Աշակերտների ընտրության պայմանները – Գրադարան – Mashtoz.org

Աշակերտների ընտրության պայմանները

Մխիթարի դաստակերտի արտաքին գեղեցկությունը նկարագրելուց հետո, այժմ տեսնենք նրա ներքին կամ բարոյական կազմությունն ու վայելչությունը, ուր Մխիթարը փայլում է իր մեծ կարողությամբ՝ որպես կրոնավորական ընկերության դաստիարակ և ղեկավար:

Ինչպես որ շինությունների վայելչությունն ու պատվականությունը կայանում է շինանյութի ազնիվ ընտրությամբ և բոլոր նյութերի ներդաշնակ հորինվածքով, նմանապես բարոյական կառույցի գեղեցկությունը ևս կայանում է ընտիր, կիրթ և առաքինի հոգիների միությամբ և ամբողջության մեջ տիրող բարոյական ներդաշնակությամբ: Սա մասամբ արդյունքն է լավ դաստիարակության, որ պետք է սկսվի մանուկ հասակից: Սերմանի՛ր, մշակի՛ր, արյուն-քրտինք թափի՛ր. եթե հողդ ժայռոտ վիճակում թողնես, աշխատանքդ ամուլ ու անպտուղ կմնա, իսկ եթե հողդ մաքրես ու պարարտացնես, բազմապատիկ բերք կհնձես: Այսպես է նաև դաստիարակության ասպարեզում. հարկավոր է նախ ընտրել հողը, ճանաչել աշակերտի բնավորությունը, թերությունները, նկատի առնել նրա ստացած նախնական կրթությունը, և ըստ այնմ էլ՝ սկսել դաստիարակության դժվարին գործը:

Մխիթարն իր գործի հիմքը դրեց՝ շուրջը հավաքելով արդեն մեծահասակ անձանց, բայց փորձառությամբ շուտով համոզվեց, որ իր նպատակին չէր կարող հասնել, մինչև որ իր շուրջը չհավաքեր փոքրահասակ պատանիներ, նրանց դալար միտքն ու սիրտը կրթելու և իր հոգու զգացումները նրանց հաղորդելու համար: Այդ համոզմանը հասնելուց հետո, իր մեծագույն ուշադրությունն այդ բանին դարձրեց և Արևելքում գտնվող քարոզիչներին նամակ գրեց, որ ընտրեն և Վենետիկ ուղարկեն պատանի տղաներ, որոնք կլինեն բնավորությամբ ազնիվ և քաղցրաբարո, հոգեսեր, բարեպաշտ ընտանիքների զավակներ, ուշիմ, ընթերցասեր և ուսման մեջ ընդունակ[1]: Խստիվ պատվիրում էր, որ լավ ընտրություն կատարեն, քննեն պատանիների կազմվածքը, նրանց փորձեն, բացատրեն, թե ի՛նչ է կրոնավորական կյանքը, նրանց առաջ դժվարություններ դնեն, որպեսզի նրանց կոչում ունենալը կամ չունենալը հայտնի լինի[2]: Գրում էր, որ ծնողների միակ տղա զավակներին չընդունեն, բացառությամբ այն դեպքերի, եթե ուխտի զավակ են[3]: Ընդունելի տարիքի վերաբերյալ՝ հարմար էր գտնում ամենափոքրը տասներկուամյա, իսկ ամենամեծը՝ տասնվեցամյա տղաներին[4]: Մեծահասակ բազմաթիվ պատանիներ իրենց ծախսով եկան հասան Վենետիկ և Աբբահորը խնդրեցին, որ Նորընծայարան մտնեն և քահանա դառնան Մխիթարի Միաբանությունում, բայց կրթվելու և ուսում առնելու տարիքն անցած լինելու պատճառով չընդունվեցին[5]: Ընտրում էր ավելի աղքատների, քան հարուստների զավակներին. «Եթե երկու տղաներ լինեն, մեկն՝ աղքատ և ազնիվ, իսկ մյուսը՝ հարուստ և պակասավոր, պետք է առաջինին ընտրեք և ո՛չ թե մյուսին»[6]: «Ուշադիր եղեք, որ աղքատների որդիներին ընտրեք և ուղարկեք, միայն թե արթուն միտք ունենան և հեզաբարո լինեն: Աղքատները սովորաբար խոնարհ են լինում և լսող. հարուստների զավակները, մինչդեռ, մեծամիտ են լինում և հանդուգն»[7]: Անընդունելի համարվող թերությունների մեջ շեշտում էր մասնավորապես ըմբոստությունը և ստահակությունը, որոնցով անսանձ և անզուսպ են դառնում տղաները. սևամաղձությունը, որի պատճառով տրտում, կասկածամիտ և անտանելի են դառնում ընկերության մեջ. ուսման մեջ անընդունակությունն ու անհոգությունը, որոնց պատճառով տկարամիտ ու ախտավոր են մնում: Ամեն ջանք գործադրում էր, որ տղաները Արևելքից Վենետիկ գալու և Վենետիկից Արևելք վերադառնալու ժամանակ նավի մեջ մենակ չլինեին, և սովորաբար իր քահանաներից մեկին կամ ծանոթ ու վստահելի մի անձի էր հանձնում նրանց : Մի անգամ, Պոլսում գտնվող իր միաբաններից մեկին, որը տղաներին ընկերակցելու էր դեպի Վենետիկ, գրում է. «Նավապետին նամակիս հետ հանձնեցի նորատիպ քերականության երեք օրինակ, որպեսզի եկող պատանիները նավի մեջ կարդան և պարապ չմնան. այդպես ավելի խելացի կլինեն» :վող թերությունների մեջ շեշտում էր մասնավորապես ըմբոստությունը և ստահակությունը, որոնցով անսանձ և անզուսպ են դառնում տղաները. սևամաղձությունը, որի պատճառով տրտում, կասկածամիտ և անտանելի են դառնում ընկերության մեջ. ուսման մեջ անընդունակությունն ու անհոգությունը, որոնց պատճառով տկարամիտ ու ախտավոր են մնում: Ամեն ջանք գործադրում էր, որ տղաները Արևելքից Վենետիկ գալու և Վենետիկից Արևելք վերադառնալու ժամանակ նավի մեջ մենակ չլինեին, և սովորաբար իր քահանաներից մեկին կամ ծանոթ ու վստահելի մի անձի էր հանձնում նրանց[8]: Մի անգամ, Պոլսում գտնվող իր միաբաններից մեկին, որը տղաներին ընկերակցելու էր դեպի Վենետիկ, գրում է. «Նավապետին նամակիս հետ հանձնեցի նորատիպ քերականության երեք օրինակ, որպեսզի եկող պատանիները նավի մեջ կարդան և պարապ չմնան. այդպես ավելի խելացի կլինեն»[9]:

[1] Նամակ Հայր Ստեփանոս վարդապետին, 1728 Փետրվար 9:
[2] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1726 Օգոստոս 7:
[3] Նամակ Հայր Թովմաս վարդապետին, 1731 Ապրիլ 26:
[4] Նամակ Հայր Հակոբ վարդապետին, 1724 Նոյեմբեր 12:
[5] Օրինակ, Թորոս անունով պոլսեցի, արդեն հասուն մի երիտասարդ, բավական հարուստ և ազնվական ընտանիքի զավակ, հետը 2000 մարչիլ գումար առած Վենետիկ եկավ և Աբբահորից խնդրեց ընդունվել Նորընծայարան: Մխիթարը մերժեց խնդրանքը, բայց երիտասարդի վանական դառնալու կամքը հաստատուն էր և Աբբահորն առաջարկեց ընդունել իրեն որպես վանական եղբայր, և այդ պայմանով ընդունվեց Միաբանության մեջ (Ժամանակագրություն, էջ 367):
[6] Նամակ Հայր Պողոս վարդապետին, 1725 Նոյեմբեր 15:
[7] Նամակ Հայր Հակոբ վարդապետին, 1731 Ապրիլ 20: Նամակ Հայր Թովմաս վարդապետին, 1747 Հունվար 25:
[8] Նամակ Հայր Պետրոս վարդապետին, (Անհայտ տարի) Հուլիս 3:
[9] Նամակ Հայր Միքայել վարդապետին, 1730 Հուլիս 4:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։