6) Հայր Պողոս Հովնանյան (1802-1884) – Գրադարան – Mashtoz.org

6) Հայր Պողոս Հովնանյան (1802-1884)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, 1824 թվականին մեկնել է Վիեննա, ուր անդամակցել է Մխիթարյան Միաբանությանը: Եղել է նշանավոր լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ, մանկավարժ: Հրատարակել է «Վարժութիւն մանկանց» (1826), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841), «Պատմութիւն տիեզերական ժողովոց Եկեղեցւոյ, որք յարեւելս գումարեցան» (1847), «Առաջնորդ դաստիարակութեան» (1862), «Ուսումն ազգային դաստիարակութեան» (1862), «Պատմութիւն Իտալիոյ» (1867) ուսումնասիրությունները:

Հատուկ հիշատակության է արժանի Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման եւ ազգային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը» (1857) աշխատությունը, որն ունի ընդհանուր լեզվաբանական բնույթ: Հեղինակը լեզուն դիտել է որպես հասարակական երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հասարակության պատմությունը: Հաստատել է հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը և դրանց շարքին է դասել հայերենը:

Հայ իրականության մեջ Հայր Պողոս Հովնանյանը պատմահամեմատական լեզվաբանության առաջին հետևորդն է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։