15) Հայր Գաբրիել Մենևիշյան (1864-1936) – Գրադարան – Mashtoz.org

15) Հայր Գաբրիել Մենևիշյան (1864-1936)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, 1878 թվականին մեկնել է Վիեննա և 1882 թվականին անդամակցել է Մխիթարյան Միաբանությանը: Եղել է ճանաչված լեզվաբան և հայագետ:

1886-1889 թվականներին դասախոսել է Միաբանության դպրոցում: 1889 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա՝ Զմյուռնիա, և մինչև 1892 թվականը պաշտոնավարել է տեղի Մխիթարյան դպրոցում: 1892-1913 թվականներին եղել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով): 1895-1896 թվականներին եղել է «Հանդէս ամսօրեայ»ի խմբագիրը: 1913 թվականին Միաբանության վարչության կողմից ուղարկվել է Նովի Սադ՝ Միաբանության տնտեսական գործերը տնօրինելու:

Մենեվիշյանն իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր: «Արդի լեզուագիտութիւնը» (1903) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները: Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արուեստը», 1898), գրական քննադատության դերի և ա՛յլ խնդիրների մասին: Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մենեվիշյանի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմութիւն» (1897) դասագիրքը, որ ներառնում է կենդանաբանությունը, բուսաբանությունը և հանքաբանությունը: Անդրադարձել է նաև ազգագրական և բանասիրական այլևայլ խնդիրների: Կատարել է զանազան թարգմանություններ և հեղինակել լեզվագիտական բազմաթիվ հոդվածներ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։