Աչքերն հիվանդանում են և ցավում, մինչև իսկ կուրանալու վտանգ ստեղծելով – Մեծ դժվարությամբ բժշկվում է – Գրադարան – Mashtoz.org

Աչքերն հիվանդանում են և ցավում, մինչև իսկ կուրանալու վտանգ ստեղծելով – Մեծ դժվարությամբ բժշկվում է

Սեբաստիա հասնելուց հազիվ չորս ամիս անց, 1693 թվականի Հոկտեմբեր ամսին, Մխիթարի աչքերի մեջ դարձյալ հորդ արյուն լցվեց և նա անտանելի ցավերով ընկավ կուրանալու վտանգի մեջ, այն աստիճան, որ ստիպված էր աչքերը միշտ փակ պահել: Վանքում իր ցավերին դարման չգտնելով, գնաց ծնողների տուն: Բայց ծնողներն ի՞նչ կարող էին անել. քաղաքում ակնաբույժ չկար, ուստի անում էին այն, ինչ իրենց թելադրում էր ծնողական գութը կամ լսում էին ծանոթներից: Եվ այդպես, հաճախ իրար հակառակ և վնասակար դեղեր գործածելու պատճառով, ցավերն ավելի էին սաստկանում և արյունը, փոխանակ նվազելու, ավելի առատությամբ էր լցվում աչքերը: Ոմանք խորհուրդ էին տալիս այդ ցուրտ եղանակին, Նոյեմբեր և Դեկտեմբեր ամիսներին, պաղ ջրով բաղնիք անել. ուրիշներ՝ գլխից արյուն առնել, և նման ա՛յլ միջոցներ: Մխիթարը մի զարմանալի համակամությամբ անում էր այդ ամենը, այդ դառն ցավերին համբերելով առանց երբևէ տրտնջալու կամ հոգոց հանելու: Ցավերը գնալով այնքան սաստկացան, որ կարծում էր, թե սուր սլաքներ են մխում աչքի մեջ, և որ ամենասարսափելին էր՝ նրան սպառնում էր կուրության վտանգը: Մի անգամ, մի երկար գիշեր անքուն անցկացրեց, աղոթքով ու հոգևոր երգերով միայն մի փոքր մեղմելով այդ տանջալի ցավերը և անձկագին սպասելով լուսաբացին: Բայց լույսը չբացվեց իր համար, գիշերը չէր հեռանում նրանից. աչքերը բոլորովին խավարել էին: Աջ աչքի մեջ հորդելով մի տեսակ սև ջուր էր լցվել և ամբողջ բիբը ծածկել, իսկ ձախ աչքի վրա ոսպնաձև մի գիծ գոյանալով՝ խափանել էր տեսողությունը: Մեծ ու աննկարագրելի էր ծնողների ու ծանոթների վիշտը, երբ տեսնում էին ծաղիկ հասակի մեջ գրեթե կուրացած այդ ազնիվ պատանուն, որն այնքա՜ն պայծառ ու խոստումնալից կյանքի առավոտ էր ունեցել: Մխիթարն ինքը, հույսն Աստծո վրա դրած, հանգիստ ու արիասիրտ տանում էր ցավերը և Տիրոջից խնդրում միայն այնքան լույս, որ կարողանար առանց ուրիշի օգնության, գավազանով կամ առանց գավազանի քայլել և եկեղեցի գնալ: Այդ ամբողջ ձմեռն անընդհատ գիշերների մի շարք եղավ նրա համար. տան մեջ փակված, ինքն իրեն միայն աղոթքով և հոգևոր մտածումներով էր մխիթարել կարողանում, ցավերը երգերով էր մեղմացնում, երբեմն էլ Շնորհալու «Յիսուս Որդին» էր արտասանում, որի կեսից ավելին բերանացի գիտեր, և այդպես կոտրում էր ժամանակի միապաղաղությունը: Որքա՜ն էին տպավորվում ու զարմանում այցելուները, երբ նրան համակամված էին տեսնում և իր վիճակից գրեթե գոհ. նրա ադամանդյա սրտից մի բան առած ետ էին վերադառնում: Այդ տխուր, ցավալի օրերին իր մխիթարություններից մեկն էլ Աստվածամոր տեսիլքը հիշելն էր, որի գորովալի սիրով լցված էր իր սիրտը: Այդ ցավագին, լույսի կարոտ հոգու թախծալի շեշտը մինչև հիմա զգալի է այն ոտանավոր երկերում, որոնք Մխիթարն հորինել է այդ շրջանում և որոնց մասին վերջում խոսելու եմ առանձին: Անչափ զվարթանում էր, երբ մի քիչ տաք հով փչելու դեպքում իրեն դուրս էին հանում մաքուր օդի կամ հյուր էին տանում ծանոթ և հոգեսեր մարդկանց տուն, ուր մխիթարվում էր հոգևոր զրույցներով: Այդպիսին եղավ նրա կյանքը ձմեռվա վեց ամիսների ընթացքում: Բայց վերջապես եկավ գարունը, բերելով բոլորին կյանք և զվարթություն, իսկ Մխիթարի աչքերին՝ լույս: Այդ ժամանակ Սեբաստիա եկավ մի լավ ակնաբույժ, որն ուներ աչքի արյունը մաքրելու մի զորավոր դեղ, որի գործածության ձևն իրեն վերապահված գաղտնիք էր: Ակնաբույժը տնետուն շրջելու անկարող, տարեց մի մարդ էր. ով ուզում էր բժշկվել, պետք է անձամբ գնար նրա մոտ: Մխիթարը համաձայնվեց գնալ բժշկի տուն, ուր քառասուն օր շարունակ բժիշկը դեղ դրեց նրա աչքերին, որոնք ի վերջո մաքրվեցին, արյան հոսքը դադարեց, ցավերը մեղմացան: Սև ջուրն ու ոսպնաձև բիծը թեպետ բոլորովին չանհետացան, բայց արդեն այնքան էր տեսնում, որ քայլելու համար այլևս մարդու և գավազանի կարիք չէր զգում: Ի՜նչ ուրախություն Մխիթարի և ծնողների համար: Ինչպիսի՜ գորովի և շնորհակալության աղոթքներ նրանք մատուցեցին Աստծուն և Սուրբ Կույսին: Մխիթարն, իր կյանքն արդեն Աստծուն նվիրած, իրեն կրկին եռանդագին Նրան հանձնեց: Դարձյալ վազեց վանք, ընդգրկեց իր սիրած առանձնությունը, գրքերն ու խոկումները: Կարճ ժամանակ անց ամբողջովին առողջացավ ձախ աչքը, այժմ կարողանում էր նրանով հանգիստ տեսնել ու կարդալ: Բայց աջը դեռ հստակ չէր տեսնում, սև ջուրն արգելում էր: Լիովին բուժվելու համար խորհուրդ տվեցին խարան բացել կոպերի վրա, որն ո՛չ միայն օգուտ չտվեց, այլ նաև ջղակծկում պատճառեց, ինչից կոպերը վեր պրկվեցին և դեմքը չափազանց տգեղացավ: Հետո, սակայն, խարանն առողջացավ, աչքը լիովին բուժվեց, կոպերի պրկումը թուլացավ և դեմքի տգեղությունն անցավ: Այնուհետև բոլոր հոգսերից ազատ, վանքում և քաղաքում համարձակ քարոզում էր ճշմարտությունն ու ուղիղ հավատքը, և ո՛չ մի վարդապետ կամ աբեղա սիրտ չէր անում վիճաբանել նրա հետ կրոնական խնդիրների շուրջ, արդեն տեսած լինելով, թե նա ինչպես էր զորավոր փաստերով լռեցրել իրենցից ավելի գիտուններին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։