7) Հայր Ղևոնդ Հովնանյան (1817-1897) – Գրադարան – Mashtoz.org

7) Հայր Ղևոնդ Հովնանյան (1817-1897)

Հայր Պողոս Հովնանյանի եղբայրը: Վիեննայի Մխիթարյան Միաբանությանը անդամակցել է 1838 թվականին: Եղել է անվանի բանասեր, լեզվաբան, թարգմանիչ: Կատարյալ կերպով տիրապետել է 10 տարբեր լեզուների (հունարեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն և այլն): Եղել է Միաբանության տպարանապետ, Կոստանդնուպոլսո Մխիթարյան Վարժարանի ուսուցիչ, 1868-1870 թվականներին՝ Վիեննայի Արևելյան Ակադեմիայի թուրքական բաժնի ասիստենտ, 1887-1890 թվականներին՝«Հանդէս ամսօրեայի»խմբագրապետ:

Լատիներենից թարգմանել է Ժ.Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (Ա. Գարագաշյանի և Հ. Գաթըրճյանի հետ, 1841) և Կոռնելիուս Նեպոտի «Վարք զօրավարաց անուանեաց» (1842) աշխատությունները, որոնց մեջ վերստին կյանքի է կոչել «ոսկեդարյան» գրաբարը:

Խորապես ուսումնասիրել է գրաբար և աշխարհաբար Հայերեն լեզուները: Իր գիտական բազմաթիվ հոդվածներից բացի, լեզվաբանական ոլորտում մեծ արժեք է ներկայացնում իր «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (1897) աշխատությունը, ուր հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ռամկորեն, այսինքն՝ ժողովրդախոսակցական գրաբարով հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ և այլոք) երկերից նմուշներ, ուսումնասիրել է դրանք և ըստ այդմ, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի ստեղծագործողները, հայերենը բաժանել է երկու շրջանի, առաջինն անվանելով «ռամկախառն գրաբար», իսկ երկրորդը՝«գրաբարախառն ռամկօրէն»: Գրքի նախաբանում («Նախաշաւիղ»), հիմնավոր փաստերով հաստատում է հայկական բարբառների գոյությունը դեռևս Հինգերորդ դարում և դրանից էլ առաջ, ապա եզրակացնում է, որ գրաբարը մշակվել է առօրյա խոսակցական լեզվի հիմքի վրա:

Կարևոր գործեր են նաև Հովնանյանի «Պատմութիւն քաղաքականութեան Եւրոպական պետութեանց» քառահատոր աշխատությունը (1856-1860), եռահատոր «Գաղղիերէն քերականութիւն»ը (1844-1875) և «Ուսումն փիլիսոփայութեան կրօնի» հատորը (1885):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։