ԱՂՈԹՔՆԵՐ ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈՒՑ ՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔՆԵՐ ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈՒՑ ՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աստծուց բազմաթիվ բժշկումներ ու տարբեր շնորհներ են ստացել հավատավոր քրիստոնյաները, որոնք Իրեն դիմել են Մխիթար Աբբահոր բարեխոսությամբ: Աստվածային արտակարգ միջամտությունները բացարձակ կերպով ազատ իրականություններ են և Աստված դրանք ի կատար է ածում ո՛չ թե երբ մենք պարզապես խնդրում ենք դա, այլ՝ երբ դա իրոք համապատասխանում է մեր ամբողջական – մարմնական և հոգևոր – բարիքին, կամ եթե այդ միջամտությունը կարող է ծնել հոգևոր մեծ բարիք ողջ Եկեղեցու համար: Այս վերջին նպատակին է համապատասխանում, օրինակի համար, քրիստոնեական կյանքի պահանջները հերոսաբար ապրած մի անձի Սրբադասումը, այսինքն՝ երբ այդ անձը Եկեղեցու կողմից պաշտոնապես հռչակվում է Սուրբ և բոլոր քրիստոնյաների համար ներկայացվում է որպես Հիսուս Քրիստոսի հետևորդության տիպար օրինակ: Կարող ենք գործածել այստեղ մեջբերվող աղոթքները կամ կարող ենք աղոթել մեր սրտից բխած խոսքերով, կարևորն այն է, որ դրանք անկեղծ լինեն և ուղիղ դիտավորություն ունենան, այսինքն՝ ճիշտ նպատակի ձգտեն. իսկ քրիստոնեական կյանքի միակ անսխալ նպատակը Աստծո փառքն է և մեր հավիտենական փրկությունը:
Մխիթար Աբբահոր բարեխոսությամբ շնորհներ ստացողներին խնդրում ենք դրանց մասին գրավոր վկայություն ուղարկել Մխիթարյան Միաբանության Ընդհանուր Աբբահորը, այս գրքի վերջում նշված հասցեով: Այդ վկայությունները կգործածվեն Մխիթար Աբբահոր սրբադասման դատավարության համար և կարագացնեն այդ մեծապես բաղձալի սրբադասման գործընթացը:
Աղոթքները սովորաբար կատարվում են որպես Իննօրյաներ, այսինքն՝ ինն օր անընդմեջ կատարվում են տվյալ շնորհը հայցող աղոթքները: Ցանկալի և մեծապես աստվածահաճո բան է, եթե աղոթքները կատարվում են աղքատներին տրվող ողորմությունների ընկերակցությամբ, եթե տվյալ անձը կամ ընտանիքը այդ կարողությունն ունեն (նյութական կարողության բացակայության դեպքում միշտ հնարավոր է հոգևոր ողորմությունը՝ ներումը, մոտիկությունը, ժպիտը, քաջալերանքը, այլոց համար աղոթքը, և այլն): Խնդրված շնորհը ստանալու դեպքում ևս, շնորհակալություն հայտնելու միակ աստվածահաճո կերպը աղքատներին տրվող առատ ողորմություններն են:
 

***

Ո՜վ Ամենասուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, Աստված անհուն սիրո, աղաչում ենք Քեզ խոնարհաբար, որ բարեհաճությամբդ կամենաս այս աշխարհում ևս փառավորել ընտրյալ ծառայիդ՝ Մխիթար Աբբահորը, որպեսզի մենք էլ քաջալերվենք իր նման հետևելու Խաչի ճանապարհին, Արքայությանդ մեջ հավիտենական հանգստին հասնելու համար: Տուր, որ նեցուկ և օգնական լինի մեզ մեր ամենօրյա փորձությունների մեջ, և օրինակ առաքինության: Զորացրու Աստվածային Նախախնամությանդ հանդեպ մեր հավատքը, լուսավորիր մեր միտքը երկնային ճշմարտություններով, բոցավառիր մեր սիրտը աստվածային սիրովդ և նախանձախնդրությամբ՝ փառքիդ և հոգիների փրկության համար: Մեր վրա տարածիր իր պաշտպանությունը և իր բարեխոսությամբ պարգևիր մեզ [ ... ... ... ] շնորհը, որ վստահությամբ հայցում ենք հայրական բարությունիցդ: Ամեն:

Հայր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի Քո Անունը. թող գա Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է. մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր. և ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես որ մենք ներում ենք մեր դեմ մեղանչածներին. և մի՛ տար մեզ փորձության, այլ՝ փրկիր մեզ չարից. քանի որ Քոնն է Արքայությունը, և զորությունը, և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Ողջույն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է: Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս:

Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսիր մեր՝ մեղավորներիս համար, այժմ և մեր մահվան ժամին: Ամեն:

Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից: Ամեն:

«Հայր մեր», «Ողջույն քեզ» և«Փա՜ռք» աղոթքները կրկնել երեք անգամ:

***

Ո՜վ Ամենասուրբ Երրորդություն, Աստված հավիտենական, որ հավատարիմ ծառայիդ՝ Մխիթար Աբբահոր բարեխոսությամբ բազմաթիվ շնորհներ ես պարգևել և տակավին շարունակում ես պարգևել նրանց, ովքեր դիմում են Քեզ իր անունով, բարեհաճությամբ ընդունիր աղոթքները, որ վերամբարձում ենք առ Քեզ, և պարգևիր մեզ [ ... ... ... ] շնորհը, որի կարիքն ունենք, որպեսզի իր մեջ փառավորվի Քո Սրբազնասուրբ Անունը: Ամեն:

«Հայր մեր», «Ողջույն քեզ», «Փա՜ռք»  (երեք անգամ) :

***

Ո՜վ Ամենասուրբ Երրորդություն, ողորմի՜ր մեզ:

Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ Հայաստանյայց Եկեղեցուդ որպես բարենորոգող պարգևեցիր Մխիթար Աբբահորը, որն անվախ քարոզիչը եղավ Քո Սուրբ Ավետարանի, առաքելական հոգատարությամբ հարուստ հովիվ եղավ, աղքատների օգնական և մտերիմ, խաղաղություն կերտող, սեր ու համերաշխություն քարոզող, Հայության համար մի նոր դարաշրջանի բացող, վերածննդի հեղինակ. ունկն դիր մեր աղոթքներին. այնպես արա, որ միշտ վառ պահենք այսքա՜ն լուսավոր Առաջնորդի հիշատակը, օգնիր մեզ հոժարությամբ հետևելու իր հոգևոր ուսուցումների ժառանգությանը՝ ապրելով սիրո, պարզության և փոխադարձ օգնության մեջ սպառված մի կյանք, նեցուկ եղիր մեզ՝ պահպանելու և ավանդելու իր գաղափարները, որոնք Ավետարանիցդ են միայն ներշնչված և այդ իսկ պատճառով բաց են հույսի դիմաց: Պարգևիր մեզ ուրախությունը՝ շուտով տեսնելու նրան դասված նրանց շարքին, որոնց Եկեղեցին մեզ մատնացույց է անում որպես քրիստոնեական կյանքի տիպար օրինակներ, որոնց կարող ենք հետևել՝ երկրի վրա բարեգործելու և երկնային անանց Արքայությանդ հասնելու համար: Նրա բարերար ազդեցությունը, զգացվելով և ընկալվելով որպես կենդանի և գործուն ներկայություն, թող որ շարունակի նեցուկ հանդիսանալ մեր Եկեղեցու ընթացքին և զորեղ օգնություն լինի բոլոր նրանց համար, ովքեր իր բարեխոսությամբ վստահասիրտ դիմում են Քեզ: Մեզ էլ պարգևիր, բարերարդ Աստված, [ ... ... ... ] շնորհը, որ հայցում ենք անսպառ ողորմությունիցդ: Ամեն:

«Հայր մեր», «Ողջույն քեզ», «Փա՜ռք»  (երեք անգամ) :

Քեզ, որ կյանքի Տերն ես, փա՜ռք և օրհնությո՜ւն հավիտյանս: Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։