Գնում է Պոլիս, խնդրելու Կարնեցի Խաչատուր վարդապետի աջակցությունը – Գրադարան – Mashtoz.org

Գնում է Պոլիս, խնդրելու Կարնեցի Խաչատուր վարդապետի աջակցությունը

Իր գործի առջև ծառացած այդ առաջին դժվարությունը թեև չկարողացավ ետ պահել Մխիթարին իր մտադրությունից, բայց ծննդավայրը թողնելու և ուրիշ տեղ գնալու պատճառ հանդիսացավ, ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար այդ մեծ գաղափարը, որն իր հետ դեռ երեք տարի տանելու էր վանքից վանք և աշխարհից աշխարհ, մինչև դրա առաջին քարը դնելը. և այն էլ՝ կարճ ժամանակի համար, որովհետև նորանոր հալածանքների ու արկածների ալիքներն իրեն ու իր հիմնած կառույցը քշելու և տանելու էին է՛լ ավելի հեռուն, մինչև որ օտար աստղերի ներքո գտներ իր վերջին հանգրվանը: Եվ Մխիթարը չհուսալքվեց, չընկճվեց, իր երկաթե կամքը որևէ հարվածի տակ մնաց անկոտրելի. զարմանալի տոկունության հետ, որը մեծ մարդկանց առաջին հատկանիշն է, ուներ ճկուն մի բնավորություն, որով գիտեր ինքն իրեն հարմարեցնել պարագաներին: Գավառներից հույսը կտրելով, հայացքը դարձրեց դեպի Պոլիս, իշխող պետության մայրաքաղաքը, որը միևնույն ժամանակ Հայ Ազգի բարգավաճ ու ազդեցիկ մասի կենտրոնն էր: Լսել էր համբավը Կարնեցի Խաչատուր վարդապետի, որն այն ժամանակ Պոլսում էր. նա ուսանել ու զարգացել էր Եվրոպայում, աշակերտել Հռոմի Ուրբանյան վարժարանում. կիրթ և լուսավոր մի միտք էր, որն իր համարձակ, կորովի և հմուտ քարոզներով մեծ ոգևորություն էր առաջացրել մայրաքաղաքի հայերի մեջ: Մխիթարը որոշեց գնալ և գտնել նրան, հայտնել իր մտադրությունը և միասին գործակցելով անել այն գործը, որն Աստված ներշնչել էր իրեն. այն է՝ ուսյալ և եռանդուն քարոզիչներ պատրաստել Հայ Ազգը կրոնով ու գիտությամբ լուսավորելու համար: Նրան հանդգնություն էր թվում միայնակ ձեռնարկելն այդպիսի մի գործ, որն իր կարողությունից շատ վեր էր համարում: Ուստի իրենից հեռացնելով ամեն իր կամ անձ, որ կարող էր գործին խոչընդոտ հանդիսանալ, և այնտեղ թողնելով Հովհաննես աշակերտին, – որին իր եռանդուն շնչով քաջալերեց, որ ծնողներին համոզելուց հետո գա և գտնի իրեն Պոլսում, – հրաժեշտի ողջույն տվեց ընտանիքին, ծանոթներին ու բարեկամներին, և ապա ճանապարհ ընկավ դեպի Պոլիս:

1697 թվականի Ապրիլ ամսին Մխիթարն առաջին անգամ ոտք դրեց սուլթանների մայրաքաղաք: Բոսֆորի ափերի վրա դշխոյի պես բազմած այդ դյութական քաղաքը, – ժխորի, առևտրի և զանազան ազգությունների ու կրոնական հակամարտությունների տեղը, Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունների ու սովորույթների շփման վայրը, ուր բյուրավոր մարդիկ ապրելու, հարստանալու, բարձրանալու և վայելելու տենդով բռնված՝ առաջացնում են կյանքի ահագին եռուզեռ ու շարժում, – սկզբից ևեթ շատ անախորժ տպավորություն թողեց Մխիթարի վրա, որը մինչ այդ գրեթե միայն վանքերի շրջապատի մեջ փակված և միայն գավառի կյանք տեսած, իրեն հանկարծ խոշոր քաղաքի մեծադղորդ շրջապտույտի մեջ գտավ: Այդտեղ տեսավ բնիկ տեղացու և գավառացու միջև եղած անձնական շահերի ու իրավունքների բուռն մաքառումը, գծուծ ու գռեհիկ կրքերի բախումը, ընտանեկան գժտությունները, ազգակիցների միմյանց դեմ լարած մեքենայությունները, ճղճիմ հոգիների դեմընդդեմ մխացող քենը և իրար տապալելու անարգ ճիգերը: Տեսավ Ազգի հարուստներին ու ամիրաներին, որոնք միայն ճոխության ու փառքի ետևից ընկած՝ իրենցից ցածր եղածների վրա հազիվ մի արհամարհոտ հայացք էին ձգում. փառամոլ առաջնորդներին, որոնք զգեստից զատ՝ եկեղեցականության որևէ բան չունեին և գիտեին իրենց հանձնված պաշտոնը շահագործել ի հագուրդ իրենց անձնասիրության միայն: Այդ ամենը սաստիկ ազդեց Մխիթարի վրա: Այդ ժամանակ Օսմանյան պետության գահակալն էր Մուստաֆա Երկրորդը (1695-1703), որն իր թագավորության առաջին տարիներն անցկացրեց Հունգարիայի կողմերում ավստրիացիների դեմ արյունոտ պատերազմներ մղելով, որոնք վերջապես դադարեցին Կարլովիցի նշանավոր հաշտությամբ, 1699 թվականի Հունվարի 26ին: Այդ ժամանակ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռին նստած էր երկրորդ անգամ գահ բարձրացած Եփրեմ Ղափանցին, որը Մխիթարի Պոլիս հասնելուց մի ամիս հետո՝ Մայիսին, իր դաժան բնավորության պատճառով կրկին գահընկեց լինելով աքսորվեց և նրան հաջորդեց Մելիքսեթ Սուպհին:

Մխիթարն առաջին օրից իրեն բնակավայր ընտրեց Ղալաթիայի կողմը, ուր իջևանեց Սուրբ Լուսավորիչ եկեղեցու[1] խցերից մեկում: Այնտեղ շուտով ծանոթացավ և մտերմություն հաստատեց եվրոպացի կրոնավորների, մանավանդ ֆրանսիացի Հիսուսյանների հետ, որոնք Ղալաթիայում մի վանք ունեին և Մխիթարն ամեն օր պատարագում էր նրանց եկեղեցում: Ամբողջ կյանքում Մխիթարն ուր էլ գնաց, օտարների մեջ մտերիմ բարեկամներ գտավ. ինչպես Հալեպում, այնպես էլ Պոլսում, նրա լավագույն խորհրդատուները լատին կրոնավորները եղան: Մխիթարի հարուստ ու ընդարձակ միտքը նեղ սահմանների մեջ փակվել չգիտեր. զարմանալի մի քաջությամբ անտեսելով ցեղային կանխակալ խտրությունները, հոգով ճոխանալու մի լայն հնարավորություն բացեց իր առաջ: Լամբրոնացու կաղապարով ձուլված, նրա սրտի կրակով վառված, նրա մտածելակերպին հաղորդ եղավ Մխիթարը, ամեն ինչից վեր Սերը նախադասելով:

Մխիթարը, որի աչքին ուրիշ ոչինչ չէր երևում, այլ՝ իր միակ գործի մասին էր շարունակ մտածում, իսկույն գնաց տեսնելու Խաչատուր վարդապետին. լսեց նրա քարոզները, որոնք լիովին արդարացրեցին իր մասին եղած համբավը. նա իր փնտրած միակ անձն էր: Այդ երկու սրտերը, որ իրենց զգացումներով անչափ նման էին իրար, առաջին իսկ հանդիպումից այնպես կապվեցին միմյանց, որ այնուհետև ոչ մի դեպք կամ պարագա այդ կապը խզել չկարողացավ: Ինչպես կտեսնենք, նրանք միայն մի հարցում տարակարծիք եղան, և դա երկուսի համար էլ պատվաբեր էր: Մի օր, հարմար առիթով, Մխիթարը Խաչատուր վարդապետին հայտնեց իր մտադրությունը և նրանից հետևյալ պատասխանը ստացավ. «Սքանչելի մտադրություն է դա, բայց դժվարին և անիրագործելի, անհամար դժվարությունների պատճառով, որոնց կբախվի առաջին իսկ քայլից: Այդ դժվարություններից մեծագույնը դրամի պակասությունն է, որն անհրաժեշտ պայման է գործի հաջողության համար»: Մխիթարը, հեռուլինելով փառասիրական ձգտումներից և միայն Ազգի օգուտը հաշվի առնելով, նույնիսկ առաջարկեց, որ գործի գլուխն ու առաջնորդը նա լինի, իսկ ինքը՝ պարզապես նրա գործակիցը, բայց Խաչատուր վարդապետը, հակառակ Մխիթարի անչափ հորդորներին ու թախանձանքին, կրկնեց հաստատ իր «ո՛չ»ը, բացեիբաց հրաժարվելով մի այդպիսի մեծ ու դժվարին ձեռնարկից: Ո՛վ էլ լիներ, նույնը կմտածեր ու կպատասխաներ, նկատի ունենալով մանավանդ ժամանակի և Ազգի հանգամանքները: Տեսնելով, որ իր այդքան աշխատանքը կրկին անարդյունք եղավ, Մխիթարը վշտացավ այդ անհաջողությունից, բայց չվհատվեց: Իր այդ առաջին գալուստը Պոլիս, նույնիսկ եթե ուրիշ օգուտ չունեցավ, գոնե ծանոթացավ Մխիթարը Ազգի գլխավորներին, և առանց իսկ գիտակցելու՝ հիմքը դրեց այն գործի, որը մարդկային հաշվարկներով դատապարտված էր անհաջողությամբ ավարտվելու: Եվ մինչ նա ընկղմված էր նման մտահոգությունների մեջ, այնտեղ՝ Սեբաստիայում Հովհաննես պատանին հաղթելով ծնողների դիմադրությանը՝ Մխիթարին գտնելու համար ճանապարհ էր ընկնում դեպի Պոլիս: Այդ նույն օրերին, Մխիթարի հոգեշահ խոսքերից ազդված, Հովնան անունով մի ուրիշ երիտասարդ էլ թողնում էր ծնողների տունն ու աշխարհի վայելքները և նվիրվում էր Մխիթարին աշակերտելու: Սա հետո քահանա ձեռնադրվեց Հայր Մանուել անվամբ:

[1] Հայոց այդ եկեղեցին կառուցվել էր 1436 թվականին, Կոմս անունով Թեոդոսիացի հայազգի վաճառականի բարերարությամբ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։