Աստվածաշնչի հրատարակումը – Գրադարան – Mashtoz.org

Աստվածաշնչի հրատարակումը

Մխիթարը տեսնելով, որ Ոսկան վարդապետի հրատարակած Աստվածաշունչն օրեցօր սպառվում էր, և շատերն էին փափաքում ունենալ այն, բայց չէին գտնում, մանավանդ որ եղած սակավաթիվ օրինակներն էլ շատ թանկ գնով էին վաճառվում. իսկ մյուս կողմից՝ Պոլսում հրատարակվածը լի էր անթիվ սխալներով, որոշեց մի հարմար առիթով տպագրել այն, ուղղելով անփութության պատճառով տեղ գտած բոլոր վրիպակները: Առիթը չուշացավ: 1732 թվականին, դրամին բնավ չխնայելով՝ գնեց Վենետիկում վաճառվող յոթլեզվյան մի Աստվածաշունչ[1], և այդ օրն իսկ սկսեց այդ մեծ գործը: Մխիթարն ինքը այդ ամենի մասին մանրամասն պատմում է Հիշատակարանում. «Թեպետ շատ տարիներ ի վեր փափաքում էի տպագրել մեր Աստվածաշունչն ի փառս Աստծո և հօգուտ Ազգիս, բայց զանց էի առնում ձեռնամուխ լինել՝ չունենալով անհրաժեշտ միջոցները: Արդ, ինչը որ վաղուց որոնում էի և չէի գտնում, դրան ամբողջովին անսպասելիորեն, ուղղակի Աստծո ողորմությամբ հանդիպեցի անակնկալ տեղում. այսինքն՝ յոթլեզվյան Աստվածաշունչը: Երբ ձեռքբերեցի այն, մեր աշակերտներից ոմանց ընկերակցությամբ՝ ծանրագույն աշխատանքի տակ դրեցի ինձ. և Ծննդոց գրքից սկսելով՝ նրանց տուն առ տուն կարդալ տվեցի յուրաքանչյուր լեզվի թարգմանությունը, և մանավանդ՝ հունարենն ու ասորերենը. և նրանց լսելով՝ նայում էի մեր հայերեն Աստվածաշնչին, համեմատելով ամեն մի բառն ու պարբերությունը: Տեսա, որ հայերեն թարգմանությունը մեծ մասամբ բառ առ բառ զուգընթաց է հույն և ասորի թարգմանություններին, և շատ սակավաթիվ էին գրչագրի վրիպակները: Իսկ ուր որ հայերենը տարբերվում էր հույն և ասորի թարգմանություններից, դա հաճախ գրողների անհոգությունից էր»[2]: Այդ մեծ աշխատանքը, այսինքն՝ Աստվածաշնչի տարբեր թարգմանությունների համեմատությունը, Մխիթարն իր աշակերտների աշխատակցությամբ սկսեց 1732 թվականի Նոյեմբեր ամսին և ավարտեց 1735 թվականի Սեպտեմբերին: Իսկ տպագրությունը սկսեց 1733 թվականի Հունիսի 13ին և ավարտեց 1735 թվականի Նոյեմբերին: Իսկ թե ինչպիսի մեծամեծ դժվարություններ հարկ եղավ հաղթահարել և թե որքան ջանք ու եռանդ գործի դրվեց՝ որքան կարելի է գեղեցիկ, կատարյալ և անսխալ կերպով իրագործելու համար այդ վիթխարի ծրագիրը, լսենք, թե ինչպես է անկեղծորեն մեզ պատմում Մխիթարն ինքը. «Անկարելի է գրչով նկարագրել, թե Աստվածաշնչի տպագրության համար ինչպիսի ջանք, փույթ, հոգ և աշխատություն հանձն առանք կրել, որպեսզի վրիպակներ չսպրդեին: [...] Վանքում վեց անձ էի նշանակել, մի անձ էլ՝ տպարանում, սրբագրություններին հետևելու համար, և տպագրված յուրաքանչյուր թերթ հինգ-վեց հոգի առանձին առանձին աչքի էին անցկացնում: Իսկ թղթի, պատկերների, ծաղկագրերի և զարդերի համար ծախսը գրեթե կրկնապատիկ եղավ: Ծախսի մեծագույն մասը պղնձե պատկերների համար եղավ, ո՛չ միայն նրանց փորագրության, այլ նաև առանձին տպագրության համար: Բայց ես բնավ ծախսի ծանրությանը չնայեցի. բավական է, որ Աստվածաշնչի ազնիվ և գեղեցիկ, պատկերազարդ մի տպագրություն ունենանք, և սրանով հոգևոր մի օգուտ և բարի ծառայություն արած կլինեմ Ազգիս»[3]:

Դեռ այսօր էլ մարդու հիացումն է շարժում այդ հրատարակությունը, որ ամեն ինչով կատարյալ է, մինչ տպագրական արվեստն այդ ժամանակ դեռ շատ անկատար էր: Էջերը զարդարված են պղնձի վրա քանդակված գեղեցիկ պատկերներով, յուրաքանչյուր գրքի առաջին գլխի սկզբնատառերը զարդագիր կամ ծաղկագիր են: Մի խոսքով, ճաշակավոր և պատվաբեր տպագրություն է, ընտիր թղթի վրա, խնամքով սրբագրված, լուսանցքներում նշանակված են Սուրբ Գրքի այն տեղերը, ուր գտնվում են նման ասացվածքներ, և Ոսկան վարդապետի ավելացրած բառերը: Հայտնության գրքից հետո դրված են Մանասեի Աղոթքը և Եզրասի չորրորդ գիրքը. վերջինս՝ Ոսկան վարդապետի թարգմանությունն է: Սրանց հաջորդում են Սուրբ Հերոնիմոսի այլևայլ տեղեկություններն Աստվածաշունչ գրքերի մասին, Ավետարանների ներածությունները, Հին Կտակարանի այն բոլոր վկայությունների ցանկը, որոնք Նոր Կտակարանում գործածել են Քրիստոսը կամ Առաքյալները: Բայց ամենաշահեկանը երկու այբբենական ցանկերն են. մեկը՝«Եբրայեցւոց, Քաղդէացւոց և Յունաց անուանց թարգմանություն», իսկ մյուսը՝«Ցանկ մատենական» կոչված, որ Աստվածաշնչի մեջ գտնվող բոլոր նյութերի ու խնդիրների ցուցակն է: Ամենավերջում դրված է «Բան առ ընթերցողս և Յիշատակարան մատենիս», ուր նշված են գործի ձեռնարկման և հրատարակության պատճառները, բոլոր պարագաներով և դժվարություններով հանդերձ:

Այդ շքեղ հրատարակությունն ավարտելուց հետո, մի փառազարդ օրինակ կազմելով՝ ընծայեց այդ ժամանակվա նշանավոր աստվածաբան և իրավագետ Բենեդիկտոս Տասնչորսերորդ Սրբազան Քահանայապետին, որն իր մեծ մտքով գնահատելով այդ աշխատությունը՝ 1742 թվականի Սեպտեմբերի 22ին Մխիթար Աբբահորն ուղղեց հետևյալ գեղեցիկ նամակը.

ՍԻՐԵՑՅԱԼ ՈՐԴՎՈՒՅԴ
ՈՂՋՈՒՅՆ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
 
Երեկ Հավատասփյուռ Ժողովի գերպ. Քարտուղարի ձեռքով ընդունեցինք հայերեն Աստվածաշունչը, մի արժանավոր ընծա, որ Մեզ շատ հաճելի եղավ, և որի համար մասնավոր շնորհակալություններ ենք հայտնում: Ձեզնից և ձեր բոլոր միաբաններից նույնքան շնորհակալ ենք այն առաքելությունների համար, որոնք կատարում եք այսքա՜ն պտղաբեր կերպով: Եվ գրկելով բոլորին հայրական գորովով, Ձեզ և Ձեր բարի կրոնավորներին տալիս ենք Մեր Առաքելական օրհնությունը:
[1] Եբրայեցերեն, սամարերեն, ասորերեն, քաղդեերեն, արաբերեն, հունարեն և լատիներեն լեզուներով, տպագրված 1645 թվականին Փարիզում:
[2] «Աստուածաշունչ գիրք» Մխիթարայ Աբբայի, Յիշատակարան, էջ 1275:
[3] «Աստուածաշունչ գիրք» Մխիթարայ Աբբայի, Յիշատակարան, էջ 1278:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։