9) Հայր Ղևոնդ Ալիշան (1820-1901) – Գրադարան – Mashtoz.org

9) Հայր Ղևոնդ Ալիշան (1820-1901)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնագետի ընտանիքում: Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց հետո (1830-1832) ուսումը շարունակել է Վենետիկում (1832-1841): Միաբանությանն անդամակցել է 1838 թվականին: Եղել է համբավաշատ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ: Աշխատել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850, ապա՝ 1866-1872), տեսուչ (1848-ից), Բազմավէպի խմբագիր (1849-1851), ուսուցիչ Փարիզի Մուրադյան վարժարանում (1859-1861): 1872 թվականից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության: Եղել է

Ֆրանսիական Ակադեմիայի Պատվո Լեգիոնի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների: 1870 թվականից եղել է Մխիթարյան Միաբանության Ընդհանուր Աթոռակալը:

Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ: Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները, սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով: Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը: Այդ երկերում, որոնք գրված են աշխարհաբարով (Ալիշանն առաջիններից է, որ գրել է աշխարհաբար բանաստեղծություններ), նա պատկերել է Հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները: 1847-1860 թվականներին Բազմավէպում – Նահապետ ստորագրությամբ – Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարեր», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սեւանայ», «Հայոց աշխարհիկ», «Պըլպուլըն Աւարայրի», «Շուշանն Շաւարշանայ» և այլն), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են:

Ալիշանն իր ուժերը ներդրել է նաև գեղարվեստական արձակում, հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» (1870) պատմա-գեղարվեստական ստեղծագործությունը: Հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով նա երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիրն Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար Դպիր»):

Ալիշանի վերաբերմունքը Հայոց լեզվի նկատմամբ ակներև է դարձնում հետևյալ մեջբերումն Ալիշանից. «Լեզուն կորսնցնելէ յետեւ եւ մանաւանդ անոր հանդէպ անհոգ ըլլալէն ետև մէկ ալ ազգային սովորութիւնք եւ յիշատակք եւ նշանք շուտով կը կորսուին»:

Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների, Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ: Նա եղել է Հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից: «Հայոց երգք ռամկականք» (1852) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է: Իր լավագույն ստեղծագործություններով Ալիշանը հաղթահարել է կլասիցիզմը և ուղի է հարթել ռոմանտիզմի համար, դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ:

Կոչ անելով հայությանը «զէնքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը, Ալիշանն ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Յուշիկք ... »-ի «Սկիզբն տարւոյ եւ մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա եւ Հայաստան հազար տարի առաջ» գլուխները): Հայրենասիրության վերաբերյալ նշանակալի է Ալիշանի հետևյալ խոսքը, որ մինչև օրս չի կորցրել իր այժմեականությունը. «Ճշմարիտ հայրենասիրութիւնն չէ ասուպ կամ փայլակ մը յանկարծ երեւցող եւ անցնող, ո՛չ հուր մոլի եւ թափառիկ, եւ ո՛չ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ՝ հանդարտ ջերմութիւն մը, յստակ լոյսով, անըստգիւտ խղճով»:

 

Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843 թվականից, «Բազմավէպ»ի էջերում: «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա-աշխարհագրական բնութագրությունը: Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա-աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում: Շարքի առաջին գործն է «Շիրակ»ը (1881), որտեղ Ալիշանը, բնավ եղած չլինելով Հայաստանում, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը: Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում: Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների, նահանգների աշխարհագրության, տեղագրության, բուսական ու կենդանական աշխարհների, հանքային հարստությունների, պատմական անցյալի, հնությունների, ազգագրության և ա՛յլ հարցերի մասին: Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրած բոլոր արձանագրությունները:

Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է: Նրանով են պայմանավորվում երկրների ու ժողովուրդների միջև եղած տարբերությունները: 1881 թվականին Վենետիկում կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում Ալիշանը կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում, որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը:

Ալիշանը կարևոր ներդրում ունի մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում: Դրանցից են Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն» (1865), Խոսրով Անձևացու «Մեկնութիւն աղօթից Պատարագին» (1869), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի եւ Ռումենիոյ» (1896) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները (1853-1861):

«Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց» (1895) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները: Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտական գործունեության ամփոփումն է «Հայապատում»ը (1901): Երկի առաջին մասը («Պատմիչք Հայոց») նվիրված է հայ պատմագրության պատմությանը, իսկ երկրորդը («Պատմութիւնք Հայոց») տարբեր պատմիչների երկերից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հոդվածներով ներկայացնում է վաղնջական շրջանից մինչև 17րդ դարի Հայոց պատմությունը:

Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նամակագրական սերտ կապեր է ունեցել հայ և եվրոպացի մի շարք անվանի գիտնականների հետ: Այդ նամակները տպագրվել են («Նամակներ», 1969):

Մեծապես ուշագրավ է Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) աշխատությունը, ուր հավաքել, դասակարգել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3.400 բույս ու ծաղկատեսակ (150ից ավելի նկարներով), անդրադարձել է դրանց բուժական հատկություններին:

Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը: Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։