12) Հայր Արսեն Այտընյան (1825-1902) – Գրադարան – Mashtoz.org

12) Հայր Արսեն Այտընյան (1825-1902)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, անդամակցել է Մխիթարյան Միաբանությանը Վիեննայի վանքում, դարձել ականավոր բանասեր և լեզվաբան: 1886 թվականին ընտրվել է Մխիթարյան Միաբանության վիեննական ճյուղի Ընդհանրական Աբբահայր:

1840 թվականից հանդես է եկել Մխիթարյան մամուլում և առանձին հրատարակություններով: «Եւրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը Ագաթանգեղոսի կրկնագիր օրինակի մասին: 1845-1849 թվականներին հորինել է հայերեն «երկրագունդը» (գլոբուս): Նույն թվականներին նկատելի աշխատանք էկատարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով:

1866 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա գլուխգործոցը՝«Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին: Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածութիւն»ը, որտեղ, հարգելով հանդերձ գրաբար հայերենը և ցույց տալով նրա կատարած մեծ դերը, գիտականորեն ներկայացված է աշխարհաբար լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը: 1867 թվականին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը «Արդի հայերէնի համառօտ քերականութիւն» վերնագրով, իսկ 1884 թվականին՝«Ոսկեդարեան գրաբարի ընդարձակ քերականութիւն»ը:

1887 թվականին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդէս ամսօրեայ» հայագիտական պարբերականը, եղել է պարբերականի հիմնադիրներից մեկը և դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ: Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888):

Այտընյանի կատարած գործն անգնահատելի է և մինչև օրս էլ պահում է իր ողջ այժմեականությունը: Դեռևս ոչ մի քերականագետ հրապարակ չի իջել իրենից հետո, որ մեթոդով և ամբողջական տեսությամբ կարողացած լինի գերազանցել նրան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։