10) Հայր Մանուել Քաջունի (1823-1903) – Գրադարան – Mashtoz.org

10) Հայր Մանուել Քաջունի (1823-1903)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Մխիթարյան Միաբանությանն անդամակցել է 1843 թվականին: Եղել է նշանավոր բանասեր, գրականության պատմաբան, բնագետ, փիլիսոփա, մանկավարժ:

Ավարտել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը: Աշխատել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարաններում որպես ուսուցիչ և տեսուչ, 1848-1851 թվականներին՝ Բազմավէպի խմբագրի տեղակալ բնական գիտությունների գծով: 1883 թվականից՝ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տնօրեն: Պարգևատրվել է Իտալիայի «Ասպետական Խաչ» շքանշանով (1897):

Քաջունին մեծապես նպաստել է հայկական վարժարաններում բնագիտական առարկաների դասավանդումը բարելավելու և գիտության պահանջներին համապատասխանեցնելու գործին, կազմել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի դասագրքեր («Տարրաբանութիւն» (1870), «Բնաբանութիւն կամ ֆիզիքա» (1871), «Մեքենականութիւն» (1872), և այլն): 1869-1875 թվականներին Սուրբ Ղազարում հիմնել է ֆիզիկայի ուսումնական լաբորատորիա:

Ժամանակի գիտելիքների յուրատեսակ հանրագիտարան է Քաջունու «Արուեստաբանութիւն կամ շտեմարան գիտելեաց» գիրքը (1875):

Հեղինակ է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների («Մեղուաբուծութիւն» (1895), «Շերամաբանութիւն» (1895), «Տարերք երկրագործութեան» (1899), «Պարտիզպանութիւն» (1899), «Պտղաբանութիւն» (1899), «Կաթնաբանութիւն» (1901), և այլն):

Նրա գլխավոր երկը «Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց» պատկերազարդ հանրագիտական եռահատոր բառարանն է (1891-1893), ուր ամփոփել է 40 տարիների ընթացքում ամբարած իր գիտական պաշարը: Քաջունու «Հնախօսութիւն Հայաստանի» (1855) և «Աշխարհագրութիւն հին եւ նոր Հայաստանեայց, դպրատանց տղայոց համար» (1857) ուսումնական ձեռնարկները գրված են Հայր Ղուկաս Ինճիճյանի աշխատությունների հիման վրա: Առաջարկել է քիմիական նյութերի անվանակարգման իր եղանակը, մշակել և շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հայերեն գիտական եզրեր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։