1740 թվականին ավարտվում է վանքի ամբողջական շինությունը – Գրադարան – Mashtoz.org

1740 թվականին ավարտվում է վանքի ամբողջական շինությունը

1740 թվականին ավարտելով վանքի բոլոր շինությունները, առաստաղները ներկվեցին սրահներին ու սենյակներին հարմար գույներով, որոնք պետք է թե՛ որդերից ու փտումից ազատ պահեին փայտերն ու գերանները, և թե՛ պետք է որպես զարդ ծառայեին: Աբբահայրը վանքի գլխավոր սրահների մուտքը երկաթե դռներով փակել տվեց, որպեսզի օտար որևէ ոք չկարողանա ներս մտնել, և ազատ թողեց միայն այն սրահի մուտքը, որն ուղիղ դեպի եկեղեցի է տանում: Ամեն վանական ուներ իր բանալին, որով իր առաջ բացում և իրենից հետո կրկին փակում էր դռները: Իսկ վանքի գլխավոր դռանը պահապան դրեց մի վանական եղբայր, որպեսզի հարկ եղած ժամանակ՝ հատուկ բանալիով բացեր կամ փակեր:

Աբբահայրը շատ խիստ էր այս կանոնի նկատմամբ և երբեք որևէ մեկին բացառություն կամ զիջում չէր անում: Բազմաթիվ անգամներ իշխանուհիներ և ազնվական տիկնայք եկան վանքն այցելելու, Աբբահորից խնդրելով, որ թույլ տա իրենց տեսնել շենքերը: Բայց նա երբեք չզիջեց նրանց թախանձանքներին, այլ՝ ազնիվ ու քաղաքավարի խոսքերով ներում խնդրելով, նրանց բացատրում էր կանոնի պահանջը և ասում, որ եթե ինքն այդ կետում կանոնազանցություն անի, չար օրինակ տված կլինի իր միաբանակիցներին: Նրանք համոզվում էին և հոգեպես գոհացած ետ վերադառնում: Մի անգամ էլ Արևելքից վերադարձած վենետիկցի մի դեսպան սպասում էր Սուրբ Ղազարին մոտ գտնվող Լազարեթ կոչված արգելարանում: Մի օր նրա կինն այցելության է գնում նրա մոտ, իսկ երբ երեկոյան դեմ վերադառնալու էր քաղաք, հանկարծակի կերպով եղանակը սպառնալից կերպարանք է ստանում և դեսպանի կինը վախենալով շարունակելու ճանապարհը դեպի Վենետիկ, նավակը կանգնեցնում է Հայոց վանքի նավամատույցում: Աբբահայրը տեղեկանալով, գնում, ընդունում է նրան և տանում է վանքի մուտքին գտնվող մեծ հյուրասենյակը, ուր կարող էին սպասել, մինչև որ փոթորիկը կխաղաղվեր: Տիկինը փափաքում է օգտվել այդ առիթից և խնդրում է տեսնել շենքերը, որոնք այդքա՜ն հռչակվել էին քաղաքում: Մխիթարը ներողություն է խնդրում և անկեղծորեն ասում, որ անկարելի է կանոնն ի շնորհս իրեն խախտել: Տիկինը երկրորդ անգամ չի կրկնում իր խնդրանքը, գոհությամբ բաժանվում է Սուրբ Ղազարից և քաղաք վերադառնալով՝ սկսում է ամեն կողմ համբավել Հայ վանականների օրինակելի կարգապահությունը:

 

Տպարանի թանգարանը (բացվել է Քիլաղպեան Աբբահոր օրոք)

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։