Աբբահայրը Սուրբ Հակոբ Մծբնացուն վերագրված «Զգօն» գիրքը նվիրում է Սրբազան Քահանայապետին – Սրբազանից նվերներ է ստանում և հաղթանակած վերադառնում է Վենետիկ – Գրադարան – Mashtoz.org

Աբբահայրը Սուրբ Հակոբ Մծբնացուն վերագրված «Զգօն» գիրքը նվիրում է Սրբազան Քահանայապետին – Սրբազանից նվերներ է ստանում և հաղթանակած վերադառնում է Վենետիկ

Քանի որ Ժողովի վճռի մեջ բացահայտ կերպով նշված էր Մխիթարի անունը, նա կանխավ արդեն զգում էր, որ հակառակորդները դրանից ավելի էին գրգռվելու և դարձյալ նորանոր փոթորիկներ էին հարուցելու իր և Միաբանության դեմ, ինչպես որ իրականում էլ պատահեց: Ինքը, որ հնարավոր բոլոր նախազգուշություններն անում էր, որպեսզի թյուրիմացությունների տեղիք չտրվեր, և ամեն անգամ Արևելք քարոզիչ ուղարկելիս նրա ձեռքն էր տալիս Սուրբ Ժողովի վճռագրի պատճենը, որպեսզի իրենց բոլոր քայլերը դրա համեմատ կատարեին և իրենց խոսքի ու գործի մեջ ամենայն խոհեմություն ցույց տային. և այդ ամբողջ զգուշությամբ հանդերձ, ազատ չմնաց քսու լեզուներից ու գրիչներից, որոնք իսկույն սկսեցին լուր տարածել, թե Մխիթարը խաբել է Սուրբ Ժողովին: Աբբահայրը, տեղեկանալով այդ զրպարտությանը, 1721 թվականի Փետրվարի 22ին մի ընդարձակ նամակ գրեց, ուր համոզիչ ու հզոր փաստերով հերքեց եղած զրպարտությունը և ցույց տվեց, թե ի՛նչ պատճառներով են ծագել այդ ստահոդ զրույցները: Սուրբ Ժողովը մեծապես գոհ մնաց Մխիթարի պատասխանից և տված բացատրություններից, և այդուհետև այդպիսի խնդիրներ չառաջացան. Միաբանության առաջ Արևելքում և Արևմուտքում բացվեցին քարոզության դռները, և հաստատուն քայլերով սկսվեց Մխիթարյան Առաքելությունների շրջանը, ինչպես տեսնելու ենք հաջորդ գլխում:

Երբ Աբբահայրը տակավին Հռոմում էր գտնվում, մի քանի գիտնական Ծիրանավորներ, որոնք Արևելյան Սուրբ Հայրերի գրությունների ուսումնասիրությամբ էին զբաղվում, հարցրեցին իրեն, թե արդյոք հնարավո՞ր է գտնել Սուրբ Հայրերի գործերի հայերեն թարգմանությունները: Մխիթարը տեղեկություններ հաղորդեց «Զգօն» կոչվող գրքի մասին, որի հեղինակը մինչև վերջերս համարվում էր Սուրբ Հակոբ Մծբնացի Հայրապետը, որի հայերեն թարգմանությունը պահպանվել էր, մինչդեռ Արևմուտքը չուներ դրա լատիներեն թարգմանությունը, իսկ ասորերեն սկզբնագիրն էլ կորած էր համարվում[1]: Երբ Աբբահայրն իմացավ, որ Քահանայապետն այդպիսի գրքերը շատ է գնահատում, և նրան մեծ հաճույք կպատճառեր, եթե վայելչագիր օրինակել տար և նրան ընծայեր, իսկույն աճապարեց գրել Հայր Եղիային, որ անսխալ և գեղեցիկ գրչությամբ փութով ընդօրինակել տա ձեռագիրը, և շքեղ ու վայելուչ կերպով կազմելով, ոսկեզօծ տուփի մեջ դնելով՝ ուղարկի իրեն: Հանձնարարությունըճշտորեն կատարվեց, և Աբբահայրն անձամբ տարավ և Քահանայապետին ընծայեց ընդօրինակված ձեռագիրը, որը սիրով ընդունելով այն, օրհնեց Մխիթարին և ամբողջ Միաբանությանը: Հռոմում գտնված ժամանակ Մխիթարն ուրիշ շատ գիտնական և նշանավոր անձանց հետ ևս մտերմացավ, որոնց մեջ երևելի էր մեծանուն արևելագետ Ասսեմանին, որն իր «Արևելյան մատենադարան» կոչվող աշխատության մեջ խոսելով Սուրբ Ղազարի գրատանը գտնված Սուրբ Հակոբ Մծբնացու ձեռագիր ճառերի մասին, գրում է. « (Ձեռագրի օրինակը) նամակով խնդրեցի Պետրոսյան Մխիթար Աբբահորից, որը թե՛ բարեպաշտությամբ և թե՛ գիտությամբ երևելի անձնավորություն է, և ինձ մտերիմ բարեկամ»:

Նախքան Հռոմից մեկնելը, Մխիթարը մի վերջին անգամ էլ գնաց Քահանայապետի օրհնությունը ստանալու և իր հարգանքն ու շնորհակալությունը մատուցելու նրա ցուցաբերած այդքա՜ն հայրագութ խնամքի համար: Քահանայապետը գորովալիր սիրով ողջագուրեց Մխիթարին ու նրա ընկերներին և ո՛չ միայն օրհնեց նրան ու քաջալերեց արիաբար առաջ տանելու Աստծո գործը, որը միանգամայն շահեկան էր լինելու իր Ազգին, այլև շատ ընծաներ տվեց. արծաթե մեդալներ, խաչեր, Սրբերի նշխարներ և Խաչափայտից մի մասունք: Մխիթարն ապա գնաց հրաժեշտի ողջույնները տալու այն բոլոր Ծիրանավորներին, որոնք նպաստել էին իր գործին, և Դեկտեմբերի 6ին մեկնեց Հռոմից: Վերադարձն ուրիշ ճանապարհով կատարեց. նախ գնաց Լորեթո, Սուրբ Աստվածածնի տանն այցելության, ինչպես կարդում ենք իր նամակներից մեկում[2]: Հետո այնտեղից ցամաքով, Բոլոնիա քաղաքով անցնելով, հասավ Փադուա, ուր գնաց ողջունելու և շնորհակալություն հայտնելու Գեորգ Կոռնարո Ծիրանավորին, որը քաղաքի Առաջնորդն էր և դեպի Հռոմ ուղևորվելու ժամանակ իրեն շատ գեղեցիկ մի վկայագիր էր տվել: Դեկտեմբերի 20ին հասավ Վենետիկ, և կատարյալ հաղթանակի հանդես եղավ իր մուտքը Սուրբ Ղազար, բոլոր միաբանների հրճվանքի պոռթկումով, ութ ամսվա պանդխտությունից հետո:

[1] Տասնիններորդ դարի կեսերին գտնվեց այդ բնագիրը և հրատարակվեց անգլիացի ուսումնասիրող Ռայթի աշխատությամբ, հաստատվելով նաև հեղինակի իրական ինքնությունը. տե՛ս՝ W. WRIGHT, The homilies of Aphraates, the persian Sage, London 1869, vol. I, pp. 19-37.
[2] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1718 Դեկտեմբեր 3:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։