Դեպի Տրապիզոն նավարկելիս հանդիպում են ուժգին ալեկոծության և ստիպվում են ցամաք դուրս գալ Սամսոնում – Գրադարան – Mashtoz.org

Դեպի Տրապիզոն նավարկելիս հանդիպում են ուժգին ալեկոծության և ստիպվում են ցամաք դուրս գալ Սամսոնում

Նավահանգստից խաղաղ օդով մեկնելուց և Բոսֆորի նեղուցը հաջողությամբ անցնելուց հետո, հազիվ էին Սև ծով մտել, երբ փոթորիկի նախանշաններ երևացին, քամին սաստկացավ, ծովն ուժգին երերում էր, այնպես, որ նավն ընկղմվելու վտանգի մեջ էր քամիների ճնշումից ու ալիքների բախումից: Ներսում էլ ժանտախտն էր նավավարների մեջ սոսկալի կոտորած անում: Մխիթարն իր աշակերտների հետ տառապում էր այդ երկու ահավոր վտանգների միջև: Մի քանի օրից, Աստծո հոգածությամբ անվտանգ հասնելով Հերակլիայի նավահանգիստ, փութացին ցամաք դուրս գալ: Մի քանի օր ծովափին սպասելուց հետո տեսան մի նավակ, որ պետք է Տրապիզոն գնար, և մտածելով, որ այդ նավակները ծովեզերքից չեն հեռանում և մրրիկի ժամանակ կարող են հեշտությամբ մոտենալ ցամաքին, Մխիթարն իր աշակերտների հետ մտավ նավակ և մի քանի ա՛յլ ուղևորների հետ մեկնեցին դեպի Տրապիզոն: Նավակը ջրերի վրա հանդարտ սահելով սկսեց հեռանալ ցամաքից և հողմալի առագաստներով կտրել ծովի ալիքները, երբ հանդարտ փչող քամին, որ նավաստիներին և ուղևորներին հաջողություն էր խոստանում, անակնկալ սաստկանալով՝ երեկոյան դեմ փոխվեց նախկինից ավելի սարսափելի մի մրրիկի, որ տևեց ամբողջ գիշեր: Այդ ահավոր ալեկոծությունը, որից գրեթե հրաշքով փրկվեցին, Մխիթարն ինքը կենդանի գույներով նկարագրել է իր երգերից մեկում, որ սկսվում է «Վիրաւորեցայ մեղօք» խոսքերով: «Հեռացաւ նաւահանգիստն և ո՛չ տեսանի», ասում է, և նավակը, հովերի ու ալիքների ձեռքը մատնված, այս ու այն կողմ էր տարուբերվում.
 
«Ալէկոծեցաւ նաւն իմ հողմովըն չարին.
ի մէջ ալեաց մրըրկեալ կայ յերերմանի»:
 
Երկինքը ծածկվում է սև ամպերով, որոտում է, փայլատակում.
 
«Պատեաց խաւար գիշերոյն, լոյս ոչ տեսանի ...
փայլակըն փայլատակէր հընչմամբ սոսկալի,
իբրեւ ըզլոյս երեւէր, բայց էր հըրով լի.
մեծագին ձայնիւ գոչէր յոյժ զարհուրելի»:
 
Վերևում ամպերը կռվում են, բախվում իրար, փշրվում. ծովում կոհակները գոռալով խուժում են իրար վրա, փշրվում ու փրփրում. խեղճ նավակոծյալների սիրտն էլ է փշրվում դրանց բախումից ու մռնչյունից.
 
«Հընչէր հողմըն սաստկագին՝ վարէր զամպն երկնի,
մառախուղ ամպոյն ծածկեալ էր զերեսս երկրի.
ես փոքրիկ նաւ նըստեալ՝ կամ ի մէջ ծովի ...
առագաստք նաւին հողմով պարպատին»:
 
Ո՛չ մի կողմից ցամաք չէր երևում, ո՛չ մի աստղ, ո՛չ մի լույս. մի ահավոր վայրկյան էր դա, բոլորն հուսահատ սպասում էին մահվան: Արիասիրտ Մխիթարն էր միայն, նավակի մի անկյունում ծնրադրած, անայլայլ աղոթում, բոլորին քաջալերում չվախենալու և Աստծո վրա դնելու իրենց հույսը: Նավավարները համարելով, թե մոտերքում ցամաք կա, բարձրաձայն կանչում էին, որպեսզի մարդիկ իմանային իրենց տեղը, ձայն տային, կամ մի լույս ցույց տային, նավակն այդ կողմ ուղղելու համար:
 
«Նաւավարքն աղաղակեն ձայնիւ ողբալի,
գուցէ լուիցեն մարդիկ նաւահանգըստին»:
 
Եվ իրոք, հեռվում հանկարծ մի լույս երևաց. նավավարները սիրտ առած՝ այդ կողմ ուղղեցին նավակը և բոլորն էլ ազատվեցին, ուրախությամբ ցամաք ելան:
 
«Տեսեալ ըզլոյսն՝ ուղղեցին զնաւն ի ծովի,
շնորհիւ Կուսին բերկրեցաւ սիրտն իմ ցաւալի»:
 
Քամին տևեց ևս երկու օր: Մխիթարն այնտեղ իր ուղեկիցների հետ մնաց մի խարխլված տնակում, տեղատարափ անձրևի տակ, ուր մի մեծ խարույկ վառելով՝ տաքացան և իրենց զգեստները չորացրեցին: Երբ ծովը հանդարտվեց, կրկին նավեցին, առանց ծովափից հեռանալու, և այս անգամ առանց ալեկոծության հասան Սինոպի նավահանգիստ: Բայց Տրապիզոն մեկնող նավ չգտնելով և ծովն էլ տակավին սպառնալից լինելով, Մխիթարը փոխեց իր ուղեգիծը և փոխանակ Տրապիզոնի՝ գնաց Սամսոն, այնտեղից էլ՝ ցամաքով դեպի Մարսվան քաղաք, ուր հասավ 1698 թվականի սկզբին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։