1717 թվականի Սեպտեմբերի 8ին մտնելով Սուրբ Ղազար, կատարում են ամենաանհրաժեշտ նորոգությունները և 1718 թվականի Ապրիլի վերջին բոլոր միաբանները փոխադրվում են այնտեղ – Գրադարան – Mashtoz.org

1717 թվականի Սեպտեմբերի 8ին մտնելով Սուրբ Ղազար, կատարում են ամենաանհրաժեշտ նորոգությունները և 1718 թվականի Ապրիլի վերջին բոլոր միաբանները փոխադրվում են այնտեղ

Մխիթարը, Սեպտեմբերի սկզբին ստանալով ծերակույտի վճիռը, Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, 1717 թվականի Սեպտեմբերի 8ին, բոլոր միաբաններին հետն առած, հանդիսավոր մուտք գործեց Սուրբ Ղազար կղզի: Այդ ժամանակ Հանրապետության գլուխն էր Վենետիկի հարյուրտասնմեկերորդ դոժ Հովհաննես Կոռնարոն (1709-1722): Ինչպիսի՜ հրճվանքի օր էր դա, երբ ոտք դրեցին այն հողի վրա, որն այդուհետև իրենց սեփականությունն էր և օտարության մեջ իրենց երջանիկ ու խաղաղ դադարի վայրն էր լինելու հակառակ այն բոլոր փոթորկալից դեպքերի, որոնք մերթ ընդ մերթ կոծելու էին նրանց, ինչպես լճակի կոհակները, որ բախվում են կղզու պատերին: Անհնարին է բացատրել, թե ի՛նչ զգացին նրանք այդ օրը, այդ պահին, երբ մտնելով Սուրբ Ղազարի խարխուլ եկեղեցու մեջ, գորովագին և ցնծալի նվագներով մատուցեցին իրենց գոհությունն Աստծուն և Սուրբ Կույսին, մեծահանդես կատարելով նույն օրվա տոնախմբությունը, որն արդեն Միաբանության քաղցր և նվիրական օրերից մեկն էր՝ անցյալում ընդունած այլևայլ շնորհների պատճառով: Այդ օրից մոտ մի դար հետո, 1810 թվականի Սեպտեմբերին, Մխիթարի Միաբանությունը մի ա՛յլ մեծ շնորհ էլ ընդունեց Ագոնցի աբբայության ժամանակ: Երբ ամբողջ Եվրոպան խոնարհվում էր մեծ Աշխարհակալի գավազանի ներքո, պետություններ և արքունի գահեր տապալվում էին նրա ահագին բանակների առջև, մի անողոք հրամանով բնաջինջ էին լինում կրոնավորական կարգերը, իսկ նրանց ունեցվածքները հարքունիս էին գրավվում, Մխիթարի խոնարհ կղզյակն իր երկնավոր Մոր պաշտպանությամբ զերծ մնաց այդ համայնաջինջ ավերածից: Մեծն Նապոլեոնն այդ կայսերական վճիռն ուղարկեց Եվգինեոս փոխարքային, որն այդ օրերին Վենետիկում էր, իսկ նա հրովարտակը հանձնեց իր հավատարիմ սենեկապանին՝ հայազգի պարոն Պետրոսին, որը Ղարաբաղ գավառի Որորակ գյուղից էր, և Սեպտեմբերի 3ին վանք բերեց այդ ավետավոր վճիռը հուրախություն ամբողջ Միաբանության: Այս կերպ ահա, Աստվածամոր Ծննդյան տոնն ավելի մեծաշուք հանդեսով կատարվեց. այդ առթիվ ևս նա ցույց տվեց Մխիթարի Ուխտի նկատմամբ իր մայրական խնամքը:

Սուրբ Ղազար կղզու պարտեզը վարձու էր տրվել մի պարտիզպանի, որը մշակելով և տարեցտարի նորանոր պտղատու ծառեր տնկելով, հողը բարեբեր էր դարձրել և մաքրելով փոխել էր կղզու օդն ու կլիման: Մխիթարը, դաշնագրի համաձայն, պարտիզպանի արած ծախսերը հատուցեց՝ նրան 400 դահեկան տալով, որով ամբողջ կղզին մնաց Միաբանության ձեռքը: Այնուհետև իսկույն սկսեց նորոգություններ կատարել, քանի որ ամբողջ շենքը խարխլված էր, տանիքը՝ խախտված. այնտեղից անձրև էր կաթում. պատուհանները բոլորովին բաց էին, առանց փեղկերի ու ապակիների. այդ վիճակով բոլորովին անբնակելի էր: Նախ նորոգել տվեց կառույցի տանիքն ու պատերը, հետո՝ պատուհանները, սրահն ու սանդուղքը, որքան որ կարողացավ, այդքան աշխատանքի համար արդեն 72 մարչիլ ծախսելով: Այնուհետև Սուրբ Ղազար տեղափոխեց միաբանների մի մասին միայն, քանի որ բոլորի համար բավական սենյակներ դեռ չկային: Նույն 1717 թվականի Նոյեմբեր ամսին միջնապատերով բաժանեց վերնահարկի երեք մեծ սենյակները, մեջտեղը մի սրահ շինել տվեց, իսկ երկու կողմերին՝ երեքական սենյակ. ապա դռներով ու բանալիով փակեց միաբանների բնակության կողմը և պարտեզը, որպեսզի երբ աշխարհականները վանք գային Պատարագին մասնակցելու, այդ կողմ չանցնեին, այլ՝ ուղղակի եկեղեցի մտնեին: Հաջորդ՝ 1718 թվականի Մարտ ամսի սկզբին, եղածների դիմաց ուրիշ չորս մեծ սենյակ ևս պատով բաժանելով, վերածեց ութ խցի և երկու փոքր սրահի. իսկ հյուսիսային կողմում որձաքարից մի սանդուղք շինել տվեց՝ վերնահարկ բարձրանալու համար: Ապրիլի վերջին շենքի վերանորոգումը լիովին ավարտելով, մնացածներին էլ հանեց քաղաքում վարձակալված տնից և բերեց բնակեցրեց վանքում: Այնուհետև ուրիշ շինություններ չձեռնարկեց, քանի որ թե՛դրամական վիճակը չէր ներում, և թե՛ ստիպված էր գնալու Հռոմ: Իսկ թե ի՞նչն էր նրան ստիպում այդպիսի դժվարին պարագաներում կատարելու այդ ուղևորությունը, այստեղ պատմենք համառոտ կերպով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։