– Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՄՈՆԻԿԱ ԹԱԳԱՍՏԱՑԻ (331-387)

Ամենագեղեցիկ պատմությունը մի մոր, ով երբեք չլքեց իր որդուն

Գրեթե երեսուն տարի շարունակ մի մայր արտասվեց և աղոթեց մի որդու համար, որը թվում էր ընդմիշտ կորած, թեև փայլուն մտքի տեր էր, հմայիչ տեսքով տղա, բայց սխալներով և կեղծ վարդապետություններով տարված, խուլ՝ որևէ աղաչանքի: Ուրիշ որևիցէ մի մայր կհանձնվեր թերևս, բայց ո՛չ նա:

Իսկ եթե ասեինք ձեզ, որ այդ արցունքները ո՛չ միայն փրկեցին նրա որդուն, այլ նաև՝ Ընդհանրական Եկեղեցուն պարգևեցին նրա մեծագույն Սրբերից ու Հայրապետներից մեկի՞ն: Սա Սրբուհի Մոնիկայի պատմությունն է. մոր, որն աղոթքով հաղթեց այնտեղ, որտեղ չկարողացավ հաղթել խոսքերով:

 

Գլուխ Առաջին. Մի մայր, որ աղոթեց անդադար

Կան սրբեր, որոնք նվաճեցին թագավորություններ, ուրիշները՝ գրեցին անմահ գրքեր, ուրիշներ էլ՝ հեղեցին իրենց արյունը հավատքի համար: Սրբուհի Մոնիկան չարեց սրանցից ոչ մեկը: Նրա մեծությունն ուրիշ բանի մեջ է կայանում, մի ավելի թաքնված և միգուցե ավելի դժվար բանի մեջ. նրա մեծությունը դա մի մոր մեծությունն է, որ սիրեց, սպասեց և անդադար աղոթեց տարիներ շարունակ որդու փրկության համար: Նրա զենքը ո՛չ սուրն էր, ո՛չ էլ փայլուն խոսքը, այլ՝ հարատևող աղոթքն ու երբեք չհանձնվողի լուռ արցունքները: Եվ սակայն, այդ խոնարհ կինը կանգնած է Եկեղեցու պատմության մեջ ամենամեծ մարդկանցից մեկի ետևում:

Սուրբ Օգոստինոսը՝ Եպիսկոպոս, Եկեղեցու Վարդապետ, բոլոր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկն է, որովհետև նախքան Սուրբ դառնալը՝ Օգոստինոսը կորած, մոլորված որդի էր, և նախքան նա կգրեր իր անմահ երկերը, կար մի մայր, որը նրան վերադարձրեց Աստծուն՝ անդադար աղոթելով նրա համար: Սուրբ Օգոստինոսի պատմությունը հնարավոր չէ հասկանալ առանց Սրբուհի Մոնիկայի պատմության: Ամենագեղեցիկն այն է, որ գրեթե այն ամենը, ինչ մենք գիտենք նրա մասին, պատմում է հե՛նց Օգոստինոսը՝ իր ամենահռչակավոր աշխատության՝ «Խոստովանություններ»ի էջերում:

Այնտեղ, արդեն դարձի եկած և Եպիսկոպոս դարձած, նա հուզիչ էջեր է նվիրում իր մորը, նրա հավատքին, արցունքներին և սուրբ մահվանը: Սա, հետևաբար, առասպելական պատմություն չէ, այլ՝ մի որդու երախտապարտ վկայությունը, ով գիտակցում է, որ, Աստծուց հետո, իր լավագույն մասը պարտական է իր մորը: Մոնիկա անունն ինքնին ընդմիշտ կապված է մնացել մի գաղափարի՝ սեփական որդիների համար աղոթող մոր գաղափարի հետ: Այդ պատճառով նա մեծարվում է որպես քրիստոնյա մայրերի, ընտանիքում տառապող կանանց և բոլոր նրանց Հովանավոր Սրբուհին, ովքեր աղոթում են Աստծուց հեռու գտնվող սիրելիի դարձի համար: Հանձինս նրա՝ իրենց են ճանաչում բոլոր նրանք, ովքեր Աստծուց հեռու գտնվող որդի, ամուսին կամ ընկեր ունեն, և սովորում են երբեք չհուսահատվել, այլ՝ վստահել և հարատևել աղոթքի մեջ: Նրա տոնը նշվում է Օգոստոսի 27-ին, իր որդու՝ Սուրբ Օգոստինոսի տոնից մեկ օր առաջ, որի տոնը նշվում է Օգոստոսի 28-ին: Եկեղեցին նրանց միավորել է այսպես նաև օրացույցի մեջ, ինչպես որ միավորված էին կյանքում. նախ մայրը, որը ճանապարհ հարթեց իր արցունքներով, ապա որդին՝ այդ արցունքների պտուղը և Եկեղեցու փառքը: Մայր և որդի, մեկը մյուսի կողքին, ընդմիշտ:

Լավ է հե՛նց սկզբից ճշգրիտ կերպով ասել, թե որտեղի՛ց ենք քաղում բոլոր այն տեղեկությունները, որ գիտենք նրա մասին: Մեծ մասը գալիս է Սուրբ Օգոստինոսի «Խոստովանություններ» անունը կրող ինքնակենսագրությունից, որն առաջին ձեռքի վկայություն է՝ անկեղծ և զուսպ, ամենայն վստահության արժանի: Ա՛յլ մանրամասնություններ մեզ են հասել ավանդության և հավատացյալների բարեպաշտության միջոցով, որոնք ժամանակի ընթացքում հարստացրել են նրա կերպարը: Այս պատմության ընթացքում մենք պարզությամբ կտարբերակենք այն, ինչը որ պատմում է հե՛նց Օգոստինոսը, այն ամենից, ինչը որ պատկանում է ժողովրդական բարեպաշտությանը, որպեսզի պատվենք Սրբուհուն ճշմարտության և ո՛չ թե չափազանցության համաձայն:

Սրբուհի Մոնիկայի մեծությունը հասկանալու համար հարկավոր է ծանոթանալ նրա պատմությանը հե՛նց սկզբից, մի պատմություն, որը սկիզբ չունեցավ փառքի մեջ, այլ՝ Հյուսիսային Աֆրիկայի մի սովորական տան պարզության մեջ, որտեղ մի փոքրիկ աղջնակ սովորում էր սիրել Աստծուն: Վերադառնա՜նք այնտեղ՝ նրա առաջին տարիներին, Թագաստ քաղաքում:

 

Գլուխ Երկրորդ. Թագաստի պարմանուհին

Մոնիկան ծնվել է մոտ 332 թվականին Թագաստում, Հյուսիսային Աֆրիկայի քաղաքներից մեկում, այն տարածաշրջանում, որն այսօր պատկանում է Ալժիրին, իսկ այն ժամանակ Հռոմեական Կայսրության մի մասն էր:

Նա ծնվել է քրիստոնեական ընտանիքում և դեռ մանկուց դաստիարակվել է հավատքի մեջ՝ մեծ առաքինության տիրապետող տարեց աղախնու կողմից, որը խնամել էր նաև Մոնիկայի հորը և ամրությամբ ու սիրով դաստիարակել էր նրա աղջիկներին: Այդ պարզ կնոջից Մոնիկան սովորել էր բարեպաշտությունը, կարգապահությունը և Աստծո երկյուղը: Հե՛նց Օգոստինոսն է պատմում իր «Խոստովանություններ»ում՝ մոր պատանեկության տարիներից մի դրվագ, որն ամբողջությամբ բացահայտում է նրա նկարագիրը:

Երբ տակավին դեռահաս աղջիկ էր, Մոնիկան պարտականությունն ուներ իջնելու մառան՝ գինի վերցնելու համար, և կամաց կամաց, կարծես խաղ անելով, սկսել էր գաղտնի խմել փոքրիկ կումերով՝ ամեն անգամ մի փոքր ավելի շատ, մինչև որ վարժվել էր դրան: Դա այդ ժամանակ մի փոքրիկ թերություն էր, բայց կարող էր աճել և վտանգավոր դառնալ: Աստված գործածեց մի անսպասելի միջոց՝ նրան բժշկելու համար: Մի օր աղախիններից մեկը, որի հետ Մոնիկան սովորաբար վիճում էր, վեճի թեժ պահին նրա երեսով տվեց այդ սովորությունը և արհամարհանքով նրան «հարբեցող» անվանեց: Այդ վիրավորական խոսքը, չարությամբ արտասանված, Մոնիկայի համար եղավ նետի նման, որ բացեց նրա աչքերը: Նա խորապես ամաչեց ինքն իրենից, գիտակցեց իր մեղքը և անմիջապես թողեց այդ մոլությունը ընդմիշտ: Այլևս երբեք չվերադարձավ դրան: Օգոստինոսը իմաստությամբ լի դաս է քաղում այս դրվագից. Աստված երբեմն գործածում է մինչև իսկ ուրիշների կոշտ խոսքերն ու վատ մտադրությունները՝ մեզ ուղղելու և բժշկելու համար:

Այդ աղախինը ցանկանում էր անպատվել, բայց Աստված գործածեց նրա կողմից արտասանված վիրավորական խոսքը՝ Մոնիկային բժշկելու համար: Այդպես է գործում Աստվածային Նախախնամությունը, որն ի զորու է բարիք դուրս բերելու չարից և ուղղելու մեր ընթացքներն այնպիսի միջոցներով, որոնք մենք չենք պատկերացնում: Այս դրվագն արդեն ցույց է տալիս Մոնիկայի խառնվածքը՝ մի կին, որն ընդունակ է գիտակցելու սեփական մեղքերը և հիմքից ուղղվելու՝ առանց ինքնարդարացումների կամ կիսատ քայլերի:

Կամքի միևնույն ուժը, խոնարհության միևնույն զգացումը՝ թույլ տալու, որ ուղղեն իրեն, ուղեկցելու էին նրան իր ողջ կյանքի ընթացքում և լինելու էին նրա սրբության գաղտնիքը: Ով ընդունակ է հաղթելու ինքն իրեն, պատրաստ է հոգու մեծ պատերազմներին: Մեծանալով, Մոնիկան, իր սրտի բարեպաշտության համաձայն, ցանկանում էր լիովին Աստծուն նվիրված կյանքով կենցաղավարել: Բայց, ինչպես ընդունված էր այն ժամանակ, նրա ծնողները որոշեցին նրա փոխարեն ամուսնությունը և նրան կնության տվեցին քաղաքաբնակ մի տղամարդու՝ Պատրիկ անունով: Այդպես սկսվում էր նրա կյանքի ամենաերկար ու ամենադժվարին փուլը՝ մի փորձություն, որ տևելու էր բազմաթիվ տարիներ, և որի ընթացքում նրա հավատքը ենթարկվելու էր խիստ փորձության: Ծանոթանա՜նք այդ ամուսնությանը:

 

Գլուխ Երրորդ. Ամուսնությունը Պատրիկի հետ

Պատրիկը՝ այն տղամարդը, որի հետ Մոնիկան ամուսնացավ, Թագաստի բնակիչ էր, աշխատասեր և ո՛չ զուրկ դրական որակներից, բայց բավականին դժվար բնավորության տեր անձնավորություն էր: Կրոնով հեթանոս էր, քրիստոնեական հավատքին օտար, բուռն ու բռնկուն խառնվածք ուներ, հակված էր զայրույթին և հավատարիմ չէր կնոջը: Այս ամենին ավելանում էր նաև նույնքան դժվար բնավորության տեր սկեսուրը՝ Պատրիկի մայրը, ով ապրում էր իրենց միևնույն տանը և սկզբում անվստահությամբ ու սառնությամբ էր նայում Մոնիկային:

Դա հաստատ հեշտ հարաբերությունների տուն չէր: Մոնիկան այդպիսով հայտնվել էր մի չափազանց դժվարին փորձության կենտրոնում, որը տևելու էր գրեթե երեսուն տարի: Մեկ ուրիշ կին, իր փոխարեն, կլցվեր դառնությամբ, բարկությանը կպատասխաներ բարկությամբ, իսկ արհամարհանքին՝ արհամարհանքով:

Մոնիկան մեկ ա՛յլ ճանապարհ ընտրեց. համբերության, հեզության և աղոթքի ուղին: Նա կրում էր ամուսնու բռնկումները՝ առանց չարին չարով հատուցելու, այլ՝ լռելով, երբ նա բորբոքված էր բարկությունից, և մեղմությամբ խոսելով, երբ նա հանդարտվում էր: Նա երբեք առիթ չտվեց ամուսնուն բողոքելու և իր բարությամբ հաղթեց նրա վատ բնավորությանը:

Այս հարցում Մոնիկան հիանալի կերպով մարմնավորեց Պետրոս Առաքյալի խորհուրդը, ով գրել էր անհավատ ամուսիններ ունեցող քրիստոնյա կանանց՝ խորհուրդ տալով նվաճել նրանց առանց խոսքերի, այլ միայն՝ վարքով, հարգալից ու մաքուր կյանքով: Այդպես է ուսուցանում Պետրոս Առաքյալի Առաջին Նամակը՝ Գլուխ 3-րդ, համարներ 1 և 2: Մոնիկան չէր վիճաբանում Պատրիկի հետ և նրան չէր ճնշում հանդիմանություններով: Ավետարանում էր իր լուռ օրինակով, թողնելով, որ բարությունը խոսեր իր փոխարեն:

Եվ այդ լուռ քարոզչությունն ի վերջո ամենաարդյունավետը եղավ: Օգոստինոսը պատմում է, որ այդ քաղաքի բազմաթիվ կանայք, որոնց ամուսիններն ավելի քիչ բռնի էին, քան Պատրիկը, այնուամենայնիվ՝ ծեծի հետքեր էին կրում իրենց դեմքին և զարմանում էին, որ Մոնիկան, ամուսնացած լինելով այդքան դյուրագրգիռ տղամարդու հետ, երբեք բռնության չէր ենթարկվում: Երբ հարցնում էին, թե ո՞րն էր իր գաղտնիքը, նա կես կատակ, կես լուրջ՝ իմաստուն խորհուրդներ էր տալիս նրանց:

Չգրգռել ամուսիններին, երբ նրանք բորբոքված են բարկությունից, կարողանալ լռել և զիջել զայրույթի պահին, և սպասել հանդարտ պահի՝ հասկանալի դառնալու համար: Նրա համբերությունն, ի վերջո, սիրո և զորության ձև էր, բայց Մոնիկան չսահմանափակվեց միայն համբերելով: Իր լուռ օրինակով, իր մշտական բարությամբ, իր անխոնջ աղոթքով նա քիչ քիչ նվաճեց իրեն շրջապատողների սիրտը:

Սկեսուրը, որը սկզբում խստությամբ էր վարվում նրա հետ, ի վերջո հանձնվեց Մոնիկայի հեզությանը և սկսեց ջերմորեն սիրել նրան, և Պատրիկն ինքը, որը տարիներ շարունակ ականատես էր եղել իր կնոջ առաքինությանը, սկսեց փափկել: Այդ համբերության ամենագեղեցիկ պտուղը եկավ վերջում: Պատրիկը, Մոնիկայի օրինակից և նրա համառ աղոթքից տպավորված, դարձի եկավ Քրիստոնեական Հավատքին և մկրտվեց մահանալուց որոշ ժամանակ առաջ:

Այդ հեթանոս, դժվար բնավորության տեր, հեզությանը խորթ և բռնի մարդը մեռավ Աստծո հետ հաշտված, Երկնքի համար նվաճված՝ իր կնոջ հաստատակամությամբ: Մոնիկան հաղթել էր. բայց ո՛չ թե հանդիմանություններով կամ վիճաբանություններով, այլ՝ սիրով ու աղոթքով: Նա իր ամուսնուն դարձի էր բերել բարության ուժով:

Այդ ամուսնությունից ծնվել էին մի քանի զավակներ, որոնց թվում՝ ավագը, ամենափայլունն ու ամենասիրվածը. Օգոստինոսը: Նրա անձի մեջ էին կենտրոնանալու, հետագա տարիներին, Մոնիկայի ողջ սերն ու ողջ ցավը, որովհետև այդ որդին, արտակարգ խելքով օժտված լինելով հանդերձ, բռնելու էր մի ճանապարհ, որը արցունքներով էր լցնելու իր մոր սիրտը: Ծանոթանա՜նք այդ ցավին:

 

Գուխ Չորրորդ. Օգոստինոսի համար թափված արցունքները

Օգոստինոսը Մոնիկայի զավակների մեջ ավագն էր և ամենատաղանդավորը: Մանուկ հասակից արդեն ցույց էր տվել իր փայլուն խելքը, և ծնողները, ճանաչելով նրա ձիրքերը, մեծ ջանքեր գործադրեցին՝ նրան լավագույն կրթություն ընծայելու համար, ուղարկելով ա՛յլ քաղաքներում ուսանելու: Մոնիկան երազում էր տեսնել իր այդքա՜ն ընդունակ որդուն լավ քրիստոնյա և լավ մարդ դարձած, բայց իրողությունները շա՜տ տարբեր ուղղությամբ զարգացան տարիներ շարունակ:

Տնից հեռու, մեծ քաղաքների միջավայրում և իր ուսումնառության մեջ, Օգոստինոսը թույլ տվեց, որ իր վրա տիրապետություն հաստատեն պատանեկության կրքերը: Շուտով տրվեց անկարգ ու անկանոն կյանքի՝ փնտրելով հաճույքներ և հետևելով իր անսանձ ցանկություններին: Նա մի ընկերուհի վերցրեց՝ ամուսնությունից դուրս, որից որդի ունեցավ, և տարիներ շարունակ ապրեց Աստծո Օրենքից հեռու:

Նրա սիրտը, անհանգիստ և ճշմարտության ծարավի, փնտրում էր, բայց փնտրում էր սխալ ճանապարհների վրա: Եվ միայն անկարգ կյանքը չէ, որ հեռացրեց Օգոստինոսին հավատքից, այլ նաև՝ սխալը: Նրա հպարտ խելքը սկզբում արհամարհեց Ավետարանի պարզությունը և թույլ տվեց գայթակղեցնել իրեն այն ժամանակ շատ տարածված մի կեղծ ուսմունքով՝ մանիքեականների վարդապետությամբ, որը խոստանում էր իմաստություն և պատասխաններ, բայց հեռացնում էր ճշմարիտ հավատքից:

Տարիներ շարունակ Օգոստինոսը այդ հերետիկոսության հետևորդը եղավ և խրոխտ կերպով պաշտպանեց դրա սխալները, միշտ ավելի ու ավելի հեռանալով Ընդհանրական Եկեղեցուց, որի հավատարիմ անդամներից մեկն էր իր մայրը: Մոնիկայի համար դա մի սուր էր, որով խոցվում էր իր հոգին. ամենասիրած որդուն ո՛չ միայն անկարգ կյանքին տրված, այլ նաև՝ հավատքից հեռացած և մոլորության գերության մեջ տեսնելը նրա կյանքի ամենամեծ ցավն էր: Քրիստոնեական և ժողովրդական ավանդույթները պատմում են, որ նրա համար լաց էր լինում ամեն գիշեր, և Օգոստինոսն ինքն էլ իր «Խոստովանություններ»ում բազմիցս խոսում է այն բազմաշատ արցունքների մասին, որոնք մայրը հեղել էր իր համար, նրա անդադար աղոթքների և մայրական այն ցավի մասին, որը չէր դադարում ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը:

Դժվար է պատկերացնել տարիներով շարունակվող այդ ցավի ծանրությունը: Դա ո՛չ թե մեկ օրվա կամ անցողիկ դժբախտության ցավ էր, այլ՝ մի բաց վերք, որը չէր սպիանում և վերստին բորբոքվում էր ամեն անգամ, երբ նոր լուրեր էին հասնում Օգոստինոսի մոլորությունների մասին: Եվ նրա ներկա կյանքի համար ապրված ցավին գումարվում էր վախը՝ նրա հավիտենական փրկության համար, որը ամենամեծ վախն է հավատացյալ մոր համար:

Մոնիկան այս ամենը կրեց գրեթե երեսուն տարի՝ առանց այդ պատճառով դադարելու սիրել որդուն կամ հավատալ նրա փրկությանը: Բայց Մոնիկան միայն տխրելով չէր լաց լինում. լաց էր լինում աղոթելով: Արցունքի յուրաքանչյուր կաթիլը մի աղաչանք էր առ Աստված՝ որդու դարձի համար:

Նա չհոգնեց, չհանձնվեց, չդադարեց հույս ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած էր թվում, և Օգոստինոսն ավելի ու ավելի էր խորասուզվում մոլորության ու կորստյան մեջ: Հերոսական հավատքով նա շարունակեց վստահել, որ Աստված մի օր իրեն էր վերադարձնելու այդ որդուն՝ դարձի եկած: Նրա հարատևությունը աղոթքի մեջ՝ հակառակ որևէ մարդկային հույսի, նրա կյանքի ամենահիացական բաներից մեկն է:

Եղան պահեր, երբ վիշտը հաղթեց նրան, և նա ցանկացավ իր տնից ու սեղանից հեռացնել մոլորված որդուն, վրդովված՝ նրա լպիրշ սխալներից: Բայց Աստված զորացրեց նրան և քաջալերեց՝ չհուսահատվելու, այդ նպատակի համար գործածելով երկու արտակարգ մխիթարություններ. մի երազ և մի սուրբ Եպիսկոպոսի խոսքերը: Նախևառաջ ծանոթանա՜նք այդ երազին, որը վերադարձրեց նրան հույսը գիշերվա սրտում:

 

Գլուխ Հինգերորդ. Փայտե քանոնի երազը

Իր ցավի մեջ, երբ Օգոստինոսն առավել մոլորված էր մանիքեականների հերետիկոսության մեջ, Աստված կամեցավ մխիթարել Մոնիկային մի երազով, որն ինքը պատմեց իր որդուն, և որին Օգոստինոսը հետո անդրադարձավ «Խոստովանություններ»ի գրքում: Դա պարզ, բայց խորիմաստ երազ էր, որը վերադարձրեց նրան հույսը, և ուժ տվեց՝ շարունակելու աղոթել և հույս տածել մնացած տարիների ընթացքում, որոնք նա տակավին ապրելու էր մինչև Օգոստինոսի դարձը: Մոնիկան երազում տեսավ, որ կանգնած էր մի փայտե քանոնի վրա, այսինքն՝ որպես չափման գործիք ծառայող մի գերանի կամ տախտակի վրա, վշտահար և արցունքների մեջ:

Եվ ահա՛ նրան է մոտենում մի լուսափայլ երիտասարդ՝ ուրախ ու հանգիստ դեմքով, որը հարցնում է նրան՝ ավելի շատ մխիթարելու, քան տեղեկանալու նպատակով, թե ինչո՞ւ է այդքան տխուր և ինչո՞ւ է այդքան լաց լինում: Եվ նա պատասխանում է, որ լացում է իր որդու կորստյան համար: Այդ ժամանակ երիտասարդը նրան ասում է, որ պետք է հանգստանա, և լավ նայի, որովհետև որտեղ գտնվում էր ինքը, այնտեղ էլ գտնվում էր նաև իր որդին, և նայելով՝ Մոնիկան տեսնում է Օգոստինոսին՝ կանգնած իր կողքին, նույն քանոնի վրա:

Այդ երազը Մոնիկային ներշնչում է մի վստահություն, որն այլևս երբեք չէր թողնելու նրան. այն, որ իր որդին մի օր լինելու է այնտեղ, որտեղ ինքն է, այսինքն՝ նույն ճշմարիտ հավատքի մեջ: Երբ նա պատմում է երազը Օգոստինոսին, վերջինս, դեռևս սխալի գերության մեջ լինելով, փորձում է գլխիվայր շրջել դրա իմաստը և խորամանկորեն ասում է նրան, թե երազը միգուցե նշանակում է, որ ինքը՝ մայրն է գալու այնտեղ, որտեղ գտնվում է ինքը. մանիքեականների հերետիկոսության մեջ: Բայց Մոնիկան իսկույն պատասխանում է, այնպիսի վստահությամբ, որն Օգոստինոսն այդուհետև երբեք չի մոռանում. «Ո՛չ, որովհետև ինձ չասվեց, թե ես եմ լինելու այնտեղ, որտեղ նա է, այլ՝ որ նա է լինելու այնտեղ, որտեղ ես եմ»: Օգոստինոսը հետո խոստովանելու էր, որ մոր այդ արագ և ստույգ պատասխանն ավելի շատ էր տպավորել իրեն, քան հե՛նց երազը: Կարծես Աստծո լույսը խոսած լիներ Մոնիկայի բերանով, շնորհելով նրան մի վստահություն, որը նույնիսկ իր որդու հանճարը չկարողացավ կոտրել:

Այդ պարզ կինը, հավատքով լուսավորված, փայլուն փիլիսոփայից ավելի հստակությամբ տեսավ իրողությունների ճշմարտությունը, և թույլ չտվեց, որ իրենից խլեին այն հույսը, որն Աստված տվել էր իրեն: Այդ երազից հետո Մոնիկան անխախտ վստահությամբ սպասեց, թեև դեռ շատ տարիներ պետք է անցնեին՝ գրեթե իննը, նախքան խոստման կատարումը տեսնելը: Բայց նա այլևս չէր լացում առանց հույսի, նա լացում էր՝ իմանալով, որ Աստված պահելու էր Իր խոսքը:

Փայտե քանոնի երազը լույսի նման եղավ նրա սպասման երկար գիշերվա մեջ, Երկնքից տրված մի գրավական, որ զորացրեց նրան, երբ մարդկային ուժերը սպառվելու վրա էին: Այդ երազի հետ միասին Աստված տվեց նրան մեկ ա՛յլ մխիթարություն ևս, այս անգամ՝ մի սուրբ մարդու միջոցով: Օգոստինոսի սխալների պատճառով վշտացած, Մոնիկան մի օր գնաց տարեց մի Եպիսկոպոսի մոտ՝ խնդրելու, որ նա խոսի իր որդու հետ և խլի նրան մոլորությունից:

Եվ այդ հանդիպումից ծնվեցին խոսքեր, որոնք ընդմիշտ հանրահայտ դարձան: Լսե՜նք դրանք:

 

Գլուխ Վեցերորդ. Այդքա՜ն արցունքների զավակը չի կարող կորչել

Այն սխալներից, որոնց մեջ նա ներքաշվել էր, Օգոստինոսին փրկելու իր ջանքերի հարցում Մոնիկան չէր բավարարվում միայն աղոթելով, փնտրում էր նաև մարդկային միջոցներ, անխոնջ կերպով դիմում էր գիտուն և սրբակյաց մարդկանց, որպեսզի խոսեին իր որդու հետ և ցույց տային նրան սխալը, վստահելով, որ իմաստունի խոսքը կարող է ձեռքբերել այն, ինչն ինքը չէր կարողանում ստանալ։

Այդպիսի անձանց շարքին, նա արցունքն աչքերին գնացել էր մի տարեց Եպիսկոպոսի մոտ՝ մի խոհեմ և Աստվածաշնչին քաջածանոթ մարդու, որպեսզի աղաչի նրան՝ զրուցելու Օգոստինոսի հետ և համոզելու նրան։ Եպիսկոպոսը, փորձառությամբ հասունացված իմաստությամբ, հրաժարվել էր անել դա և նրան տվել էր խորաթափանցությամբ լի մի պատասխան։ Ասել էր, որ Օգոստինոսը դեռևս չափազանց հպարտ էր, և բորբոքված՝ այդ մոլորության նորությամբ, և որ ոչ մի օգուտ չէր լինի նրա հետ վիճաբանելուց, քանի դեռ նա մնում է այդ վիճակում, որովհետև նրա հպարտությունը կմերժեր որևէ բանական հակաճառություն։

Ավելի լավ է, ասել էր, թույլ տալ, որ ժամանակը և իր իսկ սեփական փորձառությունը ցույց տան իրեն իր խաբկանքը, և ավելի լավ է վստահել Աստծուն, Ով հարմար ժամանակին կբացի նրա աչքերը, և պատմել էր, որ ինքը ևս երիտասարդ ժամանակ ընկել էր այդ սխալի մեջ և դուրս էր եկել Աստծո շնորհով։ Բայց Մոնիկան, մայրական սրտով, չէր համակերպվել և պնդել էր ու աղաչել արցունքների միջից, որ նա խոսի իր որդու հետ։ Այդ ժամանակ Եպիսկոպոսը, նրա համառ պնդումներից փոքր ինչ հոգնած, բայց հուզված՝ նրա արցունքներից, նրան ուղղել էր այն խոսքերը, որոնք ընդմիշտ դրոշմված էին մնալու Եկեղեցու հիշողության մեջ։

«Գնա՛, որովհետև որքան որ ճշմարիտ է, որ դու ապրում ես, նույնքան անհնարին է, որ կորչի այդքա՜ն արցունքների զավակը»։

Եվ այդ ասելով՝ արձակել էր նրան։ Այդ խոսքերը Մոնիկայի համար Երկնքից եկած ձայնի նման եղան։ «Նա ընդունեց դրանք», պատմում է Օգոստինոսը, «կարծես Աստված Ինքն էր արտասանել դրանք, և պահեց դրանք իր սրտում, որպես հաստատուն խոստում»։ Իր ցավի մեջ նա հույսի երկու գրավական ուներ արդեն. փայտե քանոնի երազը և Եպիսկոպոսի խոսքերը։ Երկու անգամ Երկինքը վստահեցրել էր նրան, որ իր որդին չէր կորչելու, և նա այդ վստահությունից կառչեց իր ամբողջ հոգով։

Գեղեցիկ է այդ խոսքերի մեջ ամփոփված հավատքի մասին մտորելը։ Այդքա՜ն արցունքների որդին չի կարող կորչել։ Դրանք մխիթարական ճշմարտություն են պարունակում բոլոր նրանց համար, ովքեր աղոթում են Աստծուց հեռու գտնվող սիրելի անձանց համար։

Դրանք մեզ ասում են, որ մոր, հոր, ընկերոջ արցունքներն ու աղոթքները չեն կորչում դատարկության մեջ, այլ՝ հասնում են մինչև Աստծո սիրտը և Նրա առաջ ունեն մի անհուն զորություն։ Ոչ մի հարատև ու վստահասիրտ աղոթք անպատասխան չի մնում, նույնիսկ եթե պատասխանն ուշանում է գալու։ Եվ այդպես էլ եղավ։

Հենվելով այդ երկու խոստումների վրա, Մոնիկան շարունակեց աղոթել և հույս տածել։ Բայց շուտով փորձությունն ավելի ուժգին էր դառնալու, որովհետև Օգոստինոսը, փառք ու համբավ և ավելի լավ հորիզոններ փնտրելով, որոշեց թողնել Աֆրիկան և տեղափոխվել Իտալիայի, հեռավոր Հռոմ։ Եվ Մոնիկան, անկարող՝ բաժանվելու այն որդուց, որի հոգու համար վախենում էր, կայացրեց հերոսական որոշում։ Հետևե՛լ նրան։ Այժմ ծանոթանա՜նք այդ սիրալիր հետապնդմանը։

 

Գլուխ Յոթերորդ. Հետապնդելով որդուն մինչև Իտալիա

Հասավ մի պահ, երբ Օգոստինոսը, դեռևս դարձի չեկած, որոշեց թողնել Աֆրիկան և մեկնել Հռոմ, և ապա՝ Միլան, փնտրելով ավելի կիրթ միջավայր և ավելի լավ պաշտոն՝ որպես հռետորաբանության ուսուցիչ: Մոնիկայի համար այդ լուրը մի նոր հարված եղավ:

Վախենում էր, որ իրենից հեռու և օտար երկրներում որդին է՛լ ավելի կխորասուզվեր սխալի ու անկարգ կյանքի մեջ: Չէր կարողանում տանել նրանից բաժանվելու միտքը և որոշեց ուղեկցել նրան, կամ հետևել նրան ամեն գնով: Բայց Օգոստինոսը, որ չէր ուզում իր հետ տանել իր մորը, խաբեց նրան՝ առանց նրա մեկնել կարողանալու համար:

Դա պատմում է հե՛նց Օգոստինոսը՝ ամոթով և զղջումով։ Խաբում է մորը՝ ձևացնելով, թե ուզում է միայն հրաժեշտ տալ ընկերներից մեկին, որը նավ էր նստում, և այսպես՝ այս պատրվակով, թողնում է նրան ափին՝ նավահանգստի մոտ, մինչ ինքը գիշերը դուրս է գալիս ծով։ Մոնիկան այդ գիշերն անցկացնում է լացով ու աղոթքով՝ ափին, այն վայրում, որտեղ շատ անգամներ էր աղոթել, այս անգամ զգալով իրեն դավաճանված այն որդու կողմից, որին այդքա՜ն սիրում էր։

Հետագայում Օգոստինոսը գիտակցելու էր այդ խաբեության ծանրությունը և այն ցավը, որ պատճառել էր մորը, բայց հավատքի հայացքով նա այս ամենի մեջ տեսնելու էր նաև Աստծո ձեռքը։ Արդարև, մինչ Մոնիկան լաց էր լինում, խնդրելով Աստծուն արգելել որդու մեկնումը, Աստված, Իր իմաստությամբ, ընդունում էր նրա աղոթքները ավելի բարձր իմաստով՝ առաջնորդելով Օգոստինոսին հե՛նց Միլան, որտեղ նրան սպասվում էր այն հանդիպումը, որը փոխելու էր նրա կյանքը։ Աստված Մոնիկային չտվեց այն, ինչը որ նա խնդրում էր այդ պահին, որպեսզի շնորհեր նրան մի շա՜տ ավելի մեծ բան. իր որդու դարձը։ Խաբեությունից հետո հանձնվելուց հեռու, Մոնիկան մի արտակարգ բան արեց իր ժամանակվա կնոջ համար։ Ինքը նույնպես նավ նստեց և կտրեց անցավ ծովը, վճռակամ՝ հետևելու Օգոստինոսին, ո՛ւր էլ որ հարկավոր լիներ։

Դիմագրավեց ծովային ճանապարհորդության վտանգներին, անորոշությանն ու հոգնությանը, մղված՝ որդու հանդեպ սիրուց և նրա փրկության տենչանքից։ Օգոստինոսը պատմում է, որ մինչև իսկ ծովի վրա փոթորիկի ժամանակ, երբ նավաստիները վախենում էին իրենց կյանքի համար, հե՛նց Մոնիկան էր, որ քաջալերում և մխիթարում էր նրանց, համոզված լինելով, որ Աստված իրեն նավահանգիստ է հասցնելու, որովհետև դեռ կատարելիք խոստում ուներ։ Երբ վերջապես գտավ Օգոստինոսին Միլանում, Մոնիկան ստացավ մի լուր, որը լցրեց նրան երանելի ուրախությամբ։ Իր որդին այլևս մանիքեական չէր։ Օգոստինոսը հիասթափվել էր այդ հերետիկոսությունից և թողել էր իր սխալները։ Դեռևս չէր գտել ճշմարտությունը, բայց առնվազն դուրս էր եկել խաբկանքից և անկեղծորեն փնտրում էր ճշմարտությունը։

Մոնիկան չգոռոզացավ, ո՛չ էլ հաղթանակ տոնեց շատ շուտ: Հանդարտությամբ ու հավատքով ասաց նրան, որ հավատում է, որ նախքան այս կյանքը թողնելը, նրան տեսնելու է ուղղադավան քրիստոնյա դարձած: Անսասան կերպով վստահ էր Աստծո խոստմանը:

Միլանում Նախախնամությունը պատրաստել էր Օգոստինոսի դարձի գործիքը՝ մի սուրբ և իմաստուն Եպիսկոպոս, որի խոսքն ի վերջո բացելու էր Մոնիկայի որդու սիրտը։ Նրա անունը Ամբրոսիուս էր, և նա նույնպես Մոնիկայի համար լինելու էր մխիթարիչ և առաջնորդ: Ծանոթանա՜նք Սուրբ Ամբրոսիուսի հետ այդ վճռական հանդիպմանը և Միլանի լույսին։

 

Գլուխ Ութերորդ. Սուրբ Ամբրոսիուսը և Միլանի լույսը

Միլանում Եպիսկոպոսն էր Ամբրոսիուս Հայրապետը՝ Եկեղեցու մեծ Սրբերից ու Վարդապետներից մեկը, մեծագույն սրբության, իմաստության ու պերճախոսության տեր մի մարդ: Օգոստինոսը, որ հռետորաբանության ուսուցիչ էր, սկսեց գնալ և լսել նրա քարոզները, սկզբում զուտ հետաքրքրությունից դրդված, հիանալու համար նրա խոսելու ոճով: Բայց աննկատ կերպով, խոսքերի հետ միասին, նրա սրտի մեջ էր թափանցում նաև այն ճշմարտությունը, որ պարունակված էր այդ խոսքերի մեջ:

Քիչ առ քիչ, Ամբրոսիուսի քարոզչությունը կոտրեց Ընդհանրական Հավատքի դեմ ունեցած Օգոստինոսի նախապաշարմունքները: Մոնիկան, իր հերթին, խորապես հարգում էր Ամբրոսիուսին, և նրան սիրում էր որպես Աստծո հրեշտակ, որովհետև նրա մեջ տեսնում էր այն մարդուն, ով իր որդուն առաջնորդում էր դեպի հավատք: Ամբրոսիուսը ևս հարգում էր Մոնիկային և չէր հոգնում Օգոստինոսի առջև գովաբանելուց նրա մոր հավատքն ու առաքինությունը՝ շնորհավորելով որդուն այդքա՜ն սրբակենցաղ մայր ունենալու համար:

Այդ բարեպաշտ և ջերմեռանդ կինը վաստակել էր մեծն Եպիսկոպոսի հարգանքը: Մի դրվագ լավագույնս ցույց է տալիս Մոնիկայի խոնարհությունն ու հնազանդությունը: Համաձայն Աֆրիկայից իր հետ բերած սովորության՝ նա հացի և գինու ընծաներ էր տանում Սրբերի ու Մարտիրոսների գերեզմաններին: Բայց Միլանում այս սովորությունը չէր կիրառվում, և Եպիսկոպոս Ամբրոսիուսն արգելել էր այն, որովհետև, ի թիվս ա՛յլ պատճառների, այն կարող էր նպաստել խմելու չարաշահումներին և չափազանց նման էր հեթանոսական որոշ սովորույթների: Երբ Մոնիկան իմացավ, որ դա Եպիսկոպոսի կամքն էր, անհապաղ թողեց այդ սովորությունը՝ առանց դիմադրություն ցույց տալու, կատարյալ հնազանդությամբ: Օգոստինոսը հիացմունքով է ընդգծում իր մոր կողմից դրսևորված այդ հնազանդությունը:

Մեկ ուրիշը, իր սեփական ավանդույթներից կառչած, կդիմադրեր կամ կբողոքեր: Մոնիկան, փոխարենը, սիրով ենթարկեց իր բարեպաշտությունը Եկեղեցու դատաստանին, սեփական սովորույթներից ավելի գերադասելով հնազանդությունը:

Նա սիրով փոխարինեց նյութական ընծաները ավելի լավ ընծաներով: Նա Մարտիրոսների գերեզմաններին տանում էր աղոթքներով ու բարի գործերով լի սիրտ և օգնում էր աղքատներին: Նրա բարեպաշտությունը խոնարհ էր ու հնազանդ, ո՛չ թե՝ համառ կամ քմահաճ:

Մոնիկայի այդ հնազանդությունը մեծ դաս է պարունակում մեր համար: Ճշմարիտ բարեպաշտությունը չի կայանում սեփական սովորույթներին համառորեն կառչելու մեջ, որքան էլ որ դրանք լավը թվան, այլ՝ Եկեղեցին սիրելու և նրան հնազանդվելու մեջ, միշտ նախընտրելով նրա դատաստանը սեփական կարծիքից: Մոնիկան, խորը հավատքի տեր կին լինելով, գիտեր, որ խոնարհությունն ու հնազանդությունը ավելի արժեքավոր են, քան որևէ անհատական բարեպաշտություն: Այդ իսկ պատճառով նրա բարեպաշտությունը հաճելի էր Աստծուն, որովհետև նա չէր ձգտում կատարել սեփական կամքը, այլ՝ Աստծո և Նրա Եկեղեցու կամքը:

Մինչ այդ, Օգոստինոսի հոգու խորքում մղվում էր միշտ ավելի ու ավելի սաստիկ մի ճակատամարտ: Ճշմարտությունը քիչ առ քիչ նվաճում էր նրան, բայց նրա հին սովորություններն ու կրքերը հետ էին պահում նրան, և նա վարանում էր, պայքարում ինքն իր դեմ, անկարող լինելով կատարելու վճռական քայլը:

Արդեն գիտեր, թե ո՛րն է ճշմարտությունը, բայց չէր համարձակվում ամբողջությամբ փարվել նրան, որովհետև իր համար դժվարին էր նախկին կյանքից հրաժարվելը: Մոնիկան մինչ այդ աղոթում էր և սպասում, կանխազգալով, որ ժամը մոտենում էր: Եվ ժամը հասավ:

Մի հոգեվարքային ներքին պայքարից հետո Օգոստինոսն ապրում է իր դարձի վճռական պահը՝ այն հայտնի դրվագը, երբ, մի այգում լացելով, լսում է մի ձայն, որն իրեն ասում էր. «Վերցրո՛ւ և կարդա՛»: Եվ, բացելով Աստվածաշունչը մի պատահական էջի վրա, կարդում է այն խոսքերը, որոնք վերջապես հանձնում են նրա սիրտը Աստծուն:

Մոնիկայի երկար սպասումը մոտենում էր ավարտին: Ծանոթանա՜նք այժմ խոստման կատարմանը, Օգոստինոսի դարձին և Մկրտությանը:

 

Գլուխ Իններորդ. Օգոստինոսի դարձն ու Մկրտությունը

Տարիներ տևած որոնումներից և ներքին պայքարից հետո, Օգոստինոսը վերջապես հանձնվեց Աստծուն: Միլանի այգիներից մեկում, հոգեվարքային ճգնաժամի թեժ պահին, լացելով՝ նախկին կյանքի հետ կապը խզելու իր անկարողության համար, լսեց մի մանկան ձայնի նմանվող մի ձայն, որը կրկնում էր. «Վերցրո՛ւ և կարդա՛: Վերցրո՛ւ և կարդա՛»:

Ընդունելով դա որպես Երկնքից տրված նշան, բացում է Սուրբ Պողոս Առաքյալի Նամակների գիրքը և կարդում է այն առաջին տողերը, որոնք ընկնում են իր աչքերի տակ, որոնք հորդորում էին նրան մերկանալ մարմնի անկարգություններից և Քրիստոսով զգեստավորվել: Այդ խոսքերը թափանցում են նրա սրտի մեջ որպես լույս, և նրա բոլոր կասկածները փարատվում են: Օգոստինոսը դարձի էր եկել:

Առաջին բանը, որ արեց, գնալը և դրա մասին իր մորը պատմելն էր: Երբ Մոնիկան իմացավ, որ որդին ո՛չ միայն թողել էր սխալը, այլ նաև՝ ամբողջովին նվիրվում էր Աստծուն և հրաժարվում էր նախկին կյանքից, նրա ուրախությունն աննկարագրելի է դառնում: Օգոստինոսը պատմում է, որ մայրը լցվել է ուրախությամբ և օրհնել է Աստծուն, Ով կարող է անել շա՜տ ավելին, քան մենք խնդրում կամ հասկանում ենք:

Տեսնում էր, արդարև, թե ինչպե՛ս էր կատարվում – և գերառա՛տ կերպով – այն, ինչը որ այդքա՜ն տարիներ խնդրել էր արցունքների միջով: Աստված շնորհել էր նրան շա՜տ ավելին, քան նա կհամարձակվեր հուսալ: Մկրտությանը պատրաստվելու համար՝ Օգոստինոսը մի խումբ ընկերների ու հարազատների հետ առանձնացավ Միլանի մոտակայքում գտնվող Կասսիչակո կոչվող գյուղական տանը, որտեղ նրանք միասին հանդարտ ու անդորր կյանքի մի քանի ամիսներ անցկացրեցին՝ նվիրված աղոթքին, ուսմանը և Աստծո ու ճշմարտության մասին զրույցներին:

Եվ այնտեղ Մոնիկան նրանց մեջ էր՝ մասնակցելով այդ զրույցներին մի այնպիսի՜ իմաստությամբ, որը զարմացնում էր բոլորին: Թեև նա չուներ այդ գիտուն տղամարդկանց կրթությունը, նրա հավատքն ու Աստծո մասին փորձառությունը տալիս էին նրան մի խորություն, որը հիացմունք պատճառեց Օգոստինոսին և նա արձանագրեց դա իր գրվածքներում:

Երբ հասավ 387 թվականի Զատիկը, վերջապես կատարվեց Մոնիկայի ողջ կյանքի երազանքը: Միլան քաղաքում, Սուրբ Ամբրոսիուսը մկրտեց Օգոստինոսին, նրա որդու՝ Ադեոդատուսի, և նրա ընկեր Ալիպիուսի հետ միասին: Այն որդին, որի համար Մոնիկան լացել և աղոթել էր գրեթե երեսուն տարի, սխալի ու անկարգության մեջ մոլորված այդ որդին, այժմ վերածնվում էր որպես Աստծո որդի՝ Մկրտության միջոցով: Երազի խոստումն ու Եպիսկոպոսի խոսքերը կատարվում էին: Օգոստինոսը վերջապես գտնվում էր այնտեղ, որտեղ գտնվում էր իր մայրը. ճշմարիտ հավատքի մեջ: Կարող ենք պատկերացնել Մոնիկայի ուրախությունն այդ օրը: Արցունքների և սպասման ողջ կյանքն այնտեղ գտնում էր իր վարձատրությունը:

Նրա հարատևությունը զուր չէր եղել: Նրա աղոթքներից ոչ մեկը դատարկության մեջ չէր կորել: Աստված, հավատարիմ Իր խոստումներին, վերադարձնում էր նրան դարձի եկած որդուն, և ո՛չ միայն դարձի եկած, այլ նաև կանչված՝ լինելու Եկեղեցու սյուներից մեկը:

Մոնիկան հաղթել էր իր կյանքի ամենակարևոր պատերազմի դաշտում. իր որդու հոգու համար մղված պատերազմը: Այդ ուրախությամբ լի սրտով՝ մայր և որդի պատրաստվեցին վերադառնալ Աֆրիկա: Ճանապարհ ընկան և հասան Հռոմի մոտ գտնվող Օստիա նավահանգիստը՝ այնտեղ սպասելու համար այն նավին, որը նրանց վերադարձնելու էր տուն: Բայց Օստիայում նրանց սպասում էր մի բան, որը նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում։ Երկնային լույսի մի պահ, և քիչ անց՝ հրաժեշտը։ Ծանոթանա՜նք այդ վեհ պահին՝ Օստիայի տեսիլքին։

 

Գլուխ Տասներորդ. Օստիայի տեսիլքը

Օստիայում, մինչ սպասում էին այն նավին, որը նրանց վերադարձնելու էր Աֆրիկա, մայր և որդի միասին ապրեցին քրիստոնեական ողջ պատմության ամենագեղեցիկ ու խորհրդավոր պահերից մեկը, որն Օգոստինոսը հուզմունքով նկարագրում է իր «Խոստովանություններ»ում։ Մի օր նրանք մենակ էին տանը, նայում էին ներքին այգու կողմը բացվող լուսամուտից և անուշությամբ զրուցում էին աստվածային իրողությունների և այն բանի մասին, թե ինչպիսի՛ն էր լինելու Սրբերի հավիտենական կյանքը։ Այդպես զրուցելով, քիչ առ քիչ բարձրանալով երկրային բաներից դեպի երկնայինները, նրանք մտքով և ցանկությամբ վեր բարձրացան դեպի Աստված, հետևում թողնելով այն ամենը, ինչ ստեղծված է, մինչև որ, մի պահ միայն, սրտի սլացքով կարողացան դիպչել, Օգոստինոսի կողմից պատմվածի համաձայն, այն հավիտենական Իմաստությանը, որը հե՛նց Աստված Ինքն է։

Կարծես մի պահ Երկինքը բացված լիներ նրանց առջև, և նրանք նախապես ճաշակած լինեին հավիտենական կյանքի քաղցրությունը։ Հետո, հառաչելով, նրանք վերադարձան երկրային խոսքերին և մեր ստորին աշխարհին՝ այդ վեհ զրույցին, որը հայտնի է որպես Օստիայի տեսիլքը։ Դա «Խոստովանություններ»ի և քրիստոնեական ողջ գրականության ամենագեղեցիկ էջերից մեկն է։

Մայր և որդի, միավորված արդեն ո՛չ միայն արյունով, այլ նաև՝ միևնույն հավատքով, մի պահ միասին հափշտակությամբ դիտեցին այն նպատակակետը, դեպի որը երկուսն էլ քայլում էին։ Դա ողջ կյանքի հասուն պտուղն էր. մայրը, որն այդքա՜ն լացել էր իր կորցրած որդու համար, այժմ նրա հետ միասին հափշտակությամբ տեսնում էր, միևնույն հավատքի մեջ, Երկնքի փառքը։ Այդ պահից հետո Մոնիկան որդուն ուղղեց մի քանի խոսքեր, որոնք բացահայտում էին իր հոգու խաղաղությունը։

Խոստովանեց, որ այլևս ոչինչ չէր պահում իրեն այս կյանքում, որ ինքն այլևս չգիտեր, թե ի՛նչ կարող է անել այստեղ, կամ թե ինչո՛ւ շարունակել ապրել, քանի որ իր բոլոր երկրային հույսերը կատարվել էին։ Մինչ մահանալը, նա ցանկացել էր միայն մեկ բան. տեսնել, թե ինչպե՛ս էր իր որդին դառնում քրիստոնյա և ուղղադավան, և Աստված շնորհել էր դա իրեն որևէ սպասումից ավելի, քանի որ տեսնում էր նրան նաև լիովին նվիրված Աստծուն, և աշխարհիկ բաները արհամարհող։ Նրան այլևս ոչինչ չէր մնում խնդրելու, այդ խոսքերը գրեթե հրաժեշտ էին։

Մոնիկան հասել էր իր կյանքի գագաթնակետին, կատարել էր իր առաքելությունը, փրկված էր տեսել այն որդուն, որի համար այդքա՜ն տառապել էր։ Նրա սիրտը խաղաղ էր, լցված՝ Աստծով, առանց ա՛յլ ցանկության, քան միայն՝ Երկինքը։ Օստիայի տեսիլքը եղավ մի վերջին նվերի նման, որն Աստված կամեցավ տալ նրան այս երկրի վրա, հավիտենական և անվերջ տեսությանը կանչելուց առաջ։

Իրոք, մի քանի օր անց Մոնիկան հիվանդացավ։ Ծանոթանա՜նք նրա սուրբ մահվանը։

 

Գլուխ Տասնմեկերորդ. Մոնիկայի մահը Օստիայում և հոգևոր ժառանգությունը

Օստիայի տեսիլքից մի քանի օր անց Մոնիկան հիվանդացավ ջերմախտով։ Նա շատ շուտով հասկացավ, որ դա իր վերջն էր, և ընդունեց հոգու այն նույն հանդարտությամբ, որով որ ապրել էր։

Ժամանակին նա ցանկացել էր թաղվել իր հայրենիքում՝ Աֆրիկայում, ամուսնու՝ Պատրիկի կողքին: Մինչև իսկ հոգացել էր այնտեղ իր համար գերեզման նախապատրաստելու ծախսերը: Բայց այժմ, Աստծով լցված, այս ամենն աննշան և որևէ կարևորությունից զուրկ էր թվում նրան:

Երբ նրա որդիները, վշտացած, անհանգստանում էին այն բանի համար, որ նա մեռնում էր հայրենիքից հեռու և ո՛չ թե իր տանը, Մոնիկան նրանց ուղղեց մի քանի խոսքեր, որոնք ցույց են տալիս, թե որքա՜ն էր նա արդեն կտրվել ամեն ինչից: Խնդրեց, որ իրեն թաղեն հե՛նց այնտեղ, որտեղ կմեռնի, առանց մտահոգվելու տեղի համար, որովհետև ոչինչ հեռու չէ Աստծուց, և հարկավոր չէ վախենալ, թե աշխարհի վերջին Տերը չի իմանա, թե որտե՛ղ գտնի իրեն՝ հարություն տալու համար: «Թաղե՛ք այս մարմինը ցանկացած տեղում», ասաց նրանց։

Միակ բանը, որ խնդրում էր նրանցից, այն էր, որ հիշեին իրեն Տիրոջ Խորանի առաջ՝ Սուրբ Պատարագի ժամանակ, որտե՛ղ էլ որ լինեին: Այդ խնդրանքով բացահայտվում է այն, ինչը որ ամենախորինն էր նրա հավատքի մեջ: Նրան չէր հետաքրքրում իր գերեզմանի տեղը, այլ՝ այն, որ հիշվեր աղոթքի մեջ և Պատարագի զոհաբերության ժամանակ: Գիտեր, որ այն, ինչը որ միավորում է ողջերին և մեռյալներին, գերեզմանների մոտիկությունը չէ, այլ՝ Եկեղեցու հաղորդությունը, և աղոթքը՝ միմյանց համար:

Եվ այսպես, հիվանդության իննը օրերից հետո, Մոնիկան ավանդեց իր հոգին Աստծուն, Օստիայում, հիսունվեց տարեկան հասակում, հե՛նց այն 387 թվականին, երբ տեսել էր իր կյանքի ցանկության կատարումը։ Օգոստինոսը, որն անսահմանորեն սիրում էր նրան, անհուն ցավ զգաց և «Խոստովանություններ»ի գրքում խորը հուզմունքով է նկարագրում իր սուգը, զսպված և ապա հեղված արցունքները, և իր աղոթքը մոր հոգու համար։

Բայց նրա ցավը լի էր հավատքով և հույսով, որովհետև գիտեր, թե որտե՛ղ էր արդեն գտնվում իր մայրը. ո՛չ թե կորսված, այլ՝ հավիտյան նվաճված, վայելելու համար այն Աստծուն, որի երանությունը միասին նախաճաշակել էին Օստիայի տեսիլքի ժամանակ։ Մայրը, որը նրան ծնունդ էր տվել երկրի համար, իսկ արցունքներով՝ վերստին ծնունդ էր տվել Երկնքի համար, այժմ նախորդում էր նրան փառքի մեջ։

Սրբուհի Մոնիկայի մարմինը թաղվեց Օստիայում: Դարեր անց, ավանդության համաձայն, նրա մասունքները փոխադրվեցին և այսօր մեծարվում են Հռոմի «Սուրբ Օգոստինոս Հիպպոնացի» եկեղեցում, իր մարմնավոր և հոգևոր որդու մասունքների կողքին: Մայր և որդի միավորված՝ Եկեղեցու կողմից մատուցված մեծարանքի մեջ, ինչպես որ միավորված էին իրենց կյանքի ընթացքում:

Նրա հիշատակն ու նրա հանդեպ մեծարանքը միշտ ավելի ու ավելի են աճել դարերի ընթացքում: Սերնդե սերունդ, անթիվ ու անհամար վշտացած մայրեր ու հայրեր դիմել են Սրբուհի Մոնիկային՝ խնդրելով բարեխոսել հավատքից հեռու գտնվող իրենց զավակների համար։ Հանձինս նրա, նրանք գտել են ո՛չ միայն զորեղ բարեխոս, այլ նաև՝ ճանապարհակցող քույր, որ հասկանում է նրանց ցավը, որովհետև ինքը նույնպես ապրել է այն մինչև վերջ։ Եվ շատերը ժամանակի ընթացքում տեսել են, թե ինչպե՛ս է իրենց ընտանիքներում իրականանում այն, ինչը որ մի օր անհնարին էր թվում, ինչպես որ իրականացել էր Մոնիկայի ընտանիքում. սիրելի անձի վերադարձն առ Աստված։

Եկեղեցին Սրբուհի Մոնիկային ներկայացրել է որպես քրիստոնյա մայրերի, տառապող կանանց և բոլոր նրանց հովանավոր և օրինակ, ովքեր աղոթում են սիրելի անձի դարձի համար։ Նրա կյանքը անմոռանալի դաս է համբերության, աղոթքի մեջ հարատևության, և Աստծո հանդեպ վստահության՝ անգամ ամենահուսահատ իրավիճակներում։

Նրանից սովորում ենք, որ ո՛չ մի աղոթք անարդյունք չի մնում, որ ո՛չ մի սիրելի մարդ վերջնականապես կորսված չէ, քանի դեռ կա մեկը, ով աղոթում է նրա համար, և որ Աստծո առջև սիրուց հեղված արցունքներն ունեն մի ուժ, որը Երկինքը չի արհամարհում։

Ավարտե՜նք՝ հանձնվելով նրա հովանուն՝ վստահասիրտ աղոթք կատարելով։

 

Գլուխ Տասներկուերորդ. Աղոթք Սրբուհի Մոնիկային

Սրբուհի՜ Մոնիկա, արցունքների և հույսի մայր,
դու, որ երկար տարիներ անդադար աղոթեցիր
որդուդ՝ Օգոստինոսի դարձի համար
և երբեք չհանձնվեցիր,
նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում,
սովորեցրո՜ւ մեզ հարատևել աղոթքի մեջ
և երբեք չհուսահատվել Աստծո ողորմությունից:
 
Դու, որ համբերությամբ ու հեզությամբ կրեցիր
դժվարին ամուսնության նեղությունները,
և քո բարությամբ ու օրինակով
Քրիստոսի համար շահեցիր քո ամուսնուն
և քեզ շրջապատողներին,
ստացի՜ր մեր համար չարին բարությամբ,
բարկությանը հեզությամբ
և անհամբերությանը սիրով հաղթելու ուժը:
 
Մա՜յր բոլոր նրանց, ովքեր աղոթում են
Աստծուց հեռու գտնվող սիրելի անձի համար,
ուղղի՜ր հայացքդ նրանց, ովքեր այսօր լացում
ու աղերսում են Աստծուն ինչպես դու
կորուսյալ որդու, ամուսնու, հոր, ընկերոջ համար:
Հիշեցրո՜ւ նրանց, որ չի կարող կորչել
այդքա՜ն արցունքների որդին,
և զորացրո՜ւ նրանց հույսը, երբ ուժերը սպառվում են,
և պատասխանը կարծես թե չի գալիս:
 
Աղոթի՜ր մեր ընտանիքների,
դժվարությունների մեջ գտնվող ամուսնությունների,
տառապող մայրերի,
մոլորված երիտասարդների
և բոլոր նրանց համար,
ովքեր փնտրում են ճշմարտությունը՝
այն դեռևս չգտած:
Թող որ, ինչպես քո որդին՝ Օգոստինոսը,
նրանք վերջապես հանգիստ գտնեն այն Աստծո մեջ,
որի մեջ է միայն հանգիստ գտնում մարդկային սիրտը:
Եվ ինչպես որ դու և քո որդին
Օստիայում միասին վայելեցիք
հավիտենական կյանքի մի շողարձակումը,
առաջնորդի՜ր նաև մեզ՝ մեր սիրելիների հետ միասին,
դեպի Աստծո երանավետ տեսությունը Երկնքում,
որտեղ չեն լինի այլևս ո՛չ արցունքներ, ո՛չ բաժանում,
այլ՝ անվերջ բերկրանքը նրանց,
ովքեր ընդունել են Քրիստոսի կողմից շնորհված փրկությունը:
 
Սրբուհի՜ Մոնիկա,
Սուրբ Օգոստինոսի մայր
և քրիստոնյա մայրերի Հովանավոր Սրբուհի,
աղոթի՜ր մեր համար:
 
Ամեն:
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։