Աշակերտում է Միքայել եպիսկոպոսին և նրա հետ ուղևորվում Էջմիածին – Գրադարան – Mashtoz.org

Աշակերտում է Միքայել եպիսկոպոսին և նրա հետ ուղևորվում Էջմիածին

Մխիթարի սիրտն այս երկմտանքի մեջ ծփում էր, երբ լսեց, որ Սեբաստիա է եկել Ղազար անունով մի գիտուն վարդապետ: Վանքից դուրս գալով, իսկույն վազեց նրա մոտ աշակերտելու: Վարդապետը, ստուգելով տղայի գրավարժությունը, տեսնելով արթուն միտքը և շնորհալի կեցվածքը, չմերժեց տղայի խնդրանքը: Բայց քանի որ կարևոր գործով պետք է Պոլիս գնար, իսկ վերադարձին իր վանքը գնալու համար պետք է անցներ Կարինով, Մխիթարին մի նամակ տվեց, որ Կարին գնա և նամակն իր ծանոթ մի բարեպաշտ մարդու հանձնելով՝ նրա տանը մնա և սպասի իր վերադարձին: Մխիթարը շատ ուրախացավ այս անակնկալ հաջողության համար և արագորեն ճանապարհի պատրաստություն տեսավ: Ճանապարհի համար պաշար և զգեստներ վերցրեց, որոնց հետ նաև սարկավագի մի գեղեցիկ շապիկ, որի կուրծքն ու թիկունքը ոսկեհուռ դիպակից էր հյուսված, մի ոսկեհյուս ուրար, սարկավագի մի արծաթապատ սաղավարտ, որոնք մայրն էր պատրաստել տվել իր համար, ու ճանապարհ ընկավ: Նախ Եվդոկիա գնաց, ուր երկու ամիս սպասելով՝ Կարին գնացող ոչ մի կարավան չգտավ: Այդ օրերին այնտեղ էր գտնվում նաև Մխիթարի հորեղբայրը, որը Սեբաստիա վերադառնալիս չուզեց Մխիթարին այնտեղ մենակ թողնել և իր հետ տուն, Սեբաստիա վերադարձրեց: Այդպիսով, մեկնելու առաջին փորձն անհաջող անցավ:

Այդ նույն՝ 1691 թվականին Սեբաստիա հասավ ծնունդով պարսկահայ, Միքայել անունով մի եպիսկոպոս, որը Սուրբ Էջմիածնից որպես նվիրակ ուղարկվել էր այդ կողմերը: Սա նախորդի համեմատ շատ ավելի հայտնի էր և հռչակված իր գիտությամբ ու ճգնություններով: Մխիթարն իսկույն վազեց եպիսկոպոսի մոտ, հայտնեց իր փափաքը և սիրով ընդունվեց նրա կողմից: Պատանու վայելուչ կերպարանքից ու պայծառ աչքերից զգալով նրա ազնիվ բնավորությունն ու արթուն միտքը, եպիսկոպոսը խոստացավ նրան Էջմիածին տանել, որի մասին ասում էր, թե հոգևոր վարքի ու ամեն տեսակ գիտությունների վարժարան է: Սա երկու ամիս մնալով Սեբաստիայում, ամեն տեսակ հոգատարություն ու գորով ցույց տվեց իր նոր աշակերտի նկատմամբ, մերթ ընդ մերթ Ընդհանրական թղթերից հատվածներ կարդալով ու մեկնելով: Միևնույն գութն ու խնամքը շարունակեց ցույց տալ նաև Եվդոկիայում, այնպես, որ Մխիթարը գոհ մնալով իր նոր վարդապետից, իր մտքից հեռու էր վանել ապագայի վերաբերյալ ամեն մի կասկած:

Այդ նույն տարվա դեկտեմբեր ամսին, երբ առատ ձյունը ծածկել էր դաշտերն ու լեռները, երբ սարսռուն ցուրտ քամի էր փչում ձորերի մեջ, կարավանը ճանապարհ ընկավ դեպի Կարին, իր հետ վերցնելով Միքայել եպիսկոպոսին ու Մխիթարին: Կարավանը բազմաթիվ գիշերներ էր ստիպված լինում դադար առնել դրսում, բաց օդին: Այդ կայանումները շատ ծանր էին լինում Մխիթարի համար, որը 16-17 տարեկան լինելով՝ առաջին անգամ էր նման ճամփորդություն կատարում: Գիշերվա սաստիկ ցուրտն ու սառնաշունչ քամին տանջում ու անտանելի տառապանքներ էին պատճառում նրան, քանի որ անհրաժեշտ տաք հագուստներ չէր վերցրել իր հետ: Առանց տաք զգեստների ու հագուստների, միայն մի ասվե վերարկուով քնում էր ձյան վրա, վերարկուի մի կեսը՝ տակը, իսկ մյուս կեսը՝ վրան առած: Եպիսկոպոսը անսպասելիորեն փոխվել էր, խիստ ու անողոք կեցվածք էր պահում Մխիթարի նկատմամբ. ո՛չ հոգ էր անում, ո՛չ հարցնում և ո՛չ էլ քուրձի մի կտոր էր տալիս, որ տղան իրեն ծածկի. անփույթ էր դարձել ու շատ անտարբեր: Մխիթարը, սակայն, ո՛չ գանգատվում էր և ո՛չ էլ ցույց էր տալիս իր նեղությունը. Աստծուն ապավինելով՝ կարողացավ կրել դժվարությունները և գրեթե հրաշքով պահպանեց առողջությունը: Երկու լռություն, մեկինը՝ համբերատար, մյուսինն՝ անկարեկից, հակապատկեր էին իրար: Մխիթարն, իր ձին չունենալով, հետիոտն էր գնում, կրելով ճանապարհի ողջ դժվարությունները: Երբ անցնում էին զառիվեր լեռների լանջերով, մեծ զգուշություն ու ճարպկություն էր անհրաժեշտ լինում, որովհետև մի սխալ քայլը կարող էր նրան անդունդ գլորել: Մի օր երեկոյան, երբ բքախառն ու սաստիկ ձյուն էր տեղում, հասան անմարդաբնակ ու ամայի մի տեղ, ծանր ու սարսափազդու լռություն էր իջել չորս կողմի վրա, ճանապարհի մի կողմում ընկած էր բարձրադիր մի բլուր, իսկ մյուս կողմում կար խորն ու գահավեժ մի ձոր: Կարավանը հարկադրված առաջ էր գնում, որովհետև մինչև գիշերվա գալը պետք է հասնեին մոտակա մի գյուղ: Օրն ի բուն հետիոտն քայլող Մխիթարը չարաչար հոգնած էր, հազիվ էր ոտքերը քարշ տալով քայլում և, ի վերջո, ուժասպառ գետին ընկավ: Ոչ ոք չկար այնտեղ իր կողքին, նա ինքն իրեն Աստծուն հանձնեց: Մի քանի րոպե հետո տեսավ, որ ինչ-որ մարդիկ էին գալիս դեպի իր կողմ. երկու այլազգի ջորեպաններ էին, որոնք տղային գթալով՝ նստեցրեցին ջորու վրա և հասցրեցին հեռացող կարավանին: Սրանք եպիսկոպոսի կողմից իրեն տրված առաջին դասերը եղան, իսկ Մխիթարի համար՝ իր Գողգոթայի առաջին աստիճանները: Կարին հասնելով, նրանք մի քանի օր այնտեղ մնացին:

Մխիթարն հեռու էր մնում բոլոր այն կրոնական վեճերից, որոնք Ազգի մեջ այդ ժամանակ մեծ աղմուկ և հուզում էին առաջացրել: Դեռ մի կարգին տեղեկություն չունենալով դրանց մասին, նա իրեն հեռու էր պահում այդօրինակ խոսակցություններից, իր ողջ ուշադրությունը սևեռելով հոգևոր կրթության ու մտավոր զարգացման վրա: Նա խորշում էր կռիվներից, մանավանդ կրոնական վեճերից, որոնք սկսվելով՝ վերջ չեն ունենում և վնասից բացի ոչ մի օգուտ չեն տալիս: Մի օր տեսավ, որ եկեղեցու դռանը գրքեր էին վաճառում: Դրանց մեջ գտավ լատիներենից թարգմանված մի հոգևոր գրքույկ, «Խոկումն քրիստոնէական» անվամբ: Մխիթարը տեսնելուն պես գնեց այն և սկսեց ուշադրությամբ կարդալ: Այդ ընթերցման պատճառած հաճույքը մոռացնել տվեց ճանապարհին կրած բոլոր նեղություններն ու դժվարությունները, մանավանդ թե՝ նման և ավելի մեծ նեղություններ կրելու մեծ փափաք վառեց նրա սրտի մեջ: Բայց այդ միակ մխիթարությունից էլ նա շուտով զրկվեց. եպիսկոպոսը տեսնելով այդ գիրքը, պատանու ձեռքից խլեց և իր մյուս գրքերի հետ արկղի մեջ փականքի տակ պահելով, ասաց. «Վարդապետներին են միայն վայելում այսօրինակ գրքերը: Դու գնա սաղմոսներ կարդա»: Մխիթարը լռեց. նա սաղմոսների կեսից ավելին բերանացի գիտեր: Աշակերտի չափազանց առաջադիմությունը կարող էր ստվեր գցել վարդապետի վրա, կամ էլ եպիսկոպոսը վախենում էր, որ եթե շատ սովորեր, Մխիթարը կարող էր իր կարիքն այլևս չզգալ և հեռանալ, մինչդեռ նա ցանկանում էր նրան տասներկու տարի որպես աշակերտ պահել, ապա նոր միայն վարդապետ ձեռնադրել,

Մխիթարի քայլվածքի, վարմունքի, խոսակցության ու ձայնի մեջ այնպիսի մի շնորհ ու համեստություն էր փայլում, որ ուր որ գնում էր, ում որ մոտենում էր, բոլորի սերն ու հիացումը դեպի ինքն էր քաշում: Թվում է, թե այդ ժամանակ անսովոր մի բան էր, որ աբեղան ամեն օր եկեղեցի գնար և քաղաքի փողոցներում չերևար: Մխիթարը, որն իր սենյակից առանց պատճառի դուրս չէր գալիս և միայն եկեղեցում էր տեսնվում, ամբողջ ժողովրդի զարմանքը շարժեց: Մի անգամ էլ սարկավագություն արեց և Ավետարան կարդաց. ձայնը՝ զորավոր ու խաղուն, ժողովուրդը զգացվեց նրա կարդալու կերպից ու ձայնի անկեղծ ելևէջներից այնքան, որ իրար հարցնում էին, թե ո՞վ է այդ սարկավագը, ո՞ր քաղաքից է: Եվ նրան մեծ համակրանքով վերաբերվեցին, որքան որ մնաց Կարինում:

Այդ ժամանակ Արևմուտքի մասին հայերի մեջ տիրում էր շատ շփոթ մի գաղափար. ազգություն ու կրոն խառնելով, Եվրոպայի բոլոր ժողովուրդներին ճանաչում էին Ֆռանկ անունով: Ով որ հայի հավատքը չէր դավանում, ֆռանկ էր: Այդ նույն մտայնության մեջ էր նաև Մխիթար սարկավագը: Կարինում մի օր հայ քահանայի զգեստով մի կրոնավոր այցելության եկավ Միքայել եպիսկոպոսին. նրան տանը չգտնելով, կրոնավորը հարցրեց Մխիթարին, թե ո՛ւր է գնացել և ե՛րբ կարող է նրան տեսնել: Մխիթարը նրա խոսքից ու շեշտից հասկացավ, որ օտարազգի քահանա էր: Հարգանքով ներս հրավիրեց և խնդրեց, որ մի փոքր սպասի, որովհետև եպիսկոպոսը շուտով վերադառնալու էր: Հարցրեց, թե ո՞վ է ինքը, ի՞նչ ազգից և որտեղի՞ց: Քահանան, որ Հիսուսյան կրոնավոր էր, պատասխանեց.

– Ես ֆռանկ քահանա եմ:

– Ի՞նչ ազգ է ֆռանկը, – հարցրեց Մխիթարը, – ի՞նչ տեսակ է իրենց քրիստոնեությունը, ունե՞ն Ավետարան, մյուս Սուրբ Գրքերը:

– Այո՛, – պատասխանեց կրոնավորը, – ձեր նման, մենք էլ ենք հավատում Քրիստոսին, ընդունում Ավետարանը և Սուրբ Գիրքը:

Այդ խոսքերը և Եվրոպայի մասին ուրիշ տեղեկություններ Մխիթարի մտքի մեջ մի լույս ծագեցին: Սիրտը թռավ դեպի Արևմուտք, ուր Քրիստոսի կրոնն ավելի ազատորեն էին պաշտում: Կարոտ զգաց մի աշխարհի հանդեպ, ուր տիրում է կարգ ու կանոն և գործում են օրենքները, ուր գիտությունն ու արվեստն են ծաղկում, և ուր մարդիկ ավելի խաղաղ ու երջանիկ են ապրում: Հեռավոր աշխարհների մասին պատանու խորհրդածություններն ընդհատվեցին, երբ վերադարձավ Միքայել եպիսկոպոսը: Մի քանի օրից թողեցին Կարինը և ուղևորվեցին դեպի Էջմիածին, կրելով ճանապարհի միևնույն նեղություններն ու տառապանքները, ինչպես առաջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։