13) Հայր Գարեգին Զարբհանալյան (1827-1901) – Գրադարան – Mashtoz.org

13) Հայր Գարեգին Զարբհանալյան (1827-1901)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Մխիթարյան Միաբանությանն անդամակցել է 1848 թվականին: Եղել է հանրահայտ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան և թարգմանիչ: Աշխատել է որպես ուսուցիչ (1850-1856), տպարանապետ (1856 և 1872), Միաբանության Քարտուղար (1876-1894): 1858-1868 թվականներին ուսուցչություն է արել Բերայի Մխիթարյան վարժարանում:

Զարբհանալյանի առաջին հոդվածները («Յաղագս թարգմանութեան Աստուածաշունչ տառից ի հայ լեզու» (1850), «Եգիպտոսի բուրգերը», «Նեղոս» և այլն) տպագրվել են Բազմավէպում:

Արժեքավոր է «Պատմութիւն հայերէն դպրութեանց» (1865, 1878) երկհատոր աշխատությունը, որտեղ Հայ գրականության պատմությունը սկսվում է հայկական առասպելներից ու գողթան երգերից և հասցվում մինչև 19րդ դարի սկիզբը:

«Պատմութիւն մատենագրութեան միջին եւ նոր դարուց յԱրեւմուտս» (1874) երկհատոր աշխատությունն ընդգրկում է արևմտաեվրոպական գրականության պատմությունը:

«Հայկական մատենագիտութիւն» (1883) գրքով նա առաջինը հրապարակ հանեց Հայ գրքի ընդհանուր մատենագիտությունը (1565-1883), որն իր նպատակով, ծրագրով և Հայ տպագրությանը վերաբերող տեղեկություններով աննախադեպ էր հայագիտության մեջ:

«Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց» (1889) գրքում տրված են մինչև 13րդ դարը կատարված հայերեն թարգմանությունները:

Հեղինակել է նաև «Պատմութիւն մատենագրութեան Յունաց եւ Հռոմէացւոց» (1856), «Պատմութիւն հայկական տպագրութեան» (1895), «Ուսումնասիրութիւնք Հայ լեզուի եւ մատենագրութեան յԱրեւմուտս (ԺԳ-ԺԹ դար)» (1895), «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար) բարձրագոյն դպրոցաց համար» (1897) և ա՛յլ աշխատություններ ևս:

Թարգմանել է Պոլ Ժաննետի «Մայր, առաջին դաստիարակ մանկութեան» (1874) մանկավարժական աշխատությունը, կազմել Պղատոնի, Փիլոն Եբրայեցու հայերեն հին թարգմանությունների բնագրերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։