Ազգիս ընդհանուր կրոնական խեղճ վիճակը – Գրադարան – Mashtoz.org

Ազգիս ընդհանուր կրոնական խեղճ վիճակը

Մխիթարի ժամանակներում Հայ Ազգի ընդհանրությունը կրոնական իմաստով ողբալի կացության մեջ էր. մարդկանց մտքի մեջ հիմնականում խաթարվել էր կրոնի գաղափարը, սրտերն այլևս չէին ներշնչվում այն վեհ ու բարձր գաղափարներով, չունեին այն կորովն ու ոգևորումը, որով մարդը, Ճշմարտության զորությամբ ամրապնդված, գերազանցելով նյութական աշխարհի սահմանները, սին փառքից ու հաճույքներից անդին հասնելով հոգևոր իրական երջանկությանը, բարձրաթռիչ ճախրում է հոգեղեն ոլորտներում, ոստնում է վիհերի վրայով, ընդոտնում է խութերը, տանջանքները և նույնիսկ մահը, պատրաստ է անգամ նահատակվելու Ճշմարտության համար: Ընդհակառակն, բազմաթիվ նախապաշարումներ ու ավելորդապաշտություններ կազմում էին ժողովրդի հավատքի հիմնական մասը: Այդ թյուր ըմբռնումների ու կանխակալ կարծիքների խառնակույտը միմիայն Ճշմարտության լույսը կարող էր ցրել, բայց Ճշմարտության լույսն այդ ժամանակ մեր Ազգի մեջ չէր թափանցում, քանի որ իր դիմաց, որպես անթափանց մի պատնեշ, կանգնած էր համատարած իշխող տգիտությունը: Ոչ ոք իր մեջ չէր զգում այդ պատնեշը տապալելու ուժն ու քաջությունը. անգամ նրանք, որոնց խղճի պարտականությունն էր դա, իրենք էլ միևնույն խավարի ու տգիտության մեջ էին խարխափում, և փոխանակ լույս լինելու, ինչպես պատվիրում է Ավետարանը, իրենք իսկ խորասուզվել էին թանձր խավարի մեջ, և լիովին իրականանում էր Քրիստոսի խոսքը, որ ասում է. «Երբ կույրն է կույրին առաջնորդում, երկուսն էլ միասին խորխորատն են ընկնում»: Մեր նպատակը չէ այստեղ մանրամասն պատկերել այն սև ու տխուր ավերածո տեսարանը, որն ամեն մարդ կարող է երևակայել, երբ մտածի, որ բազմաթիվ գյուղերում ու քաղաքներում եկեղեցիները փակվել էին, նույնիսկ հենց եպիսկոպոսի հրամանով, ինչ-ինչ փառատենչ կամ վրիժառու ցանկություններից դրդված. ո՛չ Խորհուրդներն էին մատակարարվում, ո՛չ Սուրբ Պատարագներն ու Ժամերգություններն էին կատարվում, և ո՛չ էլ ուրիշ որևէ եկեղեցական հանդեսներն ու արարողությունները. բոլոր Սրբություններն արհամարհված էին, Ամենասուրբ Հաղորդության Խորհուրդն անգամ անշուք փայտյա մասնատուփերի մեջ դրված ու մի անկյունում պահված առանց պատշաճ հարգանքի ու պաշտամունքի. իմաստնալի քարոզները լռել էին, խոստովանությունները՝ դադարել, շա՜տ շատերը երեսուն-քառասուն տարի անգամ եկեղեցու սեմից ներս չէին մտել, մինչ դրա փոխարեն աղանդասար կախարդությունների էին տվել իրենք իրենց. սաստիկ ոխակալությամբ թշնամացել էին ընտանիքներն ընտանիքների դեմ և հաճախ նույնիսկ միևնույն ընտանիքի անդամներն իրարից գժտված, Ազգիս միջից հեռացել էին փոխադարձ հանդուրժողականությունը, ներումն ու սերը. կրոնական ատելությունն այնքան էր տիրել ու արմատացել սրտերի մեջ, որ օտար ու այլահավատ ոսոխին ավելի էին նախընտրում, քան իրենց համարյուն քրիստոնյա եղբորը, թուրքական պետության գանձարանը լցնում էին Հայության ոսկիներով, հայը հային մատնելով, եղբայրը եղբոր մահը ցանկանալով. սովորական բան էր դարձել ուրիշ քրիստոնյաների պատկանող Սրբությունները պղծելը, Խաչն ու սրբազան պատկերներն անգամ անարգելը, «ֆռանկի կամ հերձվածողի խաչ ու պատկեր» անիմաստ բացատրությամբ պատրվակելով ու անմեղադիր անելով այդպիսի անլուր ու անվայել սրբապղծությունները, որոնք գրիչն անգամ սոսկում է վերարտադրել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։