3) Հայր Մկրտիչ Ավգերյան (1762-1854) – Գրադարան – Mashtoz.org

3) Հայր Մկրտիչ Ավգերյան (1762-1854)

Ծնվել է Անկյուրայում, 1774 թվականին անդամակցել է Մխիթարյան Միաբանությանը, եղել է ականավոր աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ: Եղել է Միաբանության վարչության անդամ (30 տարի) և Ընդհանուր Աթոռակալ (20 տարի):

Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի Եկեղեցւոյ Հայաստանեայց» տասներկուհատորյա կոթողային աշխատությունն է (1810-1815), որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել է բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ: Առանձնակի արժեք ունի 12րդ հատորը. «Մնացորդք վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է, հարուստ հավելյալ տվյալներով:

Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս: Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատիներենից գրաբարի է թարգմանել Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց»ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի եւ պատասխանատուութիւնք»ը (1844), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»ը (1845), Սբ. Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»ը (1846), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»ը (1849), և այլն: Գրաբարից լատիներենի է թարգմանել Փիլոն Աղեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»ը (1818), որոնց հունարեն բնագրերը կորած են: «Քրոնիկոն»ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները:

Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք Հայկազեան Լեզուի» կամ «Նոր Հայկազեան բառարան»ը (երկհատոր, 1836-1837, համահեղինակներ՝ Հ.Գ. Ավետիքյան, Հ.Խ. Սյուրմելյան): Հրատարակել է նաև «Առձեռն բառարան Հայկազեան Լեզուի» (1846, 1865):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։