Բառգիրք Հայկազեան լեզուի – Գրադարան – Mashtoz.org

Բառգիրք Հայկազեան լեզուի

Մեռած մի լեզու կենդանացնելը դեռ բավական չէ: Անհրաժեշտ է նաև այն զտել աղավաղումներից, ապա հարստացնել և ճոխացնել: Այդ դժվարին գործը Քերականությունն անել չի կարող, առանց իրեն թիկունք ունենալու Բառարանը, որը պետք է ընտիր լինի և որևէ թերությունից զերծ: Մխիթարն իր մտքում վաղուց էր հղացել մի մեծ բառարան շարադրելու գաղափարը, բայց զանազան արգելքների պատճառով գործը սկսել կարողացավ հազիվ 1727 թվականին, և երկար ընդհատումից հետո 1742 թվականին կրկին սկսելով՝ վերջապես հաջողությամբ ավարտեց 1745 թվականին: Թեև այդ վիթխարի աշխատանքի ծանրությունն իր վրա վերցնողը հիմնականում Մխիթարն էր, բայց գործին մասնակցեցին նաև աշակերտներից ոմանք, հատկապես Հայր Սիմոն Աստվածատրյանը և Հայր Մկրտիչ Անանյանը, որոնք քննում և ճշտում էին բառերի իմաստներն ու զանազան առումները: Թե ի՛նչ պատճառով Մխիթարը ձեռնարկեց այդ մեծ գործը, ընդարձակ և հմտալից Առաջաբանում Մխիթարի անունից բացատրում են հրատարակողները: Այդ ժամանակներում Ազգի մեջ կանոնավոր բառարաններ տակավին չկային, բառերի ճշգրիտ նշանակությունը մոռացված և խանգարված էր. ամեն ոք քմահաճորեն խեղաթյուրում, աղճատում էր լեզուն, և բնիկ Հայերեն բառերը չիմանալով՝ անսովոր ու խորթ բառեր էր հնարում: Անհրաժեշտ էր այդպիսիների առաջ ամբարտակ կանգնեցնել և լեզուն ազատել խառնակության անդունդը գլորվելուց: Այդ ամբարտակը եղավ «Բառգիրք Հայկազեան լեզուին» աշխատությունը, իր տեսակի մեջ աննման, դարագլուխ կազմող մի գործ: Մեր ազգային գրականության մեջ, դրանից առաջ չենք հանդիպում նմանօրինակ վիթխարի մի աշխատության: Հարկ չկա ասելու, թե ինչպիսի՜ դժվարություններ ստիպված եղան հաղթահարել Մխիթարն ու իր աշակերտները. գոյություն չուներ հայերեն մի բառարան, որով կարող էին առաջնորդվել, իրենց տրամադրության տակ ձեռագրերի ճոխ հավաքածո չունեին, որոնցից կարող էին առատորեն քաղել բառարանի պաշարը: Հարկավոր էր ստուգել յուրաքանչյուր բառի նախկին և հարազատ իմաստը, իսկ դա անհնարին էր անել ա՛յլ կերպ, քան միայն՝ թարգմանությունները բնագրերի հետ համեմատելով. և ի հաստատություն յուրաքանչյուր բառի բնիկ նշանակության՝ հարկավոր էր մեջբերել Աստվածաշնչից կամ նախնիների գրքերից գեթ մեկ վկայություն: Այս ահագին ճիգերը գործի դրեց Մխիթարն իր աշակերտների հետ, որպես նպատակ ունենալով միմիայն Ազգի օգուտը և Հայոց լեզվի վերականգնումը, չխնայելով և բացարձակապես ուշադրություն չդարձնելով ծախսերին, աշխատանքին, չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը, իր քնի ու հանգստի ժամերից գողանալով, որպեսզի մյուս կարևոր գործերին խափանում չլինի:

Այդ նույն ժամանակ, երբ Մխիթարն աշխատում էր իր բառարանի վրա, Լեհաստանի Ստանիսլավ քաղաքում նույնպես Հայերենի մի մեծ բառգիրք էր կազմում Ստեփանոս վարդապետ Ռոշքյանը: Այդ երկհատոր ստվար գործը, բառերի ճոխությունից – գրեթե 4.500 նորագյուտ բառեր է պարունակում – և կարգավորյալ ոճից բացի, մի ա՛յլ մեծագույն առավելություն էլ ուներ նախորդների համեմատ, այն է՝ յուրաքանչյուր բառի առաջ դրված էին վկայություններ նախնյաց գրություններից, իսկ երբեմն էլ այնպիսի հեղինակներից ու գրքերից, որոնք մինչև այժմ մեր ձեռքը չեն հասել: Ստեփանոս Ռոշքյանը ո՛չ միայն ժամանակակից էր Մխիթարին, այլ նաև մտերիմ ու թղթակից: 1731 թվականին գրած իր նամակում նա Մխիթար Աբբայից խնդրում է, որ Կաթողիկե Հայերի համար մի Տոնացույց և մի Մաշտոց տպագրել տա Վենետիկում: Այդ նույն նամակով տեղեկացնում է նաև իր բառարանի ամբողջացումը, ինչի համար նրան խնդակցում է Մխիթարը[1], որ դրանից շատ առաջ արդեն սկսել էր շարադրել իր բառարանը: 1730 թվականի Մարտի 8ին Մխիթարը Հայր Հակոբ Կարնեցուն գրում է. «Այժմ աշխատում եմ մի բառարանի վրա, որի մեջ մեկնվում և բացատրվում են այն բոլոր դժվարիմաց բառերը, որոնք գտնվում են Քերականության և Աստվածաշնչի մեջ: Հուսով եմ մի տարուց ավարտել այն, եթե Աստված կյանք և հաջողություն տա»: Մինչև Ե գիրը («Երախայրի» բառը) հասնելով, սակայն, գրական և նյութական զանազան զբաղումների, շինարարությունների և հիվանդությունների պատճառով չկարողացավ շարունակել և ավարտել գործը այնքան ժամանակվա մեջ, որքան որ ակնկալում էր: 1743 թվականի Մայիսի 4ին կրկին գրում է վերոհիշյալ Հայր Հակոբ Կարնեցուն. «Հուսով եմ մինչև այս տարվա Սեպտեմբեր ամիսը վերջացնել բառգրքի շարադրումը և անմիջապես տպագրության հանձնել»[2]: 1745 թվականին ամբողջովին ավարտվել էր բառարանի կազմումը և տպագրությունն իսկ արդեն սկսվել էր, և 1749 թվականի Ապրիլին տպագրվում էին հսկա հատորի վերջին թերթերը, երբ Մխիթարը հիվանդ պառկած էր և աշակերտներին էր հանձնում Առաջաբանի նյութը: Այն պահին, երբ նա մեկնում էր դեպի հավիտենականություն, լույս էր տեսնում 1251 մեծադիր, երկսյուն, մանրատառ էջերից կազմված նրա մեծագույն երկասիրությունը, արդյունքը անխոնջ և տոկուն աշխատանքի: Հայերեն ձեռագրերի պակասի պատճառով, հասկանալի է, այն չէր կարող լիովին անթերի գործ լինել, մանավանդ վկայությունների և բառերի ճոխության առումով: Այդ պակասը հետո լրացրեցին Մխիթարի աշակերտները, մի հատոր ևս ավելացնելով. «Մնացորդք բառից Հայկազեան լեզուի»:

[1] Մխիթար Աբբահոր նամակը Գերհ. Ստեփանոս վարդապետին, 1731 Հուլիս 14:
[2] Նույնը գրում է նաև Հայր Պետրոս Նուրումյանին, 1743 Նոյեմբեր 25ին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։