19) Հայր Ներսես Ակինյան (1883-1963) – Գրադարան – Mashtoz.org

19) Հայր Ներսես Ակինյան (1883-1963)

Ծնվել է Արդվինում, 1901 թվականին անդամակցել է Միաբանությանը Վիեննայի վանքում: Եղել է համբավաշատ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, մատենագետ, մանկավարժ, խմբագիր: 1954 թվականին դարձել է Վիեննայի Համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր:

1895 թվականից սովորել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում, ապա հետևել Վիեննայի Համալսարանի հունա-հռոմեական և բյուզանդական պատմության, ինչպես նաև հունարեն, լատիներեն, ասորերեն լեզուների դասընթացներին: 1907 թվականին նշանակվել է դասախոս Միաբանության դպրոցում: 1908-1911 թվականներին դարձել է փոխտնօրեն նույն դպրոցում: 1909-1963 թվականներին Միաբանության մատենադարանապետն էր: 1903 թվականից աշխատակցել է «Հանդէս ամսօրեայ»ին, 1909-1963 թվականներին եղել է նրա խմբագիրը: Հանդեսի շուրջն է համախմբել նշանավոր գիտնականների և մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը Եվրոպայում: Ակինյանը աշխատակցել է նաև գերմաներեն, անգլերեն լեզուներով հրատարակվող գիտական հանդեսների և հայկական բազմաթիվ պարբերականների: Ունի մոտ 500 մենագրություն, հոդված, գրախոսական, որոնք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները:

Կազմել և հրատարակել է հայկական ձեռագրերի հավաքածուներից մի քանիսի ցուցակները: 1912 թվականին երկու ամսով այցելել է իր ծննդավայրը, այդ առիթով շրջագայել է Հայաստանում, ծանոթացել է պատմական հուշարձաններին, գրավոր հիշատակարաններին, հավաքել է հնատիպ գրքեր, թերթեր, որոնցով համալրել է Միաբանության մատենադարանը: 1924 թվականին եկել է Հայաստան, ճանապարհին երկու ամիս մնացել է Մոսկվայում, ուսումնասիրել Լազարյան ճեմարանի ձեռագրերը, ապա մեկնել է Ռոստով, Նախիջևան, Թեոդոսիա, Բաթում, Թիֆլիս: 1924-1929 թվականներին ուսումնասիրել է Էջմիածնի մատենադարանի (այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան) ձեռագրերի մի մասը: 1929 թվականին կալանավորվել է, 40 օր անց ազատվել է ու հեռացել Հայաստանից: 1939 թվականի գարնանը այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ: Վերահաս պատերազմի հետևանքով հարկադրված է եղել ամբողջ 7 տարի մնալ Բեյրութում: 1945 թվականին վերադարձել է Վիեննա և շարունակել խմբագրել հանդեսը, աշխատակիցների պակասի պատճառով երկար տարիներ գրեթե մենմենակ լցնելով ամբողջ համարներ:

Մեծ է Ակինյանի երախտիքը հայկական սկզբնաղբյուրների հետազոտության և հրապարակման գործում: Պատմագիտական կարևոր աշխատություններ է գրել հայ-վրացական հարաբերությունների մասին. «Հայ-վրացական յարաբերութիւնները Դ-Է դարերուց մէջ» (1907), «Կիւրիոն կաթողիկոս վրաց» (1910): Արժեքավոր են, ի մասնավորի, «Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ» (1920), «Հայ Բագրատունիներու տոհմածառը» (1930), «Մովսէս Գ. Տաթևացի Կաթողիկոս Հայոց յԷջմիածին եւ իւր ժամանակը» (1936), «Քրիստոնէութեան մուտքը Հայաստան եւ Վրաստան» (1949), «Բաղեշի դպրոցը (1500-1704). Նպաստ մը Հայոց Եկեղեցւոյ պատմութեան եւ մատենագրութեան» (1951) գործերը:

Ակինյանը հետազոտել է միջնադարյան բանաստեղծների (Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Գրիգորիս Աղթամարցի, Սիմեոն Ապարանցի, Նաղաշ Հովնաթան, Հակոբ Կեսարացի, Մինաս Ստեփանոս, Հակոբ, Ղազար, Թաթոս Թոխաթեցիներ, Թորոս Մշեցի) կյանքն ու ստեղծագործությունը, հրատարակել նրանց երկերը: Ակինյանի շատ գործեր դեռ անտիպ վիճակում պահվում են Վիեննայի Մխիթարյան մատենադարանում: Ակինյանի ուսումնասիրությունները լույս են տեսել մեծ մասամբ «Հանդէս ամսօրեայ»ում, ապա արտատպվել «Ազգային մատենադարան» մատենաշարի հատորներում:

Ակինյանի աշխատություններից ոմանց հարկավոր է վերաբերվել լուրջ վերապահությամբ, քանի որ դրանցում տեղ են գտել պատմագիտական սխալներ, հակասական ենթադրություններ: Բանն այն է, որ նա, ուսանած լինելով Վիեննայում, չափազանց տարվել է 19րդ դարում և 20րդ դարի առաջին կեսում բավական տարածում գտած գերմանական պատմա-քննադատական մեթոդով, որն այլևս գրեթե ամբողջովին լքվել է պատմագետների կողմից: Այդ սխալները հիմնականում վերաբերվում են Մովսես Խորենացու և Եղիշեի աշխատությունների թվագրմանն ու պատմականության շուրջ հնչեցված որակումներին: Հարկավոր է սակայն ասել ի գովեստ Հայր Ակինյանի, որ նա, իբրև ճշմարիտ կրոնավոր, եղել է մեծապես համեստ ու խոնարհամիտ, և միշտ զիջել է ուրիշների կողմից ներկայացված ավելի համոզիչ փաստերի ու կարծիքների դիմաց: Ակինյանն արդարև մեծ է իր աշխատանքներով, մեծ է նաև իր քրիստոնեավայել խոնարհամտությամբ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։