22) Հայր Համազասպ Ոսկյան (1895-1968) – Գրադարան – Mashtoz.org

22) Հայր Համազասպ Ոսկյան (1895-1968)

Ծնվել է Կարինի նահանգի Խանդաձոր գյուղում, 1914 թվականին անդամակցել է Միաբանությանը Վիեննայի վանքում: Եղել է հայտնի պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, մանկավարժ: Եղել է Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ (1928-1931), տնօրեն (1931-1937), ապա Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն (1947-1960):

1920-ական թվականներին աշխատակցել է «Հանդէս ամսօրեայ»ին, ապա դարձել նրա խմբագրապետը (1938-1946, 1963-1968): 1932 թվականին Պլովդիվում հիմնել է «Ուսումնարան» դպրոցական ամսագիրը: Շուրջ կես դար զբաղվել է գիտական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հայագիտական երկեր: Ուսումնասիրել է Հայ նախարարական տների պատմությունը, Հայ միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Վանականի, Վարդան Արևելցու, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործությունը: «Չորս Հայ տաղասացներ եւ անոնց տաղերը» (1966) աշխատությունում ներկայացրել է Հայ միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրիգոր Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծագործությունները:

Հատկապես արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերվող աշխատությունները. «Վասպուրական-Վանի վանքերը», 3 հատոր (1940-1947), «Սեբաստիոյ վանքերը» (1946), «Բարձր Հայքի վանքերը» (1951), «Տարօն-Տուրուբերանի վանքերը» (1953), «Արցախի վանքերը» (1953), «Կիլիկիայի վանքերը» (1957), «Գուգարքի վանքերը» (1960), «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի եւ Տրապիզոնի նահանգներու վանքերը» (1962), և այլն:

Աշխատասիրել և հրատարակել է «Երգ Երգոցի առաջին եւ երկրորդ թարգմանութիւնը» (1924), «Սարդիկէի ժողովքի հայերէն կանոնները» (1945), Ստեփանոս Ռոշքյանի «Ժամանակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցականք» (1964), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ» (1965) գործերը: Թարգմանել է Օբերտինսկու «Լեհահայերը եւ անոնց Անդրէաս արքեպիսկոպոսը Ցազլովեցի մէջ» (1963) աշխատությունը: Հետազոտել, կազմել և հրատարակել է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին ի Վիեննա» (2 հատոր, 1963) ձեռագրացուցակը, որը Հայր Տաշյանի համանուն գործի շարունակությունն է: Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկներ («Դասագիրք Հայոց պատմութեան», 5 հատոր (1959-1960) և այլն): Թողել է անտիպ գործեր ևս («Արարատեան նահանգի վանքերը», «Սիւնեաց աշխարհի վանքերը», «Հայ վանքեր ի սփիւռս» և այլն): Ոսկանյանը հետևել է Խորհրդային Հայաստանի գիտական կյանքին, «Հանդէս ամսօրեայ»ում հրատարակած բազմաթիվ գրախոսականներով անդրադարձել է խորհրդային պատմաբանների ու բանասերների հայագիտական երկերին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։