ ճանաչել էր հիմնականում ուրիշների խոսքերի միջոցով։
Մահը։
Ո՛չ թե մահը որպես փիլիսոփայական մտորումների առարկա։
Ո՛չ թե մահը որպես քննարկման ենթակա խնդիր։
Այլ՝ սիրելի մարդու մահը։
Մահը մեկի, ով մինչև մի քանի օր առաջ խոսում էր, ժպտում, մտածում և ապագայի ծրագրեր էր կազմում նրա հետ միասին։
Մեկի, ով կարծես վիճակված էր միշտ նրա կողքին լինելու։
Եվ ով հանկարծակի կերպով այլևս չկար։
Ցավը կործանարար եղավ։
«Խոստովանություններ»ում Օգոստինոսը գրելու էր. «Սիրտս մթագնել էր վշտից, և ո՛ւր էլ որ նայեի, տեսնում էի մահը»։
Այլևս ո՛չ մի բանի մեջ մխիթարություն չէր գտնում։
Ամեն ինչ, որը նախկինում հարազատ էր թվում իրեն, այժմ օտար էր երևում։
Իր քաղաքն անտանելի էր դարձել իր համար։
Հայրական տունը ապերջանկության վայր էր թվում իրեն։
Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր անկյուն, ընկերոջ հետ հաճախած յուրաքանչյուր վայր նրան հիշեցնում էր նրա բացակայությունը։
 
Օգոստինոսն անընդհատ փնտրում էր մեկին, ում այլևս չէր կարող գտնել։
Աշխարհը նույնն էր մնացել։
Մարդիկ շարունակում էին ապրել։
Արևը շարունակում էր ծագել։
Առօրյա կյանքը շարունակվում էր ինչպես միշտ։
Բայց իր համար ամեն ինչ փոխվել էր։
Եվ այն, ինչը որ ամենից շատ էր ցնցում նրան, հե՛նց սա էր. որ աշխարհը կարող էր շարունակել գոյություն ունենալ նաև առանց իր ընկերոջ։
Օգոստինոսը սեփական ցավը նկարագրում է ցնցող անկեղծությամբ։
Պատմում է, որ անընդհատ լաց էր լինում։
Արցունքները դարձել էին նրա միակ մխիթարությունը։
Որևէ ա՛յլ բան դատարկ էր թվում իրեն։
Եվ խոստովանում է մի զգացմունք, որը գուցե կարող է հասկանալ ամեն ոք, ով կորցրել է խորապես սիրելի մի մարդու։
Գրում է.
«Զարմանում էի, որ մյուս մահկանացուները դեռ ապրում էին, երբ մահացել էր նա, ում սիրել էի այնպես, կարծես երբեք չէր մեռնելու»։
Սա արտակարգ արտահայտություն է։
Օգոստինոսը չի կարողանում ընդունել, որ կյանքը շարունակվում է։
Դա գրեթե անարդարություն է թվում իրեն։
Ինչպե՞ս կարող են մյուսները ծիծաղել, խոսել, աշխատել, ծրագրեր կազմել։
Ինչպե՞ս կարող է աշխարհն առաջ գնալ, երբ այդքա՜ն կարևոր մի մարդ անհետացել է։
Բայց կա մի ա՛յլ խոստովանություն ևս, է՛լ ավելի խորը։
 
Օգոստինոսը պատմում է, որ ընկերն այնքա՜ն թանկ էր դարձել իր համար, որ նրան զգում էր որպես իր անձի մի մասը։
Հիշում է հայտնի ասացվածքն այն մասին, որ ընկերը սեփական հոգու կեսն է։
Եվ խոստովանում է, որ նրա մահից հետո ինքն այնպիսի զգացողություն ուներ, թե ապրում է միայն կիսով չափ։
Բայց միևնույն ժամանակ վախենում էր մեռնելուց։
Եվ այս վախը գրեթե հակասական էր թվում իրեն։
Որովհետև ինչո՞ւ պիտի վախենար մահից, եթե առանց ընկերոջ ապրելն այդքա՜ն ցավալի էր դարձել իր համար։
Այն պատասխանը, որ ինքն է նկատում, հուզիչ է։
Գուցե վախենում էր մեռնելուց, որովհետև ինքն էլ մեռնելով՝ վերջնականապես կանհետանար այն ամենը, ինչ մնացել էր այդ ընկերությունից։
Կարծես թե իր կյանքն այլևս վերջին վայրն էր, որտեղ ընկերը շարունակում էր գոյություն ունենալ։
Օգոստինոսը մարդ էր կորցրել։
Բայց զգում էր, որ կորցրել է նաև իր անձի մի մասը։
Ցավը նրան ներքին խորագույն ճգնաժամի հանգեցրեց։
Օգոստինոսն այլևս չէր կարողանում հասկանալ ինքն իրեն։
Հարցնում էր, թե ինչո՞ւ է այդքա՜ն տառապում։
Ինչո՞ւ խաղաղություն չի գտնում։
Ինչո՞ւ է սիրտը շարունակում փնտրել այն, ինչը որ գիտեր, որ կորցրել էր։
Եվ գրում է «Խոստովանություններ»ի ամենահայտնի արտահայտություններից մեկը.
«Ես ինքս իմ համար դարձել էի մի մեծ խնդիր»։
Սա մի արտահայտություն է, որը բացահայտում է փորձառության ամբողջ խորությունը։
Մինչ այդ, Օգոստինոսը պատասխաններ էր փնտրել աշխարհի մեծ խնդիրների համար։
Սովորել էր, քննարկել, դատել։
Փորձել էր հասկանալ չարի ծագումը, հոգու բնույթը, գոյության իմաստը։
Բայց այժմ խնդիրը դարձել էր հե՛նց ինքը։
Չէր կարողանում բացատրել սեփական սիրտը։
Չէր կարողանում հրամայել նրան դադարել տառապելուց։
Չէր կարողանում ազատվել ընկերոջ հիշատակից։
Եվ հատկապես, չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ սերը, որն այսքա՜ն երջանկություն էր բերել իրեն, հանկարծակիորեն դարձել էր այդքա՜ն մեծ տառապանքի պատճառ։
 
Ի վերջո, Օգոստինոսն այլևս չկարողացավ հանդուրժել՝ մնալ իր քաղաքում։
Թագաստը դարձել էր ցավալի հուշերով լի վայր։
Ամեն ինչ պատմում էր նրան ընկերոջ մասին։
Բայց ընկերն այլևս չէր կարող պատասխանել իրեն։
Այդ պատճառով նա որոշեց հեռանալ։
Թողեց Թագաստը և տեղափոխվեց Կարթագինես։
Հույսն ուներ, թե հեռավորությունը կարող էր մեղմել ցավը։
Թե նոր վայրերը, նոր մարդիկ և նոր զբաղմունքները կարող էին վերադարձնել իրեն մի փոքր հանդարտություն։
Եվ մասամբ այդպես էլ եղավ։
Ժամանակը սկսեց դանդաղորեն բուժել վերքը։
Կարթագինեսում Օգոստինոսը գտավ ուրիշ ընկերներ, ուրիշ զրույցներ, ուրիշ կապեր։
Կյանքը նորից սկսեց հոսել։
Բայց այդ կորուստը չմոռացվեց։
Շատ տարիներ անց, երբ նա Աստծո առաջ պատմելու էր սեփական երիտասարդության մասին, Օգոստինոսն այդ ընկերոջը նվիրելու էր իր ողջ ստեղծագործության ամենաազդեցիկ էջերից մի քանիսը։
Նշան, որ հիշողությունը մնացել էր կենդանի։
Ցավն այլևս չուներ նույն բռնությունը։
Բայց սերը չէր անհետացել։
 
Ի՞նչ էր բացահայտել Օգոստինոսը։
Երբ Օգոստինոսը գրում է «Խոստովանություններ»ը, այլևս հուսահատությամբ համակված քսանամյա երիտասարդը չէ։
Հասուն տղամարդ է։
Եպիսկոպոս է։
Ճանաչել է դարձը, աղոթքը, Աստծո շնորհը։
Երկար տարիներ խորհրդածել է մարդկային սիրո խորհրդի շուրջ։
Եվ այժմ, հետ նայելով, հասկանում է մի բան, որն այն ժամանակ ընդունակ չէր եղել հասկանալու։
Նրա սխալն այն չէր եղել, որ չափից շատ էր սիրել ընկերոջը։
Ընկերությունը թանկարժեք պարգև է։
Այն մարդուն տրված ամենագեղեցիկ բարիքներից մեկն է։
Բայց Օգոստինոսը սիրել էր մահկանացու մարդուն այնպես, կարծես նա չէր կարող մեռնել։
Նա արարածի մեջ փնտրել էր այն բացարձակ ապահովությունը, որը ո՛չ մի արարած չի կարող երաշխավորել։
Նա ընկերոջը դարձրել էր գրեթե սեփական երջանկության հիմքը։
Եվ երբ այդ հիմքը խարխլվել էր, նրա ողջ կյանքը կարծես փլուզվել էր։
«Խոստովանություններ»ում նա գրելու էր.
«Երջանիկ է նա, ով սիրում է Քեզ, և ընկերոջը՝ Քո մեջ, և թշնամուն՝ Քո անունով»։
Եվ հավելում է, որ միայն նա, ով բոլորին սիրում է Աստծո մեջ, վերջնականապես չի կորցնում սիրելի մարդկանց։
Ո՛չ թե՝ որ մահը դադարում է ցավալի լինելուց։
Ո՛չ թե՝ որ բաժանումն այլևս տառապանք չի պատճառում։
Այլ՝ որովհետև սերը, երբ վստահված է Աստծուն, չի մնում երկրային կյանքի սահմանների գերին։
Այն, ինչը մահկանացու է, չի կարող խոստանալ, թե կտևի հավերժ։
Բայց Աստված կարող է հավերժորեն պահպանել այն, ինչը որ մենք չենք կարող պահել։
 
Եվ այստեղ կարող ենք ըմբռնել մի խորապես մխիթարական բան։
Օգոստինոսը երբեք չի ուրացել այդ ընկերությունը։
Նա չի ջնջել ընկերոջը սեփական հիշողությունից։
Նա անօգուտ չի համարել միասին անցկացրած ժամանակը։
Ընդհակառակը, հե՛նց պատմելով այդ ցավի մասին՝ նա պատմությանն է հանձնել արտասովոր ուժգնությամբ սիրո վկայությունը։
Եվ գուցե սա ամբողջ պատմության ամենագեղեցիկ կողմերից մեկն է։
Մենք չգիտենք այդ երիտասարդի անունը։
Մենք գրեթե ոչինչ չգիտենք նրա ընտանիքի մասին։
Մենք չգիտենք նրա դեմքը։
Մենք չգիտենք, թե ի՛նչ երազանքներ ուներ նա ապագայի համար։
Մենք միայն գիտենք, որ նա խորապես սիրված էր Օգոստինոսի կողմից։
Եվ որ նրա մահն այնքա՜ն մեծ վերք թողեց, որ տակավին հիշվում է շա՜տ տարիներ անց։
Անցել է ավելի քան տասնվեց դար։
Եվ սակայն, դեռևս այսօր, կարդալով «Խոստովանություններ»ը, մենք կարող ենք հուզվել այդ անհայտ երիտասարդի համար։
Նրա կյանքը կարճատև եղավ։
Բայց աննշան չեղավ։
Որովհետև անջնջելի հետք թողեց քրիստոնեական պատմության մեծագույն այրերից մեկի սրտում։
 
Կա մի վերջին մանրամասնություն, որի վրա արժե կանգ առնել։
Օգոստինոսի ընկերը մահացավ Մկրտությունը ստանալուց հետո։
Եվ Օգոստինոսը, ով այն ժամանակ ծաղրել էր այդ Խորհուրդը, շատ տարիներ անց հիշելու էր, գնահատելով, այն լրջությունը, որով ընկերը պաշտպանել էր Մկրտությունը։
Դժվար է այս դրվագի մեջ չտեսնել խորապես իմաստալից մի բան։
Երիտասարդ Օգոստինոսը, համոզված լինելով, որ գտել է ճշմարտությունը մանիքեականության մեջ, փորձել էր հեռացնել ընկերոջը Ընդհանրական Եկեղեցու հավատքից։
Բայց հե՛նց այդ ընկերը, մահանալուց քիչ առաջ, խնդրել էր իրեն հարգել քրիստոնեական Մկրտությունը։
Գրեթե վերջին ուղերձ։
Մի ուղերձ, որն Օգոստինոսը այդ պահին դեռևս պատրաստ չէր հասկանալու։
Մենք չգիտենք, թե արդյոք հետագա տարիներին նա հաճա՞խ էր վերհիշում այդ խոսքերը։
Մենք չգիտենք, թե արդյոք դարձից հետո նա աղոթե՞լ է ընկերոջ համար։
«Խոստովանություններ»ը մեզ դրա մասին չեն պատմում։
Բայց մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի՜ հուզմունքով է Օգոստինոսը, դառնալով քրիստոնյա, ապա Եպիսկոպոս, վերհիշել այն երիտասարդին, ով իր առջև պաշտպանել էր սեփական Մկրտությունը։
Ընկերը մահացել էր։
Բայց հավատքի նրա վերջին արարքը պահպանվել էր Օգոստինոսի հիշողության մեջ։
Եվ գուցե, երբ Օգոստինոսը վերջապես հասկացավ, թե ի՛նչ է նշանակում պատկանել Քրիստոսին, այդ հիշողությունը նոր լույս ստացավ։
Մահն ընդհատել էր նրանց ընկերությունը երկրի վրա։
Բայց քրիստոնեական հավատքն այլևս հայտարարում էր Օգոստինոսին մի հույս, որը քսան տարեկանում նա դեռևս լիովին չէր ճանաչել։
Այն հույսը, որ նրանք, ովքեր սիրել են միմյանց, պարտադիր չէ, որ հավերժ բաժանված մնան։
Որ Աստված չի կործանում այն, ինչը որ սերը կառուցել է։
Որ Քրիստոսի Հարությունը նաև մարդկային ընկերությունների առաջ բացում է մահից մեծ մի հորիզոն։
Եվ որ մի օր, հավիտենական կյանքում, կարող է վերադարձվել այն, ինչը որ երկրի վրա անդառնալիորեն կորած էր թվում։
Որովհետև իսկական սերը չի գտնում իր կատարումը մահվան մեջ, այլ՝ Աստծո մեջ, Ով Սեր է և Հավիտենական Կյանք։
Եվ գուցե նաև սրա համար Օգոստինոսը շատ տարիներ անց «Խոստովանություններ»ում գրելու էր այն արտահայտությունը, որը կարծես ամփոփում է նրա ողջ մարդկային և հոգևոր փորձառությունը.
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր, և մեր սիրտն անհանգիստ է, քանի դեռ հանգիստ չի գտել Քո մեջ»։
 
ԳԼՈՒԽ 4. ՀԱՃՈՒՅՔԻ ԵՎ ՀԱՄԲԱՎԻ ԾԱՐԱՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
 
Կարթագինեսը մեծ, հարուստ և աշխույժ քաղաք էր, հռոմեական Աֆրիկայի գլխավոր մայրաքաղաքներից մեկը. գրավչություններով, թատերական ներկայացումներով, մշակույթով, ինչպես նաև գայթակղություններով լի` մոտ տասնյոթ տարեկան, խելացի, հավակնոտ և կյանքի ծարավով տոչորվող երիտասարդի համար:
Այնտեղ Օգոստինոսը, արդեն ընտանիքից հեռու, թույլ տվեց, որ իրեն ամբողջ ուժով քշեր տաներ իր կրքոտ բնավորությունը:
Նա ինքն է դրա մասին պատմում «Խոստովանություններ»ում, հայտնի դարձած խոսքերով. հասնելով Կարթագինես, նա իրեն սուզված գտավ մի տեսակ «մեղսավոր սերերի կաթսայի մեջ»:
Օգոստինոսն ամենից շատ ցանկանում էր սիրել և սիրված լինել: Բայց այդ խորը ցանկությունը, որն ինքնըստինքյան բարի իրականություն էր, խառնվում էր կրքի, զգայապաշտության և հաճույքի խելագար որոնման հետ:
Հենց Կարթագինեսում էր, որ ծանոթացավ մի աղջկա հետ, որի անունը, զարմանալիորեն, մեզ չի փոխանցել, գրեթե խանդով պահել է միայն իր համար:
Նրա հետ սկիզբ տվեց մի հարաբերության, որը տևելու էր շատ տարիներ: Նրանք ամուսնացած չէին հռոմեական իրավունքի համաձայն, բայց նրանց միությունը կայուն էր և տևեց մոտ տասնհինգ տարի: Այդ հարաբերությունից, երբ Օգոստինոսը հազիվ տասնութ տարեկան էր, ծնվեց մի որդի, որին տրվեց մի շատ գեղեցիկ անուն՝ Ադեոդատուս, այսինքն՝ Աստվածատուր, «Աստծուց տրված»:
Այդ կինը Օգոստինոսի հետ կիսելու էր իր երիտասարդության մի կարևոր մասը: Նրանց հարաբերությունը, թեև անկանոն էր` քրիստոնեական բարոյականության համաձայն, այդուհանդերձ` չի կարող պարզունակ կերպով կրճատվել, արժեզրկվել և ընկալվել որպես անցողիկ արկած: Նրանց միջև գոյություն ուներ իրական և խորը կապ, ինչպես շատ տարիներ անց ցույց էր տալու բաժանման ցավը:
Եվ Ադեոդատուսն էլ իր հերթին հատուկ տեղ էր ունենալու իր հոր սրտում:
Օգոստինոսը ապշած էր տղայի արտասովոր խելքով: Ադեոդատուսը հետևելու էր հորը դեպի հավատք տանող ճանապարհին և մկրտվելու էր նրա հետ միասին` Միլանում, 387 թվականի Զատկի գիշերը: Բայց մահանալու էր շատ երիտասարդ՝ Օգոստինոսի սրտում թողնելով բացառիկ շնորհներով օժտված որդու հիշատակը:
Երիտասարդ Օգոստինոսի կյանքում, սակայն, միայն սերը և հաճույքը չէ, որ առկա էին:
Առկա էր նաև մի սաստիկ հավակնություն, փառասիրական մղում:
Արտասովոր կերպով օժտված լինելով գրական ուսումներով և խոսքի արվեստով՝ Օգոստինոսը ցանկանում էր աչքի ընկնել: Հռետորությունը հռոմեական աշխարհում պարզապես լավ խոսելու արվեստը չէր. այն հեղինակության, առաջխաղացման և հանրային հաջողության հասնելու հիմնական ուղիներից մեկն էր:
Օգոստինոսը ցանկանում էր դառնալ ինչ որ մեկը:
Ավարտելով ուսումը Կարթագինեսում, նա սկսեց հռետորություն դասավանդել: Սկզբում կարճ ժամանակով դասավանդեց իր ծննդավայր Թագաստում, իսկ այնուհետև վերադարձավ Կարթագինես, որտեղ մնաց մի քանի տարի:
Փայլուն էր, կիրթ, հավակնոտ:
Փնտրում էր հաջողություն, ճանաչում, պատիվներ և այլոց հիացմունքը:
Եվ սակայն, ինչ որ մի բան շարունակում էր պակասել իրեն:
Նա վազում էր երջանկության հետևից, բայց այն փնտրում էր այնպիսի իրականություններում, որոնք անկարող էին մինչև խորքը հագեցնելու իր սիրտը: Մարդկային սերը բավական չէր։ Հաճույքը բավական չէր։ Հաջողությունը բավական չէր։ Մշակույթը բավական չէր։
Սիրտն անհանգիստ էր մնում:
Այս անհանգստությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի էր սաստկանալու:
Օգոստինոսը սկսում էր իսկապես հասկանալ, որ Աստծուն ճշմարտապես գտնելու համար պետք է փոխեր իր կյանքը: Բայց հե՛նց այստեղ էր ծնվում նրա ողբերգությունը. ցանկանում էր ճշմարտությունը, բայց վախենում էր այն բաներից, որոնք ճշմարտությունը կարող էր պահանջել իրենից:
«Խոստովանություններ»ում, հիշելով այս ներքին երկարատև պայքարը, նա ապշեցուցիչ կերպով անկեղծ նախադասությամբ ամփոփելու էր իր դիմադրությունը.
«Տո՜ւր ինձ ողջախոհ մաքրություն և ժուժկալություն, բայց ո՛չ անմիջապես»:
Սա նրա ողջ ստեղծագործության ամենամարդկային խոստովանություններից մեկն է:
Օգոստինոսը ուզում էր փոխվել, բայց դեռևս ո՛չ: Ցանկանում էր Աստծուն, բայց միևնույն ժամանակ վախենում էր կորցնել այն, ինչին կապված էր: Միշտ ավելի ու ավելի լավ էր ճանաչում այն ճանապարհը, որով պետք է անցներ, բայց դեռևս չէր կարողանում գտնել ուժը՝ դրա վրա ոտք դնելու համար:
Նրա սիրտը բաժանված էր:
Եվ թերևս հենց այս պատճառով է, որ բազմաթիվ տղամարդիկ և կանայք, նաև դարեր անց, շարունակում են ճանաչել իրենց հանձինս նրա:
Որովհետև գրեթե բոլորս ծանոթ ենք, տարբեր ձևերով, այդ ցավալի հեռավորությանը, որ կա այն բարու, որը մենք ճանաչում ենք, և այն բանի միջև, ինչը մենք կոնկրետ կերպով կարողանում ենք անել. այն բանի, ինչը որ մենք ցանկանում ենք դառնալ, և այն բաների միջև, ինչից մենք դեռևս չենք կարողանում բաժանվել:
Օգոստինոսը չի թաքցնում այս տկարությունը։
Նա պատմում է դա, որովհետև, հետ նայելով սեփական կյանքին, դրա մեջ ճանաչում է Աստծո համբերությունը. մի Աստված, որ չլքեց իրեն հեռավորության իր տարիներին, այլ` շարունակեց խորհրդավոր կերպով աշխատել իր սրտի խորքում:
Եվ իրոք, հենց այդ անհանգիստ կյանքի ներսում, ինչ որ բան արդեն փոխվում էր:
Հաճույքներն ու հաջողությունը չէին կարողանում մարել Օգոստինոսի մեջ մի է՛լ ավելի խորը ծարավ. ճշմարտության ծարավը:
Ուզում էր հասկանալ:
Որտեղի՞ց է ծնվում չարիքը: Եթե Աստված բարի է, ինչո՞ւ կա այսքան տառապանք: Ի՞նչ է իրականում մարդը: Ո՞րն է կյանքի իմաստը: Ո՞վ է Աստված: Եվ որտե՞ղ է գտնվում ճշմարտությունը:
Դրանք հարցեր էին, որ հանգիստ չէին տալիս նրան:
Եվ հե՛նց այս որոնումը, դեռևս խառնաշփոթ և վատ ուղղորդված, տանելու էր նրան դեպի մի ուսմունք, որը մոտ մեկ տասնամյակ հզորագույն հմայք գործադրեց իր վրա. մանիքեականությունը:
Օգոստինոսը կարծում էր, թե վերջապես բանական պատասխան էր գտել բարու և չարի խորհրդին:
Իրականում, պատրաստվում էր մտնել մի նոր և երկար լաբիրինթոս:
 
ԳԼՈՒԽ 5. ՄԱՆԻՔԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ
 
Ճշմարտության իր որոնումների մեջ երիտասարդ Օգոստինոսը հանդիպեց մի կրոնա֊փիլիսոփայական ուսմունքի, որն այն ժամանակ բավականին տարածված էր և հսկայական հմայք գործադրեց իր վրա. մանիքեականությունը։
Հիմնադրված լինելով Երրորդ դարում Մանիի կողմից, մանիքեականությունը ներկայանում էր որպես կրոն, որն ընդունակ է առաջարկելու գոյության մեծ խորհուրդների և, ամենից առաջ, այն հարցի բանական (ռացիոնալ) բացատրությունը, որը տանջում էր Օգոստինոսին. որտեղի՞ց է ծնունդ առնում չարիքը:
Մանիքեականներն ուսուցանում էին երկու հակադիր սկզբունքների գոյությունը՝ Լույսի և Խավարի, որոնք ներգրավված են բարու և չարի միջև տիեզերական պայքարի մեջ: Նաև մարդու մեջ, ըստ այս հայեցակարգի, լույսն ու խավարը խառնված էին և գտնվում էին հակամարտության մեջ:
Օգոստինոսի համար այդ բացատրությունը սկզբում ինչ որ գրավիչ բան ուներ:
Եթե Աստված բարի է, հարցնում էր նա, որտեղի՞ց է ծնունդ առնում չարիքը: Ինչպե՞ս կարող է չարիքը գոյություն ունենալ բարի Աստծո կողմից ստեղծված աշխարհում:
Մանիքեականությունը կարծես թե ընծայում էր նրան մի պարզ պատասխան. չարը չէր բխում Աստծուց, քանի որ ուներ իր սեփական սկզբունքը, որը հակադրվում էր բարուն:
Բայց կար մեկ ա՛յլ տարր ևս, որ խորապես գրավում էր երիտասարդ Օգոստինոսին:
Մանիքեականները պնդում էին, թե կույր հավատք չէին պահանջում: Փոխարենը նրանք խոստանում էին գիտելիք, բացատրություններ, ապացույցներ: Քննադատում էին քրիստոնեական Սուրբ Գրքերի բազմաթիվ հատվածներ և ներկայանում էին որպես վերին իմաստության տիրապետողներ, որը հասանելի է նրանց, ովքեր ընդունակ են բարձրանալու պարզամիտ մարդկանց հավատքից վեր:
Մի փայլուն երիտասարդի համար, որը գիտակցում էր իր խելքին և զերծ չէր մտավոր գոռոզությունից, այդ խոստումը ծայրաստիճան գայթակղիչ էր:
Այդպիսով Օգոստինոսը հարեց մանիքեականությանը:
Մոտ իննը տարի նա մնաց այսպես կոչված «ունկնդիրների», այսինքն՝ շարժման սովորական հետևորդների շարքում, առանց մտնելու «ընտրյալների» ավելի նեղ դասակարգի մեջ:
Եվ իր համար չպահեց իր համոզմունքները: Իր տաղանդով և համոզելու կարողությամբ նրան հաջողվեց մանիքեականությանը մոտեցնել նաև մի քանի ընկերների ու ծանոթների:
Իր մոր՝ Մոնիկայի համար դա վիթխարի տառապանք էր:
Նա ո՛չ միայն տեսնում էր որդուն հեռու քրիստոնեական կյանքից, որը ցանկացել էր նրա համար մանկուց. այժմ տեսնում էր նաև, թե ինչպե՛ս է նա միանում մի կրոնի, որը Եկեղեցին համարում էր անհամատեղելի քրիստոնեական հավատքի հետ:
Մոնիկան տարիներ շարունակ լաց եղավ և աղոթեց նրա համար:
Նրա հարատևությունը դառնալու էր քրիստոնեական աղոթքի մեծագույն խորհրդանիշներից մեկը` Աստծուց հեռացած թվացող սիրելի մարդու համար:
Բայց Օգոստինոսի թափառումները դեռ երկար էին տևելու։
Տարիների ընթացքում, իրոք, հե՛նց այն բանականությունը, որը նրան տարել էր դեպի մանիքեականություն, դանդաղորեն սկսեց հեռացնել նրան դրանից:
Օգոստինոսը չափազանց խելացի էր և չափազանց հետաքրքրասեր՝ մակերեսային պատասխաններով բավարարվելու համար: Նա ուսումնասիրում էր, համեմատում, հարցեր էր տալիս: Եվ սկսում էր հակասություններ բացահայտել մանիքեական բացատրությունների մեջ, հատկապես` երբ դրանք հավակնում էին խոսել բնական աշխարհի, լուսատուների և երկնային երևույթների մասին:
Նրա գիտելիքներն արդեն թույլ էին տալիս համեմատել այդ պնդումները այն ամենի հետ, ինչ սովորեցրել էին իր ժամանակի մաթեմատիկոսներն ու գիտնականները:
Հաշիվները չէին բռնում:
Երբ նա հայտնում էր իր կասկածները, իրեն շարունակ կրկնում էին, թե պետք է սպասեր մանիքեական մեծ ուսուցչի՝ Ֆաուստուս Միլէվիոսացու ժամանմանը:
Ֆաուստուսը, հավաստիացնում էին իրեն, ընդունակ կլիներ պատասխանելու իր բոլոր հարցերին:
Օգոստինոսը մեծ հույսեր փայփայելով սպասեց այդ հանդիպմանը:
Երբ Ֆաուստուսը վերջապես հասավ Կարթագինես, Օգոստինոսը սկզբում հմայված մնաց նրանով: Նա հաճելի մարդ էր, վարվելաձևով ազնիվ, և հատկապես` գերազանց հռետոր: Գիտեր խոսել նրբագեղությամբ և գրավել իր ունկնդիրներին:
Բայց Օգոստինոսն արդեն սովորել էր մի հիմնարար դաս. պերճախոսությունը նույն բանը չէ, ինչ ճշմարտությունը:
Երբ վերջապես կարողացավ ներկայացնել նրան այն հարցերը, որոնք վաղուց տանջում էին իրեն, նկատեց, որ Ֆաուստուսը չուներ անհրաժեշտ պատրաստվածությունը՝ պատասխանելու համար: Բազմաթիվ խնդիրների շուրջ, որոնք հետաքրքրում էին Օգոստինոսին, հատկապես գիտական և փիլիսոփայական ոլորտներում, հայտնի ուսուցիչը շատ քիչ բան գիտեր:
Օգոստինոսը, սակայն, նրան առնվազն մի որակ վերագրեց. Ֆաուստուսը բավականաչափ ազնիվ էր՝ չձևացնելու, թե գիտեր այն, ինչը որ չգիտեր։
Բայց հե՛նց այս ճշգրտումը խորը հիասթափություն առաջացրեց երիտասարդ դասախոսի մոտ:
Եթե մանիքեական նույնիսկ ամենանշանավոր ուսուցիչներից մեկը չէր կարողանում պատասխանել իր հարցերին, ապա ի՞նչ էր մնում այդ կրոնի մեծամեծ խոստումներից:
Դա մանիքեականությունից նրա աստիճանական հեռացման սկիզբը եղավ:
Ամեն ինչ, սակայն, մի օրում չկատարվեց: Օգոստինոսը սխալից անմիջապես չանցավ քրիստոնեական հավատքին: Մի համոզմունք կորցնելը չի նշանակում արդեն գտած լինել մեկ ուրիշը:
Որոշ ժամանակ նա կասկածի մեջ կախված մնաց:
Սկսեց մինչև իսկ մտածել, որ գուցե ճշմարտությունը հնարավոր չէ ճանաչել ապահով կերպով, մոտենալով այսպես կոչված Նոր Ակադեմիայի փիլիսոփայական կասկածապաշտությանը (սկեպտիցիզմին):
Նա դադարել էր իսկապես հավատալ մանիքեականների խոստումներին, բայց դեռ չէր վերադարձել Եկեղեցու հավատքին:
Շարունակում էր փնտրել:
Եվ նրա սիրտը թերևս է՛լ ավելի անհանգիստ էր, քան առաջ:
Մինչ այդ, նրա մասնագիտական առաջխաղացումը նույնպես պատրաստվում էր հեռու տանել իրեն Աֆրիկայից:
Դժգոհ լինելով հատկապես Կարթագինեսի ուսանողների անկարգապահությունից և ցանկանալով մասնագիտական ավելի լավ հնարավորություններ ձեռքբերել, 383 թվականին Օգոստինոսը որոշեց հատել Միջերկրական ծովը և տեղափոխվել Հռոմ:
Բայց Հռոմն էլ էր հիասթափեցնելու նրան:
Հաջորդ տարի նույնիսկ ավելի հեղինակավոր հնարավորություն ներկայացավ նրան. ստանալ հռետորության հանրային ամբիոնը Միլանում, որն այն ժամանակ Արևմտյան Հռոմեական Կայսրության ամենակարևոր քաղաքներից մեկն էր և կայսերական արքունիքի նստավայրը:
Օգոստինոսը ստացավ այդ պաշտոնը:
Նա մոտ երեսուն տարեկան էր: Նա արդեն հանրահայտ դասախոս էր, կիրթ, հավակնոտ և ... դեռևս ճշմարտության որոնման մեջ:
Երբ հասավ Միլան, նա չէր կարող պատկերացնել, որ հե՛նց այնտեղ հանդիպելու էր մի մարդու, որը խորապես փոխելու էր իր կյանքի ընթացքը:
Այդ մարդը քաղաքի եպիսկոպոսն էր՝ Ամբրոսիուսը:
 
ԳԼՈՒԽ 6. ՄԻԼԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՄԲՐՈՍԻՈՒՍԸ
 
Միլանում Եպիսկոպոս էր Սուրբ Ամբրոսիուսը՝ Եկեղեցու մեծագույն Սրբերից ու Վարդապետներից մեկը. խորը հավատքի, ընդարձակ մշակույթի և արտասովոր պերճախոսության տեր մի մարդ:
Օգոստինոսը, ով հռետորության վարպետ էր և, հետևաբար, խոսքի մասնագետ, սկսեց գնալ նրա քարոզները լսելու:
Սկզբում դա չէր անում նրա համար, որ ցանկանում էր դարձի գալ:
Նրան հատկապես հետաքրքրում էր լսելը մի մարդու, որի համբավը՝ որպես մեծ հռետորի, հասել էր մինչև իրեն: Ցանկանում էր քննել նրա ոճը, դատել նրա պերճախոսությունը, հասկանալ, թե ինչպե՛ս էր նա կառուցում իր ճառերը:
Օգոստինոսը գնում էր լսելու, թե ինչպե՛ս էր Ամբրոսիուսը խոսում:
Բայց, գրեթե առանց դա նկատելու, մինչ լսում էր խոսելու ձևը, սկսեց լսել նաև այդ խոսքի բովանդակությունը:
Եվ ինչ որ բան նրա մտքում, հոգում և սրտում սկսեց դանդաղորեն փոխվել:
Ամբրոսիուսի քարոզչությունը սկսեց մեկը մյուսի հետևից քանդել այն բազմաթիվ կանխակալ կարծիքները, որոնք Օգոստինոսը կուտակել էր քրիստոնեության դեմ:
Եպիսկոպոսը բացատրում էր Աստվածաշնչի Սուրբ Գրքերը մի խորությամբ, որն Օգոստինոսը երբեք չէր պատկերացրել: Հատկապես, նա ցույց էր տալիս, որ աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ, որոնք ինքը դատել էր որպես անհեթեթ կամ Աստծուն ո՛չ արժանի, պարտադիր չէ, որ մեկնաբանվեին այն կոշտ ու կոպիտ և զուտ տառացի ձևով, որով մանիքեականները ներկայացրել և ծաղրի էին ենթարկել դրանք:
Օգոստինոսն այդպես սկսեց մի զարմանալի բան բացահայտել. ինքը թերևս չէր մերժել քրիստոնեությունը այն բանի համար, ինչը որ այն իրականում էր, այլ` այն աղավաղված պատկերի համար, որ ստացել էր դրա մասին:
Բազմաթիվ առարկություններ, որոնք տարիներ շարունակ իրեն անհաղթահարելի էին թվացել, սկսեցին լուծվել:
Ընդհանրական Եկեղեցու հավատքը նրան այլևս չէր թվում որպես մտավոր առումով արհամարհելի մի բան: Ընդհակառակը, սկսում էր թվալ նրան մի լուրջ հնարավորություն, որն արժանի էր լսվելու, հաշվի առնվելու և խորացվելու:
Նա դեռևս դարձի չէր եկել:
Բայց պատը սկսել էր փլուզվել:
Այդ նույն շրջանում տեղի ունեցավ մեկ ա՛յլ վճռորոշ հանդիպում, այս անգամ գրքերի միջոցով:
Օգոստինոսը կարդաց մի քանի աշխատություններ, որոնք «Խոստովանություններ»ում անվանում է «պլատոնականների գրքեր». դրանք երկեր էին, որոնք պատկանում են փիլիսոփայական այն ավանդությանը, որն այսօր սահմանում ենք որպես նեոպլատոնականություն:
Այդ ընթերցումները նրա մեջ իսկական մտավոր հեղափոխություն առաջացրեցին:
Երկար տարիներ, նաև մանիքեական ազդեցության պատճառով, Օգոստինոսը հսկայական դժվարություններ էր ունեցել` ըմբռնելու, պատկերացնելու մի իրականություն, որը նյութական չէր: Նույնիսկ երբ մտածում էր Աստծո մասին, դեռևս հակված էր պատկերացնելու Նրան որպես տարածության մեջ ինչ որ ձևով տարածված նյութ, գոյացություն:
Պլատոնական փիլիսոփաները օգնեցին նրան հաղթահարելու այս սահմանափակումը:
Օգոստինոսը վերջապես սկսեց հասկանալ, որ կարող են գոյություն ունենալ իսկական, ճշմարիտ իրականություններ, որոնք մարմնավոր չեն. Աստված, հոգին, ճշմարտությունն ինքը:
Եվ հատկապես` սկսեց տեսնել չարի խնդիրը ամբողջովին ա՛յլ լույսի ներքո:
Չարը պարտադիր չէ, որ լինի մի նյութ կամ հավերժական սկզբունք՝ հակադրված Աստծուն, ինչպես սովորեցրել էին մանիքեականները: Այն կարող էր փոխարենը հասկացվել որպես բարու զրկում և ապականություն, որպես պակասումը մի բանի, որը, քանի որ ստեղծված է Աստծո կողմից, ի սկզբանե, ի ծնե բարի է:
Մտավոր ծանրագույն շղթաներից մեկը, որը նրան կապված էր պահել մանիքեականությանը, վերջապես փշրվել էր:
Այնուամենայնիվ, փիլիսոփայությունն էլ բավական չէր:
Պլատոնականները ցույց էին տվել նրան, այսպես ասած, որ գոյություն ուներ մի հայրենիք, դեպի ուր հարկավոր է ուղղել մեր կյանքի ընթացքը: Բայց նրան լիովին ցույց չէին տվել այնտեղ հասնելու ճանապարհը:
Օգոստինոսը հասկանում է, որ իրեն պակասում էր էական մի բան. Քրիստոսը:
Փիլիսոփայությունը կարող էր բարձրացնել նրա միտքը դեպի անտեսանելի իրականությունները, բայց չէր կարող մենակ բուժել նրա վիրավոր կամքը: Կարող էր ցույց տալ նրան լույսը, բայց չտալ անհրաժեշտ ուժը` դեպի այն քայլելու համար:
Իրեն պակասում էր հատկապես խոնարհությունը` ընդունելու Նրան, Ով ասել էր. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»:
Փիլիսոփայությունը նրան մոտեցրել էր շեմին: Բայց Քրիստոսն էր լինելու Նա, Ով առաջնորդելու էր նրան շեմից անդին:
Մինչ այդ, Մոնիկան նույնպես հասել էր Միլան: Նա հատել էր ծովը՝ հասնելու համար այն որդուն, որի համար աղոթում էր տարիներ շարունակ, և հանձինս Ամբրոսիուսի գտավ մի Եպիսկոպոսի, որին շուտով սովորեց խորապես սիրել և հարգել:
Օգոստինոսը պատմում է, թե որքա՜ն կապված էր իր մայրը Ամբրոսիուսին և թե որքա՜ն էր գնահատում նրան՝ տեսնելով նաև նրա ծառայության միջոցով վերջապես բացվող մի ճանապարհ որդու համար` դեպի այն հավատքը, որից նա այդքա՜ն հեռացել էր:
Մոնիկայի արցունքները շարունակվում էին: Բայց այժմ ինչ որ բան իրոք փոխվում էր: Քիչ առ քիչ Օգոստինոսի հիմնական մտավոր առարկությունները քրիստոնեության դեմ ընկել էին:
Նա այլևս չէր կարողանում մերժել Ընդհանրական Եկեղեցու Հավատքը որպես մի անհեթեթ բան: Խնդիրն այլևս պարզապես հասկանալը չէր, թե ի՛նչն էր ճշմարիտ: Խնդիրն այն ուժն ունենալն էր, որն հարկավոր էր այդ ճշմարտության համաձայն ապրելու համար:
Եվ այստեղ է սկսվում նրա դարձի գուցե ամենաողբերգական մասը:
Նրա միտքը առաջ էր գնում, բայց նրա կամքը հետ էր մնում:
Օգոստինոսն ավելի ու ավելի լավ էր գիտակցում, թե ո՛ր ճանապարհով է հարկավոր անցնել, բայց դեռևս չէր կարողանում մինչև վերջ մտնել դրա մեջ:
Ցանկանում էր մի նոր կյանք, բայց միևնույն ժամանակ վախենում էր թողնել հինը:
Հին սովորությունները կարծես պահում էին իրեն շղթաների նման:
«Խոստովանություններ»ում նա անձնավորում է դրանց, կարծես գալիս ու շշնջում էին իրեն. «Լքո՞ւմ ես մեզ: Եվ այս պահից սկսած մենք քո հետ չե՞նք լինելու այլևս: Այլևս երբե՞ք»:
Դա երկու կամքերի պայքարն էր միևնույն մարդու ներսում:
Մի կողմից զգում էր Աստծո կանչը:
Մյուս կողմից՝ տարիներով կուտակված սովորությունների, ցանկությունների և կրքերի ծանրությունը:
Օգոստինոսն արդեն հասել էր դռան առաջ: Բայց դեռևս չէր կարողանում անցնել դրա միջով և ներս մտնել:
Այդ ներքին պայքարն իր գագաթնակետին հասավ 386 թվականի ամռանը՝ Միլանի տներից մեկում, կամ ավելի ճշգրիտ` այդ տան տնամերձ այգում:
Օգոստինոսը երեսունմեկ տարեկան էր:
Այդ օրը, հոգեպես տակնուվրա եղած` այն ներքին ճգնաժամի պատճառով, որն այլևս չէր կարողանում զսպել, դուրս եկավ այգի:
Լաց եղավ:
Աղոթեց:
Գոտեմարտի բռնվեց ինքն իր հետ:
Եվ հետո, հանկարծակի, մի ձայն լսեց:
Մոտակա մի տնից կարծես, գալիս էր մի տղայի կամ աղջկա երգի ձայնը, որ կրկնում էր մի քանի բառ. «Tolle, lege. Tolle, lege», այսինքն. «Վերցրո՛ւ և կարդա՛: Վերցրո՛ւ և կարդա՛»:
Օգոստինոսը դեռ չէր կարող իմանալ, բայց այդ մի քանի բառերը պատրաստվում էին նշանավորելու իր կյանքի վճռորոշ պահը։
 
ԳԼՈՒԽ 7. «ՎԵՐՑՐՈ՛Ւ ԵՎ ԿԱՐԴԱ՛». ԴԱՐՁԸ
 
Այդ օրը՝ 386 թվականի ամռանը, Օգոստինոսի ներքին պայքարն անտանելի դարձավ:
Աճող հստակությամբ այլևս տեսնում էր քրիստոնեական հավատքի ճշմարտությունը և Աստծուն ամբողջովին նվիրված կյանքի գեղեցկությունը: Բայց իրեն անկարող էր զգում անելու վերջին քայլը:
Նրան հետ էին պահում իր հին սովորությունները, այն կրքերը, որոնք ինքն իսկ «Խոստովանություններ»ում նկարագրում է որպես շղթաներ, որոնք, օղակ առ օղակ, կռել էր իր սեփական ձեռքերով:
Գիտեր, թե ո՛ւր պետք է գնար:
Բայց դեռ չէր կարողանում ճանապարհ ընկնել:
Նոր կյանքի ցանկության և հինը վերջնականապես թողնելու վախի միջև պատառոտված, Օգոստինոսը դուրս ելավ այն տան այգին, որտեղ ապրում էր:
Նրա հետ էր իր հավատարիմ ընկերը՝ Ալիպիուսը:
Մի որոշ պահի Օգոստինոսը զգաց, որ այլևս չի կարողանում զսպել այն, ինչ ուներ իր ներսում: Հեռացավ ընկերոջից, գետին ընկավ թզենու տակ և պոռթկաց անզուսպ լացի մեջ:
Որոնումների, սխալների, կրքերի, կասկածների և դիմադրության տարիները կարծես խտանում էին այդ ակնթարթի մեջ:
Եվ արցունքների մեջ նա առ Աստված աղաղակեց.
«Մինչև ե՞րբ, Տէ՜ր: Մինչև ե՞րբ: Վաղը և էլի վա՞ղը: Ինչո՞ւ ո՛չ հիմա: Ինչո՞ւ հե՛նց այս ժամին վերջ չդնել իմ ամոթին»:
Այն ժամանակ էր, որ անսպասելի մի բան տեղի ունեցավ:
Մի մոտակա տնից Օգոստինոսը լսեց մի ձայն (չգիտեր՝ տղայի, թե աղջկա), որը երգելով կրկնում էր. «Tolle, lege. Tolle, lege», այսինքն. «Վերցրո՛ւ և կարդա՛: Վերցրո՛ւ և կարդա՛»:
Օգոստինոսը կանգ առավ:
Զսպեց արցունքները և փորձեց հիշել, թե արդյոք այդ բառերը պատկանում էին մանկական ինչ որ մի խաղի: Բայց չէր հիշում, որ երբևէ նման երգ լսած լիներ:
Այդ ժամանակ նա այդ խոսքերը մեկնաբանեց որպես իրեն ուղղված հրաման. պետք է վերցներ Սուրբ Գրքերի մատյանը, բացեր այն և կարդար առաջին հատվածը, որին հայացքը կհանդիպեր:
Վերադարձավ այն տեղը, որտեղ թողել էր Ալիպիուսին:
Այնտեղ գտնվում էր Պողոս Առաքյալի Նամակների գիրքը:
Օգոստինոսը վերցրեց այն, բացեց և լռելյայն կարդաց առաջին հատվածը, որի վրա ընկան իր աչքերը: Դրանք խոսքեր էին Հռոմեացիներին ուղղված Նամակից (գլուխ 13).
«Ո՛չ զեխությամբ և հարբեցողությամբ, ո՛չ պղծությամբ և անառակությամբ, ո՛չ կռվով և նախանձով: Այլ` զգեստավորվեցե՜ք Տեր Հիսուս Քրիստոսով, և մարմնի համար խնամք մի՛ տարեք՝ նրա ցանկությունները գոհացնելու համար» (Հռմ 13, 13-14):
Օգոստինոսը չուզեց ավելին կարդալ:
Կարիք չկար:
«Խոստովանություններ»ում նա պատմում է, որ այդ նախադասությունը ավարտելուն պես կարծես վստահության մի լույս թափանցեց իր սրտի մեջ, և կասկածի բոլոր խավարները փախան:
Պայքարը, որն այդքա՜ն ժամանակ պատառոտել էր իրեն, հասել էր իր վճռորոշ պահին:
Առաջին անգամը չէր, որ Օգոստինոսը լսում էր Աստծո խոսքը: Առաջին անգամը չէր, որ նա մտավորապես հասկանում էր, թե ի՛նչ պետք է աներ:
Բայց այդ անգամ տեղի ունեցավ տարբեր մի բան:
Ճշմարտությունը, որը նրա միտքը դանդաղորեն ճանաչել էր, վերջապես հասավ նաև նրա կամքին:
Օգոստինոսը հանձնվեց շնորհին:
Վճռակամ էր:
Այլևս չէր հետաձգելու:
Այլևս չէր ասելու. «Վաղը»:
Թողնելու էր այն կյանքը, որը մինչ այդ պահը իրեն գերի էր պահել, և հանձնվելու էր Քրիստոսին:
Հետո պատմեց Ալիպիուսին այն մասին, ինչը հե՛նց նոր տեղի էր ունեցել:
Ընկերը կամեցավ տեսնել այն հատվածը, որն Օգոստինոսը կարդացել էր, և շարունակեց ընթերցումը: Անմիջապես հաջորդող բառերն ասում էին. «Ընդունեցե՜ք նրան, ով տկար է հավատքի մեջ»:
Ալիպիուսը վերագրեց դրանք իրեն և, խաղաղ սրտով, միացավ ընկերոջ որոշմանը:
Այդ պահին երկուսով գնացին Մոնիկայի մոտ:
Կարող ենք պատկերացնել, թե ի՛նչ նշանակեց այդ մոր համար լսել այն խոսքերը, որոնց սպասել էր այդքա՜ն տարիներ:
Օգոստինոսն ինքն է պատմում, որ Մոնիկան լցվել էր ուրախությամբ: Փառաբանում էր Աստծուն, որովհետև տեսնում էր, թե ինչպե՛ս էր իրականանում մի բան, որն է՛լ ավելի մեծ էր, քան այն, ինչը որ ինքը խնդրել էր իր երկար աղոթքներում:
Տարիներ շարունակ նա ցանկացել էր, որ իր որդին քրիստոնյա դառնար:
Այժմ տեսնում էր նրան ո՛չ միայն դեպի հավատքը վերադառնալիս, այլ նաև` ցանկանալիս ամբողջովին նվիրաբերել սեփական կյանքը Աստծուն:
Վշտի արցունքները վերջապես դառնում էին ուրախության արցունքներ:
Միլանի այգու տեսարանը դարձել է քրիստոնեական պատմության ամենահայտնի դրվագներից մեկը:
Բայց նրա մեծությունը միայն խորհրդավոր ձայնի կամ ճիշտ պահին բացված գրքի մեջ չէ:
Այն ամենից առաջ կայանում է այն բանի մեջ, ինչ այդ տեսարանը բացահայտում է. Աստված ուղեկցել էր Օգոստինոսին տարիներ տևած ճանապարհի վրա:
Նրա բանականության հարցերի միջոցով:
Նրա հիասթափությունների միջոցով:
Մոնիկայի անխոնջ սիրո միջոցով:
Ամբրոսիուսի միջոցով:
Փիլիսոփայության միջոցով:
Սուրբ Գրքերի միջոցով:
Մինչև իսկ նրա ձախողումների միջոցով:
Այն, ինչը որ այգում թվում է, թե տեղի է ունենում մի ակնթարթում, դանդաղորեն պատրաստվել էր ողջ կյանքի ընթացքում:
Եվ թերևս հե՛նց այդ պատճառով է, որ Օգոստինոսի դարձը շարունակում է հույս ներշնչել մարդկանց:
Հիշեցնում է մեզ, որ ոչ մի ճանապարհ անպայմանորեն չափազանց երկար չէ, ոչ մի փնտրտուք ապարդյուն չէ, և ոչ մի սիրտ Աստծո շնորհի ձեռնհասության սահմաններից դուրս չէ:
Անհանգիստ սիրտը դեռ չէր ավարտել իր ճանապարհորդությունը:
Բայց վերջապես բացահայտել էր, թե որտե՛ղ պետք է փնտրեր իր հանգիստը:
Այժմ մնում էր կատարելիք վճռորոշ մի քայլ. ստանալ Մկրտությունը:
Եվ Մկրտությունից հետո գալու էր նաև անսահման ուրախության և, գրեթե անմիջապես, խոր ցավի մի պահ. վերջին հոգևոր փորձառությունը, որը նա կիսեց իր մոր՝ Մոնիկայի հետ, և նրանց հրաժեշտը Օստիայում:
 
ԳԼՈՒԽ 8. ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԻԿԱՅԻ ՀԵՏ
 
Դարձից հետո Օգոստինոսը որոշեց թողնել հռետորի իր մասնագիտական ուղին:
Սակայն չուզեց անել դա աղմկոտ ձևով: Սպասեց, մինչև որ կավարտվեր դասախոսությունների շրջանը, և, նաև առողջական որոշ խնդիրների պատճառով, քաշվեց հանրային կյանքից:
386 թվականի աշնանը, ընտանիքի անդամների և ընկերների մի փոքր խմբի հետ միասին, նա թողեց Միլանը և տեղափոխվեց գյուղական մի առանձնատուն, որը պատկանում էր իր ընկեր Վերեկունդուսին՝ Կասսիչակում կոչվող վայրում, քաղաքից ո՛չ հեռու:
Այնտեղ նա անցկացրեց հոգեմտավոր արտասովոր ուժգնության մի քանի ամիս:
Դրանք աղոթքին, ուսմանը, ընթերցանությանը, և երջանկության, ճշմարտության, հոգու և Աստծո մասին երկար, փիլիսոփայական ու հոգևոր զրույցներին նվիրված օրեր էին:
Այդ զրույցներին մասնակցում էր նաև Մոնիկան:
Եվ հե՛նց այն երկխոսություններում, որոնք Օգոստինոսը շարադրել է այդ շրջանում, ի հայտ է գալիս մի մայր, որը հեռու էր պարզ հանդիսատես լինելուց: Մոնիկան քննարկումներին միջամտում էր կոնկրետ ու խորաթափանց իմաստությամբ, հարուցելով և՛ իր որդու և՛ նրա ընկերների հիացմունքը:
Այնքա՜ն տարիներից հետո, որոնց ընթացքում նա ուղեկցել էր Օգոստինոսին հատկապես արցունքների և աղոթքի միջով, այժմ նա կարող էր վերջապես կիսել նրա հետ հավատքի ուրախությունը:
Դրանք ինքնամփոփման և նախապատրաստության ամիսներ էին:
Հետո Օգոստինոսը վերադարձավ Միլան և արձանագրվեց նրանց շարքում, ովքեր պատրաստվում էին ստանալու Մկրտությունը:
Վերջապես հասավ 387 թվականի Զատիկը:
Սուրբ Գիշերվա ընթացքում, Միլանում, Ամբրոսիուս Եպիսկոպոսը մկրտեց Օգոստինոսին:
Նրա հետ Մկրտությունը ստացան նաև նրա որդի Ադեոդատուսը և նրա անբաժան ընկեր Ալիպիուսը:
Օգոստինոսը երեսուներկու տարեկան էր:
Նա, ով փնտրել էր ճշմարտությունը այնքա՜ն ճանապարհների միջով, ով անցել էր մանիքեության, թերահավատության, հավակնության և կրքերի միջով, այժմ լիովին հանձնվում էր Եկեղեցու, և հե՛նց այն Եկեղեցու գիրկը, որին այդքա՜ն տարիներ նայել էր անվստահությամբ և խայթող քննադատություններով:
«Խոստովանություններ»ում նա առանձնահատուկ հուզմունքով էր հիշելու Մկրտությանը հաջորդող օրերը և Միլանի Եկեղեցու շարականները:
Լսելով օրհներգերն ու սաղմոսները, պատմում է նա, խոսքերը թափանցում էին իր ականջների մեջ, և ճշմարտությունը լցվում էր իր սիրտը: Բարեպաշտության նրա զգացմունքները հորդում էին, և արցունքները` հոսում:
Բայց դրանք տարբեր արցունքներ էին այլևս:
Անհանգստության շա՜տ արցունքներից հետո` դրանք արցունքներ էին՝ ծնված այն Գեղեցկության հետ հանդիպումից, որը նա փնտրել էր այդքա՜ն երկար:
Օգոստինոսը վերջապես քրիստոնյա էր:
Քիչ ժամանակ անց հասունացավ Աֆրիկա վերադառնալու որոշումը:
Նրա հետ ճանապարհորդում էին Մոնիկան, Ադեոդատուսը և մի քանի ընկերներ: Խումբը հասավ Օստիա՝ Հռոմի նավահանգիստը, որտեղ պետք է սպասեր նավին՝ Միջերկրական ծովը հատելու համար:
Եվ հենց այնտեղ, մինչ սպասում էին մեկնելուն, Օգոստինոսը և իր մայրը միասին ապրեցին իրենց կյանքի ամենաարտասովոր պահերից մեկը:
Մի օր նրանք մենակ էին՝ հենված մի պատուհանի, որը նայում էր այն տան այգուն, որտեղ նրանք բնակվում էին:
Մայր ու որդի զրուցում էին:
Բայց այլևս չէին խոսում անցյալի մասին:
Ո՛չ Մոնիկայի արցունքների մասին:
Ո՛չ Օգոստինոսի սխալների մասին:
Ո՛չ այն երկար տարիների մասին, որոնց ընթացքում մեկը փախել էր, իսկ մյուսն` աղոթել:
Խոսում էին հավիտենական կյանքի մասին:
Միասին հարցնում էին իրար, թե ինչպիսի՞ն է լինելու սրբերի այն կյանքը, որն «աչքը չի տեսել, ունկը չի լսել, և մարդու սրտի մեջ չի մտել»:
Եվ մինչ զրուցում էին, պատմում է Օգոստինոսը, նրանց միտքը կարծես աստիճանաբար բարձրանում էր երկրային իրողություններից վեր:
Մտքով անցան տեսանելի աշխարհից անդին:
Ներքնապես բարձրացան երկնքից այն կողմ, լուսատուներից այն կողմ, այն ամեն ինչից այն կողմ, որ փոխվում է և անցնում:
Եվ մի շատ կարճ ակնթարթում նրանց թվաց, թե հպվում են այն հավերժական Իմաստությանը, դեպի որն ուղղված էր իրենց ողջ ցանկությունը:
Հետո վերադարձան խոսքերին, ժամանակին, առօրյա կյանքին:
Սա Օստիայի հայտնի փորձառությունն է՝ «Խոստովանություններ»ի ամենավերամբարձ և ամենագեղեցիկ էջերից մեկը:
Խորապես հուզիչ մի բան կա այդ տեսարանում:
Տարիներ շարունակ Մոնիկան աղոթել էր, որպեսզի իր որդին գտներ Աստծուն:
Այժմ մայրն ու որդին կարող էին միասին խոսել հավիտենական կյանքի մասին, որպես երկու հավատացյալներ՝ միավորված միևնույն հույսով:
Թվում էր կարծես, թե Մոնիկայի երկրային առաքելությունն ավարտված էր:
Եվ իրոք, այդ նույն զրույցի ընթացքում, նա արտասանեց խոսքեր, որոնք Օգոստինոսը երբեք չէր մոռանալու:
Նրան ասաց, ըստ էության, որ այլևս չգիտեր, թե ի՛նչ էր դեռ անում այս աշխարհում:
Կար միայն մի բան, որի համար նա ցանկացել էր դեռ ապրել. տեսնել իր որդուն ուղղադավան քրիստոնյա՝ նախքան մահանալը:
Աստված նրան շնորհել էր շա՜տ ավելին:
Նրան տեսնում էր այլևս ամբողջովին ուղղված դեպի Իրեն:
«Ի՞նչ եմ անում ես դեռ այստեղ», ասաց նա:
Մի քանի օր անց, Մոնիկան հիվանդացավ:
Տենդը արագորեն ծանրացավ:
Երբ ինչ որ մեկը խոսեց այն հնարավորության մասին, որ նա կարող էր մահանալ իր երկրից հեռու և նրա մարմինը հնարավոր չէր լինի թաղել իր ամուսնու կողքին, Մոնիկան որևէ մտահոգություն չցուցաբերեց:
Նրան այլևս չէր հետաքրքրում, թե որտե՛ղ կդրվեր իր մարմինը:
Որդիներից միայն մի բան խնդրեց.
«Հիշեցե՜ք ինձ Տիրոջ խորանի առաջ, որտե՛ղ էլ որ լինեք»:
Քիչ օրեր անց նա մահացավ Օստիայում:
Նա մոտ հիսունվեց տարեկան էր:
Օգոստինոսի համար դա վիթխարի ցավ եղավ:
Այդ կինը ներկա էր եղել իր գրեթե ողջ ճանապարհին. ծնել էր իրեն, դաստիարակել, հետևել, փնտրել, հանդիմանել, սպասել և, հատկապես, աղոթել էր իր համար, երբ ամեն ինչ ապարդյուն էր թվում:
Այժմ, երբ վերջապես կարող էին լիովին կիսել միևնույն հավատքը, պետք է թույլ տար, որ նա գնար:
«Խոստովանություններ»ում Օգոստինոսը պատմում է այն պայքարի մասին, որը զգաց մինչև իսկ սեփական արցունքների առաջ: Սկզբում փորձեց զսպել լացը, բայց ցավը չափազանց խորն էր:
Ի վերջո թույլ տվեց, որ արցունքները հոսեն:
Եվ դրանց մեջ գտավ մի տեսակ հանգիստ:
Նրա ցավը, սակայն, հուսահատություն չէր այլևս:
Մահը չէր ջնջում այն, ինչը որ մայր ու որդի հե՛նց նոր միասին խորհրդածել էին Օստիայի պատուհանի մոտ:
Նրանց վերջին մեծ զրույցը եղել էր հե՛նց հավիտենական կյանքի մասին:
Մոնիկան մահանում էր՝ իմանալով, որ իր կյանքի ամենամեծ աղոթքն ընդունվել էր:
Եվ Օգոստինոսը մնում էր՝ իմանալով, որ բաժանումը վերջնական չէր լինելու:
Այս արտասովոր կնոջ պատմությունն արժանի է, բնականաբար, իր սեփական պատմվածքին: Սրբուհի Մոնիկայի կյանքին, նրա հավատքին, նրա տառապանքներին և որդու հանդեպ նրա տոկուն սիրույն մենք նվիրել ենք մեկ ա՛յլ պատմություն:
Այստեղ մեզ բավական է հիշել, թե որքա՜ն խորապես է նրա ներկայությունը հետք թողել Օգոստինոսի կյանքում:
Մայրը, որ ծնել էր նրան երկրային կյանքի համար, ուղեկցել էր նրան, արցունքների և աղոթքի տարիների միջով, մինչև նրա նոր ծնունդը հավատքի մեջ:
Մոնիկայի մահից հետո Օգոստինոսն անմիջապես չմեկնեց Աֆրիկա:
Նա դեռ մի քանի ամիս մնաց Իտալիայում և մի շրջան անցկացրեց նաև Հռոմում:
Միայն 388 թվականին նրան վերջապես հաջողվեց վերադառնալ իր երկիրը:
Բայց այն մարդը, որը նավից իջավ Աֆրիկայում, խորապես տարբեր էր այն մեկից, ով այնտեղ նավ էր բարձրացել հինգ տարի առաջ:
Ավելի հեղինակավոր աշխատանքի որոնման նպատակով մեկնած հավակնոտ երիտասարդ դասախոսը չէր:
Նա չէր փնտրում այլևս ծափահարություններ:
Նա չէր փնտրում այլևս դիրք` կայսերական արքունիքում:
Նա չէր փնտրում այլևս աշխարհի փառքը:
Նա շատ ավելի պարզ բան էր ուզում. առանձնանալ մի քանի ընկերների հետ, ապրել ընդհանուր կյանքով, աղոթել, ուսումնասիրել Սուրբ Գրքերը և նվիրել սեփական կյանքը Աստծուն:
Մտածում էր, թերևս, թե վերջապես գտել էր հանգստությունը:
Բայց Աստված նրա համար ա՛յլ ծրագրեր ուներ:
Օգոստինոսը ցանկանում էր լռությունը և հայեցողական կյանքը:
Իրեն սպասում էին, փոխարենը, քահանայությունը, եպիսկոպոսությունը և մոտ քառասուն տարվա ծառայությունը Եկեղեցուն:
Սկսվում էր Օգոստինոսի երկրորդ կյանքը:
 
ԳԼՈՒԽ 9. ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՖՐԻԿԱ ԵՎ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆԸ
 
Վերադառնալով իր ծննդավայր Թագաստ, Օգոստինոսն այլևս չէր փնտրում ո՛չ պատիվներ, ո՛չ էլ այն փայլուն առաջխաղացումը, որին հետամուտ էր եղել երիտասարդության տարիներին:
Ցանկանում էր ծածուկ, ամբողջովին Աստծուն նվիրաբերված մի կյանք:
Հրաժարվեց ունեցվածքից, որին տիրապետում էր, և իր գաղափարականը կիսող մի քանի ընկերների հետ միասին սկսեց ընդհանուր կյանքի մի ձև, որը կազմված էր աղոթքից, ուսումից, մտավոր աշխատանքից և Սուրբ Գրքերի շուրջ խորհրդածությունից:
Դա, ինչ-որ չափով, այն երազանքի իրականացումն էր, որը սկսել էր հասունանալ արդեն իր դարձի վերջին տարիներին. ապրել Աստծո ուրիշ ծառաների հետ միասին, առանց անհատական սեփականության, միավորված` ճշմարտության որոնմամբ և Քրիստոսի հանդեպ սիրով:
Օգոստինոսն ամենից շատ ցանկանում էր հե՛նց սա:
Աղոթել:
Ուսումնասիրել:
Գրել:
Ապրել իր եղբայրակիցների հետ:
Ծառայել Աստծուն ինքնամփոփման մեջ:
Բայց նրա կյանքը երկար չէր մնալու ծածուկ:
391 թվականին Օգոստինոսը մեկնեց Հիպպոնա նավահանգստային քաղաքը՝ հնագույն Hippo Regius, Հյուսիսային Աֆրիկայի ափին:
Այնտեղ էր գնացել նաև այն պատճառով, որ փնտրում էր հարմար մի վայր, որտեղ կկարողանար վանական նոր համայնք հիմնել:
Բայց հե՛նց Հիպպոնայում տեղի ունեցավ մի բան, որը ևս մեկ անգամ ամբողջովին փոխելու էր նրա կյանքի ընթացքը:
Մի օր Օգոստինոսը գտնվում էր եկեղեցում, մինչ քաղաքի Եպիսկոպոսը՝ Վալերիուսը, ժողովրդի հետ խոսում էր մի նոր քահանա ունենալու անհրաժեշտության մասին, որն իրեն կօգներ պաշտոնավարման մեջ:
Օգոստինոսն արդեն հայտնի էր:
Նրա անցյալը, նրա դարձը, նրա մշակույթը և նրա վարած կյանքը գաղտնի չէին մնացել:
Երբ հավատացյալները նկատեցին, որ նա ներկա էր, մատնանշեցին նրան որպես հարմար մարդու:
Օգոստինոսը քահանա դառնալու մտադրություն չուներ:
Մանավանդ թե, հե՛նց այն պատճառով, որ գիտակցում էր եկեղեցական պաշտոնավարման ծանրությունը, փորձել էր խուսափել այն քաղաքներից, որտեղ Եպիսկոպոսական Աթոռը քահանաների կարիք ուներ:
Հիպպոնայում, սակայն, կարծում էր, թե ապահովության մեջ էր:
Սխալվում էր:
Ժողովուրդը բռնեց նրան և տարավ Եպիսկոպոսի առջև՝ խնդրելով, որ նա ձեռնադրվի:
Օգոստինոսը պոռթկաց լացի մեջ:
Ոմանք այդ արցունքները մեկնաբանեցին որպես ցավ, որ կանչվում էր միայն քահանայության և ո՛չ թե մի ավելի մեծ բանի:
Բայց իրականությունը բոլորովին հակառակն էր:
Օգոստինոսը լաց էր լինում, որովհետև հասկանում էր այն վիթխարի պատասխանատվությունը, որը պատրաստվում էր ծանրանալու իր ուսերին:
Վերջում ընդունեց:
Այդ անսպասելի կանչի մեջ ճանաչեց Աստծո կամքը, որը տարբերվում էր իր սեփական ծրագրերից:
Եվ այդպես, 391 թվականին, Օգոստինոսը քահանա ձեռնադրվեց Հիպպոնայում:
Քաղաքը, որտեղ նա հասել էր գրեթե պատահաբար, դառնալու էր իր տունը կյանքի մնացած մասի համար:
Եվ իր անունն ընդմիշտ կապված էր մնալու նրա հետ. Օգոստինոս Հիպպոնացի:
Վալերիուս Եպիսկոպոսը շատ շուտ հասկացավ, թե ինչպիսի՜ պարգև էր ստացել իր Եկեղեցին:
Օգոստինոսը բացառիկ մտավոր պատրաստվածություն և հռետորական կարողություն ուներ: Վալերիուսը, ով ծագումով հույն էր և նվազ վարժ էր լատիներենով քարոզելու մեջ, շուտով նրան հանձնեց ժողովրդին քարոզելու պաշտոնը:
Դա սովորական ընտրություն չէր, որովհետև Աֆրիկայում ծիսական քարոզչությունը սովորաբար համարվում էր հատկապես Եպիսկոպոսի պարտականությունը:
Հռետորության հին վարպետն այդպիսով վերադառնում էր խոսելու ժողովրդի առջև:
Բայց ամեն ինչ փոխվել էր:
Մի ժամանակ նա գործածել էր խոսքը սեփական առաջխաղացումն ապահովելու համար:
Այժմ այն գործածում էր Քրիստոսին ավետելու համար:
Պերճախոսությունը, որը նա փնտրել էր հաջողություն ստանալու համար, դառնում էր մի գործիք Ավետարանի ծառայության մեջ:
Եվ Օգոստինոսը քարոզում էր անխոնջ կերպով:
Նա չէր խոսում ակադեմիայում հավաքված փիլիսոփաների հետ:
Նա խոսում էր իր ժողովրդի հետ. հարուստներ և աղքատներ, կիրթ և անուս մարդիկ, պաշտոնյաներ, առևտրականներ, նավաստիներ, գյուղացիներ, ընտանիքի մայրեր:
Նա ընդունակ էր լինելու շատ խորը, բայց միաժամանակ նաև կոնկրետ:
Հարցեր էր ուղղում հավատացյալներին:
Հանդիմանում էր նրանց:
Քաջալերում:
Բերում էր օրինակներ՝ վերցված առօրյա կյանքից:
Եվ ամեն ինչից վեր, փորձում էր առաջնորդել նրանց դեպի Նա, Ում ինքը փնտրել էր իր ողջ կյանքում. Աստված:
Բայց Օգոստինոսը չլքեց ընդհանուր կյանքի իր գաղափարականը:
Վալերիուսը նրա տրամադրության տակ դրեց եկեղեցուն մոտիկ գտնվող մի հողատարածք, և այնտեղ Օգոստինոսը հիմնեց մի վանք, որտեղ կարողացավ շարունակել ապրել Աստծո ուրիշ ծառաների հետ միասին:
Աղոթքը, ուսումը, աղքատությունը և եղբայրական կյանքը մնում էին իր գաղափարականի կենտրոնում:
Օգոստինոսի համար, իրոք, քրիստոնեությունը միայն անհատի հարաբերությունը չէր Աստծո հետ:
Այն նաև հաղորդություն էր միմյանց միջև:
Գործք Առաքելոց գրքից վերցված համարներից մեկը, որն ամենախորը կերպով ներշնչել էր ընդհանուր կյանքի նրա հայեցակարգը, ասում էր, որ առաջին քրիստոնյաներն ունեին «մեկ սիրտ և մեկ հոգի»:
Այդ գաղափարականը դառնալու էր օգոստինյան վանական ավանդության հիմնասյուներից մեկը:
Երբ, մի քանի տարի անց, դարձավ Եպիսկոպոս, Օգոստինոսը շարունակեց ընդհանուր կյանքի ձևով ապրել նաև եպիսկոպոսական տանը, իր հետ ապրող կղերականներից պահանջելով պարզ ոճ, առանց անձնական սեփականության և հիմնված եղբայրության վրա:
Այս փորձառություններից ծնվելու էր այն հոգևոր ավանդությունը, որը, հետագա դարերում, արտահայտություն էր գտնելու Սուրբ Օգոստինոսի Կանոնագրքում և այն բազմաթիվ կրոնական-վանական ընտանիքներում, որոնք ներշնչվելու էին նրա մտքից:
Այդ ընթացքում Օգոստինոսի համբավն աճում էր:
Աֆրիկյան Եկեղեցին անցնում էր դժվարին տարիների միջով, որոնք նշանավորված էին խորը բաժանումներով, աստվածաբանական վեճերով և հակամարտություններով, որոնք պատառոտում էին քրիստոնեական համայնքները:
Վալերիուսը հասկացավ, որ Օգոստինոսն անհրաժեշտ էր լինելու ո՛չ միայն Հիպպոնա քաղաքին, այլ նաև` ողջ Եկեղեցուն:
Նա նաև վախենում էր, որ մեկ ուրիշ թեմ կարող էր պահանջել նրան որպես իր Եպիսկոպոս:
Այդ պատճառով ուզեց ապահովագրել, որ Օգոստինոսը մնար Հիպպոնայում:
Մոտ 395 թվականին Օգոստինոսը ձեռնադրվեց Եպիսկոպոս, սկզբում որպես Վալերիուսի գործակից և Աջակից Եպիսկոպոս:
Վերջինիս մահից հետո, որը տեղի ունեցավ քիչ ժամանակ անց, նա լիարժեք կերպով հաջորդեց նրան Եպիսկոպոսական Աթոռի վրա:
Օգոստինոսն այդպիսով դառնում էր Հիպպոնայի Եպիսկոպոս:
Նա մոտ քառասուն տարեկան էր:
Նա, ով ցանկացել էր քաշվել աշխարհից, այժմ իրեն գտնում էր որպես պատասխանատու մի ամբողջ Եկեղեցու համար:
Իսկ Եպիսկոպոսի առաջադրանքը Հինգերորդ դարի Աֆրիկայում հսկայական էր:
Օգոստինոսը պետք է քարոզեր գրեթե անընդհատ, կառավարեր Եկեղեցու ունեցվածքները, զբաղվեր աղքատներով, դատեր վեճեր, ընդուներ մարդկանց առավոտից գիշեր, գրեր նամակներ, կրթեր քահանաներ, միջամտեր իր համայնքի սոցիալական խնդիրներին և պաշտպաներ հավատքը իր ժամանակի մեծ վեճերի ժամանակ:
Նա մտավոր հարթության վրա պայքարելու էր մանիքեականության դեմ, որին ճանաչում էր ներսից:
Դիմագրավելու էր դոնատականության առաջացրած ցավալի բաժանմանը, որը երկու մասի էր ճեղքում աֆրիկյան քրիստոնեությունը:
Իսկ ավելի ուշ, մեծ վեճի մեջ էր մտնելու Պելագիուսի հետ, որի ընթացքում զարգացնելու էր իր ամենախորաթափանց խորհրդածություններից մի քանիսը` շնորհի, ազատության և փրկության մասին:
Միաժամանակ, շարունակում էր գրել:
Քարոզել:
Աղոթել:
Առաջնորդել իր ժողովրդին:
Երիտասարդը, որը փնտրել էր փառքը պերճախոսության միջով, դառնում էր ողջ արևմտյան քրիստոնեության ամենաազդեցիկ ձայներից մեկը:
Այդպես սկսվում էին պաշտոնավարման մոտ քառասուն տարիները, որոնց ընթացքում Օգոստինոսը Եկեղեցուն թողնելու էր հազարավոր էջեր, հարյուրավոր քարոզներ ու նամակներ և մի քանի աշխատություններ, որոնք սահմանված էին ընդմիշտ նշանավորելու քրիստոնեական մտքի պատմությունը:
Դրանցից երկուսը դառնալու էին կոթողային.
«Խոստովանություններ»ը՝ Աստծո իր փնտրտուքի պատմությունը,
և «Աստծո քաղաքի մասին» հատորը՝ այդ մեծածավալ խորհրդածությունը մարդու, պատմության և մարդկային հասարակությունների ճակատագրի մասին:
Միլանում դարձի եկած երիտասարդը դարձել էր Հիպպոնայի Եպիսկոպոսը:
Այժմ սկսվում էր նրա լիակատար հասունության շրջանը:
 
ԳԼՈՒԽ 10. ՀԻՊՊՈՆԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ
 
Մոտ 395 թվականին Օգոստինոսը ձեռնադրվեց Հիպպոնայի Եպիսկոպոս, սկզբում որպես տարեց Վալերիուսի աջակից, իսկ վերջինիս մահից հետո՝ որպես Աթոռի տիտղոսակիր:
Ավելի քան երեսուն տարի, մինչև իր մահը, նա ծառայելու էր այդ Եկեղեցուն անխոնջ նվիրումով, դառնալով իր ժողովրդի հովիվը, վարդապետը, քարոզիչը, դատավորը և հոգևոր առաջնորդը:
Նա, ով երիտասարդության տարիներին փնտրել էր աշխարհի փառքը, այժմ բացահայտում էր ամբողջովին ա՛յլ մեծություն՝ ծառայության մեծությունը:
Եպիսկոպոսի կյանքը Հինգերորդ դարի Աֆրիկայում հեռու էր հանգիստ լինելուց:
Օգոստինոսը քարոզում էր մեծ հաճախականությամբ, տարվա որոշ շրջաններում նույնիսկ ամեն օր: Նրա քարոզներից շատերը գրի էին առնվում արագագիրների կողմից, մինչ նա խոսում էր, և, այդ աշխատանքի շնորհիվ, նրա հարյուրավոր քարոզներ հասել են մինչև մեզ:
Կարդալով դրանք՝ մենք կարող ենք գրեթե լսել նրան, մինչ խոսում է Հիպպոնայի ժողովրդի հետ:
Օգոստինոսը գիտեր դիմագրավել աստվածաբանական ամենախորը խնդիրներին, բայց գիտեր նաև խոսել պարզ մարդկանց հետ: Նա գործածում էր առօրյա կյանքից վերցված պատկերներ, հարցեր էր տալիս իրեն լսողներին, կանխատեսում էր նրանց առարկությունները, խրատում էր նրանց, քաջալերում, և երբեմն գրեթե ուղղակի կերպով զրուցում էր նրանց հետ:
Նրա աստվածաբանությունը չէր ծնվում միայն աշխատասենյակում:
Այն ծնվում էր նաև ամբիոնից և իր ժողովրդի կյանքից:
Բացատրում էր Սուրբ Գրքերը, ծիսակատարում էր Խորհուրդները, երախաներին պատրաստում էր Մկրտության, կրթում էր քահանաներին, կառավարում էր Եկեղեցու գույքը և զբաղվում էր աղքատներով ու այն մարդկանցով, որոնք անընդհատ բախում էին իր դռանը:
Բայց այն պարտականությունների շարքին, որոնք ամենաշատն էին ծանրանում նրա վրա, կար մեկը, որն այսօր կարող է զարմացնել մեզ:
Իր ժամանակվա բազմաթիվ Եպիսկոպոսների նման, Օգոստինոսը իրականացնում էր նաև դատավորի և միջնորդի գործառույթը:
Քրիստոնյաները դիմում էին Եպիսկոպոսին՝ լուծելու ընտանեկան, տնտեսական և գույքային վեճերը: Օգոստինոսն այդպիսով անցկացնում էր երկար ժամեր՝ լսելով կողմերին, քննելով խնդիրները, փնտրելով հաշտեցումներ և արձակելով վճիռներ:
Դա մի գործ էր, որը հոգեպես սպառում էր նրան:
Դա ժամանակ էր խլում իրենից` աղոթքից, ուսումից և գրելուց, և երբեմն իր աշխատություններում նա թույլ է տալիս, որ նշմարվի այդ հոգսերից առաջացած ողջ հոգնածությունը:
Եվ սակայն, նա շարունակում էր անել դա: Որովհետև հասկացել էր, որ լավ հովիվ լինելը նշանակում էր նաև թույլ տալ, որ ընդհատեն իրեն:
Կյանքը, որը նա երազել էր իր համար, կազմված էր լռությունից, ուսումից և հայեցողությունից:
Կյանքը, որն Աստված վստահել էր իրեն, փոխարենը լի էր մարդկանցով:
Մարդիկ, որ խորհուրդ էին հայցում:
Աղքատներ, որ օգնության կարիք ունեին:
Հավատացյալներ, որ հակամարտության մեջ էին:
Մեղավորներ, որ հաշտեցում էին փնտրում:
Քահանաներ, որ կրթվելու կարիք ունեին:
Հերետիկոսներ, որ պետք է հերքվեին:
Հիվանդներ, որ մխիթարվելու կարիք ունեին:
Համայնք, որ պետք է առաջնորդվեր:
Օգոստինոսը սովորելու էր, որ Աստծուն ծառայելը նշանակում էր նաև ընդունել այս ամենը:
Եվ նման քանակի պարտավորություններով ծանրաբեռնված, նա անհավատալի կերպով շարունակում էր գրել:
Նրա արտադրանքը հսկայական է:
Աստվածաբանական և փիլիսոփայական աշխատություններ, աստվածաշնչյան մեկնություններ, բանավեճային երկեր, նամակներ, քարոզներ, քրիստոնեական ուսուցման գրքեր և հոգևոր գործեր:
Հաճախ գրում էր` թելադրելով իր աշխատակիցներին, գործածելով յուրաքանչյուր հասանելի պահ և երբեմն տարիներով վերադառնալով նույն մեծ աշխատանքներին` վերանայելով և հղկելով սկզբնական սևագրերը:
Այսօր էլ տակավին զարմացնում է քանակը և հատկապես խորությունը այն ամենի, ինչ նրան հաջողվեց արտադրել, մինչ ամենօրյա ռեժիմով ղեկավարում էր իր թեմը:
Բայց նրա պաշտոնավարումը չի կարող հասկացվել առանց հիշելու նրա անձնական պատմությունը:
Օգոստինոսը ճանաչում էր մարդկային տկարությունը, որովհետև հանդիպել էր դրան իր իսկ ներսում:
Գիտեր, թե ի՛նչ էր նշանակում փնտրել Աստծուն և միևնույն ժամանակ փախչել Նրանից:
Գիտեր, թե ի՛նչ էր նշանակում ցանկանալ բարին՝ առանց կարողանալու գործադրել այն:
Գիտեր, թե ի՛նչ էր նշանակում սխալվել, նորից սկսել և ողորմության կարիքն ունենալ:
Այդ իսկ պատճառով, երբ խոսում էր շնորհի մասին, նա չէր շոշափում պարզապես տեսական մի խնդիր:
Խոսում էր մի բանի մասին, որը համարում էր, որ փորձարկել էր սեփական մաշկի վրա:
Հետ նայելով իր կյանքին՝ Օգոստինոսը տեսնում էր մի Աստծո, Ով փնտրել էր իրեն շա՜տ ավելի առաջ, քան ինքը իսկապես կորոշեր փնտրել Աստծուն:
Շնորհը, նրա համար, պարզապես մարդկային ճիգին ավելացված օգնություն չէր:
Աստծո նախաձեռնությունն էր, որը նախորդում է մարդուն, կանչում է նրան, բուժում է նրան ներքուստ և նրա համար հնարավոր է դարձնում բարին սիրելը:
Այս փորձառությունից ծնվելու էր իր կյանքի աստվածաբանական մեծ կրքերից` նվիրվածություններից մեկը:
Բայց Օգոստինոսը անհարթություններից զերծ մարդ չէր:
Նա ուժեղ բնավորություն ուներ:
Վիճաբանությունների մեջ կարող էր շատ կտրուկ լինել, և երբեմն նրա դիրքորոշումները մեզ այսօր կարող են չափազանց խիստ թվալ:
Նրա եպիսկոպոսական կյանքն ինքնին նշանավորված էր թեժ քննարկումներով և հակամարտություններով, որոնք ներգրավում էին ո՛չ միայն աստվածաբանական գաղափարներ, այլ նաև` ամբողջական համայնքներ:
Սա նրա կերպարը դարձնում է է՛լ ավելի հետաքրքրական:
Օգոստինոսը պատմությունից կտրված սուրբ չէր:
Նա իր ժամանակի լարվածությունների մեջ խորասուզված մարդ էր, որը ստիպված էր դժվար որոշումներ կայացնել, երբեմն` վարանելով, միշտ պատրաստ քննարկելու և, երբ ճանաչում էր, որ սխալվել է, նաև ուղղելու այն, ինչ գրել էր:
Կյանքի վերջին մոտ նա շարադրելու էր, իրոք, «Retractationes» -  «Վերանայումներ» անունը կրող աշխատությունը, որտեղ քննադատաբար վերադարձավ իր իսկ սեփական գրքերին՝ ուղղելով արտահայտություններ, հստակեցնելով գաղափարներ և ճանաչելով որոշ սխալներ:
Սա նրա անհատականության արտասովոր գծերից մեկն է:
Քրիստոնեության մեծագույն մտավորականներից մեկը չվախեցավ հրապարակայնորեն վերընթերցել ինքն իրեն:
Եպիսկոպոսության տարիները եղան նաև նրա մեծ բանավեճերի տարիները:
Օգոստինոսը ապրեց մի դարաշրջանում, որում աֆրիկյան Եկեղեցին խորապես բաժանված էր:
Նա պայքարեց մանիքեականության դեմ. այն կրոնի, որին ինքն իսկ հարել էր երիտասարդ տարիքում:
Դիմագրավեց դոնատիստական մեծ ճգնաժամին, որը երկու մասի էր ճեղքել Աֆրիկայի քրիստոնեությունը մրցակից համայնքներում:
Իսկ իր կյանքի վերջին տասնամյակներում բանավեճի մեջ մտավ Պելագիուսի և նրա հետևորդների հետ՝ զարգացնելով իր մեծ խորհրդածությունը շնորհի, սկզբնական մեղքի, մարդկային ազատության և Աստծո օգնության անհրաժեշտության մասին:
Հենց այդ կարևորության պատճառով, որն իր մտահամակարգում ստացել էր շնորհը, քրիստոնեական ավանդությունը նրան հիշելու էր նաև որպես Շնորհի Վարդապետ:
Բայց մինչ մղում էր այս ճակատամարտերը, Օգոստինոսը շարունակում էր շարադրել այն երկերը, որոնք սահմանված էին դարձնելու նրան արևմտյան պատմության ամենաազդեցիկ հեղինակներից մեկը:
«Խոստովանություններ»ը,
«Երրորդության մասին»
և «Աստծո Քաղաքի մասին» հատորները:
Սաղմոսների և Հովհաննեսի Ավետարանի մեծ մեկնությունները:
Հարյուրավոր նամակներ և քարոզներ:
Հազարավոր ու հազարավոր էջեր, որոնցում անընդհատ վերադառնում են այն մեծ հարցերը, որոնք ուղեկցել էին իրեն երիտասարդությունից ի վեր.
Ո՞վ է Աստված:
Ո՞վ է մարդը:
Ի՞նչ է չարը:
Ի՞նչ է ազատությունը:
Ի՞նչ է նշանակում սիրել:
Ինչպե՞ս է գործում շնորհը:
Որտե՞ղ կարող է մարդկային սիրտը գտնել իր հանգիստը:
Թագաստի անհանգիստ երիտասարդը չէր դադարել փնտրել:
Նա պարզապես բացահայտել էր, որ Աստծո փնտրտուքը չի ավարտվում, երբ Նրան գտնում ես:
Այդ ժամանակ այն սկսվում է նորովի:
Եվ այդ փնտրտուքից ծնվեցին քրիստոնեական պատմության ամենախորաթափանց երկերից մի քանիսը:
 
ԳԼՈՒԽ 11. ՇՆՈՐՀԻ ՎԱՐԴԱՊԵՏԸ. ՆՐԱ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ
 
Այն բազմաթիվ երկերի շարքում, որոնք Օգոստինոսը գրեց, մի քանիսը վիթխարի ազդեցություն են գործադրել քրիստոնեության և արևմտյան մտքի պատմության վրա:
Երկուսը, մասնավորապես, դարձել են համընդհանուր կերպով հայտնի:
 
Առաջինը «Խոստովանություններ» կոչվող աշխատությունն է, որ շարադրվել է Չորրորդ դարի վերջին տարիներին, երբ Օգոստինոսն արդեն Եպիսկոպոս էր:
Դժվար է սահմանել այս աշխատությունը միայն մեկ բառով:
Անշուշտ, առաջին հերթին դա նրա կյանքի պատմությունն է. մանկությունը, ուսումը, կրքերը, մանիքեականությունը, ճշմարտության որոնումը, Մոնիկան, Ամբրոսիուսը, դարձը և Մկրտությունը:
Բայց այն պարզապես ինքնակենսագրություն չէ:
Եվ հատկապես, դա մի գիրք չէ, որում Օգոստինոսը խոսում է միայն իր մասին:
Առաջին էջից իսկ սկսած Օգոստինոսը խոսում է Աստծո հետ:
«Խոստովանություններ»ը` դրանք մի երկար աղոթք են:
Օգոստինոսը պատմում է իր սեփական կյանքն Աստծո առաջ, փորձելով բացահայտել, անցյալի իրադարձությունների մեջ, խորհրդավոր ներկայությունը Նրա, Ով առաջնորդում էր իրեն նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը դա չէր գիտակցում:
Այդ պատճառով «Խոստովանություններ»ը դարձել են Արևմուտքի մեծագույն հոգևոր երկերից մեկը:
Օգոստինոսը այնտեղ բացում է իր հոգին արտասովոր անկեղծությամբ:
Խոսում է իր սեփական հավակնությունների մասին:
Ցանկությունների մասին:
Անկումների մասին:
Հպարտության մասին:
Ընկերությունների մասին:
Սեռականության մասին:
Մահվան մասին:
Ցավի մասին:
Հիշողության մասին:
Ժամանակի մասին:
Եվ հատկապես, խոսում է մարդկային սրտի անհանգստության մասին, որը փնտրում է անսահման մի բան նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում է հագենալ սահմանափակ իրականություններով:
Այստեղից են ծնվում այն խոսքերը, որոնք լսեցինք նրա պատմության սկզբում.
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր, և մեր սիրտը հանգիստ չունի, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ»:
«Խոստովանություններ»ը արևմտյան ավանդության առաջին և ամենաազդեցիկ մեծ հոգևոր ինքնակենսագրություններից մեկն են:
Բայց դրանք նախևառաջ մի ողորմության պատմությունն են:
Ո՛չ պարզապես մարդու, որը փնտրում է Աստծուն, այլ` Աստծո, Ով փնտրում է մարդուն, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն Իրենից փախչում է:
 
Երկրորդ կոթողային աշխատությունը «Աստծո Քաղաքի մասին» հատորն է:
Օգոստինոսը սկսեց գրել այն մի իրադարձությունից հետո, որը ցնցեց հռոմեական աշխարհը:
410 թվականին Հռոմը թալանի ենթարկվեց վեստգոթերի կողմից՝ Ալարիկոսի առաջնորդությամբ:
Հռոմը վերջնականապես չէր ընկել, և Արևմտյան Կայսրությունը դեռևս գոյատևելու էր մի քանի տասնամյակ:
Բայց ցնցումը հսկայական էր:
Դարեր շարունակ Հռոմը թվացել էր հավերժական:
Այժմ քաղաքը, որ տիրել էր աշխարհին, պղծվել էր:
Բազմաթիվ հեթանոսներ մեղքը բարդեցին քրիստոնեության վրա:
Նրանց կարծիքով՝ Հռոմը դարձել էր թույլ, որովհետև լքել էր հնօրյա աստվածներին և ընդունել էր Քրիստոսի կրոնը: Չէին ցանկանում ընդունել, որ հղփացած հասարակության բարոյազրկումն էր Կայսրությանը հասցրել այդ օրվան։
Օգոստինոսը պատասխանեց այդ մեղադրանքներին մի հսկայական հատորով, որը շարադրեց բազմաթիվ տարիների ընթացքում. քսաներկու գիրք (կամ գլուխ, բաժին), որոնցում դիմագրավեց ո՛չ միայն Հռոմի խնդրին, այլ նաև` մարդկային պատմության բուն իմաստին:
Նրա պատասխանը գնում էր քաղաքականությունից շա՜տ ավելի անդին:
Երկրային ո՛չ մի կայսրություն, ուսուցանում էր Օգոստինոսը, հավերժական չէ:
Ո՛չ մի քաղաքակրթություն չի կարող լիովին նույնանալ Աստծո Արքայության հետ:
Ո՛չ մի մարդկային ուժ, որքան էլ որ մեծ լինի, չի կարող երաշխավորել մարդուն այն փրկությունը, որը միայն Աստված կարող է տալ:
Պատմությունը խորհրդանշական կերպով հատվում է երկու «քաղաքներ»ի կողմից, որոնք ծնվել են երկու սերերից:
Օգոստինոսը նկարագրում է դրանք իր ամենահռչակավոր ձևակերպումներից մեկով.
երկրային քաղաքը ծնվում է սեփական անձի հանդեպ սիրուց՝ հասցված մինչև Աստծո հանդեպ արհամարհանքի. երկնային քաղաքը՝ Աստծո հանդեպ սիրուց՝ հասցված մինչև սեփական անձի հանդեպ արհամարհանքի:
Խոսքը պարզապես երկու պետությունների մասին չէ, և ո՛չ էլ կարող ենք ինքնաբերաբար նույնացնել Աստծո Քաղաքը որոշակի քաղաքական հասարակության հետ, իսկ երկրային քաղաքը՝ մեկ ուրիշի հետ:
Երկու քաղաքները հատում են պատմությունը և, ներկա ժամանակում, խորհրդավոր կերպով միահյուսված են միմյանց: Ա՛յլ խոսքերով ասած, այնպես չէ, որ Աստծո Քաղաքը ֆիզիկապես նույնանում է Եկեղեցու կամ Քրիստոնեության հետ, իսկ երկրային քաղաքը` մնացած մարդկության։
Այն, ինչը որ տարբերում է դրանք, արմատում, սերն է:
Ի՞նչ ես դու սիրում:
Որտե՞ղ ես տեսնում քո վերջնական բարիքը:
Ինչի՞ համար ես ապրում:
Օգոստինոսի համար այս հարցերը բացահայտում են, թե ո՛ր քաղաքին է իսկապես պատկանում տվյալ մարդու սիրտը:
«Աստծո Քաղաքի մասին» հատորը վիթխարի ազդեցություն էր գործելու աստվածաբանության, պատմության փիլիսոփայության և հավատքի, հասարակության և քաղաքական իշխանության միջև հարաբերությունների քրիստոնեական ընկալման վրա:
 
Բայց Օգոստինոսը միայն «Խոստովանություններ»ի և «Աստծո Քաղաքի մասին» աշխատությունների հեղինակը չէ:
Նա գրել է նաև մի մեծ աշխատություն «Երրորդության մասին», Սուրբ Գրքերի մեկնություններ, քարոզչության հազարավոր էջեր, նամակներ, փիլիսոփայական, քրիստոնեական ուսուցման և աստվածաբանական գործեր:
Եվ նրա արտադրանքի նշանակալի մասը ծնվել է իր ժամանակվա մեծ բանավեճերից:
 
Բոլորից առաջինը` հակաճառությունն էր ընդդեմ մանիքեականների:
Դա մի ճակատամարտ էր, որն Օգոստինոսը ճանաչում էր ներսից:
Մոտ իննը տարի նա կիսել էր այդ հավատքը: Ճանաչում էր դրա փաստարկները, լեզուն և մտավոր հմայքը:
Այժմ նա գործի էր դնում այն նույն բանականությունը, որը մի ժամանակ տարել էր իրեն դեպի մանիքեականությունը, ցույց տալու համար այն, ինչը որ ինքը բացահայտել էր որպես հակասություններ, և պաշտպանելու համար քրիստոնեական հավատքը, որը վերագտել էր:
 
Հետո եկավ երկար ու ցավալի հակաճառությունը դոնատականության դեմ:
Աֆրիկյան Եկեղեցին խորապես բաժանված էր:
Դոնատականներն ու Ընդհանրական ուղղադավանները ունեին մրցակից եպիսկոպոսներ, եկեղեցիներ և համայնքներ, և հերձվածը տևում էր արդեն տասնամյակներ:
Վեճի հիմնական կետերից մեկը վերաբերվում էր Եկեղեցու սրբությանը և Խորհուրդների վավերականությանը:
Օգոստինոսը ուժգնորեն պաշտպանեց այն գաղափարը, որ Խորհրդի (օրինակ` Մկրտության) արդյունավետությունը կախված չէ մատակարարող պաշտոնյայի, այսինքն` քահանայի, բարոյական կատարելությունից:
Խորհրդական շնորհի ճշմարիտ հեղինակը Քրիստոսն է:
Եթե ամեն ինչ կախված լիներ քահանայի անձնական սրբությունից, ո՛չ մի հավատացյալ չէր կարող երբևէ վստահություն ունենալ ստացված պարգևի մասին:
 
Բայց իր կյանքի վերջին տարիների ամենահայտնի հակաճառությունը կապված էր Պելագիուսի և նրա հետևորդների հետ:
Քննարկման կենտրոնում վճռորոշ հարցն էր. որքա՞ն կարող է անել մարդը սեփական ուժերով և որքա՞ն ունի Աստծո շնորհի կարիքը:
Պելագիուսը կտրուկ կերպով պնդում էր մարդու ազատության և բարոյական պատասխանատվության վրա:
Օգոստինոսը վախենում էր, որ պելագյան որոշ դիրքորոշումներ ի վերջո հանգեցնելու էին շնորհի կարևորության նվազեցմանը, վերածելով այն հատկապես արտաքին օգնության (Օրենքը, ուսուցումը, Քրիստոսի օրինակը), առանց բավարար չափով ճանաչելու մի ներքին շնորհի անհրաժեշտությունը, որը բուժում և փոխակերպում է մարդկային կամքը:
Օգոստինոսը չափազանց լավ գիտեր իր իսկ սեփական պատմությունը՝ մտածելու համար, թե բավական է իմանալ, թե ի՛նչն է բարի, որպեսզի ինքնաբերաբար կարողանաս գործի վերածել այն:
Միլանի այգում նա ճանաչել էր հե՛նց այս ողբերգությունը:
Գիտեր, թե ի՛նչ պետք է աներ, բայց չէր կարողանում անել դա:
Նրա խելքը ճանաչել էր ճշմարտությունը նախքան նրա կամքը կգտներ ուժը` դրան հետևելու համար:
Այդ պատճառով շնորհի շուրջ բանավեճը շոշափում էր խորապես անձնական մի բան:
Օգոստինոսը սաստիկ ուժով պաշտպանեց աստվածային շնորհի անհրաժեշտությունը:
Փրկությունը մի մրցանակ չէ, որը մարդը նվաճում է ինքնուրույն:
Այն նախ և առաջ պարգև է:
Աստված նախորդում, կանխում է մարդուն:
Կանչում է նրան:
Զորավիգ է լինում նրան:
Բուժում է նրա վիրավոր կամքը:
Նրան տալիս է Իր սիրույն ազատորեն պատասխանելու հնարավորությունը:
Այն խորության համար, որով նա զարգացրեց այս խնդիրները, Օգոստինոսը քրիստոնեական ավանդության մեջ հիշվելու էր որպես Շնորհի Վարդապետ:
Նրա աստվածաբանությունը, հետևաբար, չէր ծնվում միայն ակադեմիական վեճերից:
Շնորհի մասին նրա խորհրդածությունների հիմքում ընկած էր նաև սեփական կյանքի հիշողությունը:
Օգոստինոսը գիտեր, որ ինքը փնտրվել էր, երբ դեռ փախչում էր:
Սպասվել էր, երբ դեռ հետաձգում էր:
Կանչվել էր, երբ դեռ դիմադրում էր:
Այդ պատճառով, երբ նա խոսում է շնորհի մասին, մենք հաճախ լսում ենք ո՛չ միայն աստվածաբանի ձայնը, այլ նաև` այն մարդու, ով համարում է իրեն ողորմության կողմից գտնված:
Եվ թերևս հե՛նց «Խոստովանություններ»ում է, որ այս փորձառությունը հասնում է իր ամենագեղեցիկ արտահայտություններից մեկին:
Օգոստինոսը դիմում է Աստծուն և ասում. «Ո՜ւշ սիրեցի Քեզ, ո՜վ Գեղեցկություն այսքա՜ն հին և այսքա՜ն նոր. ո՜ւշ սիրեցի Քեզ»:
Եվ շարունակում է. «Դու իմ ներսում էիր, իսկ ես` դրսում: Եվ այնտեղ էի ես Քեզ փնտրում»:
Սրանք խոսքեր են՝ գրված մի մարդու կողմից, ով հետ է նայում իր սեփական կյանքին և այնտեղ բացահայտում է մի զարմանալի բան. մինչ ինքը փնտրում էր Աստծուն հեռվում, Աստված արդեն ներկա էր իր հոգու ամենախորքում:
 
Եվ Օգոստինոսի խոսքերից մեկ ուրիշը հռչակավոր էր դառնալու դարերի ընթացքում.
«Սիրի՛ր և արա՛ այն, ինչ ուզում ես»:
Մի խոսք, որը, համատեքստից կտրելու դեպքում, կարող է հեշտությամբ սխալ հասկացվել:
Օգոստինոսը չի ասում. «Արա՛ այն, ինչ ցանկանում ես»:
Ասում է մի բան, որը շա՜տ ավելի պահանջկոտ է:
Եթե քո արարքների արմատը իսկապես սերն է (այն սերը, որը փնտրում է մյուսի բարիքը Աստծո առջև), ապա այդ արմատից չի կարող դիտավորյալ ծնվել չարիքը:
Օգոստինոսն ինքը բացատրում է դա հզորագույն խոսքերով.
կարող ես լռել հանուն սիրո, և կարող ես խոսել հանուն սիրո.
կարող ես ուղղել հանուն սիրո, և կարող ես ներել հանուն սիրո:
Այն, ինչը որ կարևորն է, այն է, որ քո ներսում գտնվի սիրո արմատը:
Որովհետև, Օգոստինոսի համար, ի վերջո ամեն ինչ վերադառնում է սիրույն:
Երկու սերեր կառուցում են երկու քաղաքներ:
Անկարգ սերը մարդուն ստրուկ է դարձնում:
Կարգավորված սերը նրան դարձնում է ազատ:
Աստծո սերն առաջնորդում է մարդուն դեպի այն, ինչի համար նա ստեղծվել է:
Եվ այսպես, նա, ով իր երիտասարդությունն անցկացրել էր հարցնելով ինքն իրեն, թե որտե՞ղ կարող էր գտնել երջանկությունը, հասնում էր, մի ողջ կյանքից հետո, զարմանալիորեն պարզ պատասխանի.
ասա՛, թե ի՛նչ ես դու սիրում, և կհասկանաս, թե ո՛վ ես դու:
 
Բայց մինչ Օգոստինոսը շարունակում էր քարոզել, գրել և պաշտպանել հավատքը, աշխարհը նրա շուրջը արագորեն փոխվում էր:
Արևմտյան Հռոմեական Կայսրությունը երերում էր:
Զինված ժողովուրդներ հատում էին նրա սահմանները:
Եվ հռոմեական Աֆրիկան ևս, որը երկար ժամանակ թվացել էր մեծ ներխուժումներից հեռու, շուտով տակնուվրա էր արվելու:
Օգոստինոսն արդեն տարեց էր:
Եվ նրա կյանքի վերջին տեսարանը ծավալվելու էր հե՛նց Հիպպոնայում, մինչ քաղաքը պաշարվում էր վանդալների կողմից:
Անհանգիստ սիրտը վերջապես պատրաստվում էր իր վերջին ճանապարհորդությանը:
 
ԳԼՈՒԽ 12. ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
 
Սուրբ Օգոստինոսի կյանքի վերջին տարիներն անցան մի ողբերգական դարաշրջանում:
Արևմտյան Հռոմեական Կայսրությունն անցնում էր միշտ ավելի ու ավելի խորացող ճգնաժամի միջով: Նրա քաղաքական և ռազմական կառույցները թուլանում էին, մինչ գերմանական տարբեր ժողովուրդներ հաստատվում էին կայսերական տարածքների ներսում:
Հռոմեական Աֆրիկան նույնպես, որը երկար ժամանակ համեմատաբար պաշտպանված էր մնացել մեծ ներխուժումներից, ի վերջո ներգրավվեց այդ հորձանուտի մեջ:
429 թվականին վանդալները՝ իրենց թագավոր Գենսերիկոսի առաջնորդությամբ, Իբերյան թերակղզուց անցան Հյուսիսային Աֆրիկա:
Նրանց առաջխաղացումը պատճառ դարձավ պատերազմների, թալանի, բնակչության փախուստի և աֆրիկյան նահանգների խորը ապակայունացման:
 
Օգոստինոսն արդեն տարեց էր:
Տեսել էր Հռոմը թալանված:
Տեսել էր Կայսրությունը թուլացած:
Տասնամյակներ էր անցկացրել՝ պայքարելով այն բաժանումների դեմ, որոնք պատառոտում էին աֆրիկյան Եկեղեցին:
Այժմ տեսնում էր ավերված քաղաքներ, փախչող բնակչություն, լքված եկեղեցիներ և բազմաթիվ քրիստոնյաների, որոնք ստիպված էին ապաստան փնտրել:
Աշխարհը, որտեղ նա ծնվել էր, կարծես փլուզվում էր իր աչքերի առջև:
Բայց հե՛նց ինքը, ով տարիներ առաջ գրել էր «Աստծո Քաղաքի մասին» աշխատությունը, գիտեր, որ ոչ մի երկրային քաղաք հավերժական չէ:
Կայսրությունները ծագում են և մայր մտնում:
Տերություններն անցնում են:
Քաղաքակրթությունները փոխվում են:
Քրիստոնեական հույսը, մինչդեռ, չի կարող հիմնված լինել անցողիկ բաների վրա:
 
430 թվականին վանդալական բանակը հասավ Հիպպոնայի առաջ և պաշարման ենթարկեց քաղաքը:
Բազմաթիվ փախստականներ ապաստան էին գտել նրա պարիսպների ներսում:
Նրանց թվում, ովքեր գտնվում էին Հիպպոնայում, կար նաև Պոսսիդիուսը՝ Կալամայի Եպիսկոպոսը, Օգոստինոսի ընկերն ու աշակերտը, որը հետագայում դառնալու էր նրա առաջին մեծ կենսագիրը:
Օգոստինոսը մնաց իր քաղաքում:
Ինքը այդ քաղաքի Եպիսկոպոսն էր:
Դա իր ժողովուրդն էր:
Եվ հե՛նց այն պահին, երբ պարիսպներից դուրս մոլեգնում էր պատերազմը, ծերունի հովիվը պատրաստվում էր իր կյանքի վերջին ճակատամարտին:
 
Պաշարման երրորդ ամսվա ընթացքում Օգոստինոսը հիվանդացավ տենդով:
Նա յոթանասունհինգ տարեկան էր:
Հասկանում էր, որ վախճանը մոտենում էր:
Եվ ձևը, որով նախապատրաստվեց մահվանը, թերևս ավելի շատ բան է բացահայտում մեզ, քան բազմաթիվ ճառեր այն մասին, թե ո՛վ էր դարձել այդ մարդը:
Պոսսիդիուսը պատմում է, որ Օգոստինոսն ասում էր, որ ոչ մի քրիստոնյա, որքան էլ որ արդար ապրած լինի, չպետք է առերեսվի մահվանը՝ առանց ապաշխարություն անելու:
Եվ դա վերաբերում էր, ըստ նրա, նաև Եպիսկոպոսին:
Այդպես, նա արտագրել տվեց Ապաշխարության Սաղմոսները և թերթերը տեղադրել տվեց պատին՝ իր մահճակալի առջև:
Այնտեղից նա կարող էր կարդալ դրանք:
Եվ դրանք աղոթում էր լաց լինելով:
Սա նրա կյանքի ամենահուզիչ պատկերներից մեկն է:
Նա, ով հազարավոր էջեր էր գրել Աստծո մասին, չէր մահանում իր գրկում սեղմած պահելով իր սեփական գրքերը:
Նա, ով բանավիճել էր փիլիսոփաների, աստվածաբանների, հերետիկոսների և եպիսկոպոսների հետ, իր վերջին օրերը չէր անցկացնում հիացմունքով դիտելով իր սեփական համբավը:
Շնորհի մեծ Վարդապետն աղոթում էր Սաղմոսների խոսքերով:
Խնդրում էր ողորմություն:
Երիտասարդը, որը մի ժամանակ փորձել էր արդարացնել ինքն իրեն, դարձել էր մի ծերունի, որն իր ողջ հույսը դնում էր Աստծո վրա:
 
Վերջին օրերին նա ցանկացավ նաև ավելի մեծ ինքնամփոփում ապրել:
Խնդրեց, որ իր սենյակը հանգիստ մնա և, բացառությամբ խիստ անհրաժեշտ իրավիճակների, իրեն չանհանգստացնեն:
Ուզում էր պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը` աղոթքի մեջ:
Մի ողջ կյանքից հետո, որն անցկացվել էր խոսելով, քարոզելով, ուսուցանելով և ուրիշների հարցերին պատասխանելով, Օգոստինոսը վերջապես մտնում էր լռության մեջ:
 
430 թվականի Օգոստոսի 28-ին Օգոստինոսը մահացավ Հիպպոնայում, մինչ քաղաքը դեռ պաշարված էր:
Նա յոթանասունհինգ տարեկան էր և իր կյանքի յոթանասունվեցերորդ տարում էր:
Ծառայել էր Հիպպոնայի Եկեղեցուն մոտ քառասուն տարի` որպես Քահանա և Եպիսկոպոս, որոնցից ավելի քան երեսուն տարին՝ որպես Եպիսկոպոս:
Պոսսիդիուսը պատմում է, որ նա մինչև վերջ պահպանեց մտքի պայծառությունը և մարմնի անթերի վիճակը:
Մահացավ առանց անձնական հարստություններ թողնելու:
Կտակ չէր արել, որովհետև, գրում է նրա կենսագիրը, «Աստծո աղքատը» սեփական գույք չուներ` բաշխելու համար:
Թողնում էր, սակայն, անսահմանորեն ավելի մեծ մի բան:
Թողնում էր իր գրքերը:
Իր նամակները:
Իր քարոզները:
Այն համայնքները, որոնք ձևավորել էր:
Իր կողքին մեծացած քահանաներին ու եպիսկոպոսներին:
Եվ հատկապես, թողնում էր մի հարց, որը հատելու էր դարերը.
որտե՞ղ կարող է մարդու սիրտը գտնել իր հանգիստը:
 
Հիպպոնայի պաշարումը շարունակվեց նաև նրա մահից հետո:
Հյուսիսային Աֆրիկայի հռոմեական աշխարհը խորապես փոխակերպվելու էր վանդալների առաջխաղացման պատճառով:
Բայց մինչ քաղաքական այդ աշխարհը դանդաղորեն անհետանում էր, Հիպպոնայի ծերունի Եպիսկոպոսի խոսքերը սկսում էին մի ճանապարհորդություն, որը սահմանված էր տևելու շա՜տ ավելի երկար, քան որևէ կայսրություն:
Եվ այդպես էլ եղավ:
Սուրբ Օգոստինոսի ազդեցությունը քրիստոնեության և արևմտյան մտքի պատմության վրա հսկայական է:
Նրա աշխատություններն ընթերցվում, ուսումնասիրվում, քննարկվում և սիրվում են ավելի քան տասնհինգ դար անընդմեջ:
Ընդհանրական Եկեղեցին նրան մեծարում է որպես Եկեղեցու Վարդապետ և ավանդաբար դասում է նրան Արևմտյան Եկեղեցու չորս մեծ Վարդապետների շարքին՝ Ամբրոսիուսի, Հերոնիմոսի և Գրիգոր Մեծի հետ միասին:
Շնորհի մասին նրա մտորումը նրան տվել է Շնորհի Վարդապետ տիտղոսը:
Ընդհանուր կենցաղավարությամբ ապրված կյանքի նրա հայեցակարգը դարերի ընթացքում ներշնչել է կանոնիկոսների, վանականների, կրոնավորների, քահանաների և բազմաթիվ կրոնական ընտանիքների, որոնք ապրում են Սուրբ Օգոստինոսի Կանոնագրքի համաձայն:
Նրա միտքը ազդել է աստվածաբանների, փիլիսոփաների, միստիկների, գրողների և մտածողների վրա, որոնք պատկանում են մինչև իսկ միմյանցից շատ տարբեր ավանդությունների:
 
Բայց թերևս սա չէ հիմնական պատճառը, թե ինչո՛ւ է Օգոստինոսը շարունակում այդքա՜ն խորապես խոսել մարդկանց սրտերին:
Դա նրա հանճարը չէ միայն:
Դա նրա գրքերը չեն միայն:
Դա նրա պատմությունն է:
Որովհետև Օգոստինոսը չծնվեց որպես արդեն պատրաստի սուրբ:
Նա դժվար նկարագրի տեր երեխա եղավ:
Հավակնոտ երիտասարդ:
Կրքոտ տղամարդ:
Հպարտ մտավորական:
Անհանգիստ որոնող:
Ճանաչեց սխալը:
Ճանաչեց մեղքը:
Ճանաչեց մարդկային սերը, ցավը, ընկերությունը, սիրելի մարդկանց կորուստը:
Փնտրեց ճշմարտությունը բազմաթիվ ուղղություններով:
Եվ հատկապես, ճանաչեց այն տարօրինակ փորձառությունը, որը պատկանում է բազմաթիվ, կամ ավելի ճիշտը` բոլոր մարդկանց. իմանալ, թե որտե՛ղ է գտնվում բարին, և դեռ չկարողանալ ընտրել այն:
Այդ իսկ պատճառով նրա պատմությունը շարունակում է լինել հույսի պատմություն:
Ասում է որոնողին, որ կարող է շարունակել փնտրել:
Նրան, ով ընկել է, որ կարող է վեր կենալ:
Նրան, ով տարիներ շարունակ աղոթում է սիրելի մարդու համար, որ չպետք է անօգուտ համարի սեփական աղոթքը:
Նրան, ով մտածում է, թե չափազանց ուշ է հասել, հիշեցնում է խոսքերը նրա, ով մի օր աղաղակեց.
«Ո՜ւշ սիրեցի Քեզ, ո՜վ Գեղեցկություն այսքա՜ն հին և այսքա՜ն նոր. ո՜ւշ սիրեցի Քեզ»:
Եվ թերևս Օգոստինոսի ողջ կյանքը կարող է ամփոփվել երկու նախադասությունների միջև:
Սկզբում.
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր, և մեր սիրտը հանգիստ չունի, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ»:
Իսկ վերջում՝ բացահայտումը Նրա, Ում փնտրել էր ամբողջ կյանքում.
«Դու իմ ներսում էիր, իսկ եu՝ դրսում»:
Օգոստինոսը փնտրել էր Աստծուն փիլիսոփայությունների մեջ:
Փնտրել էր Նրան կրոնների մեջ:
Փնտրել էր Նրան հաջողության մեջ:
Փնտրել էր Նրան հաճույքների մեջ:
Փնտրել էր Նրան սեփական մտքի մեջ:
Եվ վերջում բացահայտել էր, որ այդ ողջ երկար ճանապարհին Աստված երբեք չէր դադարել փնտրել իրեն:
Թագաստի անհանգիստ տղային:
Կարթագինեսի կրքոտ երիտասարդին:
Մանիքեականին:
Հռետորության դասախոսին:
Թզենու տակ լացող նորադարձին:
Մոնիկայի որդուն:
Միլանում մկրտվածին:
Քահանային:
Եպիսկոպոսին:
Շնորհի Վարդապետին:
Այժմ նրա երկրային ճանապարհորդությունն ավարտված էր:
Եվ այն սիրտը, որն իր ողջ կյանքի ընթացքում փնտրել էր իր հանգիստը, կարող էր վերջապես մտնել Աստծո հանգստի մեջ:
 
Սո՜ւրբ Օգոստինոս, աղոթի՜ր մեր համար, Եղբա՜յր մեր սիրելի և Հա՜յր:
Եվ այժմ, նրա պատմության ավարտին, աղոթքով ապավինենք նրա բարեխոսությանը:
 
ԳԼՈՒԽ 13. ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍԻՆ
 
Սուրբ Օգոստինոս,
Եկեղեցու Վարդապետ
և Շնորհի Վարդապետ,
 
դու, որ փնտրեցիր երջանկությունը
բազմաթիվ ճանապարհների միջով
և գտար այն, ի վերջո,
միայն Աստծո մեջ,
սովորեցրո՜ւ մեզ
անկեղծորեն փնտրել Ճշմարտությունը
և կանգ չառնել, մինչև որ մեր սիրտը
հանգիստ չգտնի Նրա մեջ:
 
Դու, որ ասացիր.
«Դու մեզ ստեղծել ես Քո համար, ո՜վ Տեր,
և մեր սիրտը հանգիստ չունի,
քանի դեռ չի հանգչում Քո մեջ»,
ստացի՜ր մեր համար շնորհը` ճանաչելու,
մեր ամենախորը անհանգստությունների մեջ,
Աստծո այն ծարավը, որը միայն Նա
կարող է հագեցնել:
 
Սովորեցրո՜ւ մեզ չակնկալել արարված բաներից
այն, ինչը որ միայն Արարիչը
կարող է պարգևել մեզ,
և չփնտրել անցնող իրականությունների մեջ
այն հավիտենական երջանկությունը,
որի համար ենք մենք ստեղծվել:
 
Դու, որ փնտրտուքների,
սխալների և անկումների
երկար տարիներից հետո
հասար աստվածային ողորմությանը,
բարեխոսի՜ր բոլոր նրանց համար, ովքեր այսօր մոլորված են.
նրանց համար, ովքեր կասկածում են,
նրանց համար, ովքեր փնտրում են առանց գտնելու,
նրանց համար, ովքեր կորցրել են հավատքը,
նրանց համար, ովքեր ցանկանում են հավատալ և չեն կարողանում,
նրանց համար, ովքեր անընդհատ հետաձգում են իրենց վերադարձը,
և նրանց համար, ովքեր իրենց զգում են Աստծուց արդեն չափազանց հեռու:
 
Ստացի՜ր նրանց համար շնորհը` բացահայտելու,
որ ոչ ոք չափազանց հեռու չէ՝ վերադառնալու համար,
և որ Աստված չի դադարում փնտրել մարդուն
նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն Իրենից փախչում է:
 
Արա՜ այնպես, որ նրանք էլ կարողանան լսել,
իրենց հոգու խորքում,
այն կանչը, որը մի օր դու լսեցիր.
«Վերցրո՛ւ և կարդա՛: Վերցրո՛ւ և կարդա՛»:
Արա՜ այնպես, որ նրանք բացեն իրենց սրտերը Աստծո Խոսքի առաջ
և վերագտնեն ճանապարհը, որ տանում է դեպի Հոր տունը:
 
Սուրբ Օգոստինոս,
դու, որ ճանաչեցիր մարդկային կամքի տկարությունը
և այդքա՜ն ուժով հռչակեցիր շնորհի զորությունը,
բարեխոսի՜ր նաև մեր համար:
 
Երբ մենք գիտենք բարին,
բայց չունենք ուժը` այն իրագործելու,
երբ ցանկանում ենք փոխվել,
բայց շարունակում ենք հետաձգել,
երբ մեր հին սովորությունները
թվում են ավելի ուժեղ, քան մեր կամքը,
ստացի՜ր մեր համար այն շնորհը,
որ լուսավորում է, բուժում,
զորավիգ լինում և ազատ դարձնում:
 
Դու, որ սիրեցիր Աստծուն
բորբոքված սրտով,
և սովորեցրեցիր, որ սերն
ամեն բարիքի արմատն է,
վառի՜ր նաև մեր մեջ
այդ միևնույն սերը:
 
Սովորեցրո՜ւ մեզ
սիրել Աստծուն ամեն ինչից վեր
և, Նրա մեջ, իսկապես սիրել
յուրաքանչյուր մարդու,
ում հանդիպում ենք:
 
Արա՜ այնպես,
որ կարողանանք ապրել
Նրա կամքի համաձայն,
ծառայել Նրան խոնարհությամբ
և քայլել վստահությամբ
դեպի հավիտենական կյանքը:
 
Եվ երբ նկատում ենք,
որ այդքա՜ն ժամանակ ենք կորցրել,
երբ հետ ենք նայում ցավով
Աստծուց հեռու ապրած տարիներին,
սովորեցրո՜ւ մեզ հույսը չկորցնել,
այլ` կրկնել քո հետ.
«Ո՜ւշ սիրեցի Քեզ,
ո՜վ Գեղեցկություն այսքա՜ն հին
և այսքա՜ն նոր.
ո՜ւշ սիրեցի Քեզ»:
 
Եվ շնորհի՜ր մեզ
կարողանալ ավելացնել.
«Ո՜վ Տեր,
այժմ, երբ հանդիպել ենք Քեզ,
թույլ մի՛ տուր,
որ այլևս բաժանվենք Քեզնից»:
 
Սուրբ Օգոստինոս,
ուղեկցի՜ր մեզ մեր ճանապարհին,
մինչև որ մեր անհանգիստ սիրտն էլ
կգտնի վերջապես իր հանգիստը:
 
Եվ երբ կավարտվի
մեր այս երկրային ուխտագնացությունը,
առաջնորդի՜ր մեզ,
Սրբուհի Մոնիկայի և
բոլոր Սրբերի հետ միասին,
դեպի Աստծո Քաղաքը,
որտեղ մայրամուտ չկա,
որտեղ դեմ առ դեմ կտեսնենք
Նրան, Ում փնտրել ենք,
սիրել և ցանկացել
մեր ողջ կյանքի ընթացքում:
 
Սուրբ Օգոստինոս Հիպպոնացի,
Շնորհի Վարդապետ,
աղոթի՜ր մեր համար:
 
Ամեն:
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։