Աշակերտներից երկուսին ուղարկում է Հռոմ, Միաբանության համար ստանալու Սուրբ Աթոռի հավանությունը – Գրադարան – Mashtoz.org

Աշակերտներից երկուսին ուղարկում է Հռոմ, Միաբանության համար ստանալու Սուրբ Աթոռի հավանությունը

Այդ հալածանքները չկարողացան վնասել Մխիթարի գործին, որը գնալով ընդարձակվում էր. միաբանների թիվը 1704 թվականի վերջին արդեն հասել էր քսանի. հոգևոր կյանքը և ուսումները ձեռք ձեռքի տված՝ վանքում մի մեծ շարժում էին առաջացրել, որը մի գեղեցիկ ապագա էր խոստանում: Մնում էր ներքին բարոյական ամրություն հաղորդել այդ ամենին, որպեսզի արտաքին որևէ բռնության դեպքում, քայքայվելու վտանգից ապահովված լիներ ընդմիշտ: Հռոմեական Եկեղեցին, ամեն տեսակ զեղծումների առաջն առնելու նպատակով, մի օրենք էր հաստատել, որի համաձայն ոչ ոք իրավասու չէր կրոնավորական նոր ընկերություն հիմնել առանց եկեղեցական բարձրագույն իշխանությունների գիտության, հավանության և արտոնումի: Մխիթարն այդ օրենքին հպատակվելով, կամեցավ Սուրբ Աթոռին ներկայացնել իր կողմից հիմնված Միաբանության նպատակն ու կանոնադրությունը և նրա զորավոր հովանավորության ներքո բացել քարոզչության ասպարեզը: Ուստի բոլորի միաբան խորհրդով ընտրեց Հայր Եղիա և Հայր Հովհաննես վարդապետներին, որոնք առաքինի և խոհական անձինք էին, նրանց ձեռքը տվեց այն համառոտ Սահմանադրությունը, որն ինքը շարադրել էր՝ քաղելով Սուրբ Անտոն Աբբայի կյանքից ու կանոններից և ուրիշ Սուրբ Հայրերի խրատներից, ինչպես նաև՝ Կորնթոսի և Զանթայի եպիսկոպոսների կողմից իրեն տրված վկայագրերը և տեղի իշխանների հանձնարարական նամակները, – որոնք մինչև երկինք էին բարձրացնում Մխիթարին և իր Միաբանությունը, – և 1705 թվականին նրանց առաքեց Հռոմ:

Այդ ժամանակ Սուրբ Պետրոսի գահին բազմում էր Կղեմես Տասնմեկերորդը, մեծ և առաքինի Քահանայապետներից մեկը, որն իր ազդեցիկ ձայնը հասցնում էր մինչև Եգիպտոս, մինչև Թաթարների աշխարհը և մինչև Պարսկաստանի ու Չինաստանի խորքերը: Քաջալերում ու խանդավառում էր քարոզիչներին, որպեսզի կրոնի և գիտության լույսը ծավալեին այդ հեռավոր աշխարհներում: Նրա խոսքը արձագանք էր գտնում մինչև իսկ Կոնգոյում, որի թագավորն ու թագուհին իր ժամանակ ընդունեցին Քրիստոնեությունը: Եվրոպային և քաղաքակրթությանը սպառնացող վտանգի առջևն առնելու համար՝ զենքով և դրամով օգնում էր Ավստրիային և Վենետիկին. օգնության ձեռք էր կարկառում ճնշված ազգերին, պաշտպան էր կանգնում բռնադատված իրավունքներին, սովի ու ժանտախտի ճիրաններում տառապող Մարսիլիային դրամ և օգնություն էր հասցնում և նույն ժամանակ, ազդու կոնդակներով, շանթահարում էր Եկեղեցու մեջ սպրդած զեղծումներն ու մոլորությունները: Իր բարձր հովանավորության ներքո ծաղկում էին արվեստները, գիտությունները, նա մեկենաս էր հանդիսանում նկարիչներին ու քանդակագործներին և խրախուսում էր բանաստեղծներին: Ինքն իսկ զբաղվում էր գեղեցիկ դպրությունների մշակումով, հմտությամբ ու կորովով լի ճառեր հրատարակելով: Ժամանակի ականավոր աստղագետներին իր շուրջը հավաքելով, ձեռնարկել էր Գրիգորյան տոմարը վերանորոգելու և Հռոմի մեջ մի միջօրեական հաստատելու գործին: Քանի՜ քանի՜ անգամներ նա իր աթոռանիստ քաղաքն ազատեց թշնամու հարձակումներից, վերականգնեց երկրաշարժի աղետալի կործանումից, գեղեցկացրեց նորանոր շենքերով, գրադարանները ճոխացրեց հազվագյուտ ձեռագրերով. կառուցեց եկեղեցիներ, վարժարաններ, թանգարաններ. ընդարձակեց փողոցները, քանդակազարդ պճնեց Սուրբ Պետրոսի հրապարակի երկշար սյուները, թմբերով սանձեց Տիբերի կատաղությունը, հաշտեցրեց իրար դեմ ոխացող իշխաններին ու վեհապետներին: Եվ այս մեծամեծ ձեռնարկների և արքայավայել շքեղությունների մեջ, ճգնասուն կրոնավորի չափ խստակյաց էր ու սակավապետ, առաքինի ու ներանձնասեր:

Ահա այդ մեծ և լուսամիտ Քահանայապետի մոտ էր Մխիթարն ուղարկում իր աշակերտներին, նրանց հանձնելով նույն ինքն Կղեմես Տասնմեկերորդին ուղղված հավատքի դավանության մի գիր: Այդ դավանագիրն այնպիսի տեղեկություններ է պարունակում Մխիթարի կյանքի որոշակի պարագաների մասին, որոնք բացակայում են և՛ Միաբանությանս ընդարձակ Ժամանակագրության, և՛ Հայր Մատթեոս Եվդոկիացու և Ագոնցի գրած վարքերում. ուստի կարող են հետաքրքրական և շահեկան լինել ընթերցողներին: «Արդ մեք նուաստացեալքս», գրում է, «որք զդաւանութիւնս արարաք, եմք ի կրօնաւորացն Հայոց, ձեւօք և զգեստիւք նոցին եղեալք ի մանկութենէ. և կրօնաւորքն Հայոց զձեւ զգեստուցն ի մեծէն Անտոնէ եգիպտացւոյ աւանդեալ ունին, ըստ որում վկայեն պատմիչքն իւրեանց. վասն որոյ մեք եւս ի ներքոյ նոյնոյ անուանն պահեմք զձեւն Հայոց մինչեւ ցարդ ուղղափառապէս, հանդերձ երիւք սրբովք ուխտիւքն. և եմք թուով իբրեւ քսանք, որոց ութ քահանայք են, միաբանեալք ի մի կամս, և եդեալք ի մտի քարոզել զճշմարտութիւն կաթողիկէ հաւատոյն ի Հայս: Եւ յետ ամաց ինչ քարոզութեան, տեսեալ զի անկար էր ի մէջ Հայոց ստանալ մեզ զվանս, ուր կարիցէաք բազմանալ ուսուցանելով զաշակերտեալսն, վասն որոյ խորհեցաք զի ի մի ի քաղաքաց քրիստոնէից ստանայցեմք մեզ զտեղի բնակութեան. և երեք ամաւ յառաջ քան զայս գոյր հալածումն մեծ ի վերայ մեր և ամենայն ուղղափառաց ի Կոստանդնուպոլիս, և շնորհակալ եմք ի Սրբութենէ Վեհիդ, զի յանձնեալ էիր զամենայն հալածեցեալսն ի ներքոյ նախախնամութեան պաշաթօրացն[1]. որոյ վասն և պաշաթօր Վէնէցիոյ բարձրագունեղ Լօրէնցօ Սօրանցօն, որ այժմ է բուրկուրաթօր Սամարգոյի[2], վասն բանի Սրբութեանդ գթացաւ առնուաստութիւն մեր, և փրկեաց զմեզ յամենայնից նեղչաց մերոց, և ժողովեալ զմեզ ի պալատն իւր պահեաց զաւուրս բազումս, հոգալով զամենայն պիտոյս մեր. և յետ այլոց բազմաց բարերարութեանց՝ յաւել եւս զայս, զի առաքեաց զբնաւքս գրով իւրով ի Մօռա, որով և ետ մեզ պայծառագունեղ բրինչիբէն[3] զտեղիս ուր շինելոց եմք զվանք և զեկեղեցի, և բնակելոց եմք, և ինթրաթ[4] եւս հաստատեաց, որ ընդ մերոյ ունեցելոյն բաւականք են մեզ. և այս երկրորդ ամ է յորմէհետէ եկեալ եմք աստ, և տակավին չեմք շինեալ զվանս մեր, մինչեւ ծանուսցուք զդիտաւորութիւն նուաստութեան մերոյ գերամբարձի Գլխոյդ, և ապա հաւանութեամբ Սրբութեանդ ամենայն ինչ մեր կայասցի: Եւ այսոքիկ են դիտաւորութիւն կացութեանց նուաստացելոցս, կեալ միշտ ձեւով կրօնաւորացն Հայոց, հանդերձ երիւք սրբովք ուխտիւքն, ասել զժամս նոցին [...] և պահել զարարողութիւնս Եկեղեցւոյն Հայոց, նա և զոմանս պահս՝ որք պատշաճին կրօնաւորութեան մերոյ՝ ըստ սովորութեան կրօնաւորացն Հայոց, որպէս զի սոքօք կարիցեմք թարց արգելմանց քարոզել ի մէջ նոցին ըստ չափոյ տկարութեան մերոյ»[5], և այլն:

[1] Խոսակցական աղավաղված ձևն է իտալերեն «Ambasciatore» բառի, որ նշանակում է Դեսպան:
[2] «Procuratore di San Marco». Հոգաբարձու կամ Գործակալ Սուրբ Մարկոսի: Վենետիկի Հանրապետությունում, Դոժից կամ Դքսից հետո, դա ամենաբարձր աստիճանն էր: Այդ տիտղոսը և իշխանությունը տրվում էր ամենաարդյունավոր անձանց, որոնք այդ պաշտոնը վարում էին ցկյանս: Սուրբ Մարկոսի գործակալները թվով տասներկուսն էին, որոնք բնակվում էին Սուրբ Մարկոսի հրապարակի վրա կառուցված հոյակապ և մեծաշեն պալատներում, որոնք և կոչվում էին «Procuratie»:
[3] «Principe». Իշխան:
[4] «Entrata». Եկամուտ:
[5] Մխիթարն այս նամակը գրել է 1705 թվականի Հունիսի 16ին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։