Առաջաբան – Գրադարան – Mashtoz.org

Առաջաբան

Հասարակ մահկանացուների գերեզմանի շուրջ հսկում են լռությունն ու մոռացությունը, մինչ մեծ մարդիկ, ընդհակառակն, իրենց դամբանների միջից էլ դեռ ապրում են ու գործում: Այդ մեծերից է նաև Մխիթարը: Արդեն երկու հարյուր վաթսունհինգ տարի է, որ նա հանգչում է իր կառուցած վանքում, և այն օրից, որ շիրիմ իջավ, կյանքի մի նոր շրջան սկսվեց նրա համար. մեծ, փառավոր և ընդարձակ: Մարդ այնքան է ապրում, որքան տևում է իր գործը: Մխիթարի հիմնած վանքը տևում է, տևում են նրա գրքերը, տևում է նրա վարքի սրբությունը, տևում է նրա գաղափարականը, տևում են նրա աշակերտները: Զանազան նշանավոր գրողներ անմահացրեցին նրա վարքն ու գործերը, այլևայլ լեզուներով հրատարակվեցին նրա կերպարն ու դրվատիքը, և ուր որ գնացին-հասան հայկական գաղթօջախները, իրենց հետ տարան նաև Մխիթարի անունը: Բոլորն էլ, օտարներն ու ազգակիցները, հիանում են նրա գործունեությամբ. նրա գիտության համբավն անաղարտ մնաց. ոչ ոք չհանդգնեց բիծ դնել նրա վարքի սրբությանը. միայն նրա կրոնական համոզումների մասին եղան ոմանք, որոնք այլընդայլո խոսեցին. մարդիկ, որոնք չեն ճանաչել նրան և բնավ չեն ըմբռնել նրա հոգին: Այսպիսով, Մխիթարն իր գործերով եղել է աշխարհածանոթ անձնավորություններից մեկը, որոնց կյանքի ու գործերի մի մութ կողմ չի մնացել, որի վրա հարկավոր լիներ մի նոր լույս սփռել:

– Ուրեմն ինչո՞ւ այս նոր հրատարակությունը, – կարող են հարցնել շատերը:

Մի քանի խոսքով միայն բացատրենք այն պատճառները, որոնցից մղված՝ պատշաճ նկատվեց ներկա հրատարակությունը: Ճիշտ է, որ զանազան առիթներով, ազգային և եվրոպական թերթեր, պատմական կամ մատենագրական դասագրքեր, բառարաններ, առանձին գրքեր և նույնիսկ ամենահեղինակավոր Հանրագիտարանները համառոտ կամ ընդարձակ կերպով նկարագրել են Երանաշնորհ Հիմնադրի կյանքը, գործունեությունն ու գրական արգասիքը, բայց ներկայումս փաստն այն է, որ այդ գրություններից շատերը, ամենատարբեր պատճառներով, առավել կամ նվազ անհասանելի են դարձել մեր ներկա սերնդին: Երկրորդ պատճառն այն է, որ բոլոր այդ գրությունները կա՛մ գրաբար լեզվով են, կա՛մ աշխարհաբար արևմտահայերենով, կա՛մ էլ օտար լեզուներից որևէ մեկով: Արդարև, սա առաջին անգամն է, որ Մխիթար Սեբաստացու լիակատար կենսագրությունը լույս է տեսնում աշխարհաբար արևելահայերեն լեզվով: Երրորդ և ամենակարևոր պատճառն այն է, որ նախորդ գրքերի ու հոդվածների հեղինակների մի նշանակալի մասը օտարներ լինելով, կամ առնվազն՝ Մխիթարի հոգևոր ընտանիքից չլինելով, չեն կարողացել լիովին ընկալել նրա պատգամի ողջ տարողությունը, հատկապես կրոնական խնդիրների վերաբերյալ, և կամա թե ակամա՝ ընդհանրապես անճիշտ կարծիքներ էլ են կազմել նրա կերպարի շուրջ: Հետևաբար, հարկավոր էր ուղղել այդ սխալ կարծիքները, ցույց տալով Մխիթարի իրական դիմագիծը, հատկապես նրա նամակների օգնությամբ, որոնց մեջ նրա հոգին իրոք փայլում է անաղարտ հստակությամբ:

Այս ամենն ի նկատի ունենալով, և քանի որ լրացավ Երանաշնորհ Հիմնադրի դեպի Երկինք փոխման 265ամյակը (1749-2014), հարմարագույն առիթ համարվեց իրականացնել ներկա հրատարակությունը, ուր մեզնից ավելի՝ խոսելու է Մխիթարն ինքը, խոսելու են իրեն մոտիկից ճանաչողներն ու գնահատողները, խոսելու են վկայագրերը, նամակները, և այլն:

Ներկա աշխատության համար որպես հիմք են ծառայել 1) Գերպ. Ագոնցի հեղինակած Վարքը. 2) Մխիթար Աբբահոր ձեռագիր կենսագրությունը, որ շարադրել է Հ. Մատթեոս Վրդ. Եվդոկիացին, ով Մխիթարի առաջին աշակերտներից մեկն էր և նրա քարտուղարը. և 3) Միաբանության առաջին հիսուն տարիների Ժամանակագրությունը, որը նույնպես անտիպ է և նույնպես շարադրվել է Հ. Մատթեոս Վրդ. Եվդոկիացու կողմից: Այս հիմնական աղբյուրներից բացի, օգտակար են եղել Մխիթար Աբբահոր խրատները, որոնք գրի են առել իր անմիջական աշակերտները. Նամականին, ինչպես նաև ուրիշների կողմից Մխիթարին ուղղված նամակները:

Ամբողջ հատորը, որ շատ ընդարձակ չէ և որքան կարելի է պարզ ոճով է գրվել, բաղկացած է երեք մասից: Առաջին մասում նկարագրվում է Մխիթարի առանձնական կյանքը, ծննդյան օրից մինչև Միաբանության հիմնումը (1676-1701թթ.): Երկրորդ մասում, որն ամենաընդարձակն է, նկարագրվում է Մխիթարի հրապարակային կամ գործուն կյանքը, Միաբանության հիմնումից մինչև իր մահը (1701-1749թթ.): Գրքի երրորդ մասում համառոտ կերպով ներկայացվում է նրա գրական կյանքը և կատարած գլխավոր հրատարակությունները:

Առավել քան վստահ լինելով, որ Մխիթարի կյանքը տակավին պահպանում է իր թարմ արդիականությունը մեր ազգային կյանքում, մաղթում ենք, որ նրա մեծ միտքը, սիրտը և հոգին օրինակ ու ներշնչանք հանդիսանան մեր երիտասարդ սերնդին, վստահասիրտ քայլելու համար դեպի Ապագան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։